Քրիստոս ծնաւ եւ յայնեցաւ
Ձեզ եւ մեզ Մեծ Աւետիս
Ամիսներ շարունակ ապրում եմ Իրանի Իսլամական Հանարապետություն կատարած ճանապարհորդության տպավորություններով, որոնք համակարգել-ձևակերպելը բավական դժվար է:
Մեր Փրկչի Ծննդյան Ավետիսը ազդակ դարձավ, որպեսզի անդրադառնամ ինձ հոգեկան անպատմելի լիցք հաղորդած հայկական եկեղեցիներից մեկին՝ Սուրբ Թադեի վանքին:
Իրանի Իսլամական Հանարպետությունում անուրանալի է հայկական հետքի առկայությունը, շատ դեպքերում նաև՝ տեղի իշխանությունների հոգատար վերաբերմունքի դրսևորումը այդ հետքը կրող արժեքների հանդեպ:
Հայի եկեղացաշինության կարևորագույն փաստերից է Մակուի շրջանում գտնվող Սուրբ Թադեի վանքը, որին հասնելու ճանապարհին նախ բացահայտում ես Արարատ լեռը՝ հայաստանցու աչքի համար արտառոց հերթագայությամբ (աջից Մեծ Մասիսը, ձախից՝ Փոքրը):
Այս տեսարանը հազիվ հաղթահարած՝ զգայություններդ սրվում են մեկ այլ իրողությունից. աչքիդ առջև հանուն քրիստոնեական հավատի մղված ամենադաժան ճակատարամտի տեղանքն է՝ Ավարայրի դաշտավայրը:
Էլի մի փոքր տարածություն, և իր վեհաշուք պատկերով հայտնվում է Սուրբ Թադեի ճերմակաթույր վանքը, որն ի սկզբանե եղել է սև քարից կառուցված՝ այդ հանգամանքի բերումով էլ ստանալով մինչ օրս չմոռացվող անունը՝ Սև Վանք (Ղարաքիլիսա):
Մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի՝ Հայաստան աշխարհ այցելած առաջին առաքյալներից մեկի՝ Սուրբ Թադեոսի անունն է կրում վանքը: Այն բաղկացած է երկու հատվածից՝ նախնական սև և հետագայում կառուցված ճերմակ վանքերից:
Վանքի արտաքին և ներքին պատերին առկա զարդաքանդակները, ժանեկակերպ քարաշղթաները և՛ հայկական, և՛ պարսկական ոճ ու բովանդակություն ունեն: Հանդիպում են անգամ աքեմենյան ժամանակաշրջանին բնորոշ ձևավորումներ:
Եկեղեցին համարվում է 6-րդ դարի շինություն: Ըստ մեր օրերը հասած տեղեկության՝ այս վանքում է թաղված Սուրբ Թադեոս Առաքյալը:
Հայերն ունեն ավանդական ամենամյա ծես. այստեղ են հավաքվում հունիսի վերջին՝ եռօրյա ուխտագնացության: Այդ ընթացքում եկեղեցին շրջապատվում է ուխտագնացների վրաններով, որտեղ գիշերում են իրենց ուխտի ընդունված արարողակարգն իրակացնող հավատացյալները՝ ժամանած տարբեր բնակավայրերից:
Ս. Թադեի, Ս. Ստեփանոս Նախավկայի (9-րդ դար) և Ծործորի (13-րդ դար) վանքերը 2008 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդգրկել է «Համաշխարհային մշակութային ժառանգության» ցանկում և առել իր պահպանության տակ:
Իր գոյության ընթացքում Ս. Թադեի վանքը, հասկանալի է, զերծ չի եղել փորձություններից՝ բնական և ոչ բնական աղետներից: Վերջին հիմնանորոգումն այս սրբավայրում իրականացվել է Ղաջարների ժամանակաշրջանում՝ մոտ 250 տարի առաջ: Համալիրի մուտքի վերին մասում էլ այդ մասին գրություն կա պարսկերեն, որում հիշատակվում է Ֆաթալի շահի անունը. նրա գահակալության օրոք է հիմնանորոգվել Ս. Թադեի վանքը:
ԻԻՀ-ում կայացած հեղափոխությունից հետո իշխանությունները խիստ կարևոր են համարում հայկական սրբավայրերի պահպանությունը (գոնե այդպես է ներկայացվում մեզ՝ հայերիս, և այդ է վկայում վանքերի, նրանց ենթակառուցվածների, շրջակա գոտիների խնամված, բարեկարգ համապատկերը):
Վանքում իրականացվող վերականգնողական-նորոգչական բոլոր աշխատանքներն իրականացվում են հայաստանյան մասնագետների վերահսկողությամբ և գործուն մասնակցությամբ: Մշակութային ժառանգության խնդիրներով զբաղվող կազմակերպության հայկական բաժնի պատասխանատուն հայ ճարտարապետ Շերլի Ավետյանն է, որի ջանքն անուրանալի է հայկական ճարտարապետական նմուշները վերականգնելու-վերապրեցնելու գործում: Նրան մեծապես աջակցում են իրանահայ համայնքը և հոգևոր առաջնորդարանը:
Հիշյալ երեք վանքերը պատկանում են Ատրպատականի թեմին և գտնվում են թեմի հոգածության ներքո:
Բոլորովին վերջերս է նորոգվել Ս. Թադեի վանքի ծածկը, որը քայքայված էր, ինչպես և փոխվել է մուտքի դուռը՝ անհայտ բարերարի աջակցությամբ (այս է վկայում դռան ստորին հատվածի գրությունը):
Ոմանք այս վանքը նմանեցնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին տաճարին, հատկապես՝ մուտքի հատվածը:
Այս վանքերի հետ հայ մարդու կապը ձևավորվում է դեռ մանկուց: Դպրոցականներին, որպես կանոն, բերում են Ս. Թադեի վանք: Նրանք վրաններում անցկացնում են իրենց մեկշաբաթյա ճամբարային առօրյան, որի ընթացքում արտանկարում են վանքի պատերի զարդանախշերը՝ մրցակցելով միմյանց հետ՝ լավագույն նկարի հեղինակի կոչման համար:
Ասել է թե հայրենիքից հեռու ապրող հայի համար ոչ միայն սրբավայր է Ս. Թադեի վանքը, այլև կրթական գործառույթին նպաստող միջավայր:
Մեր հիշատակած երեք հայկական վանքերը կոչում են մեկ ընդհանուր անվամբ՝ Արտազի վանքեր:
Մեր Փրկչի Սուրբ Ծննդյան օրվա առթիվ Ս. Թադեի վանքին անդրադարձը յուրատեսակ ուղերձ է բոլոր հայ քրիստոնյաներին՝ ճանաչելու հայի հավատն ու կրոնը պահպանող սրբավայրերը Հայաստանում և նրա սահմաններից դուրս: Այս սրբավայրերն ունեն մեր սիրո և հոգածության կարիքը, անշուշտ: Եվ գոնե ինձ այնպես թվաց, որ մեր՝ հայերիս ներկայությունից Սուրբ Թադեի պատերն ավելի լուսաշող դարձան ու ավելի ճերմակ: Վանքի ոչ հայազգի ծառայողներն էլ ասես յուրատեսակ հաշվետվություն էին ներկայացնում իրենց գործունեության մասին: Դե իսկ տարածքը հսկող շունը պարզապես չէր հեռանում մեզնից և ուղեկցեց մինչև ավտոբուս: Հաստատ նա էլ էր հասկացել, որ ժամանածները հարազատներ են:
Կարինե Ռաֆայելյան
Լուսանկարները՝ հեղինակի
No Comments