«…ու եթե աշխարհն իր համար մի նոր Աստվածաշունչ գրելու լիներ՝ հայերեն կգրեր»:[1]
Վիլյամ Սարոյան
Սարոյանագետներին հայտնի չէ, թե հատկապես ո՞ր թվականից է Սարոյանը հայերի մասին պատմելու համար դիմել թատրոնին, սակայն հայկականությանն առնչվող թեման առկա է նրա առաջին իսկ գործերից: 1940-ին լույս տեսած երկրորդ՝ «Իմ անունը Արամ է» (My Name Is Aram) պատմվածքների ժողովածուի խորագիրն արդեն բացահայտ հայկական էր: Հայ լինելու մասին Սարոյանը հաճախ հայտարարում է իր գրվածքների վերնագրերում («Հայաստանցի Անդրանիկը», «Մարդը, որ ճանաչել էր հորս մանուկ հասակում, Բիթլիսում», «Հայաստանը և Չարենցը», «Բիթլիս», «Բիթլիսցի Արմենակը», «Հայ մուկը», «Հայը և հայը», «Ֆրեզնո, սրճարան «Արաքս», «Իմ զարմիկ հռետոր Տիգրանը», «Առակներ և զրույցներ» ժողովածուն, որում գործողությունների հիմնական վայրը Բիթլիսն է: Սա դեռ այն վերնագրերի մի չնչին մասն է, որոնցում երևում է հայկականությունը կամ առկա է հայ բառը, իսկ որքա՜ն են այն ստեղծագործությունները, որոնց վերնագրերը չեն նշում հեղինակի ազգային պատկանելությունը, սակայն բովանդակությունը մասամբ կամ ամբողջովին հայկական է, հերոսները հայեր են: Սարոյանն իր առաջին՝ «Մետրոյի կրկեսը» սկետչ-պիեսը, գրված 1935թ., նվիրել էր Լուսնթագ տատին, իսկ աստանդական հայի կերպարն արդեն որպես գործող անձ հայտնվում է Սարոյանի առաջին ամբողջական՝ 1938-ին գրված «Իմ սիրտը լեռներում է» պիեսում: Լիովին հայկական են «Խաղողի այգին» պիեսը և «Հայկական եռագրություն» շարքում ընդգրկված պիեսները: 1975-ի գարնանը, ինչպես նշում է Տիգրան Կույումջյանը, Սարոյանը «…գրում է առնվազն վեց պիես հայերի մասին»՝ «Թուրքերն աշխարհում», «Ստամբուլյան կատակերգություն», «Հրեան», «Բիթլիս», «Դեպի տուն, Հայաստան» և «Միհր»»:[2] Սարոյանագետը նշում է, որ ամենածանրակշիռը սրանցից «Բիթլիսն» է: 70-ականներն այս առումով ամենաբեղուն շրջանն են Սարոյան դրամատուրգի կյանքում: Նա 1975թ. գրել է առնվազն տասնյոթ պիես հայկական թեմաներով՝ «Հայկական թատերգություններ»: Պիեսները մեծ մասամբ անտիպ են և դեռևս չթարգմանված հայերեն (պահպանվում են Սարոյանի ձեռագրերում` Ստենֆորդի համալսարանում գտնվող Սարոյանի արխիվում): Այնուհանդերձ ավելի վաղ շրջանում գրվածները և մեզ ծանոթները բավական մեծ պատկերացում են տալիս խնդրի շուրջ, հատկապես շնորհիվ «Հայկական եռագրության» պիեսների:
Միանգամայն հասկանալի է, որ լեզուն, երկիրը, միջավայրը այն կողմնորոշիչներն են, որոնցով մենք պարզում ենք այս կամ այն գրողի որ ազգին պատկանելը: Հայրենիքի մասին գրելը չէր դիտվի արտասովոր, եթե Սարոյանը ծնված և գոնե մի որոշ ժամանակ ապրած լիներ նախնիների երկրում: Սակայն Սարոյանների ընտանիքի չորրորդ զավակը, ի տարբերություն իր ընտանքիի մյուս երեխաների, ծնվել է Միացյալ Նահանգներում և երբեք հայրենքիը տեսած չլինելով՝ առաջնություն է տվել հենց այս երկրի, նրա բնակիչների ու հայազգի իր ազգականների մասին գրելուն: Հայրենիքի մասին պատկերները զուտ ոճավորում չեն Սարոյանի գործերում, դրանք հայրենասիրական մոտիվներով վարիացիաներ չեն, նա չի դիմում նաև մեկ այլ՝ ենթադրենք, ազգությամբ հայ պատմող գործող անձի միջնորդությանը՝ վերստեղծելու համար հայկականությունը: Նա գրում է առաջին դեմքով՝ որպես հայ, հայրենիքի խորը ճանաչողությամբ գրող: Հավանաբար սա է պատճառը, որ ընթերցողներիս Սարոյանի ստեղծագործությունների բնագրային լեզուն հայերենն է թվում:
Հայի երեք սերունդ Սարոյանի հայկական թեմաներով պիեսներում
Սարոյանի հայկական թեմաներով պիեսներում աչքի է զարնում մի հետաքրքիր յուրահատկություն, գրողը մշտապես հայի երեք սերունդ է ներկայացնում գրեթե բոլոր ստեղծագործություններում: «Իմ սիրտը լեռներում է» պիեսում գործող անձանցից է երկրից գաղթած տատը. սովորաբար այս խմբի հերոսները խոսում են «հին երկրի» հայերենով, կտրված են ամերիկյան իրականությունից: Կալիֆորնիայի որևէ փոքրիկ անկյունում ստեղծում են իրենց համար Բիթլիսի մտացածին պատկերը, բայց և անվերջ կարոտում հայրենի եզերքն ու սնվում դրա վերհուշով: «Խաղողի այգին» պիեսում նույն խմբին են պատկանում գաղթական հայեր Մակար պապի և Մխիթար պապի կերպարները. հայրենիքի կերպարը մշտապես վառ ու արթուն հոգիներում՝ Մխիթար պապը և Մակար պապը ամեն օր իրենց բակի խաղողի այգում նստած նարդի են խաղում՝ ինչպես իրենց հայրենի բակում էր, խոսում են «հին երկրի» հայերենով: Մխիթար պապը դժգոհում է, որ Մակարը հերթական անգամ հաղթեց իրեն, Մակարը հայկական յուրովի հումորով մխիթարում է նրան. «ՄԱԿԱՐ — Երբ որ գացինք երկիր: Երկիր որ երթանք՝ ես քըզի կտարվիմ», «ՄԽԻԹԱՐ — Մակար, Բիթլիս քաղքի նկար որ տվերիմ քըզի, լավ կպահիս»: [3] Ասել է թե՝ նրանք դեռ հավատու՞մ են վերադարձին, կամ, գուցե, նրանց համար այսպես ապրելն ավելի իրատեսական է: Այս խմբի կերպարներից է 88-ամյա բիթլիսցի ծերունին «Յառաջ» պիեսում, որ պարբերաբար այցելում է «Յառաջի» խմբագրություն և հիշողություններ բերում Բիթլիսի մասին, նա հիսուն տարեկանում է կարդալ, գրել սովորել, որպեսզի հոդվածներ գրի Բիթլիսի մասին ու մշտարթուն պահի «հին էրգրի» հիշողությունը «Յառաջի» ընթերցող հայերի հոգում: Նա չի դադարում զմայլվել հայոց լեզվի գեղեցկությամբ:
Երկրորդ խմբում ներկայացված են առաջին սերնդի գաղթական հայերի զավակները: Նրանք նույնպես ապրում են հայկական միջավայրում, սնվում ծնողների՝ «hին երկրի» մասին պատմություններով, տեղացի հայերի հետ մեկ ամբողջական էթնիկական խումբ են կազմում: Սակայն նրանք նաև ամերիկյան հասարակության լիարժեք անդամներ են, աշխատում են այս երկրի համար, հարկատուներ են, սակայն որպես կանոն՝ անհաջողակ են և անբարեկեցիկ մի կյանք են վարում տնտեսական ու առևտրային հարաբերությունների վրա կառուցված հասարակության մեջ, որտեղ ամեն բան կարգ ու կանոնի է ենթարկվում: Իսկ նրանք հաճախ չկայացած գրողներ են, արվեստագետներ: Այս հերոսները խոսում են և՛ հայերեն, և՛ անգլերեն, նրանցից շատերը թեև, հայերեն գրել չգիտեն: Այս սերունդը հենց Սարոյանի սերունդն է, և պիեսներում հաճախ Սարոյանի կերպարն է ընկած կերպարների հիմքում: «ԳՐԻԳՈՐ — Քո Մակար պապը Հայաստանից Ամերիկա է եկել 1899-ին: Նրա անունը Մակար է եղել և մինչև այժմ այդպես է: Ես ծնվել եմ Նյու Յորքում, 1903-ին, և նա ինձ անվանել է Գրիգոր» [4],— իր արդեն ամերիկացի երեխաներին պատմում է հայրը «Խաղողի այգին» պիեսում: Սարոյանը նաև նշում է այս երկու սերունդների կոնկրետ ժամանակաշրջանին պատկանելու տարեթվերը: Այս խմբի կերպար է Բեն Ալեքսանդրը, նա ծեր մոր հետ հայերեն է խոսում, տղայի հետ` անգլերեն, չի ներգրվում այս հասարակությանը, իրեն բանաստեղծ է համարում և ապրում է վեհ գաղափարներով: Ի տարբերություն Բեն Ալեքսանդրի՝ «Խաղողի այգին» պիեսի պայմանականորեն, այսպես կոչված, երկրորդ սերնդի ներկայացուցիչ Գրիգորը պարզապես երազող չէ. նա ձեռնունայն չի նստել, Ֆրեզնոյի մոտ խաղողի այգի է գնել, երկու զավակների և հոր հետ (կինը վախճանվել է, երբ երեխաները շատ փոքր են եղել) հաստատվել այնտեղ մի տանը, աշխատում է ընտանիքի բոլոր անդամների հետ, խաղող է մշակում, չամիչ ու գինի պատրաստում, թեև նրա տասը տարվա չարչարանքից ոչինչ դուրս չի եկել: Եկամուտը չի բավականացնում գնված հողի համար բանկից վերցված գումարը փակելու համար, և նրանք, ի վերջո, այգին հետ են հանձնում բանկին՝ պարտքի դիմաց: Սակայն Գրիգորի համար խաղողի այգին զուտ եկամուտի աղբյուր չէ, նա իրեն չի համարում ագարակատեր կամ գործարար, այգին կյանքի աղբյուր է, հիշեցնում է «հին երկիրը», պոեզիա է, գեղեցկություն. խաղողն ըմբոշխնելով՝ նա երեխաներին ասում է. «Մենք գործ ունենք խաղողի հետ, մենք գործ ունենք արևի հետ»:[5] Նրան ավելի շատ մեկ այլ հարց է անհանգստացնում, քան այգու կորուստը. «ԳՐԻԳՈՐ — <…>Դու հայերեն խոսու՞մ ես քրոջդ հետ»,— դիմում է նա իր որդուն՝ Մուրադին: «ՄՈՒՐԱԴ — Երբեմն, բայց նա միշտ էլ անգլերենով է պատասխանում: Հասկանում է թեև»,- սա է պատասխանը, և սա համատարած իրողություն է երրորդ սերնդի ներկայացուցիչների համար, որոնք հոգեբանորեն ենթարկված են ամերիկանիզմին:
Սարոյանագետների հայացքից վրիպում է այս՝ երրորդ սերնդի առկայությունը: Նրանք առանձնացնում են միայն վերը թվարկված երկու սերնդի ներկայացուցիչներին: Ճիշտ է, շատերը առանձին նկատում են Սարոյանի ստեղծագործություններում երեխաների մշտական ներկայությունը, սակայն բոլորովին այլ՝ հեղինակի սեփական մանկության կենսունակության դիտակետից: Այնինչ Սարոյանի համար ամենացավոտ կետերից մեկը հենց ուծացման, ձուլման վտանգն է մշակութային ամերիկյան խառնարանում:
Երրորդ խմբի հայերն ամերիկայում ծնված ու հասակ առած փոքրիկներն են՝ Ջոնին («Իմ սիրտը լեռներում է»), Շաքեն և Մուրադը Թորգոմյան ընտանիքում և փոքրիկ Սոֆիկը՝ Մելքոնյան ընտանիքում («Խաղողի այգին»): Նրանք այլևս հայերեն չեն խոսում, կամ՝ գրեթե չեն խոսում: Գրիգորի դուստր Շաքեն ավելի շուտ երկընտրանքի մեջ է, լա՞վ է լինել հայ, թե՞… Նա այնուամենայնիվ շատ է սիրում, երբ եղբայրը երգում է Սարոյի մեներգը «Անուշ» օպերայից, միևնույն ժամանակ երազում է նորվեգացի լինել. «ՇԱՔԵ — Օհ, պապա: Դու արդեն ինձ ծաղրում ես, իսկ ինչու՞ ես պիտի հայ լինեմ: Ես ուզում եմ նորվեգացի լինել»:[6] Սակայն միջավայրը, ցեղային հիշողությունը և ծնողների սերը դեպի իրենց ազգային պատկանելությունը կարող են հրաշքներ գործել. պիեսի վերջին տեսարաններից մեկում երեք փոքրիկները գրամոֆոնով Սայաթ-Նովա են լսում ու պտտվում դրա տակ հին հայկական տարազներով. «ԳՐԻԳՈՐ — Ինչ սիրուն եք երևում, որքա՛ն գեղեցիկ: Երկուսդ էլ: Այդ ի՞նչ շորեր եք հագել: ՇԱՔԵ — Պապա՛, մի՞թե չես հիշում, սրանք մամայի շորերն են, որ տատիկն է տվել իրեն, երկրից բերված տարազ է: Մուրադը սնդուկից հանեց պապի վերարկուն և գդակը, ես ու Սոֆիկն էլ որոշեցինք մամայի շորերը հագնել: Գեղեցիկ են, չէ՞, պապա»:[7] Երեք սերունդների երկխոսությունն իրականացված է «Խաղողի այգին» պիեսում, և սա երազանք է, որի մասին փափագում է Սարոյանը:
Սակայն գրողը գիտի, որ այդ երեխաների համար հեշտ չէ ամերիկյան հասարակության մեջ լինել ազգային փոքրամասնություն: «Այնուամենայնիվ, իմ կյանքում եղել են այնպիսի ժամանակներ, երբ իմ ընտանիքն ու Սարոյան ազգանունը ինձ համար դարձել էին անտանելի»[8],- գրում է ինքնակենսագրական երկում Սարոյանը, ու թեև ամերիկյան քննադատությունը անսահմանորեն սիրում էր նրան, այնուհանդերձ իր այլ ազգի պատկանելությունը մի շարք դժվարություններ է ստեղծել գրողի համար կայացման ճանապարհին:
Հայկական եռագրությունը
Այս պիեսներում հեղինակն առանց երկմտելու դուրս է մղում որևէ այլազգի հերոսի, թեմաները միայն հայկականությանն են վերաբերում ու հայության ճակատագրին («Հայերը», «Բիթլիս», «Յառաջ»): «…Բայց եթե իր վաղ աշխատանքները, որոնք թեև այնքան էլ լավատեսական չէին, միտված էին շեշտադրելու գրողի էթնիկ ժառանգության անմահ որակները, ապա վերջին շրջանի ստեղծագործություններում ավելի շատ նկատելի է գրողի հակվածությունը իր էթնիկ պատկանելությունը համարել խնդիր, արժեհամակարգերի բախում»[9],- իր «Սարոյանի ազգային պատկանելության ուսումնասիրություն» հոդվածում գրում է ամերիկացի հետազոտողը: Հանդիմանանքի, թե պարզապես նկատառման տեսքով այս գնահատականը որոշակիորեն իրողություն է: Հատկապես վերջին շրջանի պիեսներում Սարոյանի բոլոր հարցադրումներն են իրենցում կոնֆլիկտ պարունակում, մերկ են, անհաշտվողական և անսպասելի: Առաջին շրջանին հատուկ կառուցվածքային յուրահատկությունը, այն է՝ անտես, դրամայի երկրորդ շերտերում թաքնված բախումը, դուրս է սողոսկում ենթատեքստից ու ներքին գործողության շերտերից գալով առաջին շերտ՝ դառնում ակնհայտ ու բացահայտ: 1975 թ. Կ. Պասմաճյանին տված հարցազրույցում Սարոյանն ասում է. «Ես թերևս ամենաջղային գրողն եմ, որին հանդիպել եմ»: Պասմաճյանի առարկությանը, թե նրա գրականությունը լի է սիրով, Սարոյանը պատասխանում է. «Ես ավելի ճշմարիտ զայրույթ և բողոք ունեմ մարդու և իր խոցելիության, ապականելիության, կաշառելիության դեմ, քան որևէ այլ գրող»:[10]
«Յառաջ» պիեսում Սարոյանը (որպես գործող անձ) հարց է ուղղում խմբագրատանը հավաքվածներին. «Ձեզ դու՞ր է գալիս հայ լինելը»: Ամերիկայի հայ Սիլվիան պատասխանում է. «…Մի քանի տարի առաջ ինձ ամենևին դուր չէր գալիս իմ հայ լինելը, քանի որ թվում էր, թե այդ հանգամանքը դժվարություններ է հարուցում ինձ համար դպրոցում, հասարակական կյանքում: Ժամանակ անցավ, և ես հասունանալով ընկալեցի, որ ինձ սկսում է դուր գալ հայուհի լինելու փաստը»: Սարոյանի այն հարցին, թե ինչու՞ է աղջկան, այնուամենայնիվ, դուր գալիս հայ լինել, Սիլվիան պատասխանում է. «Մենք պիտի սիրենք մեր ինքնությունը, հակառակ պարագայում մեզ շատ դժբախտ և անշուշտ, շատ թույլ կզգանք»:[11] Այս հարցադրումը դեռևս վաղ մանկության տարիներից Սարոյանն իր հետ բերում է իր կյանքի և գրականության միջով, սակայն, եթե մինչ այս հարցը տարրալուծված էր գրողի գեղարվեստական համակարգում բազմաբնույթ ձևերի և հնարանքների միջոցով, ապա «Յառաջում» Սարոյանը, ի վերջո, հասունացնում է այն և հնչեցնում է ինչպես պարզ և հստակ ձևակերպում՝ նույնպիսի անթաքույց ուղիղ պատասխաններով:
Օգտագործելով դրամատուրգիական երկխոսության զարգացման մեթոդը, Սարոյանը շոշափում է ևս մեկ ցավոտ հարց հայերի պատմությունից. «ՍԱՐՈՅԱՆ — Հայերի հոգում տեսնում եմ վրիժառության ձգտում, իսկ դա, ըստ իս, անօգուտ է և չպետք է ձևավորվի մեր մտայնության մեջ: Վրեժի հարց չկա, կամ եթե նույնիսկ կա, մենք արդեն ի կատար ենք ածել այն:
ԶՈՀՐԱԲ — Կարո՞ղ եմ հարցնել, թե ինչպես ենք մենք լուծել մեր վրեժը թուրքերից՝ երկու միլիոն կոտորված հայերի համար:
ՍԱՐՈՅԱՆ — Ասեմ, նրանով, որ ողջ մնացինք, նաև մարդկային գործունեության բոլոր բնագավառներում մեր նվաճումներով՝ թե՛ սփյուռքում, և թե՛ Խորհրդային Հայաստանում…»:[12] Գրողն իր հերոսի միջոցով ցույց է տալիս սեփական տեսակետն այս հարցի վերաբերյալ. հայը լացող, բողոքող չէ, հայը պահանջատեր է. «ԶՈՀՐԱԲ -Մենք պահանջում ենք վերադարձնել մեր հայրենի երկիրը՝ Հայաստանը ամբողջությամբ <…>»:[13] Սակայն հայը ռոմանտիկ երազող չէ, նա նաև հրաշալի տիրապետում է քաղաքական իրավիճակին. «ԱՐՓԻԿ — …Ինչ վերաբերում է Խորհրդային Հայաստանում տիրող իրադրությանը, վստահ եմ, որ Հրաչյան չի վիրավորվի, եթե ասեմ, որ բոլոր հարցերի վերաբերյալ մենք հրահանգներ ենք ստանում Մոսկվայից և հույս չունենք, թե Մոսկվան չի շարունակի Թուրքիային չնեղացնելու իր քաղաքականությունը, քանզի Թուրքիան Ռուսաստանի համար շատ հարմար է և՛ որպես հարևան, և՛ որպես հավանական անդամ ազգությունների ռուսական ընտանիքի…»:[14]
Էքսցենտրիկ ու համակրելի հայերը
Պետք է նկատել նաև, որ հենց գրականության և հատկապես դրամատուրգիայի միջոցով Սարոյանը Ամերիկայում և այն չորս տասնյակ երկրներում, որոնց լեզուներով թարգմանվել են նրա ստեղծագործությունները, փոխեց հայերի հանդեպ եղած վերաբերմունքը, կամ այս ազգին անծանոթների համար ստեղծեց հայ մարդու ամենադրական, ամենահամակրելի՝ բարեհոգի, ազնիվ, հյուրասեր, սրտաբաց ու առատաձեռն, արվեստասեր ու կենսասեր մարդու կերպարը: «Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը» պատմվածքի հերոսը պատմում է. «Ամենակարևորը, սակայն, այն էր, որ մենք հռչակված էինք մեր ազնվությամբ: Մենք մեր ազնվությամբ հռչակավոր էինք եղել շուրջ տասնմեկ դարեր ի վեր, նույնիսկ այն ժամանակ, երբ ամենահարուստ ընտանիքն էինք մի երկրում, որը մեզ համար և ողջ աշխարհն էր»:[15] Հայի նման որակներով կերպարներ հանդիպում ենք Սարոյանի թե՛ պատմվածքներում, թե՛ վեպերում և թե՛ պիեսներում, հետևաբար Ռ. Դավոյանը Սարոյանին նվիրված իր գրքում գրում է. «Վիլյամ Սարոյանն իմ պատկերացման մեջ նման էր էպոսի ժողովրդական հերոսի, որ պանդխտության մեջ փառք էր նվաճում իր ժողովրդի համար»[16]:
«Սարոյանը պատկերում է այն հայերին, ովքեր օտար մշակույթում պայքարում են երջանկության համար: Չնայած շատերն են տառապում խորը վշտից և միայնակությունից, սակայն այս արտասովոր (eccentric) օտարերկրացիները ցուցաբերում են անզուսպ կենսունակություն և առատաձեռնություն»:[17] Սարոյանին հաճախ են տվել միևնույն հարցը՝ արդյո՞ք այդ հայերն այդքան համակրելի են. հարցին Սարոյանը պատասխանել է. «Երբ ես գրում եմ նրանց մասին, նրանք, այո, այդպիսին են, քանի որ հասկանու՞մ եք ինձ, պարոն (կամ տիկին), ես սիրում եմ մարդկանց, սիրում եմ հայ ազգը, սիրում եմ Սարոյան տոհմը, սիրում եմ իմ հորը՝ Արմենակին, իմ մայր Թագուհուն, իմ որդի Արամին, իմ դուստր Լյուսիին, և պետք է խոստովանեմ ամենասարսափելին, սիրում եմ ինքս ինձ, իսկ երբ գրողի սիրտը լցվում է այդչափ սիրով, անհնար է, որ գոնե մի որոշ չափով այն չարտահայտվի նրա ստեղծած կերպարներում»:[18]
Դրաման իբրև գեղարվեստական գործիք
Թեմային անդրադառնալու մեր դրդապատճառներից մեկն էլ այն էր, որ Սարոյանի հայկական ինքնության հարցը համակողմանիորեն դիտարկված չէր գրողի՝ հատկապես դրամատուրգիական ժառանգության մեջ: Այնինչ դրամատուրգիան լավագույն միջոց է ոչ միայն անմիջապես երկխոսության, փաստի միջոցով հայերին և հայկականությանը վերաբերող ամենաբազմազան հարցեր բարձրացնելու առումով, այլև հավաստի երաշխիք է, որ դրամատուրգիայի միջոցով բարձրացված բոլոր թեմաները մի օր բեմից կհնչեն՝ մի շարք ճշմարտությունների մասին գեղարվեստական լեզվով իրազեկելով աշխարհի տարբեր երկրների հանդիսատեսին: Այս գիտակցումով Սարոյանը, հատկապես իր վերջին շրջանի պիեսներում, մեծապես օգտվել է դրամատուրգիայի ընձեռած լայն հնարավորությունից՝ իր պիեսներում անկաշկանդ ներկայացնելով հայի տեսակի, հայի գաղթական դառնալու պատճառների, աստանդական հայի խնդիրների, հայկական ինքնությանը վերաբերող իր տեսակետները: Այսպիսով, Սարոյանի հայկական թեմաներով պիեսները դեռևս սպասում են իրենց բեմադրիչներին. ժամանակակից թատրոնի արտահայտչամիջոցները բազմազան են ու անսպառ, հետևաբար Սարոյանի տարաբնույթ ժանրային յուրահատկություններով գրված այս պիեսներին միայն ռեժիսորական լուրջ ու հետևողական մոտեցում է հարկավոր՝ դրանք հանդիսատեսի մտքին ու սրտին ըստ էության հասցնելու համար:
Անուշ Ասլիբեկյան—Արծրունի
Արվեստագիտության թեկնածու
[1] Վ. Սարոյան, Անունս Սարոյան է (թարգմ.՝ Սամվել Մկրտչյան), «Հեղինակային հրատ.», Երևան, 2014, էջ 87:
[2] Վ. Սարոյան, Հայկական եռագրություն…, էջ 14:
[3] Վ. Սարոյան, Խաղողի այգին, Երևան, 1971, էջ 10:
[4] Վ. Սարոյան, Խաղողի այգին…, էջ 21:
[5] Վ. Սարոյան, Խաղողի այգին…, էջ 28:
[6] Նույն տեղում, էջ 22:
[7] Վ. Սարոյան, Խաղողի այգին…, էջ 67:
[8] Վ. Սարոյան, Հեծանվորդը Բևերլի Հիլզից…, էջ 129:
[9] W. Shear, Saroyan’s study of ethnicity // Critical Essays on William Saroyan…, էջ 86
[10] Վ. Սարոյան, Ընտիր երկեր, հ. 4, էջ 386:
[11] Վ. Սարոյան, Հայկական եռագրություն…, էջ 157:
[12] Վ. Սարոյան, Հայկական եռագրություն…, էջ 136:
[13] Նույն տեղում, էջ 137:
[14] Նույն տեղում:
[15] Վ. Սարոյան, Ընտիր երկեր, հ. 1, «Սովետական գրող», Երևան, 1986, էջ 215-216:
[16] Ռ. Դավոյան, Կեցցե՛ Հայաստան. Հուշեր, «Տիգրան-Մեծ», Երևան, 2009, էջ 4:
[17] Calonne D.S., William Saroyan: My Real Work is Being, էջ 57
[18] Г. Кубатьян, Ворованный воздух. Статьи и заметки, «Изд. РАУ», Ереван, 2005, стр 423.
No Comments