Ստեփան Զորյանի տուն-թանգարանը գտնվում է Վանաձորի Ստ. Զորյան 24 հասցեում: Տուն-թանգարանի ցուցադրությունը բաղկացած է յոթ սրահից, որոնցում ներկայացված են Զորյան գրողի, թարգմանչի, լրագրողի, հասարակական գործչի, ակադեմիկոսի, քաղաքացու, մարդու համապարփակ նկարագրին առնչվող ցուցանմուշներ՝ ձեռագրեր, բազմաբնույթ գրքեր, բացիկներ, գեղանկարներ, քանդակներ, կենցաղային իրեր և այլն:
Հուշային հատվածներ
Ստեփան Զորյանի տուն-թանգարանը Վանաձորում գործող միակ գրական թանգարանն է:
Գրող Մկրտիչ Սարգսյանն իր հուշերում պատմում է. «1960-ական թվականների կեսերին Ստեփան Զորյանն իր ծննդավայրում` Կիրովականում, առանձնատուն կառուցեց. համաքաղաքացիներն անմիջապես այն մկրտեցին «Հայոց բերդ» անունով»:
Զորյանի ամառանոցը՝ մինչև տուն-թանգարան դառնալը
Ներկայիս թանգարանը, որ գործում է 1972 թվականից, գրողի երբեմնի առանձնատունն է՝ իր նշանավոր «խնձորի այգով». մեծ գրողն իր ձեռքով տնկել, խնամել ու աճեցրել է արծաթափայլ եղևնիներ և բազմատեսակ խնձորենիներ:
Զորյանական ծառեր
Այսօր թանգարանի հյուրերին հաճախ են դիմավորում խորհրդանշական արարողությամբ՝ Զորյանի այգու խնձորի հյուրասիրությամբ, որ ասես ավելի կենդանի է դարձնում երկխոսությունը մեծ գրողի հետ:
Զորյանական խնձորներ
Երկհարկանի տունը նախագծել էին գրողի ճարտարապետ որդիները` Լևոն և Կարեն Զորյանները: Գրողն այստեղ ապրել և ստեղծագործել է 1964-1967 թվականների ամռան և աշնան ամիսներին:
Լևոն և Կարեն Զորյանները 1982-83թթ. վերակառուցել են տուն-թանգարանի շենքը: Առանձնատան առաջին հարկն ամբողջությամբ պահպանվել է, իսկ երկրորդը, որտեղ միայն մեկ սենյակ կար, ամբողջացվել: «Հայոց բերդ» որակմանը հարիր ճարտարապետական տեսքը պահպանելու համար երրորդ հարկում ավելացվել է ևս մեկ սենյակ: Տուն-թանգարանի ցուցադրության նախագիծն արել է Լևոն Զորյանը: Ցուցադրության աշխատանքները ղեկավարել է անվանի նկարիչ, ժողովրդական արվեստի գիտակ Վանիկ Շարամբեյանը:
1988-ի ավերիչ երկրաշարժից հետո՝ 1989-90թթ., շենքը ամրացվել է ու վերանորոգվել: 1990թ. սեպտեմբերի 15-ին կայացել է Ստեփան Զորյանի 100-ամյակի և տուն-թանգարանի հանդիսավոր բացման արարողությունը:
Լիլիթ Չոբանյան
Ինչպես պատմում է տուն-թանգարանի նորանշանակ տնօրեն Լիլիթ Չոբանյանը, տուն-թանգարանում իրականացվում են ֆոնդային, գիտացուցադրական, գիտահետազոտական, գիտամեթոդական, գիտալուսավորչական և կազմակերպչական աշխատանքներ: Կազմվում է «Ստ. Զորյանի երկերի մատենագիտությունը», Ստ. Զորյանի «Տոհմածառը» և «Ընտանեկան ալբոմը»: Մշտապես հարստացվում են ձայնադարանն ու տեսադարանը, թարմացվում է ցուցադրությունը, կազմակերպվում են տարատեսակ միջոցառումներ` դասախոսություններ, հանդիպումներ գրողների, անվանի մարդկանց հետ, քննարկումներ, կինոդիտումներ, ցուցահանդեսներ, պատանի ասմունքողների մրցույթներ, պոեզիայի փառատոններ և այլն: Այս գործունեության հիմքերը դրվել են տուն-թանգարանի գոյության սկզբնական շրջանից, շարունակվել հետագայում: Ինչպես հավաստիացնում է Լ. Չոբանյանը, ինքը պատրաստվում է հետևողկան լինել ձևավորված գեղեցիկ ավանույթները շարունակելու և նորերը նախաձեռնելու հարցում:
Թանգարանային միջոցառումներ
«Մեր առջև խնդիր ենք դրել 2021-2022 թվականներին թանգարանի գործունեությունը հիմնականում տանել երկու ուղղությամբ՝ գիտահետազոտական-հրատարակչական, մշակութային-ժամանցային,- ասում է Լ. Չոբանյանը,- կհամագործակցենք «Զանգակ», «Անտարես» և այլ հրատարակչությունների հետ՝ ժամանակակից տպագրական մոտեցումներով հրատարակելու համար Զորյանի գրական ժառանգությունը։ Սա կօգնի հասարկության, հատկապես երիտասարդ ընթերցասերների շրջանում լայնորեն հանրայնացնելու վարպետի գրական ստեղծագործությունները։ Թանգարանը կվերածվի մշակութային-ժամանցային մրցունակ կենտրոնի, որը կխթանի այցելուների թվաքանակի և արտաբյուջեի աճը։ Ունենք գործունեության հստակ ծրագիր, որի իրականացումը կորոշի թանգարանի դերն ու նշանակությունը համայնքի, ինչպես նաև տարածաշրջանի սոցիալ-մշակութային կյանքում։ Ակնկալում ենք, որ ծրագիրը հնարավորություն կտա Ստեփան Զորյանի տուն-թանգարանը վերածելու արդի թանգարանագիտական պահանջներին բնորոշ մի մշակութային օջախի, որը կլինի հասարակության համար բաց, պահանջված, գրավիչ, ինչպես նաև կշարունակի իր հիանալիև նոր մոտեցումներով ստեղծված նախագծերի միջոցով բավարարել հանրության գեղագիտական ու հոգևոր պահանջմունքները։ Թանգարանը ոչ միայն կշարունակի արդեն ձևավորված լավագույն անվանդույթները, այլև ժամանակակից կրթամշակութային ծրագրերով առավել հետաքրքիր և մատչելի կդառնա հասարակության բոլոր խավերի, հատկապես երեխաների ու երիտասարդների համար։ Այն կդառնա մշակութային միջավայրում ժամանցի և շարունակական կրթության նախընտրելի կենտրոն»։
Զորյանի ստեղծագործության հանրահռչակման այլ խողովակներ ևս կան, իհարկե: Դրանցից մեկին ենք անդրադառնում Լ. Չոբանյանի հետ մեր զրույցի ընթացքում: Ինչպես գիտենք, Ստեփան Զորյանի «Խնձորի այգին» դասականի ստեղծագործության ամենասիրված նմուշներից է: Այն բազմաթիվ արվեստագետների ուշադրության առանցքում է տասնամյակներ շարունակ: «Անցյալ աշնանը Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում բեմադրված «Խնձորի այգին» ներկայացման առաջնախաղը կայացել է Ստեփան Զորյանի տուն-թանգարանի հարակից խնձորի այգում: Բեմադրության հեղինակը ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանն է: Բացօթյա այդ ներկայացմումը նվիրված էր Զորյանի ծննդյան 130-ամյակին»,- պատմում է մեր զրուցակիցը։
Տեսարան՝ «Խնձորի այգին» ներկայացումից
Այս մշակութային օջախը մշտապես հյուրընկալել է մեր օրերի անվանի մարդկանց: Միայն վերջին ամիսներին Զորյանի հարկի տակ ջերմ ընդունելության են արժանացել Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Տեր Վահան քահանա Ազարյանը, Տեր Մասիս քահանա Առաքելյանը, «Խնձորի այգին» ֆիլմում Անգինի կերպարը մարմնավորած դերասանուհի Սոֆիկ Սարգսյանը, նկարիչ, «Ղարաքիլիսա» կտավի հեղինակ Արամ Նազարյանը, այլք:
Տուն-թանգարանի հյուրերը
Բոլոր թանգարանների համար տարվա գլխավոր իրադարձությունը «Թանգարանների միջազգային օր» և «Թանգարանների գիշեր» ակցիաներն են, որոնք ամեն տարի իրականացվում էին երկու տարբեր օրերի: Այս տարի, պայմանավորված համավարակով, երկու տոնը նշվում է մեկ օրում՝ մայիսի 18-ին: Ստեփան Զորյանի տուն-թանգարանը՝ որպես Վանաձոր քաղաքի կարևորագույն թանգարաններից մեկը, այդ օրն իր այցելուներին առաջարկում է միջոցառումների մի գեղեցիկ փունջ, որը սիրով նախաձեռնել են զորյանցիները՝ Լիլիթ Չոբանյանի ղեկավարությամբ:
Ardi.am-ը Ստեփան Զորյանի տուն-թանգարանի խորհրդավոր գիշերվա լուսանկարների շարքը կհրապարակի առաջիկայում:
Կարինե Ռաֆայելյան
No Comments