ՄշակութաԳիծ Նշան Աբասյան

Պատկերուկները՝ կետադրական նշաններ, կամ՝ դեղին դեմքերի հմայքը 

Պատկերուկները՝ կետադրական նշաններ, կամ՝ դեղին դեմքերի հմայքը 

Եթե Մեսրոպ Մաշտոցն ու նրա աշակերտները տեսնեին այսօրվա մեր հաղորդակցումը համացանցում, հավանաբար կմտածեին, թե բոլորս վերադարձել ենք ժայռապատկերային գրությանը։ Սակայն իրականում տեղի է ունենում մի շատ հետաքրքիր լեզվական էվոլյուցիա․պատկերուկները («էմոջի» բառի մեր պայմանական թարգմանությունը) դադարել են պարզապես տեքստի «զարդարանք» լինելուց և ստանձնել են կետադրական նշանների գործառույթ։

Մի պահ հրաժարվենք պահպանողական դիմադրությունից և վերլուծենք, թե այդ «զմայլիկները» (սա էլ մեկ այլ՝ հումորային թարգմանություն է, որ տարիներ առաջ տարածված էր համացանցում) ինչպես են փոխում կետադրության տրամաբանությունը թվային տիրույթում։

Հուզական հնչերանգի նշաններ։ Հայերենի կետադրական համակարգը հրաշալի է․ առոգանության նշանները՝ շեշտը (՛), պարույկը (՞), երկարը (՜), դրվում են ոչ թե նախադասության վերջում, այլ հենց այն բառի վրա, որին վերաբերում են․ այդպես դրանք ցույց են տալիս՝ ինչպես կարդալ նախադասությունը։

Սակայն ժամանակակից թվային տեքստում այս նշաններին օգնության են հասնում նաև զանազան հույզեր արտահայտող էմոջիները։

  • «Գնում եմ տուն» (հաստատում)։
  • «Գնում եմ տուն»😠 (դժգոհություն, հարկադրանք)։
  • «Գնում եմ տուն» 😉(ակնարկ, ենթատեքստ)։

Վերջակետի «մահը»։ Առցանց զրույցներում և մեկնաբանություններում դրված ավանդական վերջակետը հաճախ ընկալվում է որպես ագրեսիայի կամ սառնության արտահայտություն, հատկապես կարճ պատասխանների դեմքում։

  • «Լավ»-չեզոք պատասխան է։
  • «Լավ»-😯կարծես զրուցակիցդ «նեղացած» է կամ ուզում է կտրուկ ընդհատել խոսակցությունը։
  • «Լավ»-🙂զրուցակիցդ բարյացակամ է։

Ասել է թե՝ ժամանակակից թվային հաղորդակցության մեջ էմոջին հաճախ փոխարինում է վերջակետին՝ ազդարարելով մտքի ավարտը, բայց դա անելով ավելի «մեղմ»։

Սա իրո՞ք լեզվի աղքատացում է։ Շատերն են այդպես կարծում, բայց կարելի է պնդել և հակառակը. պատկերուկները լրացնում են գրավոր խոսքի այն բացը, որն առաջացել է դեմ առ դեմ շփման պակասից։ Մենք չենք տեսնում զրուցակցի դեմքը, չենք լսում ձայնի տոնայնությունը, և էմոջին դառնում է մի տեսակ «թվային ժեստ»։

Լեզուն կենդանի օրգանիզմ է․ այն մշտապես հարմարվում է միջավայրին ու ժամանակին։ Եվ եթե այսօրվա միջավայրը սմարթֆոնի էկրանն է, ապա պատկերուկը նույնքան կարևոր կետադրական նշան է, որքան, ասենք, մեր հին ու բարի ստորակետը։ 😉

Նշան Աբասյան