ՄշակութաԳիծ Կինո Սիրանույշ Գալստյան

Սիրանույշ Գալստյան, Շարվեշարան

15.11.2019

Կինոգետ, արձակագիր Սիրանույշ Գալստյանի «Շարվեշարանը» կինոսցենարի էսքիզ է, որ մի նոր դիտանկյունից է երևակում ճանաչված արվեստագետի հայացքը կինոյին: Ինչպես ինքն է պարզաբանում՝ Դանիել Վարուժանի՝ շարադրանքին ներհյուսված «Օրհնություն» բանաստեղծությունը գրեթե պիտի փոխարիներ կինոպատումի երաժշտությանը, պիտի հնչեր երգի ու աղոթքի նման: 

«Ես ցանկություն ունեի ընդգծելու անցյալում մեր ունեցած ու կորցրած աշխարհի կատարյալ կերպարը, բացառիկ ներդաշնակությունը, նույնիսկ՝ մի փոքր իդեալականացված ներկայացնելու այն»,խոստովանում է հեղինակը

Կինոսցենարի առանցքում հայուհու՝ սկզբում նուրբ, անպաշտպան, մանկական անաղարտությամբ կաշառող կերպարն է, որը կյանքի սահմռկեցուցիչ հարվածներին դիմակայելու, դրանց հետզհետե վարժվելու արդյունքում վերածվում է ուժեղ, անկոտրում, իր հողմահալած տունն ու տոհմածառը ապրեցնելու առաքելությանը վճռականորեն լծված կամային կնոջ

Սիրանույշ Գալստյանը, իր իսկ մեկնաբանությամբ, ցանկացել է, որ կինոսցենարում բոլոր սիմվոլներն ու մետաֆորներն օգտագործվեն ոչ վերացական իմաստով, այլ հագեցած լինեն կյանքի որոշակի բովանդակությամբ, անգամ, ինչ-որ տեղ հողեղեն նշանակությամբ, որպեսզի չկորցնեն իրենց նյութականությունը, դիտվեն որպես մեր նախնիների աշխարհի, նրանց արժեքների համակարգի բնական տարրեր:

Հավելենք ամենաէականը՝ պատումի հերոսուհին ունի նախատիպ՝ ի դեմս Սիրանույշ Գալստյանի՝ Ցեղասպանությունը վերապրած մշեցի հորական տատի՝ Էլխանի (Ելենայի):

Կարինե Ռաֆայելյան

Ցեղասպանությունը վերապրած մշեցի Էլխանն իր զավակների, հարսի ու թոռների հետ
Ծիծեռնակաբերդ, Եղեռնի հուշարձան, 1977թ.

                                                

Սիրանույշ Գալստյան, Շարվեշարան   

                                                (Կինոսցենարի էսքիզ)                                                                                      

 Աղջկա լուսաշող դեմք է (խոշոր պլանով), կադրի մեջ սկզբում ամեն ինչ երևում է, ասես, նրա դողացող թարթիչների միջից, և աստիճանաբար, տեսարանը պարզվում է:

Տղամարդու ձայն.

   «Նրա աչքերը փակ են: Իսկ երկնքի անհունության մեջ մխրճված կռունկների երամը նման է հսկայական սրածայր նետի, որի մի թևը պոկվել է: Եվ նրա ընթացքն ասես դանդաղեցված է ինչ-որ մեկի հրամանով: Կանչում են կռունկները, ցած նայում ոսկեծիր դաշտերին ու ծառերին` հրաժեշտի այդ գեղեցկությանը»

Եվ մարդիկ, ոգևորված չքնաղ այս պատկերով, նաև` կյանքի առատությունից, որ ի հայտ է գալիս մանավանդ աշնանը, ով` թողած վար ու ցանը, ով` մրգով լի կողովները, հայացքով սլանում են երկինք: Աշունը ողողել է նրանց հրաժեշտի տրամադրությամբ:

Տարեց կնոջ ձայն.  (Հանդարտ ու մեղմ, կարծես, հավերժությունից եկող մի ձայն ընթերցում է որոշ տողեր Դանիել Վարուժանի «Օրհնություն» բանաստեղծությունից: Դա պետք է յուրօրինակ հնչյունավորմամբ ուղեկցվի, որպեսզի թվա, թե տողերն ինքնըստինքյան են արթնանում, հնչում ու լռում` կորչելով անհայտության մեջ, ինչի շնորհիվ տպավորություն կստեղծվի, թե բանաստեղծությունը շաղ է տրված ֆիլմի տարածքով մեկ):   

«Ափ մը ցորյան գըլուխդ ի վար

Թող որ թափեմ…

Ափ մը ցորյան մազերուդ մեջ

Թող որ տեղամ…»:

Ոսկեգույն վարսեր են ծածանվում՝ պահ առ պահ շղարշելով, վարագուրելով երկինքը բռնած երամը: Մոտ տասներեք տարեկան նրբակազմ աղջկա վարսերը շոյելու համար հերթի են շարվել նրա հինգ եղբայրները:

Երկհարկանի տան ելքի դուռն անաղմուկ բացվում է: Ներսից թաքուն մի հայացք ջերմ ու քնքուշ հետևում է մանկահղացված այդ հանդիսանքին: Տղաներից ամենամեծը, որ կլինի մոտ տասնչորս տարեկան, նայելով գլխավերևով ճախրող կռունկներին, վազում է դեպի առվի բերանին հանգրվանած քարը և փորձում շրջել:

— Կա՛ց, որդի՛, չանե՜ս, — դուրս է վազում մայրը:

Բոլորը հավաքվում, նստում են նրա շուրջ և լսում կռունկների մասին՝ թե ինչո՞ւ չի կարելի քար շրջել, երբ նրանց երամն է թռչում: Այդպես է, քարը շուռ եկավ  թե չէ, նրանց աշխարհն էլ շուռ կգա, կքանդվի երամը. կխառնվեն, կկորցնեն բռնած ճամփան, կմոռանան՝ ո՞վ ումից հետո էր, և ո՞ւր  կթռչեին…

Տղային, հարկավ, ծանոթ էր այդ պատմությունը, բայց մորից լսելով միայն հասկացավ իր հետաքրքրությունը բավարարելու անթույլատրելիությունը: Մոր շուրթերից միայն նրան հասավ, որ հին ճշմարտությունը չարժե ստուգել: Եվ այն միտքը, որ քիչ առաջ ինքը կարող էր մի ամբողջ ներդաշնակության կորստյան, անգամ, տիեզերական աղետի պատճառ դառնալ, անորոշ մի տագնապ բնակեցրեց նրա թրթռան հոգում:

Աշնան ուրիշ օր է: Դարպասը թակում են հանդիսավոր հագնված մարդիկ: Աղջկան ամուսնացնում են: Ավագ եղբայրը, կարծես, և՛ ուրախ է, և՛ լարված: Նրա հայացքը շատ նման է հոր հայացքին: Կրտսեր եղբայրները լալիս են, երբ տանից դուրս են տանում եթերային գեղեցկությամբ հարսնացուին՝ իրենց միակ քրոջը: Մայրը նույնպես լուռ արտասվում է: Մինչդեռ, հարսանյաց ծեսը շարունակվում է:

Տարեց կնոջ ձայն.

«Ափ մը ցորյան ափերուդ մեջ

Թող որ լեցընեմ, կըտրի՛ճ Որդիս.

Կըտրիճ Որդիս, գոտի՛ն մեջքիս.

Թող մաճակալ բազուկներէդ

Քըսան ցուլի արյուն անցնի,

Եւ եղեւնի քու հասակեդ

Քըսան տունի սյունը կանգնի.

ՈՒ երբ թիվովը մատերուդ

Սերմանես քու սերմընեցուն՝

Հընձես թիվո՜վն աստղերուն»:

Փեսացուն մոտ քսանհինգ տարեկան է, բարձրահասակ, ամրակազմ: Կառքի մեջ նստած՝ ձեռքը տանում է, որ շոյի ոսկեհեր հարսնացուին, սակայն ձեռքը մնում է օդում՝ շփոթվելով մանկական հայացքից…

Տղամարդու ձայն.

«Հայրս, ամուսնության առաջին ամիսներին, կնության առած աղջնակ մորս հետ վարվում է, ինչպես երեխայի հետ՝ սպասելով, որ ինքնիրեն ավարտվի մանկությունը»:

Առատ ձյուն է գալիս: Մերկ ծառերը հագնում են ձյունաթույր հանդերձներ. հեռվից նրանք նման են հեզանազ հարսնացուների: Վաղ առավոտյան երիտասարդ տղամարդը դուրս է եկել` բահը ձեռքին: Ցանկապատի մյուս կողմից հարևանները հարցնում են, թե կինն ո՞ւր է, ի՞նչ բանի է: Իսկ նա պատասխանում է. «Թող քնի, մեծանա»: Եվ հայացքը հառում է ձյունածածկ  ծառերին:

Գարուն է: Ծաղկունքի ու կանաչների մեջ թաղված աղջիկը հանկարծ անհանգիստ տեսք է ստանում՝ նկատելով  ոտքի վրայով ծորող արյան շիթը: Սարսափահար  ու շփոթված՝ նա մտնում է գետակի մեջ և սկսում լվանալ: Տանը բոլորն իրեն են փնտրում, ձայն տալիս: Ամուսինը գալիս է այդ կողմ ու վերևից նկատելով աղջկան՝ գրեթե թռիչքով հայտնվում գետի մեջ: Առանց ինչ-որ բան ասելու նա աղջկան գիրկն է առնում ու տուն վազում:

Տարեց կնոջ ձայն.

«Ափ մը ցորյան ծոցերուդ մեջ

Թող որ ցանեմ, Հա՛րսըս աղվոր…

Թող անկողնիդ ակոսին մեջ

Հասկ մը ծըլի՝ լըման շարքով,

Եւ օրորած օրոցքիդ մեջ

Արշալույսնե՜ր ննջեն փառքով…»:

 Սկեսուրը շոյում է հարսի վարսերը, սրբում արցունքները, բացատրելով, թե ինչ երկար են սպասել այդ օրվան: Վեր կենալիս համբուրում է աղջկա ճակատը, նրան նվիրում իր զարդերից ևս մեկը և ապա շշնջում, որ հիմա նա արդեն կարող է մայրանալ:

Ամուսինն անսահման ուրախ է ու երջանիկ, բայցև, լի համբերությամբ: Որոշ ժամանակ է անցնում, մինչև գալիս է մերձեցման օրը:

Հովվերգությունը դեռ նոր սկսված` ավարտվում է: Սկսվում են ջարդերը: Գաղթի ճամփան բռնած մարդկանց շարքը ձգվում է անջրդի վայրերով: Այն նման է կռնատ, գետնաքարշ երամի: Դեռատի կինը մանկան խաղն առաջին անգամ զգում է այս քարքարոտ ճանապարհին: Աչքն ընկնում է մի մեծ քարի. մտապատկերում արթնանում է երկնքում ճախրող կռունկների երամը, և հետո` մայրը` շուրջը բոլորած զավակներով: Նրանք բոլորն այլևս չկան. գազանաբար սպանված են: Կնոջ դեմքը միաժամանակ կսկիծ և ցասում է արտահայտում: Նա խստադեմ է դարձել: Չարչարանքի այս անվերջ ուղին կարծես գծագրում է նրա նոր դիմագծերը, բնավորութիւնը… Նրանց քշում են ավերված մի գյուղ և փակում գոմում: Կնոջ մտապատկերում իրենց տունն է հայտնվում` դատարկ, բոլոր դռներն ու պատուհանները` բաց: Սովահար, ծարավ մարդիկ մի քանի օր մնում են այդտեղ: Կինը փակում է աչքերն ու երկինք տեսնում: Իր երևակայած երկնքում միայնակ կռունկ է ճախրում…

Հանկարծ բացվում է դուռը: Երկու թուրք զինվորական գիշատիչ հայացքով չափչփում են գոմն ու ներս մտնում: Նրանք ձանձրացել են կերուխումից և հիմա հետախուզության են եկել… Ոտքերով հրմշտում են գրեթե իրար վրա ընկած մարդկանց. մեծ մասն արդեն դիակներ են: Դեռատի կինը մեռած է ձևանում: Տնքոց լսելիս ոճրագործներն իսկույն կրակում են: Նրանց հեռանալուց որոշ ժամանակ անց կինը դժվարությամբ վեր է կենում: Ինչ-որ մեկի գրպանից մի բռի չափ ցորենի հատիկ է թափվել: Նա անսպասելի արագությամբ հավաքում է ու մի մասը ծամում: Մնացածը խնայողաբար թաքցնում է գրպանում: Վախվորած մոտենում է դռանը, անցք փնտրում` տեսնելու համար, թե դրսում ինչ է կատարվում: Ոչ ոք չկա: Փակում է աչքերը. ոչինչ չի տեսնում: Բացում է ու մենակ ճամփա ընկնում: Ավերված գյուղի ծայրում  հանկարծ մի առու է տեսնում: Ագահորեն ջուր է խմում: Մեկնվում է խոտի վրա ու նայում երկինք: Ո՛չ ամպ կա, ո՛չ թռչուն: Միայն լուրթ,  անհուն եթեր: Սարերով, ամայի վայրերով անցնելով՝ մի քանի օրից հասնում է ինքն էլ չգիտի, թե ուր: Ռուս զինվորներ են, ու իր նման գաղթականներ: Ձեռքը տանում է դեպի փորը՝ կարծես նոր միայն հիշելով այնտեղ բաբախող կյանքի մասին: Այդ պահին նրա հայացքը մեղմանում է: Գրպանում եղած ցորենի հատիկները վաղուց կերել է: Մի տարեց տղամարդ ջուր է առաջարկում, մեկ ուրիշ կին՝ հաց: Եղեռնից մազապուրծ եղած մարդկանց հետ նա ճամփա է ընկնում:

Կովկասյան ինչ-որ քաղաք է: Երեխան գրկում՝ նա լվացք է հավաքում: Կամավորական խմբերը, ռուսական բանակին միացած, անցնում են փոքրիկ քաղաքի փողոցներով: Ձիավորներից մեկը հանկարծ նետվում է և փարվում կնոջն ու երեխային: Կինը հետ է ընկրկում՝ չճանաչելով ամուսնուն: Նրան, հիրավի, դժվար է ճանաչել՝ այնպես փոխված է: Տղամարդը շշնջում է. «Նախշո ՜ ւնս…»: Այդպես նրան միայն ամուսինն էր դիմում, այն էլ՝ բոլորից թաքուն: Դա իրենց գաղտնիքն էր ու հիշողության մեջ մնացած միակ բառը, որ վկայում էր երբեմնի քնքուշ ու ներդաշնակ կյանքի գոյության մասին:

Կինը քարացած է՝ ուժ չունի երջանկության կամ գոնե ուրախության համար:

Կյանքը տարածում է իր թևերը: Նոր տուն են դնում: Էլի զավակներ ունենում: Երրորդն աղջիկ է՝ ոսկեհեր, կապտաչյա:

Հիմա նա հիվանդ է: Կրտսեր եղբայրը լուռ ու խոժոռ նայում է, իսկ ավագը շոյում է տենդի մեջ տանջվող քրոջ վարսերը: Հայրն աղոթք է մրմնջում: Մայրը քար կտրած նայում է. հիշողության մէջ հառնում են իրենց բակը, եղբայրները, ինքը՝ ծածանվող վարսերով, մայրը, կռունկների երամը…

Տիֆ, սով… Մեկին մյուսի հետևից կորցնում են: Ամուսինը տանում է ձեռքը, որ շոյի կնոջ գլուխը, սակայն ձեռքն արգելակվում է կնոջ անկենդան հայացքից: Տղամարդը փակում է աչքերը և տեսնում իրենց այն հարսանեկան կառքում ու՝ օդում մնացած իր ձեռքը:

Վշտահար` նա ամուր փաթաթվում է կնոջն ու համբուրում նրա մազերը:

Աշուն է: Այգում նստած են մայր ու աղջիկ: Մայրը քանդակի է նման, երբեմնի անհոգ, երջանիկ օրերի հետքն անգամ չի մնացել: Աղջիկը կլինի վեց-յոթ տարեկան: Տղամարդը ծառերից հավաքում է միրգը, լցնում կողովները: Օրորոցում տղա երեխա է քնած: Աղջիկն ուշադիր մորն է լսում. 

— Աշուն որ կուգա, ամեն մի ծառի տերև կառնե իր տված պտղին գույնը: Ճյուղեր կկարոտին կորսուցրած զավակներին ու անոնց գույներ կհագնին: Համա չեմ գիտեր` իմ կարոտ ի՞նչ գույնի է,- հոգոց է հանում կինը:    

 Նայում է ամուսնու կողմը և հարցնում.

— Ի՞մալ է, էս երկինքով կռունկներ չեն թռնի:

Տղան արթնանում է մոր ձայնից, աչքերը տրորելով, իջնում օրորոցից: Ամուսինը չի լսում, շարունակում է աշխատել: Իսկ աղջիկը հարցնում է.

— Կռունկն ո՞վ է:

— Թռչուն է: Աշուն կուգա թե չէ, բոլորով կհավաքվին, շարվեշարան երամ կկազմին: Երկա՜ր-երկա՜ր, կթռնին, կանցնին: Համա, չլսե՛մ, չիմանա՛մ, թե քար մը շուռ տաք:

Երեխաները, զարմանքից աչքերը կլորացրած, լսում են: Ճաշի ժամն է. բոլորով անձայն ուտում են: Դուռը թակում են: Ոչ ոքի չէին սպասում: Տղամարդը բացում է դուռը: Երկրացի տղամարդկանցից մեկն է, որի հետ կամավորական նույն խմբում էին: Շտապ փոխանցում է երկու գիրք՝ հին նկարազարդ Ավետարան ու Չարենցի բանաստեղծությունների ժողովածուն, ասելով, որ լավ պահի, հանկարծ ոչ ոք չիմանա, թե չէ Ստալինը Սիբիր կքշի, տնով-տեղով կկորչեն… Դուռն անաղմուկ փակում է:

— Նախշո՛ւնս, էս գրքերով էսոնք մարդ կդառնան,- ասում է՝ ցույց տալով երեխաներին:

Կինն անմիջապես վեր է կենում, հայացքով փնտրում, թե ուր կարող են թաքցնել գրքերը: Աչքն ընկնում է պատից կախված գորգին, որը կորություն ունի՝ գրքերի համար հուսալի թաքստոց է:

Գիշերվա լռության մեջ կրակոցներ, ճիչեր են պայթում: Շներ են հաչում: Դուռն ուժգին ծեծում են, ներխուժում տուն: Սկսվում է խուզարկությունը: Երեխաները լալիս են, ծնողները լուռ ու անսասան են: Ամեն ինչ տակնուվրա են անում, բայց ոչինչ չեն գտնում:

Հաջորդ օրն առավոտյան փողոցում ամուսնուն ընդառաջ է գալիս գծուծ արտաքինով մի մարդ.

— Տեսա՞ր, դիփ դաշնակներին ո՜նց խփինք…

— Մի երկուսը կումնային, ոնց էլ պատահեր:

Անձայն ճաշում են: Դուռը տեղահան է արվում ուժգին հարվածից: Ներխուժում են զինվորական հագուստով, մռայլ դեմքերով խուզարկուները: Այս անգամ ոչինչ չեն փնտրում, անմիջապես բռնում են տղամարդու գլխից, զարկում՝ ասելով.

— Դե ասա՛, մնացած դաշնակների տե՛ղն ասա:

Արնաշաղախ, մի կերպ շրթունքներն իրար բերելով, նա ասում է.

— Հանաք եմ արել…

— Հանա՞ք: Մենք քեզ հանա՛ք ցույց կտանք:

Հերթական հարուածից նա կորցնում է գիտակցությունը: Քարշ տալով տանում են: Երեխաները սարսափահար լալիս են, իսկ կինը քար կտրած նայում է գորգին…

Դրսում մի շարք մարդկանց տանում են և առանց դատ ու դատաստանի գնդակահարում՝ մի ճիվաղի հրամանով.

— Շան սատա՛կ արեք էդ ժողովրդի թշնամիներին:

Մարդկային նոր երամ է գոյանում: «Ժողովրդի թշնամիների» կանայք ու երեխաները, իրերի կապոցները ձեռքներին, ով՝ սայլերով, ով՝ ոտքով, շարժվում են դեպի կայարան: Նրանց հրմշտելով լցնում են բեռնատար վագոնները:

Այգին, մրգի կողովները, տունը՝ մի կողմ ընկած դռնով, պատուհանները՝ բաց: Հառնում է անցյալի տան պատկերը՝ դատարկ, բոլոր դռներն ու պատուհանները՝ բաց:

Հեռավոր Սիբիրի մի գյուղ է: Կինը փայտաշեն խրճիթի պատից կախում է նույն այն գորգը: Գրքերը պահում է անկողնու տակ:

Աղջիկը մի խումբ երեխաների հետ գնում է ջուր բերելու: Ձեռնոց չունի: Ձեռքերը կպչում են խողովակին, էլ չեն պոկվում: Եղբայրը, լաց լինելով, վազում է, հայտնում մորը: Վերջինս դուրս է վազում: Հարևան խրճիթից մի ռուս կին էլ է դուրս վազում, միանում նրանց: Մայրն անօգնական ձեռքերը ծնկներին է զարկում: Այսքան դաժան ձմեռ նա երբեք չի տեսել: Ռուս կինն անմիջապես դույլից սառը ջուր է լցնում, և աղջկա ձեռքերն ազատվում են: Ի նշան երախտագիտության՝ մայրը հանում է իր մատանին ու մեկնում ռուս կնոջը: Վերջինս չի վերցնում:

Այսուհետև մայրն ամեն ինչ ինքն է անում, որ երեխաների համար սիրտը հանգիստ լինի: Մի հայ կին, որ իրենց հետ միասին է աքսորվել, խղճալով նրան, խորհուրդ է տալիս.

— Էդ երեխեքին ինչո՞ւ չես գործի դնում, բա մեղք չե՞ս:

— Փոխանակ հողն ինձ մաշի, էն ա երեխե՛քս թող մաշեն,- պատասխանում է անտրտունջ մայրը:

Բարձր փայտե սյան վրա ամրացված ռադիոն հաղորդում է սկսված Հայրենական պատերազմի մասին: Մարդիկ շարունակում են աշխատել սառնաշունչ ցրտի պայմաններում: Եվ ժամանակ առ ժամանակ հայացքները հառում են վերևից գուժող ռադիոյին:

Մի օր էլ այն ավետում է Հաղթանակի օրը: Սակայն աքսորյալների կյանքում ոչինչ չի փոխվում:

Տարեց կնոջ ձայն.

«Ափ մը ցորյան, ափ մը ցորյան…

Մեր գըլխուն ալ թող որ տեղա.-

Թող չսառի՜ արեւն աշնան

Մեր մազերուն ձյուներուն մեջ,

Չը մարի՜ մեր մոմն իրիկվան

Ժամուն մարմար սյուներուն մեջ…»

 Ծանր աշխատանք, ցուրտ կյանք, պատուհաններում վառվող ու հանգչող ճրագներ: Միայն երեխաներն են մեծանում, իսկ մեծահասակները՝ ծերանում:

Գարնան առաջին օրերն են: Մի օր ռադիոյով հաղորդում են Ստալինի մահվան մասին: Այստեղ ոչ ոք չի սգում «առաջնորդի» մահը: Հանկարծ ինչ-որ մարդիկ են երևում հեռվում: Դա գրավում է բոլորի ուշադրությունը:

Աքսորյալները սկսում են իրերը հավաքել: Կինը պատից հանում է գորգը… Հագուստի կապոցի մեջ խնամքով դնում է գրքերը:

Նորից մարդկային երամ է գոյանում. կարող են տուն վերադառնալ: Շարժվում են. նրանց մի մասն ի վիճակի է ուրախություն արտահայտել, մյուսները լուռ են: Երկնքում թռչուններ են երևում: Բոլորը նայում են վերև: Մայրը շոյում է երեխաներին` ասելով.

— Ե՜րբ էր վերջին անգամ, կռունկ տեսա…

— Բա սրանք կռունկ չե՞ն, — հարցրեց աղջիկը:

— Չէ՛, ձագ ջան, ուրիշ թռչուն են:

— Բա մենք ո՞ւր կգնանք,- հարցրեց տղան:

— Տո՛ւն կգնանք, ձա՛գ ջան, Հայաստա՛ն:

Վերջապես հասնում են երկաթգծին: Հեռվում հայտնվում է գնացքը: Բոլորն իրար են անցնում: Կանգ առնելուն պես մարդիկ, իրար օգնելով, բարձրանում են: Գնացքը պոկվում է:

Տղամարդու ձայն.

«Մեր հայրն ու մայրը քչախոս էին: Հորս կորցնելուց հետո մայրս շարունակ պատմում էր ու պատմում… Եվ ամեն մի պատմություն սկսվում էր՝ «Ձեր հեր կըսեր…» խոսքերից: Այդպես մենք իմացանք այն փափագելի աշխարհի մասին, որ կոչվում էր ԵՐԿԻՐ»:

Տարեց կնոջ ձայն.

«Ափ մը ցորյան, ափ մը ցորյան

Մեր գլխուն ալ թող որ տեղա…»

Վագոնները բեռնատար են՝ փակ, առանց պատուհանների: Գնացքը սլանում է: Սակայն երկնքում հայտնված կռունկների երամը մարդիկ չեն տեսնում:

No Comments

Leave a Reply