Այսօր Պոեզիայի միջազգային օրն է: Թող տարօրինակ չթվա, որ այդ օրվան մեր անդրադարձը կապում ենք Դերենիկ Դեմիրճյանի հետ, որին սիրում և մեծարում են իբրև արձակագրի և թատերագրի: Գրական ուղին դասականն սկսել է իբրև բանաստեղծ և մինչև կյանքի վերջին տարիները չի դադարել բանաստեղծություն գրել:
Ներկայացնում ենք մի պատմություն՝ կապված Դեմիրճյան բանաստեղծի հետ:
1994 թվականի հոկտեմբերի 21-ին Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան այցելեց չափազանց համակրելի մի տատիկ՝ Ջուլիետա Գասպարյանը: Բավական ուշադիր, կասեի՝ գորովով զննեց տուն-թանգարանի ցուցանմուշները, ապա պատմեց իր և Դեմիրճյանի մտերմության մասին: Ասաց, որ իր հանդեպ Դեմիրճյանի ուշադրության դրսևորումներին միշտ հակադարձել է՝ պատճառաբանելով, թե ինքը նրա համար ընդամենը մեկն է այն բազում կանանցից, որոնք իրենց սիրո բացահայտ ցույցերով շրջապատում են Վարպետին՝ տարված նրա գրական փառքով, համբավով:
Այսպիսի խոսակցություններին վերջ դնելու և Ջուլիետայի հանդեպ իր վերաբերմունքի բացառիկությունն ապացուցելու համար Դերենիկ Դեմիրճյանը նվիրել է նրան էքսպրոմտ քառյակ, որի բնագիրը տուն-թանգարանին հանձնեց տիկին Ջուլիետան իր այցելության օրը: Նա խոստովանեց, որ թղթի այդ պատառիկն իր համար անգին մասունք է, որից բաժանվելը հեշտ չէ, բայց ինքը գիտակցում է, որ այն պահպանելու ամենաճիշտ վայրը գրողի տուն-թանգարանն է:
Քառյակը մատիտագիր է, ինչպես որ Դերենիկ Դեմիրճյանի արխիվում պահպանվող ձեռագրերի մեծ մասը:
Նշենք, որ քառյակը Դեմիրճյանի ծննդյան 120-ամյակի առթիվ տպագրվել է «Գրական թերթում» /Գրական թերթ, թիվ 7, 25.02.1997թ./:
Ստորև ներկայացնում ենք ձեռագիր քառյակի վերծանումը:
Ջոկո՜ւմ եմ, Ջուլիե՜տ,
Ոչ թե երկուսի,
Այլ հազարի մեջ —
Էլ թող չլինի՛ վեճ:
22.VII.1950 Դ. Դեմիրճյան
Կարինե Ռաֆայելյան
Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի վարիչ
No Comments