Մայրն ամենաթանկը
տվեց հայրենիքին
Եվ շվարած նայեց
գորշ, խամրող երկնքին,
Հետո հպարտ քայլեց
Երկրի փողոցներով:
Հայրը վիշտը բռունցք դարձրեց,
Մարդկանց ժպտաց,
Աստծո առաջ լաց եղավ,
Շարունակեց սիրել և
օրհնել Երկրի հողը
Եվ սփոփվել՝
Նայելով Երկրի սահմաններին:
Կինը չհասկացավ
Գարուն է, թե ամառ,
Ծաղիկներն են ծաղկել,
Թե տերևներն են թափվում,
Ծիծաղեց արցունքների միջից,
Հավատաց փառաբանական
խոսքերին,
դարձավ ծառ և
ամրացավ հողում,
հպարտ- հպարտնայեց
երկրի սահմաններին:
Ես եղելությունը հեքիաթ դարձրի,
Անպատմելին պատմեցի սերունդներին:
… Հիմա, հեղափոխությունից հետո,
Հակահեղափոխական տրամադրություններով
Փնտրում եմ Երկրիս սահմանները,
Նայում եմ հողին, ծառին, երկնքին
և համոզվում երիցս,
անբացակա է հորոսների ոգին:
***
Քաղաքում կմնան
Երևի ամենախենթերը,
Նրանք, ովքեր
Մեկ-մեկ համբուրում են հողը,
Նրանք, ովքեր
Երկնքում աստղ ունեն
Եվ ցանկացած պահի
Կարող է գնալ Այնտեղ:
ԱՐԹՈՒՆ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԻՐՈ ԵՐԿԻՐ՝ ԱՐՑԱԽ
Մղձավանջը վաղուց է վերջացել, բայց
Հիշողության կրակներն իմ մեջ
երբեք չեն մոխրանում:
Ես պարզ հիշում եմ ամեն կորուստ,
ամեն ցավ:
Տառապանքի տեսիլները չեն
խունանում.
Հաճախ եմ վերհիշում պապիս դեմքը,
երբ ասացին՝
որդիդ այլևս չկա:
Նա չգիտեր՝ ի՞նչ ասել,
ու՞մ ասել և ի՞նչպես…
ոտաբոբիկ տատիս, որ վազում էր՝
դեմ-դիմաց տեսնելու մահվան դեմքը:
Ես մեկ-մեկ հիշում եմ բոլոր արցունքները,
և չեղած ծաղիկները, չեղած համազարկերը,
ո՞վ էր ում թաղում,
ո՞վ ապրեց հետո…
Ամեն գարնան գալով՝
ես հիշում եմ արբշիռ գարունը 93-ի…
և տաք-տաք մի արնահոտ
իմ ռունգերում է մինչև հիմա:
Սուտ են բոլոր մխիթարական բաժակաճառերը,
համբերությունը ճաք տված բաժակից
վաղուց հոսել, գնացել է:
Ժամանակը չի բուժում վերքերը,
ժամանակը նրանց տարբեր երանգներ է տալիս:
Ես ամեն երանգ սրբորեն պահում եմ
իմ մեջ՝
որպես բազմագույն դրոշ՝ հաղթանակի,
կորստյան, ցավի, սիրո
և արթուն հիշողության:
Հեռացածին
Ես ունեմ ամեն ինչ
առանց քեզ ապրելու
համար,
բայց երբեմն ինձ թվում է, թե
սա քո քաղաքն է:
***
Երբ հարցնում ես
իմ մանկությունից,
ես նայում եմ
մատներիս
և հասկանում,
որ դա շատ վաղուց էր…
Ես այնտեղ եմ թողել
Բոլոր վառ գույները:
***
Ամբողջ գիշեր
ես քեզ պատմեցի
իմ կյանքի մասին:
Եվ առավոտյան
մենք տեսանք
նույն Արևը:
***
Գիտեի, որ
Քաղաքի
Փողոցներում
Մեկը կա:
Գիտեի, որ
Նա տեսել է
Երկնքի կարմիրը:
***
Երբ բոլորը քնեն,
Ես դուրս կգամ փողոց
և կփնտրեմ տունը,
որտեղ դու ապրել ես
և կնստեմ
խաղաղ մի անկյունում:
***
Երբ հեռանաս,
ես ոչ մեկին չեմ պատմի,
քո մասին,
կփորձեմ հանգիստ նայել
քաղաքի վառվող լույսերին:
***
Ես միշտ բաց եմ թողնում
Նրան,
Ով ուզում է իմ Անունն
իմանալ:
***
Հավատացրու ինձ,
որ լքվածներ չեն լինում,
լինում են միայն
Հեռացածներ: