«Ռեզոնանս»․ երկխոսություն իրականի ու անիրականի միջև
Հայաստանի նկարիչների միությունում ապրիլի 9-17-ը կգործի Գայ Ղազանչյանի «Ռեզոնանս» խորագրով ցուցադրությունը։ Հեղինակը ներկայացնում է ընկալման բնույթն ու իրականության պայմանականությունը։ Սա երկխոսություն է ժամանակակից մարդու ինքնության, ներաշխարհի և համամարդկային զգացողությունների շուրջ։
Զրուցել ենք Գայ Ղազանչյանի հետ։
-Գա՛յ, այս տասնյակ դիմանկարները ստեղծել եք մեկ տարում։ Որտեղի՞ց այդ ոգեշնչումը։ Ինչու՞ «Ռեզոնանս»։
—Ես ուղղակի նկարում եմ, դա իմ աշխատանքն է։ Հնարավոր է՝ ոգեշնչում այդպես էլ չգա։ Ուրախ ես, տխուր, լավ թե վատ, պետք է նպատակ դնել և անել։ Կարևորը՝ մի կտավը մյուսին որակապես չզիջի։ Երբեմն փորձում եմ այդ ամենով կիսվել իմ հանդիսատեսի հետ։ Բայց առաջին հերթին դա անում եմ ինձ համար, քանի որ կուտակված էներգիայից պետք է ժամանակ առ ժամանակ ձերբազատվել, որ կարողանաս նոր բան ստեղծել։

Ցուցահանդեսի կոնցեպցիան դիմանկարներն են, մարդկային կերպարը, մարդը, որն ամենաարժեքավոր և ամենազգայական բանն է մոլորակի վրա։ Ինձ հետաքրքիր էր, թե ինչպես է էներգիան ռեզոնանսվում դիտորդի հետ։ Ամեն մեկն իր մեկնաբանությունն ունի։ Չկա հատուկ միտք, որ կուզենայի հասցնել մարդկանց։ Ընդամենը փոխանցել եմ իմ ապրումները։
-Կտավի հետ «երկխոսելիս» ինչի՞ վրա եք շեշտը դնում՝ գույնի՞, ձևի՞, միգուցե՝ սյուժեի՞։ Հերոսներն իրակա՞ն են։
-Հատուկ կարևորություն չեմ տալիս ո՛չ գծին, ո՛չ գույնին։ Մոտեցումները տարբեր են․ ամեն ինչ կախված է իմ ներքին վիճակից, երկրում կատարվող իրադարձություններից, որոնք անդրադառնում են քո ստեղծագործական ուղու վրա։

Կան դիմանկարներ, որոնց հանդիսատեսը նույնացնում է որևէ մեկի հետ, օրինակ՝ Կոմիտասի։ Բայց այս ամենը պարզապես իմ պատկերացման վերարտադրությունն է։
-Եղե՞լ է բեկումնային պահ, որից հետո Ձեր ձեռագիրը փոխվել է։
-Կարծում եմ ՝ ձեռագիրը՝ ոչ, բայց մտածելակերպի փոփոխություն անընդհատ է լինում։
-Գա՛յ, Ձեր աշխատանքները ցուցադրվել են թե՛ Հայաստանում, թե՛ արտասահմանում։ Ո՞ր հանդիսատեսն է ավելի լավ ընկալում Ձեր արվեստը։
-Ես ամենաշատը կարևորում եմ իմ երկրում, իմ քաղաքում ցուցադրվելը։ Մասնակցել եմ խմբակային ցուցահանդեսների Ավստրիայում, Իտալիայում, Բեյրութում և այլն։ Սակայն այս անհատական ցուցահանդեսն իմ ամենամեծ ձեռքբերումներից է։
Ամեն արվեստ ունի իր հանդիսատեսը։ Ի դեպ, հայ ժամանակակից ստեղծագործողները ոչնչով չեն զիջում օտարերկրացիներին։ Կոնցեպտի և տեխնիկաների կիրառման առումով հայ ժամանակակից գեղանկարչությունը բարձր մակարդակում է։

-Երկու ժանրում եք ստեղծագործում՝ քանդակագործություն և նկարչություն։ Ո՞րն է ավելի հոգեհարազատ։
-Ես ինձ որևէ ժանրի ստեղծագործող չեմ համարում։ Վաղը կարող եմ լիովին այլ բան անել, ոչ ոք չգիտի։

Քանդակն ու կտավն իմ կյանքում զուգահեռ են գնում։ Բնականաբար երբեմն ուզում ես նյութն ու տեխնիկան փոխել։ Բոլոր դեպքերում՝ արվեստագետի գաղափարը չպետք է հանդիսատեսին կաղապարի։ Նա պետք է մոտենա, ուսումնասիրի աշխատանքը, իր ձևով մեկնաբանի․ դրանում է արվեստի հետաքրքրությունը։
Անի Անտոնյան






