Նյութի սկզբնաղբյուրը՝ «Ճարտարապետություն, շինարարություն» ամսագիր
Տարիներ առաջ էր: Պետհամալսարանի դասախոսները, որոնց համար բազմաբնակարան շենք էր շահագործման հանձնվում Ծարավ Աղբյուրի փողոցում, հավաքվել էին խորհրդակցության, որտեղ, ի թիվս այլ հարցերի, վիճարկվում էր նաև այդ անվանումը. ոմանք առաջարկում էին դարձնել Համալսարանականների փողոց, ոմանք էլ դեմ էին՝ ասելով, որ գեղեցիկ է: «Որևէ մեկը կարո՞ղ է բացատրել՝ ի՞նչ է նշանակում «ծարավ աղբյուր». նիստը վարողի կոշտ հարցին ոչ ոք չարձագանքեց:
Տարիների հեռվից անդրադառնալով անպատասխան մնացած հարցին՝ կարող եմ ասել. ԾԱՐԱՎ ԱՂԲՅՈՒՐԸ շատ քչերին բնորոշ մարդկային վսեմ էություն է:
Այդ քչերից մեկը Դավիթն էր:
Իր մշտապես կարեկցող, օգնության հասնող ու մինչև վերջ նվիրվող սրտի աղբյուրն առատորեն բաշխում էր կյանքում, բայց սեփական անձն այդ նույն աղբյուրի ծարավն էր մնում…
Չեմ հիշում՝ ով էր 2015 թվականին մեզ ծանոթացնողը, բայց լավ հիշում եմ այն խանդավառ խոսքերը, որոնցով բնութագրեց Դավիթին՝ որպես գաղափարակից ազգայնականի: Այդ օրը շատ կարճ ճանապարհ քայլեցինք՝ մանկավարժականի կերպարվեստի մասնաշենքի մոտից մինչև Օղակաձև զբոսայգուն հարող հատվածը, և այն բավական եղավ Դավիթի հետ մեր ընկերությունն ամրակայելու համար:
Ազգայնականության մասին պատկերացումներն ու մեկնաբանությունները հաճախ տարբեր են լինում, առավել ևս տարբեր են լինում իրենց ազգայնական համարողների գաղափարներն ու դավանանքը: Իմ ընկալմամբ՝ Դավիթի պատկերացումները շատ անկեղծ, հղկված ու հիմնավոր էին: Գիտելիքի ու վերլուծական մտքի խորությամբ Դավիթն առանձնացող էր նաև իր գաղափարակիցների շրջապատում:
2013-ին Ճարտարապետաշինարարական և 2017-ին Պետական մանկավարժական համալսարաններում ճարտարապետի ու մշակութաբանի մագիստրոսի աստիճաններ ստացած երիտասարդը խորապես ուսումնասիրել էր Ալեքսանդր Թամանյանի ժառանգությունը, պատմաճարտարապետական հուշարձանների վերականգնման և վերակառուցման մասնագետ էր, գտածոների վերակազմող-նկարիչ, հնագիտական արշավախմբերի անդամ: Հեղինակ էր բազմաթիվ գիտական հոդվածների, գիտակրթական ու մշակութային ծրագրերի, երեք գրքույկների: Գրում էր հրապարակախոսական հոդվածներ, բանաստեղծություններ, աֆորիզմներ, խոհափիլիսոփայական ստեղծագործություններ: Իր բազմակողմանի զարգացածության շնորհիվ էր, որ լավ էր հասկանում ազգային գաղափարախոսության հսկաներին՝ Հայկ Ասատրյան, Նժդեհ և այլ, որոնք պաթետիկ, բայց նեղմիտ ազգայնականների շրջանակներում հաճախ պարզունակ ու ամպագոռգոռ կուռքերի են վերածվում:
Այս ամենով հանդերձ՝ Դավիթն իմ ճանաչած ամենահամեստ անձնավորություններից մեկն էր: Այն աստիճանի, որ, չնայած մեր մտերմությանը՝ նշածս տարբեր բնագավառներում իր մասնագիտացած լինելու մասին իմացել եմ շատ ավելի ուշ:
Բայց այսքանով չէին սահմանափակվում Դավիթի արժանիքները, որոնք առավել խորը բացահայտելու համար հարկ է անդրադարձ կատարել պատմությանը:
Դեռևս 1918 թվականին՝ Էրզրումին սպառնացող վտանգի օրերին, «Հայաստան» թերթը, որը լույս էր տեսնում զորավար Անդրանիկի նախաձեռնությամբ, Հովհաննես Թումանյանի աջակցությամբ և Վահան Թոթովենցի խմբագրությամբ, մի ուշագրավ դիտարկում էր արել՝ արդիական նաև մեր օրերում. «Ո՞ւր են մեր ինտելիգենտ հորջորջվող երիտասարդները, որոնք ամեն տեղ, մանավանդ ժողովներուն մեջ՝ խոսքի ասպետներ են միայն»:
Դավիթը ժողովների միջի խոսքի ասպետ չէր, թեպետ մշտապես իր անփոխարինելի մասնակցությունն էր ունենում ազգային հարցերի շուրջ կազմակերպվող տարբեր քննարկումներում: Նա իր որդեգրած արժեհամակարգի ասպետն էր՝ բառիս բուն իմաստով: Ունենալով առողջական լուրջ խնդիրներ (մասնավորապես՝ բնության գրկում արտահայտվող սուր ալերգիկ հիվանդություն)` ամենից շատն ուներ հարգելի պատճառ՝ հայրենիքի ալեկոծվող կյանքին կողքից նայելու՝ բավարարվելով շատերի կարծիքով «մտավորականի կեցվածքին վայել»՝ բացառապես հեղինակավոր տեսակետ արտահայտելու մարտավարությամբ: Բայց հեշտ ու հավակնոտ այդ ուղին խորթ էր Դավիթին: Դա էր պատճառը, որ անտեսելով ամեն տեսակ դժվարություններ՝ մշտապես առաջնագծում էր: Նույն եռանդով գործում էր թե՛ Ամուլսարի պայքարի օրերին, թե՛ 44-օրյա պատերազմի ժամանակ՝ գերծանրաբեռնված վիճակում տարբեր կազմակերպչական խնդիրներ լուծելով և անձամբ անհրաժեշտ պարագաներ դիրքեր մատակակարելով:
Այդ օրերից մի դրվագ է շատ տպավորվել: 2020-ի հոկտեմբերն էր: Քարվաճառից պետք է մեկնեինք Կարմիր Շուկա՝ Թաղավարդ գյուղը պաշտպանելու նոր առաջադրանքով: Մորս հետ հեռախոսազրույցից տեղեկացա, որ իմ ընկերներից Դավիթ Պետրոսյանն է զանգել, ասել, որ ցանկացած պահի, ցանկացած անհրաժեշտ օգնության համար պատրաստ է: Ինչ-որ գոտեպնդող ու ջերմացնող զգացողություն ունեցա: Ո՛չ այն պատճառով, որ նման խոսքերի պակաս կար, այլ որ ասողը Դավիթն էր՝ մի ընկեր, ով մշտապես քաշում էր ամենածանր բեռը ու երբևէ ի ցույց չէր դնում իր գնահատելի վաստակը:
Պատերազմից հետո հուսալքության, տագնապի, վախի ու ամոթի զգացումը շատերին էր համակել: Ոմանք լիցքաթափվում էին զայրույթի, ոմանք՝ մեղադրելու կամ արդարանալու, ոմանք էլ իրականությունից փախչելու միջոցով: Դավիթը չէր համակերպվում:
2021-ի մեր հանդիպումները շատ գործնական բնույթ էին կրում՝ հիմնականում Հայաստանի սահմանային գյուղերն ամրացնելու, մարզային կյանքն աշխուժացնելու նպատակով: Դավիթի մշակած մի քանի ծրագրեր սկսեցին քիչ-քիչ կյանքի կոչվել: Նրա գծած ճանապարհային քարտեզն առիթ դարձավ, որ համագործակցեմ «Երկիր և մշակույթ» կազմակերպության հետ՝ մասնակցելով Սյունիքի մարզի պատմաճարտարապետական կառույցների ու կոթողների ուսումնասիրությանը, դրանց թվայնացման, չափագրման ու GPS-ով տեղայնացման աշխատանքներին: Մեծ անակնկալ էր ինձ համար, երբ տեսա Սյունիքի ուշ միջնադարյան աշխարհիկ ճարտարապետությունը՝ բացառիկ գյուղեր, որոնք խորհրդային տարիներին բնակեցված չլինելու պատճառով մինչ օրս անխաթար են մնացել՝ պահպանելով իրենց նախնական կերպարը: Այդ գյուղերից հատկապես Հին Խոտերը պատշաճ վերականգնելու դեպքում կարող ենք համարել, որ ունենք իտալական Սիենային համարժեք ամբողջական կոլորիտ և պատմական միջավայր, ինչն առատորեն առկա է եվրոպական երկրներում, բայց գեթ մեկ օրինակի տեսքով անգամ չկա Հայաստանում:
Բացի զբոսաշրջային գրավչություն դառնալու հեռանկարից՝ նմանօրիակ գյուղերի վերականգնումն, ի վերջո, թե՛ մշակութային, թե՛ ռազմավարական առումով ազգապահպանության և տարածքային ամբողջականության լուրջ հարցեր է լուծում:
Դավիթն ամեն կերպ ջանում էր հիմնավորված նոր առաջարկներ ու ծրագրեր ներկայացնել՝ գիտակից ու մտահոգ մարդկանց նմանատիպ թեմաների մեջ ներգրավելու համար: Սակայն, ինչպես միշտ, գիտակիցները ֆինանսապես օժանդակելու հնարավորություններ չունեն, մտահոգներն՝ առավել ևս: Փողը հիմնականում շրջանառվում է անգետ ու անդարդ մարդկանց ձեռքերում: Թե՛ մասնավորի կողմից, թե՛ պետականորեն հավանության են արժանանում թվաբանական պրոգրեսիայով շատացող ամեն տեսակ անհեթեթ ծրագրեր՝ կամա թե ակամա նպաստելով իրավիճակը երկրում ավելի ու ավելի փակուղային դարձնելուն: Շարունակելով Երևանում ահագնացող թափով տարածվող բարձրահարկերի կառուցումը՝ ժողովրդին զրկում են իր հողին ու ջրին տեր կանգնելու հնարավորությունից, բեռնաթափում են Հայաստանի սահմանները՝ ամբողջ բնակչությանը մեկ քաղաքի մեջ պարփակելով:
Մշակութաբան-ճարտարապետ Դավիթը խորապես էր տեսնում կուտակված սխալների աղետալի հետևանքներն ու իրավիճակի անելանելիությունը: Նա լավ էր հասկանում, որ անկախ Հայաստանի քաղաքաշինության մեջ մարդկային էություն կրթող ճարտարապետի և գերշահույթ հետապնդող կառուցապատողի մրցապայքարում մեծ առումով ջախջախիչ հաղթանակ է տարել երկրորդը: Բայց այն բացառիկներից էր, ովքեր ոչ թե խոսքով, այլ գործով են ապացուցում իրենց սկզբունքայնությունը և երբեք չեն խոնարհվում ուժեղի առաջ: Հենց այդ պատճառով էլ պրակտիկ ճարտարապետական գործունեության մեջ Դավիթն արարելու ավելի քիչ հնարավորություն ունեցավ: Բավարարվեց առավելապես տեսական խնդիրներ վեր հանելով: Թե՛ կյանքում, թե՛ մասնագիտական դաշտում կարծես կրկնում էր այն սթափեցնող կանչը, որը ժամանակին հայ երիտասարդներին արթնացնելու համար փորձում էր տեղ հասցնել Ռափայել Պատկանյանը. «Մեծ ուսում առիր, եղար գիտնական, գովքովըդ լցուած է մարդոց բերան, թե ուսումէդ շահ չունի ՀԱՅԱՍՏԱՆ, թըքել ենք քու ալ, ուսմանդ ալ վըրան…»:
Խորհրդային տարիներին, չնայած առկա բազմաթիվ խնդիրներին, պետությունը մասնագետներ էր կրթում և նրանց էր վստահում միջավայր ստեղծելու գործը: Պաշտոնապես խրախուսվում և ճանաչելի էին դառնում լավագույն ճարտարապետները: Իշխանության ղեկին գտնվողները լավ էին պատկերացնում ամեն մի ճարտարապետի աշխատաոճային առանձնահատկություները, հոգեհարազատ թեմաներն ու ներուժը: Ճարտարապետական մրցույթներն անհամեմատ ավելի կայացած էին քան մեր օրերում, իսկ պետպատվերներն ու հասցեագրված առաջադրանքները համապատասխանորեն թիրախային էին: Ռաֆայել Իսրայելյանին վստահում էին հերոսական կոթողները, Ջիմ Թորոսյանին` նրբագեղ հասարակական կառույցները, Արթուր Թարխանյանին` տիպարային բնակարանները կամ էքսպրեսիոնիստական մեծաթռիչք լուծումները ևն:
Հետանկախության շրջանում այս ամենը գլխիվայր շուռ եկավ: Ընկնելով անգրագետ, բայց փողատեր մասնավորի ճիրանները՝ մասնագիտությունը հարգող և ստեղծագործելու ունակ ճարտարապետները հիմնականում դուրս մղվեցին պահանջարկից, փոխարենը պատվիրատուի ճաշակ քծնող, ճարպիկ կամակատարները ներխուժեցին շուկա:
Նայելով այդ շուկայում կուրորեն ու առանց երկմտելու գլխահակ աշխատողներին, առավել քան երբևէ լուսավորվում է ընկերոջս ազնիվ կերպարը: Այդ կերպարն իր ներաշխարհում չշինեց անտարբերությամբ ջերմացող այն տաք անկյունը, որտեղ հաճախ են թաքնվում թույլերը՝ սեփական խիղճը թաղելու համար:
Նա երբեք չապրեց ջայլամի քաղաքականությամբ:
Դավիթ Պետրոսյանի գրաֆիկական աշխատանքներից
Դավիթ Ստեփանյան
ճարտարապետ
No Comments