Իսրայել Ասրյան Կերպարվեստ

Սերը նկարիչների աչքերով կամ 8 համբույր

17.09.2021

****
Ֆրանսուա Բուշե․ «Հերակլեսն ու Օմֆիլան», 1732-1734

Բուշեն Լյուդովիկոս XV-ի պալատական նկարիչն էր՝ մադամ Պոմպադուրի սիրելին և ռոկոկոյի ամենավառ ներկայացուցիչներից։ Նա «Հերակլեսն ու Օմֆիլան» կտավի սյուժեն վերցրել  է Հերակլեսի մասին հին հունական առասպելներից։ Աստվածները Հերակլեսին ուղարկել էին, որ ծառայի լիդիական Օմֆիլա թագուհուն, որը հերոսի համար տարբեր ստորացուցիչ փորձություններ էր հնարում։ Բուշեն կտավում հերոսի ատելությունը վերածել է կրքի՝ պատկերելով Օմֆիլային գայթակղեցնելու բավականին բաց տեսարանը։

****
Անտոնիո Կանովա․ «Ամուրի համբույրից վերակենդանացած Փսիխեան», 1787-1793

Վենետիկյան քանդակագործ Անտոնիո Կանովան ստեղծել է  «Ամուրը և Փսիխեան»  քանդակի երկու տարբերակ։ Սյուժեն հիմնված է հին հունական գրող Ապուլեոսի ստեղծագործության վրա։ Փսիխեան, մեռյալների թագավորությունից բերված գեղեցկության անոթը բացելով, խորը քնի մեջ է ընկնում։ Ամուրը ցած է իջնում երկրի վրա, որ կենդանացնի սիրեցյալին։ Անտոնիո Կանովան առասպելական հերոսներին պատկերում է սիրային գրկախառնությունից մեկ ակնթարթ առաջ։

****
Օգյուստ Ռոդեն․ «Համբույրը», 1882

Օգյուստ Ռոդենի «Համբույրը» քանդակը Դանթեի «Աստվածային կատակերգություն» ստեղծագործության հերոսներ Ֆրանչեսկա դը Ռիմինիի և Պաոլոյի արգելված և հավերժական սիրո հուշարձանն է։ Քննադատները քանդակն ընդունեցին ոչ միանշանակ, համարելով, որ այն չափազանց բաց է ընդհանուր ցուցադրության համար։ Այդ պատճառով Չիկագոյում 1893-ին ստեղծագործությունը տեղադրեցին ոչ թե ընդհանուր դահլիճում, այլ առանձին սենյակում, որտեղ դիտորդները կարող էին մտնել՝ նախապես գրանցվելով։ 

****
Ժան Լեոն Ժերոմ․ «Պիգմալիոնը եւ Գալատեան», 1890

Ֆրանսիացի նկարիչ Ժան-Լեոն Ժերոմն այս նկարը ստեղծել է հունական առասպելի հիման վրա, որը քանդակագործի՝ իր իսկ ստեղծագործության հանդեպ տածած ֆանտաստիկ սիրո մասին է։ Պիգմալիոնը սիրահարվում է իր ձեռքով փղոսկրից պատրաստված Գալատեայի պատկերաքանդակին և խնդրում Վեներային կենդանացնել նրան։ Ժերոմը կտավի վրա վերստեղծել է  սիրահարների առաջին համբույրն այն պահին, երբ Գալատեան կենդանացել էր։

****
Էդվարդ Մունկ․ «Համբույրը», 1897

Էդվարդ Մունկն իր սիրահարներին պատկերում է երեկոյան հարմարավետ միջավայրում` պատուհանի մոտ համբուրվելիս։ Նրանք, ասես,վարագույրի ետևում թաքնվել են ամբողջ աշխարհից։ Հեղինակը գիտակցաբար չի մանրամասնում  նրանց արտաքինը․ դեմքերն ու կերպարները միաձուլվում են մեկ գունավոր հետքում։

****
Գուստավ Կլիմտ․ «Համբույրը», 1907-1908

«Համբույրը» նկարչի «ոսկե ժամանակաշրջանի» այցեքարտն է։ Ավստրիացի սիմվոլիստն օգտագործել է իր ֆիրմային տեխնիկան՝ խառնելով ոսկե նրբաթերթն ու յուղաներկերը։ Արվեստի որոշ պատմաբաններ համարում են, որ նկարիչը պատկերել է իրեն և իր սիրեցյալ Էմիլիա Ֆլյոգեին։

****
Ռենե Մագրիտ․ «Սիրահարները», 1928

Սյուրռեալիստ Ռենե Մագրիտը ձգտում էր ստիպել իր հանդիսատեսին մտորել նկարի իմաստի մասին, այդ պատճառով նրա բոլոր կտավները նման են պատկերավոր հանելուկների։ «Սիրահարները» նկարն արդեն ենթարկվել է բազմաթիվ մեկնաբանությունների և բացատրությունների։ Նկարիչը սիրահարվածությունը պատկերել է որպես շլացուցիչ  մի բան։ Կրքի պոռթկման ժամանակ սիրեցյալներն ընդունակ չեն նկատել, թե իրենց շուրջ ինչ է կատարվում կամ տեսնել միմյանց թերությունները։ 

****
Պաբլո Պիկասո «Համբույրը», 1969

Սա իսպանացի նկարչի ուշ ժամանակաշրջանի գործերից  է։ Համարում են, որ «Համբույրը» կտավում Պիկասոն պատկերել է իրեն և իր երկրորդ կնոջը՝ Ժակլինին։ Նկարիչը սիրահարներին նկարում է իր ֆիրմային եղանակով՝ աղավաղելով չափային հարաբերակցումն ու գծերը։

Թարգմանեց Իսրայել Ասրյանը
Աղբյուր․՝ vogue.ua

No Comments

Leave a Reply