Արմինե Սարգսյան ԳրաԴաշտ

Թախիծն արդեն անցած օրերի

29.09.2021

— Ե՞րբ, ո՞ր թվականից գնացիք ռազմի դաշտ։

— Ես չեմ գնացել, ես այնտեղ էի․․․

Ե՛վ կատակ էր, և՛ չէ։ Ծիծաղեցինք։ Խոստացավ մի օր խոսել ազատամարտի մասին։ Ինչի մասին ասես խոսել էինք։  Ինչի մասին ասես լռել։ Քարանձավի թանձր խավարից մինչև թավշյա հեղափոխություն։ Արցախյան առաջին պատերազմի  մասին մեր զրույցից միայն հարցերն են մնացել։ Գլխիս մեջ կամ ինչ-որ մի տեղ՝ սևով սպիտակի վրա գրած։ Մի անտիպ, անվարտ զրույց էլ նրա «Սպիտակ խավար» վեպի մասին ունեցանք։ Պատերազմի մասին էր։ Այդպես էլ չավարտեց։ Ինչպես որ պատերազմը չավարտվեց։

 Վահան Տեր-Ղազարյանը մեզ հետ չէ։

Նա կյանքից հեռացավ 2021 թվականի սեպտեմբերի 28-ին՝ թողնելով  վեպեր, դրամաներ, հեքիաթներ, ֆիլմեր, հուշեր, բազում-բազում հուշեր, անհավանական պատմություններ, անսպառ հումոր ու «թախիծն արդեն անցած օրերի»։ Իր բառերն են։ Կիևյան-Օրբելի անկյունի՝ Երևանի երևի թե ամենաչքնաղ բակերից մեկի (նաև իր ջանքերով չքնաղ ) չորս հարկանի շենքի վերջին հարկում գտվող նրա բնակարանի դուռը միշտ բաց էր։ Սո՞ւրճ, թե՞ թեյ՝ կինն է՝  Անահիտը։ Դռան զանգն էլ զանգի հետևից։ Դա բոհեմն էր, երբեմն լուռ, երբեմն աղմկոտ Վահանենց տունը․․․

Արմինե Սարգսյան

No Comments

Leave a Reply