The Echo․ հայ և ավստրիացի արվեստագետները մեկ հարկի ներքո
Մարտի 20-ից ապրիլի 20-ը «ՀայԱրտ» Կենտրոնում կգործի «The Echo»․ Հայ և ավստրիացի արվեստագետները մեկ հարկի ներքո» խորագրով հայ-ավստրիական խմբակային ցուցահանդեսը, որի պաշտոնական բացումը տեղի ունեցավ նախօրեին։
Ցուցահանդեսին ներկայացված են 22 ավստրիացի և 22 հայ արվեստագետների աշխատանքներ՝ կատարված տարբեր տեխնիկաներով, ներառյալ՝ գեղանկարչություն և գեղարվեստական տպագրություն։
«The Echo» ցուցահանդեսը պատասխան ցուցահանդեսն է «Xylon Austria»-ն հանդիպում է Հայաստանին» խորագրով ցուցահանդեսների շարքի, որոնք տեղի են ունեցել 2025թ-ին՝ ավստրիական Քլագենֆուրթ (BV ցուցասրահ) և Ինսբրուք (Nothburga ցուցասրահ) քաղաքներում։
Այս համատեղ նախագիծը նպատակ ունի խթանելու ոչ միայն Հայաստանի և Ավստրիայի միջև միջմշակութային կապերը, այլև ստեղծելու հարթակ, որտեղ հայ և ավստրիացի երիտասարդ արվեստագետները հնարավորություն կունենան փորձի փոխանակման և մասնագիտական կապեր ստեղծելու։


«Xylon Austria» միավորման նախագահ՝ Քրիստին Քերցն ուրախություն հայտնեց, որ այս ցուցահանդեսն իրականություն դարձավ․ «Այն, ինչ մեկ տարի առաջ սկսվել էր Քլագենֆուրթում և Ինսբրուքում հաճելի շարունակություն ունեցավ այստեղ՝ Հայաստանում, որտեղ ժամանել են նաև ավստրիացի շատ արվեստագետներ։ Ուրախ եմ, որ այս հրաշալի ցուցահանդեսը տեղի է ունենում հենց այս հրաշալի ճարտարապետությամբ աչքի ընկնող շենքում»։
Ցուցահանդեսի բացմանը ներկա էր նաև Թբիլիսիում Ավստրիայի արտակարգ և լիազոր դեսպան՝ Ռոբերտ Գերշները։ Նրա կարծիքով, երկու երկրների պատմության մեջ, մշակույթն ու արվեստը մեծ դեր են խաղացել, դրա վառ ապացույցը՝ Վիեննայում գտնվող Մխիթարյան միաբանությունն է․ «Ես շատ ուրախ եմ, որ այս համագործակցության շրջանակներումմենք միայն անցյալի մասին չենք խոսում, այլ նաև ժամանակակից արվեստի մասին։ Դրա վառ օրինակը անցած տարի իրականացված «Ավստրիանհանդիպում էՀայաստանին» ցուցահանդեսների շարքն էր։ Այդ ցուցահանդեսները թե Ավստրիայում, թե Հայաստանում ապացուցում են, որ մշակութային այս համագործակցությունը իսկապես իրական է։ Արվեստն ու մշակույթը պետք է զուրկ մնան քաղաքականությունից, բայց դա չի նշանակում, որ այն չի կարող նպաստել մշակութային քաղաքականության հաստատմանը»։
Գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային բիենալեի հիմնադիր, «ՀայԱրտ» Կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սոնա Հարությունյանը նշեց, որ հայաստանյան ցուցադրությունում ընդլայնել են ներկայացված աշխատանքների շրջանակը և ցուցադրվում են ոչ միայն փորագրանկարներ, այլ նաեւ գեղանկարներ։ Անդրադառնալով հայ և ավստրիացի արվեստագետների աշխատանքների բովանդակային և տեխնիկական նախապատվություններին ու տարբերություններին, Ս․ Հարությունյանը նկատեց․ «Ավստրիացի արվեստագետները ավելի հմուտ և ազատ են, որովհետեւ իրենց տեխնիկական հնարավորությունները՝ հաստոցների հզորությունը, նյութերի բազմազանությունն ավելի մեծ են։ Մեր արվեստագետները բովանդակային խնդիր չունեն, մեր խնդիրը միայն՝ նյութական, տեխնիկական բազան է, նույն՝ թղթի կամ ներկերի որակը»։


Ցուցահանդեսի խորագիրը՝ «The Echo»-ն Ավստրիայում տեղի ունեցած ցուցադրությունների արձագանքն է Հայաստանում․ «Դա նաև երկու երկրների միջև հաստատված երկխոսության արձագանքն է, որը շարունակական է լինելու արվեստի ոլորտում և ունենալու է տարբեր արվեստային դրսևորումներ, ինչպես նաև նպաստելու է միջմշակութային և միջմարդկային կապերի ձեւավորմանը»։
50 տարուց ավել գործող «Xylon Austria» կառույցը համագործակցում է միջազգային մի շարք կարևոր կազմակերպությունների և արվեստագետների հետ։«Xylon Austria» միավորման անդամ և հայ-ավստրիական միջմշակութային համագործակցության նախաձեռնող ու իրականացնող՝ Մանֆրեդ Էգգերը նշեց, որ Սոնա Հարությունյանի հետ այս նախագծի շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել դեռ 2023թ-ին՝ Գեղարվեստական տպագրության Երևանյան միջազգային 4-րդ բիենալեի շրջանակներում․ «Մենք որոշեցինք, որ հայ և ավստրիացի արվեստագետների համատեղ ցուցադրությունը պետք է ոչ միայն ցանկալի լինի, այլ նաև իրականություն դառնա։ Դրա արդյունքում տեղի ունեցան 3 ցուցահանդեսներ, որից 2-ը՝ Ավստրիայում, իսկ 3-րդը՝ Հայաստանում»,-նշեց Մանֆրեդ Էգգերը՝ արվեստի առաքելությունը տեսնելով արվեստին ծառայելու մեջ։
«The Echo» ցուցահանդեսն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «ՀայԱրտ» Կենտրոնի, «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության, Գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային բիենալեի Կազմկոմիտեի, «Xylon Austria» նախաձեռնության և «Նոթբուրգա» պատկերասրահի հետ համագործակցությամբ։






