Կինեմատոգրաֆիստների միությունում երեկ տեղի ունեցավ գերմանաբնակ հայ ռեժիսոր Արթուրո Սայանի «Maestro 95» ֆիլմի երևանյան առաջնախաղը: Հանդիսատեսի հետաքրքրությունը մեծ էր, դահլիճը՝ փոքր. ոմանք հատակին էին տեղավորվել, ոմանք ոտքի վրա էին: Կազմակերպիչները խոստացան ևս մեկ ցուցադրություն կազմակերպել փետրվարին և, իհարկե, ավելի մեծ դահլիճում:
Մինչ ֆիլմի ցուցադրության մեկնարկը ardi.am-ը զրուցել է Արթուրո Սայանի հետ:
— Ինչպե՞ս ծնվեց ֆիլմի մտահղացումը՝ նկարահանել ֆիլմ Փարաջանովի մասին, և ինչո՞վ է առանձնանում Ձեր ֆիլմը Փարաջանովին նվիրված այլ ֆիլմերից:
— Անկեղծ ասած՝ վաղուց էի մտածում նկարահանել ֆիլմ Փարաջանովի մասին: Նպատակս այդ ֆիլմը նրան ձոնելն էր: Փաստորեն, դա արեցի անցյալ տարի, քանի որ կար նշանակալի առիթ՝ լրանում էր մաեստրոյի 95 ամյակը: Ֆիլմը հենց այդպես էլ կոչվում է՝ «Maestro 95»: Ինչով է տարբերվում: Ֆիլմում օգտագործված են հատվածներ վավերագրական ֆիլմերից, այդ թվում՝ Փարաջանովի ֆիլմերից: Կան տեսարաններ, որ նկարահանվել են կեղծ-վավերագրական ոճով, դրանցում խաղում են և՛ հայ դերասաններ, և՛ արտասահմանցիներ:
Տիկնիկները նշանակալի դեր են ունեցել Վարպետի արվեստում. այս ֆիլմով առաջին անգամ փորձել ենք կենդանություն տալ հենց իր՝ Փարաջանովի դեմքով տիկնիկին և այլ կերպարային տիկնիկների, որոնց միջոցով էլ կառուցված են անիմացիոն տեսարանները: Տիկնիկները պատրաստվել են Թբիլիսիում:
— Մտածե՞լ եք՝ ի՞նչ կասեր Փարաջանովը, եթե դիտեր Ձեր ֆիլմը:
— Շատ հետաքրքիր հարց եք տալիս, չգիտեմ՝ ինչպես պատասխանեմ… Ասեմ, որ սա նաև ճանաչողական ֆիլմ է: Երբ Գերմանիայի տարբեր քաղաքներում ցուցադրեցինք ֆիլմը, շատերը ( հիմնականում՝ երիտասարդներ և մարդիկ, որ արվեստի հետ կապ չունեն), մոտենում էին և հաճոյախոսությունների տարափ տեղում, ասում, որ իմ միջոցով ճանաչեցին Փարաջանովին: Շատ վերամբարձ է հնչում, բայց ես հպարտ եմ, որ Եվրոպայում կարողանում եմ ներկայացնել, ինչու ոչ՝ նաև հանրահռչակել հայ արվեստը: Թե ինչ կասեր Փարաջանովը՝ չգիտեմ, բայց իմ համեստ նվերը, կարծում եմ, կընդուներ:
— Ֆիլմում տեսնելու ենք Փարաջանովին, նրա աշխարհը, տրամադրությունը, իսկ Ձեր ձեռագիրը, ասելիքը արդյո՞ք ընդգծված է:
— Ֆիլմի սյուժեային գիծը և դրամատուգիան կառուցված են այնպես, որ մարդիկ տեսնեն Փարաջանովին այնպիսին, ինչպիսին որ կա, նաև տեսնեն իմ մոտեցումը՝ ինչպես եմ ես տեսնում նրան: Կարելի է համարել, որ սա Փարաջանով մարդն է՝ իմ աչքերով:
— Չշրջանառված կամ քչերին հայտնի կադրեր նո՞ւյնպես կան:
— Մինչ նկարահանումները չորս ամիս գրվել է սցենարը: Հետազոտություններ են արվել, ուսումնասիրվել են մեծ թվով արխիվներ: Շատ կադրեր, որ առաջին անգամ են ներկայացվելու հանդիսատեսին, տրամադրել է Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը:
— Թա՞նկ արժի ֆիլմը: Եվ որտե՞ղ է նկարահանվել:
— Ֆիլմի համար ծախսվել է 5500 եվրո: Նկարահանվել է Հայաստանում և Գերմանիայում: Նկարահանումներին մասնակի աջակել է Գերմանիայում ՀՀ դեսպանությունը և Մութեզիուսի անվանարվեստի ակադեմիան, որտեղ ներկայում ես ուսանում են:
-Էլի՞ ֆիլմեր ունեք:
— Կարճամետրաժ ֆիլմերը, որ նկարահանվել են Հայաստանում, թերևս, չեմ առանձնացնի իմ տեսադարանում, պարզապես կնշեմ Գերմանիայում ուսանելու տարիներին նկարահանած մի քանի ֆիլմերիս անունները՝«Փախստականների տունը», «Հին ավարտ, նոր սկիզբը», «Սագան»: «Սագան»-ը նախավերջին կարճամետրաժ ֆիլմս է, ներկայացվել է հինգ փառատոնում:
— Սովորել եք և՛ Հայաստանում, և՛ Գերմանիայում, «Maestro 95»-ի վրա ո՞ր կրթօջախի ազզդեցությունն է ավելի մեծ:
-Երկուսինն էլ: Ֆիլմում կան նաև թատերական տարրեր: Այստեղ ես ավարտել եմ ԵԹԿՊԻ թատերական ռեժիսուրայի բաժինը, Գերմանիայում սկսեցի ուսումնառությունս կինոոլորոտում:
Զրույցը՝ Արմինե Սարգսյանի
Հ.Գ. «Maestro 95»-ը ցուցադրվել է Գերմանիայի մի քանի քաղաքներում, Կիևում, հունվարին նախատեսվում է նաև ցուցադրություն Մոսկվայում, փետրվարին՝ Բեռլինում: Հայաստանյան առաջնախաղը տեղի է ունեցել ռեժիսորի ծննդավայրում՝ Վանաձորում:
No Comments