Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի խաղացանկային ներկայացումները մեկը մյուսին գերազացնում են։ Թերևս պատճառներից մեկն այն է, որ այս թատրոնում է ստեղծագործում ՀՀ վաստակավոր արտիստ, բեմադրիչ Նարինե Գրիգորյանը, որը գեղագետ է, և նրա թատերական մտածողությունն ու գեղագիտությունն առանձնանում են ձևի ու բովանդակության ներդաշնակությամբ, թատերական լեզվի յուրօրինակ արտահայտչականությամբ։
Առիթ ունենք գրելու «Բարկանո՞ւմ ես» ներկայացման մասին, որն արդեն հանդիսատեսի սիրելին է դարձել։ Երկու գործողությամբ այս ներկայացման հիմքում երկու հայտնի հեքիաթներ են՝ Հովհաննես Թումանյանի «Տերն ու ծառան» և Հանս Քրիստիան Անդերսենի «Ծերուկն իր գործը գիտի»։ Առաջին հայացքից թվում է՝ երկու տարբեր հեքիաթներ, հեղինակային ոճեր, բայց բեմադրիչ Նարինե Գրիգորյանը պրպտացել, գտել է այս երկու հեղինակներին միավորելու դրդապատճառները։ Պատմությունները՝ մեկը հայկական, մյուսը՝ դանիական, ներկայացնում են տարբեր մոտեցումներ, որոնք, համեմատվելով, բացահայտում են ազգային մտածողության առանձնահատկությունները։ Մտածողություն, որը ձևավորում է մերօրյա իրականությունը։


Գույների, տարածության, մեղեդու լեզուն
Առաջինը, որ հիացնում է, այն վառ, հագեցած գունապնակն է, որ օգտագործվել է այս ներկայացման շրջանակում պատմություններն ընդգծելու համար՝ բեմանկարչությունը։ Վիկտորիա Ռիեդո-Հովհաննիսյանը զարմացնելու առիթների պակաս չի թողել։ Այստեղ նոր իրականություն է՝ գունառատ, մտածված մանրուքներով։ Այսպիսով մտածում ես՝ ի՞նչ է կատարվելու այս հեքիաթային բեմում։ Մինչև փորձես պատասխան գտնել՝ ուշադրությունդ գրավում է այսպես ասած՝ այս պատմությունը «թերթողը», պատմողը՝ Հայկ Պետրոսյանը։
Իսկ կոմպոզիտոր Արմեն Շահինյանն ու Hamazgayin band-ը տրամադրություն են հաղորդում ամբողջ ներկայացմանը՝ չթողնելով դիտողին շեղվել անգամ սովորական աղմուկի պառճառով։ Լայվ մյուզիքն, անկասկած, օգնում է ստեղծել ավելի ինտենսիվ մթնոլորտ, որտեղ երաժշտությունը կարող է ուղղորդել հանդիսատեսի էմոցիաները՝ «աջակցելով» անգամ կերպարներին ու սյուժետային ամբողջականությանը։
Ա՜խ այս դերասանները
Վստահ ենք՝ այս ներկայացման դերասաններին շատ այլ կերպարներով հանդես գալուց եք տեսել։ Բայց այստեղ նրանք լրիվ ուրիշ են՝ խոսքով, բնավորությամբ, տեսքով, գրեթե անճանաչելի, անպատկերացնելի, իդեալական։ Տիրոջը մարմնավորող Գագիկ Մադոյանը, Տիրուհուն, ինչպես նաև ծերուկի կնոջը մանրամնավորող, անկրկնելի Տաթև Ղազարյանը, մեծ եղբայրը՝ Անդրանիկ Էթեմեզյանը, փոքր եղբայրը՝ Հարություն Սարգսյանը, ծերունին՝ Սերգեյ Թովմասյանն արհեստավարժ դերասանախաղով առաջնահերթ հավատում են այն հեքիաթին, որն իրենք են պարգևում։ Սա գլխավոր նախապայմանն է։
Նրանք մարմնավորում են կերպարներ, որոնք չեն սահմանափակվում միայն արտաքին փոփոխություններով՝ նորացված են նաև նրանց ներաշխարհը, մոլորակը և գործողությունների շարժառիթները: Յուրաքանչյուր դերասան ստեղծում է մի ամբողջական կերպար, որը սահուն կերպով անցնում է իր ներքին խմորումներից:

Ո՞վ ասաց՝ հանդիսատեսը չպետք է խոսի
Այս ներկայացման կարևորագույն գծերից մեկը հանդիսատեսի հետ երկխոսությունն է։ Այստեղ կերպարները կաղապարված չեն, ազատ են նաև շփումներում։ Հայկ Պետրոսյանը, որին բնորոշեցինք որպես պատմող, կարևորագույն կապ է հանդիսանում բեմի և հանդիսասրահի միջև։ Նա հարցուպատասխանի միջոցով է հանդիսատեսին մասնակից դարձնում այս հեքիաթին։ Այս ձևաչափը թույլ է տալիս հանդիսատեսին զգալ, որ նրանց կարծիքն ու արձագանքը մի մասն են այն հեքիաթի, որն ընթանում է բեմում։
Եվ վերջում
Նարինե Գրիգորյանի թատերական գեղագիտությունը ոչ միայն պատմություն է ներկայացնում, այլև հարցադրում է, քննարկում և հրավիրում հանդիսատեսին զգալ, մտածել ու վերաիմաստավորել այն, ինչ կա։ Նրա բեմադրություններում յուրաքանչյուր մանրուք աշխատում է ամբողջական պատկեր ստեղծելու համար, և ներկայացումը դառնում է հույզերի և գաղափարների փոխանակման կենդանի տարածք։
Այսպիսով, Համազգայինում հեքիաթներ են կենդանանում։ Եվ «Բարկանո՞ւմ ես» ներկայացումն իրական զվարճալի տոն է պարգևում ոչ միայն փոքրերին, այլև մեծերին։ Դիտեք և համոզվեք ինքներդ։
Վովա Արզումանյան