Արմինե Սարգսյան Կինո

«Թե ինչ կասեր Փարաջանովը՝ չգիտեմ, բայց իմ համեստ նվերը, կարծում եմ, կընդուներ»

16.01.2020

Կի­նե­մա­տոգ­րա­ֆիստ­նե­րի միությունում երեկ տեղի ունեցավ գեր­մա­նաբ­նակ հայ ռե­ժի­սոր Ար­թու­րո Սա­յա­նի «Maestro 95» ֆիլմի երևանյան առաջնախաղը: Հանդիսատեսի հետաքրքրությունը մեծ էր, դահլիճը՝ փոքր. ոմանք հատակին էին տեղավորվել, ոմանք ոտքի վրա էին: Կազմակերպիչները խոստացան ևս մեկ ցուցադրություն կազմակերպել փետրվարին և, իհարկե,  ավելի մեծ դահլիճում:

Մինչ ֆիլմի ցուցադրության մեկնարկը ardi.am-ը զրուցել է Ար­թու­րո Սա­յա­նի  հետ:

— Ինչպե՞ս ծնվեց ֆիլմի մտահղացումը՝ նկարահանել ֆիլմ Փարաջանովի մասին, և ինչո՞վ է առանձնանում Ձեր ֆիլմը Փարաջանովին նվիրված այլ ֆիլմերից:

— Անկեղծ ասած՝ վաղուց էի մտածում նկարահանել ֆիլմ Փարաջանովի մասին:  Նպատակս այդ ֆիլմը նրան ձոնելն էր: Փաստորեն, դա արեցի անցյալ տարի, քանի որ կար նշանակալի առիթ՝ լրանում էր մաեստրոյի 95 ամյակը: Ֆիլմը հենց այդպես էլ կոչվում է՝ «Maestro 95»:  Ինչով է տարբերվում:  Ֆիլմում օգտագործված են հատվածներ վավերագրական ֆիլմերից, այդ թվում՝ Փարաջանովի ֆիլմերից:  Կան տեսարաններ, որ նկարահանվել են կեղծ-վավերագրական ոճով,  դրանցում խաղում են և՛ հայ դերասաններ, և՛ արտասահմանցիներ:

Տիկ­նիկ­նե­րը նշա­նա­կա­լի դեր են ու­նե­ցել Վար­պե­տի ար­վես­տում. այս ֆիլ­մով ա­ռա­ջին ան­գամ փորձել ենք կեն­դա­նու­թյուն տա­լ  հենց իր՝ Փա­րա­ջա­նո­վի դեմ­քով տիկ­նի­կին և այլ կեր­պա­րա­յին տիկ­նիկ­նե­րի, ո­րոնց մի­ջո­ցով էլ կա­ռուց­ված են ա­նի­մա­ցիոն տե­սա­րան­նե­րը: Տիկնիկները պատրաստվել են Թբիլիսիում:

Մտածե՞լ եք՝ ի՞նչ կասեր Փարաջանովը, եթե դիտեր Ձեր ֆիլմը:

— Շատ հետաքրքիր հարց եք տալիս, չգիտեմ՝ ինչպես պատասխանեմ… Ասեմ, որ սա նաև ճանաչողական ֆիլմ է:  Երբ Գերմանիայի տարբեր քաղաքներում ցուցադրեցինք ֆիլմը, շատերը ( հիմնականում՝ երիտասարդներ և մարդիկ, որ արվեստի հետ կապ չունեն), մոտենում էին և հաճոյախոսությունների տարափ տեղում, ասում, որ իմ միջոցով ճանաչեցին Փարաջանովին: Շատ  վերամբարձ է հնչում, բայց ես հպարտ եմ, որ Եվրոպայում կարողանում եմ ներկայացնել, ինչու ոչ՝ նաև հանրահռչակել հայ արվեստը: Թե ինչ կասեր Փարաջանովը՝ չգիտեմ,  բայց իմ համեստ նվերը, կարծում եմ, կընդուներ:

— Ֆիլմում տեսնելու ենք Փարաջանովին, նրա աշխարհը, տրամադրությունը, իսկ Ձեր ձեռագիրը, ասելիքը արդյո՞ք ընդգծված է:

— Ֆիլմի սյուժեային գիծը և դրամատուգիան կառուցված են այնպես, որ մարդիկ տեսնեն Փարաջանովին այնպիսին, ինչպիսին որ կա, նաև տեսնեն իմ մոտեցումը՝ ինչպես եմ ես տեսնում նրան: Կարելի է համարել, որ սա Փարաջանով մարդն է՝ իմ աչքերով:

Չշրջանառված կամ քչերին հայտնի  կադրեր նո՞ւյնպես կան:

— Մինչ նկարահանումները չորս ամիս գրվել է սցենարը: Հետազոտություններ են արվել, ուսումնասիրվել են մեծ թվով արխիվներ: Շատ կադրեր, որ առաջին անգամ են ներկայացվելու հանդիսատեսին, տրամադրել է Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը:

— Թա՞նկ արժի ֆիլմը: Եվ որտե՞ղ է նկարահանվել:

— Ֆիլմի համար ծախսվել է 5500 եվրո:  Նկարահանվել է Հայաստանում և Գերմանիայում: Նկարահանումներին մասնակի աջակել է Գերմանիայում ՀՀ դեսպանությունը և Մութեզիուսի անվանարվեստի ակադեմիան, որտեղ ներկայում ես ուսանում են:

-Էլի՞ ֆիլմեր ունեք:

— Կարճամետրաժ ֆիլմերը, որ նկարահանվել են Հայաստանում, թերևս, չեմ առանձնացնի իմ տեսադարանում, պարզապես կնշեմ Գերմանիայում ուսանելու տարիներին նկարահանած մի քանի ֆիլմերիս անունները՝«Փախստականների տունը», «Հին ավարտ, նոր սկիզբը», «Սագան»: «Սագան»-ը նախավերջին կարճամետրաժ ֆիլմս է, ներկայացվել է հինգ փառատոնում:

Սովորել եք և՛ Հայաստանում, և՛ Գերմանիայում, «Maestro 95»-ի վրա ո՞ր կրթօջախի ազզդեցությունն է  ավելի մեծ:

-Երկուսինն էլ:  Ֆիլմում կան նաև թատերական տարրեր: Այստեղ ես ավարտել եմ ԵԹԿՊԻ  թատերական ռեժիսուրայի բաժինը, Գերմանիայում սկսեցի ուսումնառությունս կինոոլորոտում:

Զրույցը՝ Արմինե Սարգսյանի

Հ.Գ. «Maestro 95»-ը ցու­ցադր­վել է Գեր­մա­նիա­յի մի քա­նի քա­ղաք­նե­րում, Կիևում, հուն­վա­րին նա­խա­տես­վում է նաև ցու­ցադ­րու­թյուն Մոսկ­վա­յում, փետր­վա­րին՝ Բեռ­լի­նում: Հայաստանյան առաջնախաղը տեղի  է ունեցել ռեժիսորի ծննդավայրում՝ Վանաձորում:

No Comments

Leave a Reply