ՕրԸնթաց Արցախ

Պատում անավարտ ինքնապայքարի

24.11.2023

1997 թ. մարտի 3-ին` առավոտյան ժամը 09:00-ին, երբ արեգակը շոյում էր վարագույրի քիմքը, Արցախի Մարտունի քաղաքի ծննդատանը լույս աշխարհ եկա ես՝ Բորիկ Նաիրիի Բաղդասարյանս՝ արևի ճառագայթները գրկած, լույսը աչքերիս և հոգուս մեջ ամբարած: Ծնվել եմ հերոսական մի քաղաքում, որտեղ թշնամուն երբևէ ոտք դնել չի հաջողվել: Այժմ կարող ենք ասել՝ չէր հաջողվել… Կրթվել և դաստիարակվել եմ ինձ համար Ամենահերոս Մոնթե Մելքոնյանի հայրենասիրական ոգով, գաղափարներով: Ես ինձ համարում եմ արցախցի ո՛չ միայն արմատներով և ծնունդով, այլև՝ հոգով, մտքով, սրտով և ոգով… Ստեղծագործել սկսել եմ դպրոցական նստարանից: Փոքր տարիքում ես, երկու եղբայրներս և քույրիկս սիրում էինք մայրիկին նամակներ գրել՝ և՛ շնորհավորական, և՛ առօրյա-երախտագիտական: Մեր միջև ասես մրցակցություն էր՝ ով ավելի շատ և ավելի շուտ կգրեր և կփոխանցեր նրան: Ես յուրաքանչյուր նամակի վերջում փոքրիկ քառատող էի նվիրում մայրիկին: Այդ ժամանակ էլ «հայտնաբերվեց», ի հայտ եկավ ստեղծագործելուս, ասել է թե՝ գրելուս, բանաստեղծելուս ձիրքը: Առաջին լուրջ ստեղծագործությունս գրել եմ 14 տարեկան հասակում, երբ մեր դպրոցում գրական-երաժշտական մրցույթ հայտարարվեց: Շրջանային մրցույթում գրավեցի առաջին տեղը, ու դա էլ եղավ ստեղծագործական ուղուս նախաշավիղը… Ավարտելով Նելոսոն Ստեփանյանի անվան ավագ դպրոցը և Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցը՝ ընդունվել եմ Արցախի պետական համալսարանի՝  Պատմության և իրավագիտության ֆակուլտետի Քաղաքագիտություն բաժինը: Մասնագիտությունն ընտրել եմ հապճեպ, առանց երկար-բարակ մտածելու: Ինչ-որ տեղ գիտակցում էի, որ այդ աշխարհը ոչ մի առնչություն, ոչ մի աղերս չունի ներքին աշխարհիս, հոգուս հետ, բայց, քանի որ սիրում եմ հոսանքին հակառակ լողալ, այդ անգամ ևս դեմ գնացի քնարական Բորիկին: Սակայն այս ինքնահակասական պայքարում դարձյալ հաղթեց քնարական «ես»-ս, քանի որ ընթացքում ինձ գերեցին փիլիսոփայությունն ու բարոյագիտությունը, իսկ դրանք, որքան էլ ընկած են քաղաքականության հիմքում, այնուամենայնիվ, անկախ գիտություններ են: Մեկ տարի ուսանելուց հետո՝ 2015 թվականին, մեկնեցի պարտադիր ժամկետային ծառայության: Ապրիլյան պատերազմի օրերին ժամկետային զինծառայող էի, հազիվ կյանք մտած: Երազկոտ պատանին պատկերացնել անգամ չէր կարող, որ օրերից մի օր այդքան մոտիկից կարող է առերեսվել մահվանը: 44-օրյայի ժամանակ՝ հասուն երիտասարդ, հայրենիքի համար մարտնչած փորձառու զինվոր էր կանգնած սահմանին: Վերջին պատերազմի մասին գերադասում եմ լռել… 3 պատերազմների ընթացքում պոետական «ես»-ս անընդհատ բանակցությունների մեջ էր հայրենիքի պաշտպանությանը զինվորագրված «ես»-իս հետ, թեկուզև, իրարամերժ կերպարներ էին: Գուցե ինքնահաղթանակս նրանց համերաշխության մեջ էր, ով գիտե…

Նախքան տարհանումը՝ կամավորագրվել էի աշխարհազորային ծառայության. ինչ-որ մի բան պակասում էր ինձ, թերի էր, կիսատություն էր հոգումս… Երբ կրկին ոտք դրեցի դիրք, խրամատ, հասկացա, որ ինձ եմ թողել այստեղ, իմ հետևից եմ եկել, իսկ ես շարունակ ինձ էի փնտրում ամենուր, անգամ՝ Երկնքում, Արևի մեջ, Լուսնի վրա…

Իսկ հիմա՞…Հիմա ես ինձ եմ պակասում. հայրենի կանչն է խշշում իմ մեջ… Ներշնչանքս վաղուց պահ եմ տվել ենթագիտակցությանս, բայց երբ խորանում, ընկղմվում եմ խոկումներիս մեջ, հասկանում եմ, որ գիտակցությունս է բանաստեղծելուս առաջնորդը: Ներշնչանքիս աղբյուրն է հոգուս մեջ խշշացող տագնապը, հիշողությանս վրա տագնապող կարոտը, կարոտիս վրա ծառս եղող թախիծը, թախիծիս մեջ խմորվող հուշերը…

Այժմ գրիչս լուռ է… Լուռ է, քանի որ բառերի փոխարեն թախիծ պիտ շարվի և շաղվի… Բայց վիրակապում եմ արյունահոսող կարոտներս և վստահ եմ, որ ճգնավոր հավատս կվերածաղկի պայքարիս վրա, և իմ մեջ նորեն կզարկեն ինքնապատերազմի վախճանն ազդարարող ճերմակ թմբուկները…

Ես ինձ հետ փոքրիկ արկղիկի մեջ Արցախա հող եմ բերել, և տարհանման ամբողջ ճանապարհին այն եղել է ոտքերիս մոտ, որպեսզի չփլվեմ… որպեսզի կայուն և անսասան մնամ… Ուզում եմ այս հողից բաժին հանել հարազատներիս, ընկերներիս, ծանոթ մարդկանց, որպեսզի նրանք այն խառնեն իրենց այգու կամ ծաղկամանի հողին և այնտեղ պայքարի ծառեր ու ծաղիկներ աճեցնեն:

Վստահ եմ, որ մի օր, յուրաքանչյուրս մեր ծառ ու ծաղիկը գրկած, կվերադառնանք մեր չքնաղ Արցախ… …Իսկ ես խոստանում եմ և՛ զենքով, և՛ գրչով ծաղիկներ աճեցնել իմ և հայրենիքիս արանքում գտնվող բոլոր ականապատ դաշտերի մեջ… Իսկ որպես երազանք, որն իսկապես իղձերի մեծ փունջ է կազմում, կնշեմ՝ միացյալ հայկական պետություն, պետականություն ունենալը՝ իր խաղաղ ու պաշտպանված սահմաններով, բազմաչարչար ազգիս, տառապյալ ժողովրդիս դեմքին շողացող ժպիտ և մանուկների աչքերում ճերմակ խաղաղություն տեսնելը…

Բորիկ Բաղդասարյան

No Comments

Leave a Reply