Գերմանիան 50 միլիարդ եվրոյի չափով ապշեցուցիչ օգնության փաթեթ է ստեղծել արվեստագետների ու մշակութային բիզնեսի ներկայացուցիչների համար՝ ամաչեցնելով այլ երկրների: «Արվեստագետները ոչ միայն անփոխարինելի են, այլև կենսական նշանակություն ունեն, հատկապես հիմա»,- ասել է երկրի մշակույթի նախարար Մոնիկա Գրյութերսը:
Շուրջ 50 միլիարդ եվրոն (54 միլիարդ դոլար) գոյացել է երկու շաբաթվա ընթացքում՝ սկսած այն պահից, երբ Գերմանիան առաջին անգամ խոստացավ այդ օգնությունը։
«Մենք գիտենք, թե ինչ է դժվարությունը, մենք գիտենք՝ ինչ է հուսահատությունը», — հայտարարել է մշակույթի նախարարը։- Մշակութային ոլորտը, մասնավորապես, բնութագրվում է ինքնազբաղված մարդկանց մեծ քանակով, նրանք այժմ ապրուստի ապահովման խնդիրներ ունեն: Դաշնային կառավարությունը ամբողջությամբ գիտակցում է ստեղծարար արդյունաբերության կարևորությունը: Օգնությունը գալիս է արագ և, որքան հնարավոր է, նվազագույն բյուրոկրատիզմով»:
Երեք մասից բաղկացած փաթեթն օգնություն է ինքնազբաղված անհատներին, ինչպես նաև փոքր բիզնեսներին: Այն կգործի դրամաշնորհներով , որոնք նախատեսված են հիմնական ծախսերի համար. այդպիսիք են տարածքի վարձակալությունն ու արվեստագետների ստուդիաները։ Փաթեթի շրջանակում վարկերը նույնպես մատչելի կլինեն և կօգնեն տնտեսվարողներին հաղթահարել ֆինանսական դժվարությունները։ Արվեստագետներից բացի, աջակցություն կստանան նաև լրատվամիջոցները:
Ֆրիլանսերներին, բացի գումարային օգնություններից, վեց ամսով կհատկացվի սոցիալական օժանդակություն (ներառյալ՝ գործազրկության ապահովագրություն)։ Օրենսդրությունը վարձով ապրողներին պաշտպանում է վտարվելու վտանգից, եթե նրանք չեն կարողանում վճարել բնակարանի վարձը։
«Մեր դեմոկրատական հասարակությունն այս պատմական իրադրության ժամանակ յուրահատուկ ու բազմազան մշակութային և մեդիա լանդշաֆտի կարիք ունի: Ստեղծագործող մարդկանց ստեղծագործ համարձակությունը կարող է օգնել հաղթահարել ճգնաժամը։ Մենք պետք է օգտագործենք ցանկացած հնարավորություն՝ ապագայում լավ բաներ ստեղծելու համար»,- ասել է Գրյութերսը։
Նյութի աղբյուր՝ news.artnet.com
Անգլերենից փոխադրեց Իսրայել Ասրյանը
No Comments