Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող եկեղեցիներն ու պատմական հուշարձանները վտանգի տակ են։ Այս մասին Известия-ին հայտնել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-րդը։ Նրա խոսքով՝ Բաքուն ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներին թույլ չի տալիս գնահատելու այդ մշակութային ժառանգությունը: Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդը նաև նշել է, որ ռուս խաղաղապահները մեծ ջանք են գործադրում, որպեսզի ապահովեն պատմամշակութային հուշարձանների անվտանգությունը։
Հայ Առաքելական Եկեղեցում ստեղծվել է հատուկ բաժին, որի խնդիրն է վերահսկել համաշխարհային նշանակության հուշարձանների պահպանությունը։ Գարեգին 2-րդի խոսքով՝ հոգևորականները դիմել են հոգևոր առաջնորդներին, միջազգային մշակութային կազմակերպություններին ու կառույցներին, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ին, սակայն Բաքվի կողմից վերահսկվող տարածքներում ՅՈՒՆԵՍԿՕ-ի դիտորդներ ընդունելու առաջարկին Ադրբեջանը հավանություն չի տվել։
Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդը հույս ունի, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերով հնարավոր կլինի անհապաղ քայլեր ձեռնարկել հուշարձանները պահպանելու ուղղությամբ: Հոգևոր առաջնորդը Լեռնային Ղարաբաղի բնակիչներին հուզող խնդիրների շարքում առանձնացրել է տարածաշրջանի կարգավիճակի, ռազմագերիների վերադարձի ժամկետների և սահմանների հստակեցման հարցերը:
Известия-ն հարցում է ուղարկել Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ին ՝ պարզելու համար, թե ինչ ընթացքի մեջ է
պատմամշակութային կառույցներն ուսումնասիրելու նպատակով միջազգային փորձագետների ընդունելությունը։ Ռազմական գործողությունների ընթացքում հոգևոր շինությունները մեկ անգամ չէ, որ ենթարկվել են հրետակոծման: Հրթիռակոծվել է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին: Այս բնակավայրի վրա կատարված հարձակումներից մեկի ժամանակ
վիրավորվել են ռուս լրագրողներ Լևոն Արզանովը և Յուրի Կոտենոկը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի Դաշնության նախագահին՝ պատերազմական գործողությունների դադարեցմանը նպաստելու և հետպատերազմական խնդիրները կարգավորելու գործում ունեցած անձնական ներդրման համար: Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր Ազգային տնտեսության և պետական կառավարման ռուսական ակադեմիայի Հյուսիս-Արևմուտքի ինստիտուտի կառավարման և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ Իննա Վետրենկոն Известия-ին հայտնել է, որ դեկտեմբերին փորձագիտական խումբը քննարկել է պատմության և մշակույթի հայկական հուշարձաններին վերաբերող հարցեր։
Մտահոգություններ են հնչել այն մասին, որ կրոնական և մշակութային տարբերությունները կարող են որոշ մարդկանց մղել սխալ հասկանալու այդ հուշարձանների նշանակությունը:
«Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի տարածքում կան համաշխարհային նշանակության շատ հայկական կառույցներ: Եվ միակ միջազգային կառույցը, որը կարող էր վերահսկել հուշարձանների պահպանությունը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն է»,- ասել է Իննա Վետրենկոն, նշելով, որ Ադրբեջանի դիրքորոշումը՝ արգելել փորձագետների մուտքը Ղարաբաղ, ավելի է խորացնում մտահոգությունը։ Այս իրավիճակում Մոսկվան կարող է նպաստել իրավիճակի կարգավորմանը, քանի որ Ռուսաստանը բանակցություններում իրավարարի դեր է ստանձնել։ Վետրենկոն ասում է, թե իր երկիրը կարող է լոբբինգ իրականացնել՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դիտորդների ընդունելության հարցում և հայկական կողմի հետ երկխոսել՝ նրանց որոշակի երաշխիքներ տալով։
Ավելի վաղ ադրբեջանցի քաղաքական գործիչները, այդ թվում՝ Ադրբեջանի
նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս հայտարարել են, որ Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող տաճարները հայերին չեն պատկանում: Բաքվի պաշտոնական վարկածի համաձայն՝ դրանք ուդի համայնքի՝ Ադրբեջանի մի քանի շրջաններում բնակվող կովկասցի ալբանացիների հետնորդների կրոնական շինություններ են: Հայկական կողմն իր հերթին վիճարկում է այդ պնդումները:
Փոխադրեց Իսրայել Ասրյանը
Նյութի աղբյուրը՝ iz.ru
No Comments