Անի Անտոնյան ԳրաԴաշտ ՏեսաԳիր

«Տոնապետ-2025» գրական մրցույթի լավագույն պատմվածքները (տեսանյութ)

«Տոնապետ-2025» գրական մրցույթի լավագույն պատմվածքները (տեսանյութ)

Ապրիլի 2-ին Հայաստանի գրողների միությունում տեղի ունեցավ Վրեժ Իսրայելյանի անվան տարվա լավագույն պատմվածքի «Տոնապետ» գրական մրցույթի մրցանակաբաշխությունը։ 

Ժյուրիի կազմում են եղել ժյուրիի նախագահ, արձակագիր Մհեր Իսրայելյանը,  արձակագիրներ Հովհաննես Երանյանը և Գրիշ Սարդարյանը, գրող, երաժիշտ Աղավնի Գրիգորյանը և գրականագետ Դիանա Խաչատրյանը։ 

Առաջին մրցանակը շնորհվեց Թերեզա Ամրյանին «Հեքիաթ լռության մասին» պատմվածքի համար։ Երկրորդ մրցանակի դափնեկիր դարձավ Շանթ Մկրտչյանը «Մութ մանուշակագույն ագռավը» պատմվածքի համար։ Երրորդ մրցանակը բաժին հասավ երկու հեղինակի` Մարինա Բաղդագուլյանին «Սիրելի աքսոլոտլ» և Դիանա Անդրոմեդային «պատՄվազք» պատմվածքների համար։ Երիտասարդական մրցանակի հաղթող ճանաչվեց Վոլոդյա Մկրտչյանը «Սպիտակ դատաստան» պատմվածքի համար։

Առաջին անգամ շնորհվեց խրախուսական մրցանակ՝ Յոհան Գալստյանի «Պստիկ Սաքոն» պատմվածքի համար։ 

Եզրափակիչ անցած բոլոր պատմվածքները հրապարակվել են «Կայարան» հանդեսի մարտ ամսվա համարում։

Մրցույթի հիմնադիր Մհեր Իսրայելյանի խոսքով՝ այսօր մտավախություն կա, որ  պատմվածքի ժանրը կորցնում է իր արդիականությունն ու հետաքրքրությունը, քանի որ դժվար է պատմվածքագրությամբ գրական մեծ բիզնեսում մրցակցելը։ Պատմվածք գրողների թիվը տարեցտարի քչանում է։ «Հուսամ՝ մեր նախաձեռնությամբ որոշակի աշխուժություն կմտցնենք։  «Տոնապետ» մրցույթի գոյության երեք տարվա ընթացքում մոտ 320 ստեղծագործություն ենք ընդունել»,- նշեց նա։ 

Այս տարի երիտասարդական մրցանակի համար հայտ են ներկայացրել 13 տարեկան 2 մասնակից։  Ժյուրիի անդամների պնդմամբ՝ որակական և քանակական առումով դրական տեղաշարժ է նկատվում։ 

«Կայարան» հանդեսի գլխավոր խմբագիր, արձակագիր Սուսաննա Հարությունյանն իր հերթին հավելեց, որ հանդեսը, որտեղ ամփոփվում են մրցույթի լավագույն պատմվածքները, տվյալ շրջանում պատմվածքի զարգացման ուղին ուսումնասիրելու կարևոր հիմքերից մեկը կարող է դառնալ։ 

Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը խոսեց Վրեժ Իսրայելյանի՝ որպես «զտարյուն պատմվածքագրի» գրականության բացառիկության մասին։ Նա այն հեղինակներից է, որին կարդում ու մեջբերում են անառիթ։ «Վրեժ Իսրայելյանը զբաղված էր պատմվածքի ժանրային նոր ձևերի որոնմամբ, մոտեցումների և կերպարների նորովի մատուցմամբ, ոգու պահպանմամբ։ Հետաքրքիրն այն է, որ իր  կյանքի տարբեր փուլերում նրա գրականության մեջ ինչ-որ «հակա» բան կա․ նա ոչ թե հակադրվում էր առկա միտումներին, այլ անում էր այն, ինչ իրենից չէին սպասում։ Տեքստին իր հատուկ մոտեցմամբ, անկաշկանդ կերպով պատմվածքն այլ տեղ էր տանում՝ բարձրացնելով կարևոր խնդիրներ»,- ամփոփեց գրականագետը։  

Ցերեկույթի շրջանակում ներկաները պատմեցին իրենց հուշերը Վրեժ Իսրայելյանի մանկության, գրական դեգերումների և մարդ տեսակի մասին։ 

Անի Անտոնյան