ԳիտաՆյութ Նշան Աբասյան

Շարահյուսական համաձայնության նուրբ կետեր

23.12.2025

1. Եթե գոյականը հոգնակիություն նշող թվականով կամ մի քանի դերանունով որոշիչ ունի, ապա դրվում է եզակի թվով՝ «մի քանի մարդ», «երեք մարդ», և կարող է ստանալ ինչպես եզակի թվով ստորոգյալ, այնպես էլ հոգնակի․

1 Մի քանի մարդ եկավ։

2 Մի քանի մարդ եկան։

Սակայն եթե հոգնակիություն նշող լրացումից բացի՝ գոյականն ունի նաև այլ որոշիչ, ապա արդեն դրվում է հոգնակի թվով՝ համապատասխանաբար ստանալով միմիայն հոգնակիով ստորոգյալ․ «Մի քանի կարևոր մարդիկ եկան»։

2․ Բազմակի ենթակաների հետ ստորոգյալը լինում է եզակի թվով, եթե՝

ա) Ենթականերն իմաստով հարաբերակից են և իրականում անվանում են նույն առարկան կամ երևույթը, այլ ոչ թե տարբեր առարկաներ.

  • Լույս ու ջերմություն յուրաքանչյուրիս է պետք:
  • Դատական քննության յուրաքանչյուր մաս, հատված ունի իր նշանակությունը

բ) Նույն դեմքով ենթակաները կապված են կամ, կա՛մ…. կա՛մ, ոչ թե….այլ շաղկապներով.

  • Կատարվածի համար պատժվելու է կա՛մ բեռնատարի վարորդը, կա՛մ մարդատարի:
  • Աշոտը կամ Գեղամը կմոտենա։

գ) Ենթականերից մեկը` նախորդում, մյուսը հաջորդում է ստորոգյալին. «Այդ ամենից ջինջ հիշողություն է մնացել և մի կսկիծ»։

3․ Եթե եզակի ենթական ունի մի քանի բացահայտիչ, ապա, միևնույն է, այն պահանջում է եզակի թվով ստորոգյալ․ «Ամբողջ բազմությունը՝ ծերեր ու երեխաներ, կանայք ու տղամարդիկ, փոթորկվեց զայրույթից»։

Նշան Աբասյան