ՄշակութաԳիծ ԳրաԴաշտ Լիլիթ Հակոբյան

Թելեթրիփ

01.08.2019

«Թելեթրիփի» մասին

«Թելեթրիփը» համատեղ երևակայության և շնորհի արդյունք է: Այն ստեղծում են Լիլիթ Հակոբյանը և նրա երկու մանկահասակ դուստրերը՝ իննամյա Էլզա Պետրոսյանն ու տասնմեկամյա Մայա Պետրոսյանը: Գաղափարը Էլզայինն է, նկարչական ձևավորումը՝ Մայայինը, գիրը՝ Լիլիթինը, որն ապրում է իր մանկության (գուցեև՝ երբեք չընդհատված մանկության) հերթական շրջանը. այս դիտարկման մեկնաբանությունը կգտնեք հենց «Թելեթրիփում»: Սա հեքիաթ-վեպ է, որի առանձին անուշապատառները մենք շարունակաբար կհրամցնենք Ardi.am կայքի մանուկ և իրենց մանկությունից չօտարված ու այնտեղ վերադառնալու պատրաստ բոլոր տարիքի ընթերցողներին:
Ardi.am

                                  Թելեթրիփ                                                                          

ԳԻՐՔ 1ին
Մաս 1

Իմ երկիրը կոչվում է Թելեթրիփ: Նա ունի գերբ` կամիր շրջան, վրան սև պուտեր: Դրանց ուշադիր նայելիս կտեսնեք` սև ու սպիտակ ձիեր են: Ձիերից վեր, ականջները լայն բացած, թռչում է մի մոխրագույն փիղ: Հավատացեք, ամենագեղեցիկ գերբն է: Ես դրա իմաստը հետո կբացատրեմ:

Իմ երկիրը, իհարկե, ունի օրհներգ: Այդ օրհներգը միակը չի: Թելեթրիփի ամեն մի քաղաքացի ունի ի՛ր օրհներգը: Շատ հարմար է: Բոլորն իրար հավասար են զգում: Ու բոլորն իրենց արտառոց համարում: Հարմար է ու ազնիվ: Երկրումս միայն մի չար կա` պառավ է: Երբ երեխաները դառնում են տասնութ տարեկան, նա գորտի թուքը խխունջով խառնում է ու քսում նրանց ճակատին: Բոլորին չի քսում: Պառավն ընտրում է նրանց, ովքեր ճանապարհ պիտի գնան: Այդպես ինձ էլ էր ընտրել: Առաջին անգամ քսելուց հետո ես անմիջապես յոթ տարով փոքրացա: Տասներկու տարեկանում մի քանի տարի մնացի, հետո մեկ էլ քսեց: Նորից` յոթ տարիս թռցրեց: Դարձա հինգ տարեկան: Վերջին քսելուց հետո այնքան փոքրացա, որ արդեն հանգիստ կարող էի տեղավորվել մորս փորի մեջ ու գալ Հայաստան: Ինչու՞ Հայաստան, որովհետև հարկավոր էր շներին թռչել սովորեցնել, կատուներին հրեշտակների թևեր հագցնել: Դուք դրանք չեք տեսնի: Ընդհանրապես Երկրի բնակիչերը չեն կարողանում տեսնել: Թելեթրիփցիների համար դա մեկից մեկ է: Հայաստանը հեռվից կախարդական է թվում… Զեն-դու՜կ` մեր լեզվով դա հենց կախարդական է նշանակում: Ինձ հետ շատ փոքրիկներ կային` փոքրանում էինք, մտնում ներս, փոքրանում էինք, ներս մտնում: Մեր Թելեթրիփի շախմատասյոնի խաղն էր հիշեցնում: Պապիկիս հետ շատ էինք այդ խաղը խաղում: Մի քիչ նման է էդտեղի շախմատին: Բայց մերում կա փիղ, վագր, առյուծ, լուսան, գայլ, աղվես: Ամենաբարձրն աղվեսն է թռչում: Փիղը պարելով է թռչում, ձին կարող է միայն երկու քայլ առաջ գնալ: Ամենահեշտն արքայինն է, ասում եք՝ թուն, թուն, թուն, ու պառկում կամ նստում: Զեն-զո՜ւկ: Հայաստանը հեռվում արդեն երևում էր: Բայց դեռ տեղ չհասած՝ ես սկսել էի կարոտել իմ Թելեթրիփը: Իմ ծաղիկը` Փնթրեքը: Ծիածանե, ալիքաձև թերթիկներով: Կարոտում էի, թե ինչպես հենց իրենից հոտ  քաշում՝ փերի էի դառնում… Կարոտում էի մեր գյուղը: Մեր հավերին, որ այնքան էին սիրում ձվածեղ ուտել: Կատուներին, որոնք շատ էին սիրում նռով աղցան ուտել` վարունգով, բրոկոլիով, լիմոնի կեղևով… զեն-դու՜կ: Տատիս սարքած հյութն էի կարոտում` ֆեյխուայով, վարունգով ու դարչինով, ա՜խ, ինչ համեղ էր: Ընտի՛ր… Ընդհանրապես, Թելեթրիփը համեղ երկիր է, այո՛: Ազնի՛վ խոսք:
Իսկ Հայաստանն ավելի ու ավելի էր մոտենում…

Մաս 2

Եվ ուրեմն, մինչ Հայաստան հասնելս հասցնեմ պատմել երկրիս մասին: Որպեսզի պատկերացնեք Թելեթրիփը, լավ է փակեք ձեր աչքերն ու հարմար տեղավորվեք բազմոցին: Այսպես… Փակել ե՞ք: Ուրեմն, լսեք: Արեգակնային համաստեղությունից յոթ համաստեղություն դեպի Տիեզերքի Մեծագույն Լույսն ու երեք աստղ Երկնային Օվկիանը գտնվում է իմ երկիրը՝ Թելեթրիփը: Թելեթրիփը մի մոլորակ է, որը ծայրից ծայր  ընդամենը մեկ գյուղ է՝ հենց Թելեթրիփը: Ես այնտեղ ապրում էի տատիկիս ու պապիկիս հետ: Այստեղ ամեն մեկն ինքն է ընտրում, թե ում հետ ապրի: Բնականաբար, ես ընտրել էի տատիկիս ու պապիկիս: Ես պիտի ապրեի այն ժամանակաշրջանը, որը երկրացիներդ անվանում եք մանկություն: Մեզ մոտ՝ Թելեթրիփում, ինքդ ես ընտրում քանի անգամ պիտի ապրես քո մանկությունը:  Որոշում ես՝ քանի տարի  այն ձգվի:  Ձեզ մոտ էլ է այդպես: Պատահում է՝ Երկիր մոլորակում շատ երեխաներ նախընտրում են միանգամից մեծ լինել: Տխուր է… չեն հասցնում գոնե մի՜ հատիկ մանկություն ունենալ: «Դրա մեղավորը ծնողներն են,  տատիկներն ու պապիկները»,- մի օր հոգոց հանեց տատս: Թելեթրիփում, գյուղի բոլոր բնակիչներն առնվազն… շա՛տ անգամ ցանկացել են երկարացնել իրենց մանկությունը:  Օրինակ՝ տատս ուզել էր 38 գարուն և 45 ձմեռ մանկություն ունենալ: Մենք ոչ թե տարիներով, այլ եղանակներով ենք հաշվում: Մեծանում ես, բայց ծերանալ… գրեթե չի ստացվում: Տատիկիս կերպարը չքնաղագու՜յն օրինակն էր՝ մանկությունս լիարժեք ապրելու համար: Ես անսահման գոհ էի, որ ընտրել եմ հենց այդ նախնիներին: Գալիս էր մի ժամանակ, որ Թելեթրիփից պիտի մեկնեիր ճամփորդության: Դա պայմանավորում էր քո հասունությունը:  Թե ուր պիտի գնա թելեթրիփցին, որոշում են նրա հարազատները և հենց ինքը: Մեր հարևան պարոն Սեդրակը, որ Թելեթրիփի ատամնաբուժն էր, 56 գարուն ապրել էր Սատուրնի վրա, մերոնք՝ տատս-պապս, նախընտրել էին Երկիր մոլորակը, իսկ ավելի կոնկրետ՝ Հայաստան աշխարհը: Պապս հավաստում էր, որ ժամանակին հենց Հայաստանից են Թելեթրիփ եկել մեր բոլոր-բոլոր նախնիները:
-Բայց ինչու՞ Հայաստանից,- մի օր հարցրի նրան:
-Ինչպե՞ս թե ինչու, բայց ինչպե՞ս թե ինչու… որովհետև, հիշի՛ր, Էնդա՛,  աշխարհու՛մ, տիեզերքո՛ւմ ամեն ինչ հայերի՛ց է սկսվում,- պապս խիստ զարմացած էր՝ ինչպես ես գլխի չեմ ընկել այդ պարզ բանը:     
-Շատ հայավարի պատասխան,- քմծիծաղ տվեց տատս:
Ես, իհարկե, չհասակացա՝ ինչու տատս քմծիծաղ տվեց: Բայց պապս ըստ երևույթին հասակացավ, ու դա իրեն խիստ բարկացրեց:
-Դե, իհարկե, տատդ վերին արտի ցորենն է,- բարկացավ պապս,- գիտես, չէ՞,նա Լուսնից է ընկել մեր մոլորակ: Միայն թե որոշ նախկին լուսնաբնակներին ցանկանում եմ հիշեցնել, որ Լուսինը ժամանակին եղել է Երկիր մոլորակի մի մասը: Եվ համաշխարհային պայթյունի ժամանակ, երբ Լուսինը պոկվել է Երկիր մոլորակից…
-Դե, իհարկե, իհարկե… Լուսինը պոկվել է հատկապես այն հատվածից, ուր գտնվել է Հայաստանը… միայն թե դա դեռ ապացուցել է պետք… Ընդհանրապես ի՞նչ կապ ունի Թելեթրիփը համաշխարհային պայթյունի հետ: Կամ ո՞վ ասաց, որ համաշխարհային պայթյուն է եղել… Ես ընդհանրապես ոչ մի նման անհեթեթության, ֆո՜ւ, ինչ որ պայթյունի… չե՛մ հավատում: Իմ ուղեղն է պայթում քո ցնդաբանություններից:
-Ինչպես թե,- այս անգամ պա՛պս կատաղությունից քիչ մնաց պայթեր…
Բայց հենց այդ պահին պատուհանի փեղկից այնկողմ երևաց մեր հարևան Ժյուլ Վեռնը:
-Տիկնա՛յք և պարոնա՛յք,- պարոն Վեռնը միշտ այդպես էր դիմում բոլորին,- ես այսօր նոր սալորաչիր եմ պատրաստել, թույլ տվեք հյուրասիրել,- ասաց ու գլխարկը հանեց, որպես ողջույնի նշան:

Ուտելիքը, համեղ ուտելիքը հարթում է բոլոր վեճերը: Դա փաստ է: Եվ երբ մեր հարևանը սպիտակ նախշազարդ անձեռոցիկով փայլփլուն կապտասև սալորաչիրը դրեց պատուհանագոգին…  բոլո՛ր վեճերը հօդս ցնդեցին:
-Պարոն Վեռն, համեցեք միասին թեյելու… ինչ անուշ են բուրում ձեր սալորաչրերը: Մենք համեղ կարկանդակներ ունեք,- տատս հրավիրեց պարոն ժյուլին:
-Սիրո՛վ,- ասաց մեր հարևանը:   Եվ հենց այդ բառը վերջնականապես եզրափակեց մեր տան վեճը:

Մաս 3


Օրերից մի օր տատս ուղարկեց ինձ շուկա: Շուկայի մուտքի վերևում, մի հարթ տախտակ կար կախած: Գլուխս բարձրացրի, տեսնեմ վրան գրված է «շ ու կ ա»` հայերեն տառերով:
Հասկացա, որ շուկայի տերը Հայաստանից է եկել: Տեսնես ինչպե՞ս է եկել. չգիտեի: Ես մի քանի  հատ ձու գնեցի, հաց և մեկ էլ կականակազա, որ Երկրի լեզվով մանդարին է նշանակում: Բոլոր նրանք, որոնք կականակազա են վաճառում, պարտադիր կակազում են հաճախորդների համար: Հուզմունքի՜ց են կակազում: Ցանկանում են, որ անպայման  մանդարինները գնեն: Հետո գնացի տուն, որ տատիկիս հետ ձուկը խաշենք: Մոռացել էի ասել, մեր ձուկը հենց ձուն է: Ձուկը խաշեցինք, ու պապիկս, ես, տատս նստեցինք նախաճաշի: Երբ կերանք, պապիկիս հետ մի լավ  բռնոցի խաղացի: Իսկ տատիկս գնաց Փնթրեքից հոտ քաշելու. եթե հիշում եք, ասել էի, որ ով դրանից հոտ է քաշում՝ փերի է դառնում: Այդ օրը տատս պիտի փերիանար: Թելեթրիփում փերի դառնում են միայն տատիկներն ու երեխաները: Պապիկները չեն կարող: Տատս գնաց այգի, հանդիսավոր կռացավ ու խոր շնչեց ծաղկից: Ու հենց տատս փերի դարձավ, որոշեց հանդես կազմակերպել: Պապիկս այնքան էր բռնոցի խաղացել, որ հոգնել, բազմոցին քնել էր: Բարձր խռմփոցը երևի նրա համար գեղեցիկ երազներ էր նկարում, ու պապս տատիս գնալը չէր էլ հասցրել նկատել: Իսկ տատս արդեն սկսել էր հանդեսի պատրաստությունը: Նա ծառերից կախում էր վարագույրներ, որոնք զգուշությամբ  փաթաթել էր ճյուղերից, որպեսզի ծառերը չնեղանան: Եթե ծառերն ուժեղ քաշքշես կամ խփես, կնեղանան: Հայաստանում  այդպես ձիերն են նեղանում, երբ նրանց մտրակում են: Զգույշ, գեղեցիկ ժապավենով կապեց: Հետո բերեց աթոռներ, շարեց դրանք ծառի տակ: Վերցրեց մորեգույն, մանուշակագույն, փիրուզագույն, մուգ  կապույտ ներկն ու գործի անցավ: Աթոռներին ամենատարբեր կենդանիներ նկարեց: Եվ միայն մեկին մեր ընտանիքն էր` պապս, տատս ու ես: Դա իմ աթոռն էր: Հետո տատս ինչ-որ տեղ կորավ: Այս ընթացքում պապս արթնացավ ու սկսեց ինձ փնտրել: Ես գնացի տատիս փնտրելու: Պապս էլի ի՛նձ էր փնտրում: Մի տասը ժամ այսպես իրար փնտրեցինք, և  ուղիղ հինգ րոպեից պապս վերջապես ինձ գտավ: Տատս չկար ու չկար: Մեկ էլ տեսա՝ ինչ-որ մեծ, ամուր պարան է անցկացնում պատուհանից ուղիղ դեպի բանջարանոց: Չէի հասցրել հարցնել՝ ինչի համար է, երբ տեսա՝ ինչպես տատս, երկար փեշերը հավաքելով ոտքերի արանքը, երկու ձեռքով ամուր բռնել է պարանից ու պատուհանից սահում է ուղի՜ղ բանջարանոց: Ճանապարհին պապս նրան նկատեց, հանեց գլխարկն ու ողջունեց. «Գենթոնդո՜»: Ասել  է թե` բարև~: Տատս մի ձեռքն ամուր պահած պարանին, մյուսը քունքին պտտեց: Ու հենց հասավ գետնին, թմփոցով կանգնեց, ասաց.
-Տեր Աստված, քիչ մնաց վայր գցեիր:
Հետո գրպանից հանեց սուր մկրատը և քշեց ուղիղ դեպի պապս:
-Օ փղե՜ր, աստվածնե՜ր,- բացականչեց պապս: Նա միշտ էր այդպես բացականչում, երբ վախենում էր կամ հիանում:
Ես չհասցրի հասկանալ՝ հիմա հատկապես ինչու բացականչեց պապս: Միայն այն տեսա, որ սուր մկրատը թրի պես պարզած՝ տատս գալիս էր ուղիղ դեպի պապս: Նա պապիկի հետևում չքնաղ վարդեր ու լավանդաներ էր տեսել: Եկավ, զգույշ կտրեց ու դրանցից փոքրիկ փնջեր կապեց: Առաջին փունջը բերեց պապիս առջևի սեղանիկին դրեց, ապա՝ մնացած սեղանիկներին: Բոլոր սեղանիկներին՝ փոքրիկ վարդերի ու լավանդաների փնջեր էին: Տատս հիացած ծափ տվեց ու անցավ տուն: Հետո բերեց ուտելիքներ, տաք-տաք բլիթներ, ջե՜մ, և այն էլ մի քանի տեսակի` խատուտիկի, ելակի, մորու, խնձորի և դեղձի. ով որից ցանկացա՝ կքսի բլիթներին:  Եվ, իհարկե, սիրածս հյութը` ֆեյխուայով, վարունգով ու դարչինով: Զենդո՜ւկ… կատարյա՜լ: Մնաց ամենաբարդը` բե՛մը բերելը: Հանդեսն առանց բեմի չի կարող լինել: Դա պարզից էլ պարզ է: Ու հնարամիտ տատս հասկացավ՝ ինչ անի: Նա մեր մարագից հանեց պապիկի տրակտորը, այս անգամ մի ուրիշ՝      ամուր պարան վերցրեց ու քիչ անց դրանով ամուր կապած բեմը տռտռացնելով բերեց ու կանգնեցրեց ուղիղ բանջարանոցի կենտրոնում: Հանդեսը կարելի է սկսել: Մնաց բալետի զգեստը: Տատս շտապեց հագնվելու: Մեզ թվաց՝ ամեն ինչ պատրաստ է, ու  հանդեսն էլ կարելի է սկսել:

Լիլիթ Հակոբյան
Մայա Պետրոսյան
Էլզա Պետրոսյան

                           Շարունակելի

No Comments

Leave a Reply