Օտարերկրացին տաքսու վարորդին վճարելուց հետո էլ դեռ փորձում էր նրա հետ հաղորդակցվել` հիմա արդեն առանց թարգմանչի օգնության: Ժպիտով, ձեռքսեղմումով և միմյանց անհասկանալի բառերի միջոցով երկու տարբեր աշխարհների պատկանող մարդիկ միմյանց հաջողություն էին մաղթում: Ճամփորդության ընթացքում մի քանի անգամ առիթ էր եղել օգտվելու այդ վարորդի ծառայությունից: Թարգմանիչն առանց միջամտելու նայում էր: Դա օտարերկրացու հրաժեշտն էր երկրին, ուր նա անցկացրել էր մի քանի ամիս: Ասում էր, որ գիրք է գրում: Թարգմանչին հետաքրքիր էր, թե ինչի կվերածվի իր իրականությունը, ինչ կերպարանք կստանա իրեն բոլորովին անհասկանալի, բայց գեղատեսիլ կորեական սեպագրերում: Հարավային Կորեան, որ ավերակներից հառնել էր երկրորդ աշխարհամարտից հետո, հիմա առնվազն մի հարյուրամյակով առաջ էր քաղաքակրթությունից: Եվ այս մարդը, մի կողմ դրած իր առաջադեմ մոլորակը, պատանեկությունից հետո գերադասել էր ապրելու գրեթե ողջ ժամանակը նվիրել ուրիշ աշխարհներին ու մարդկանց, լինել Երկիր մոլորակի թեժ կետերում, այն տեղերում, որտեղից կյանքը փախչում է` լքելով մարդկանց, գրել նրանց մասին, թափանցել նրանց ապրումների թաղանթի տակ: Ի՞նչն էր ստիպել նրան թողնել ապահով իր գոյությունը, քաղաքը, ուր մարդիկ դեն են նետում մեկ կամ երկու տարի, երբեմն` ամիս օգտագործած սարքերն ու մեքենաները միայն նրա համար, որ հոգնել են կամ պարզապես ավելիին են ձգտում, իսկ «ավելին» այդտեղ առավել քան մատչելի է դարձել, անընդհատ դռներն է բախում, չի ուզում հանգիստ տալ: Այս անգամ ընտրել էր քիչ թե շատ հանդարտ կյանքով ապրող Հայոց աշխարհը, իր իսկ խոսքերով` «կյանքն Արարատի դիմաց» և վճարել էր բավական գումար քաղաքի կենտրոնում մի բնակարանի համար, ուր անգամ սառնարանն ու հեռուստացույցը չէին աշխատում, և պատուհանի ապակին էլ կոտրված էր… Ո՞վ գիտի, գուցե կյանքի այս պայմանները, ավելի ճիշտ, դրանց բացակայությունը թույլ էր տալիս նրան վերապրելու իր մանկության հուշերը… Այդ հեռավոր տարիներին իրենց մոտ սառնարան հատուկենտ մարդիկ ունեին, և ամենօրյա սնունդն աղ դրած ձուկն էր, որը կարելի էր օրերով պահել:
Երբ առաջին անգամ միասին մտան հուշանվերների խանութ, նա հետաքրքրությամբ սկսեց զննել աղաքսակները` դիցաբանական կնոջ կերպարանքով և փորի մեջ, ինչպես խառնարան-կաթսայում, դրված գդալով: Անզուսպ ծիծաղով բռնկվեց` իմանալով, որ դրանք աղամաններ են: Ասաց` այդքան աղ, որ հայերն են ուտում… Չի տեսել, որ աշխարհում որևէ տեղ մարդիկ այդչափ աղ օգտագործեն: Այնուհետև նկարագրեց, թե ինչպես էր ցնցվել տակավին օդանավակայանում, երբ տեսել էր մի տղայի, որ կարկանդակ էր ուտում` աղամանը ձեռքին քայլելով, ամեն պատառը կծելուց առաջ տենդագին թափահարելով աղամանը, որը խցանվել էր` երևի թե խնայելու համար պատանու կյանքը: Հետո մի տեսակ լրջանալով` ասաց, որ հասկանում է, Քրիստոսն ասել է. «Ե՛ս եմ աղը…»: Եվ որոշակի դադարից հետո ավելացրեց. «Բայց չէ՞ որ դա այլաբանություն է, և կարիք չկա այդքան ուղղակի հասկանալու, եթե անգամ առաջին քրիստոնյա պետությունն եք… Ի՞նչ է, ձեզ մոտ չգիտե՞ն, որ աղը սպիտակ մահ է»: Թարգմանիչը պատասխանեց` գիտեն, բայց մի տեսակ բանի տեղ չեն դնում. առհասարակ, հայերը փոքր-ինչ տարօրինակ ժողովուրդ են, ապրում են սրտի ուզածով և հոգ չեն տանում, թե ինչն է վնաս, ինչն օգուտ… Պատրաստ են օտար հյուրին մի լավ հյուրասիրել անգամ պարտքով վերցրած գումարով ու դրանից գերագույն հաճույք ստանալ` առանց որևէ ակնկալիքի: Իհարկե, դա չի կարելի ընդհանրացնել, սակայն այստեղ նման բան հաճախ է պատահում և ընդունված է դեռևս խորհրդային տարիներից: Հետո պատմեց, թե քանի անգամ է ականատես եղել, երբ այդպիսի մի ճոխ խնջույքից հետո հյուրերն ասել են` լավ եք ապրում: Մինչդեռ տանտիրոջ համար դա պարզապես պատվի հարց էր և սրտաբուխ ցանկություն: Օտարականը խորհրդավոր ժպտաց: Նա արդեն բավական թվով տարեցների էր այստեղ տեսել (ուրեմն` հյուրասեր-աղակերներին նույնպես բախտ է վիճակվում ծերանալ) և, իմիջիայլոց, նկատել էր, թե ինչ հարգալից վերաբերմունք կա նրանց հանդեպ, հատկապես, տրանսպորտում` երբ նրանց տեղ են զիջում: Թարգմանչին հիացնում էր վերջինիս դիտողականությունը:
Երթուղային միկրոավտոբուսի ժամանման պահը մոտենում էր: Թարգմանիչը ցնցվեց` սպասասրահում նկատելով վերևից ամրացված էլեկտրոնային չվացուցակը, որի գոյության մասին մինչ այդ չէր էլ կասկածել: Նա հարկավ աշխատեց թաքցնել իր զգացմունքները մի մարդուց, որի երկրում մի քանի միլիոնանոց մեգապոլիսում երբեք խցանում չի լինում, քանի որ հարյուր երեսուն հոգի, էլեկտրոնային հուշարարների օգնությամբ, վայրկենական ուղորդում են քաղաքի տրանսպորտը և մնացած վարորդներին` շարունակ առաջարկելով ազատ կամ բացված ճանապարհներ և հավասարաչափ բաշխելով ծանրաբեռնվածությունը: Գիշերային ժամերին այդ գործն անում է ընդամենը մեկ աշխատող:
Իսկ այստեղ միանգամից վարորդների հետ են պայմանավորվում, անգամ տոմս գնելու կարիք չկա, էլ ուր մնաց թե` սպասասրահում նստելու: Այնպես որ, էլեկտրոնային չվացուցակն ասես օտար մարմին լիներ` ուրիշ մի իրականությունից այստեղ հայտնված: Դուրս եկան զուգահեռ իրականություն` ժամանման և մեկնման բացօթյա տարածք: Միկրոավտոբուսը չկար: Կորեացին տարակուսանքով նայեց թարգմանչի հանգիստ դեմքին: Հերթապահն ասել էր, որ ժամը հինգին մեքենան տեղում կլինի: Նա թարգմանչին խնդրեց զանգ տալ: Հերթապահն ասաց, որ վարորդն արդեն տեղ է հասել, սակայն ճաշում է: Թարգմանիչը մտածում էր` ինչպես ներկայացնի այս իրողությունը. պետք է ասել, թե որքան կարևոր է, որ վարորդը հանկարծ քաղցած չլինի, որ դա կարող է անդրադառնալ նրա տրամադրության վրա, վերջիվերջո` շուտ հոգնեցնել, իսկ նրա ֆիզիկական վիճակից կախված է ուղևորների կյանքը… Կորեացու դեմքին տագնապ հայտնվեց` ինչպե՞ս թե ճաշում է: Իսկ միկրոավտոբուսն ո՞ւր է… Թարգմանիչը փորձեց հանգստացնել նրան: Օտարերկրացին վախենում էր, որ հարևան Վրաստանի օդանավակայան ժամանակին չի հասնի, կուշանա ինքնաթիռից` խորապես զղջալով, որ էժան ավիատոմս է նախընտրել… Վերջապես եկավ հերթապահը և հայտարարեց, որ ուղևորների քչության պատճառով միկրոավտոբուսի փոխարեն «Մերսեդես» մակնիշի մեքենան է գնալու Թբիլիսի: Այս անգամ արդեն թարգմանիչն անհանգստացավ: Կորեացին տագնապահար նայեց մեքենային, բացեց դուռը, որ ներսը տեսնի… Մի տղամարդ մոտեցավ և պնդեց, որ ինքն է վարորդի կողքին, այսինքն` դիմացի աթոռին նստելու, քանի որ նախօրոք է պայմանավորվել: Թարգմանիչը վրդովմունքով հարցրեց, թե այդ ե՞րբ է հասցրել, եթե իրենք երկու օր է` գնում-գալիս են ավտոկայան և, կարծես թե, ամեն բան պայմանավորվել էին (այդ ընթացքում կորեացին փնթփնթաց, որ դա այն պատճառով է, որ իրենք այն օրը նախապես տոմս չգնեցին. նա մինչև հիմա այդպես էլ չէր հասկացել, որ դա այստեղ անհնար բան է, քանի որ գրեթե ամեն ինչ տեղում է որոշվում), իսկ հիմա` վերջին պահին, երբ արդեն քսան րոպե անցել է մեկնելու ժամից, հանկարծ հայտնվում է ուրիշ մեքենա, ուրիշ վարորդ և գումարած` նախապես պայմանավորված ինչ-որ ուղևոր… Թարգմանիչը մի կերպ ինքն իրեն տիրապետեց, որպեսզի իր գլխիկոր խուճապն օտարականը չնկատի: Ամեն ինչ սկսեց անդրդվելի թվալ: Բայց դա դեռ ամենը չէր: Հետզհետե սկսեցին հայտնվել նոր ուղևորներ: Աշխատողներից և մեկնողներից ոչ մեկն անգլերեն չէր խոսում: Թարգմանիչը վարորդից խնդրեց նրա հեռախոսահամարը, որպեսզի կարողանա հստակ տեղեկանալ, որ կորեացուն Թբիլիսիի օդանավակայան են հասցրել: Վարորդն ասաց, որ հնարավոր է` ինքը չգնա: Սա արդեն ամեն ինչից անդին էր: Պարզվեց, որ ուղևորների քանակը քիչ-քիչ ավելանում է, հետևաբար, ավելի մեծ մեքենա է մեկնելու: Կորեացու աչքերը նորից լայն բացվեցին… Նա խնդրեց թարգմանչին, որ ասի այդ մարդկանց` հո մոտակա քաղաք կամ գյո՞ւղ չէ, որ գնում են, վերջապես մի երկրից մի այլ երկիր են մեկնում, ախր ինչպե՞ս է հնարավոր նման որոշում կայացնել վերջին ավտոբուսի շարժվելու ժամից էլ ավելի ուշ… Մարդիկ զարմացած նայում էին: Նրանց զարմացրել էր կորեացու զարմանքը: Հետաքրքիր է` ինչ կմտածեին, եթե պատկերացնեին թարգմանչի` իրենց հայրենակցի զարմանքի աստիճանը: Նա մի տեսակ երկակի երկվություն էր ապրում` հասկանալով ու չհասկանալով կատարվածը: Մասնագիտական ողջ հմտությունը գործի դնելով` անգամ ինքն իր համար չէր կարողանում մինչև վերջ թարգմանել անհասկանալի հարազատ իրականությունը:
Այդ ընթացքում մոտեցավ միկրոավտոբուսի վարորդը: Նա, անտեղյակ ավտոկայանի տարածքում ծավալված կրքերին, հասցրել էր անվրդով ճաշել: Թարգմանիչը մոտեցավ և խնդրեց հիմա արդեն այս վարորդի հեռախոսահամարը… Ուղևորները սկսեցին տեղավորվել: Կորեացին հարցրեց, թե հիմա՛ ինչու չեն շարժվում: Եվս երկու հոգի պետք է գային: Վերջապես տաքսուց իջան սպասված ուղևորները: Նրանք անխռով տեսքով եկան զբաղեցրին վերջին երկու տեղը: Բարեբախտաբար, նրանցից մեկն անգլերեն դիմեց կորեացուն: Նշանակում էր` վերջինս ճանապարհին զրուցակից և, հարկ եղած դեպքում, թարգմանիչ կունենա: Առաքելությունը կատարված էր: Քառասունհինգ րոպե ուշացումով վերջին միկրոավտոբուսը մեկնեց հարևան երկիր:
Սիրանույշ Գալստյան
No Comments