Կինո Սիրանույշ Գալստյան

Ուրարտու-Արարատ թագավորություն

08.12.2020

Կինոգետ, արվեստագիտության թեկնածու Սիրանույշ Գալստյանի այս հոդվածը նպատակ ունի հանրությանը ներկայացնելու կյանքից անժամանակ հեռացած պատմաբան, հայ ժողովրդի ծագումնաբանության և պատմական հարուստ գոյաբանության բացառիկ գիտակ, պատմական գիտությունների դոկտոր, լուսահոգի Արտակ Մովսիսյանի հեղինակած «Ուրարտու-Արարատ թագավորություն»  փաստավավերագրական ֆիլմը, որը լույս է սփռում մեր ազգի պատմության՝ վաղնջական ժամանակների անվիճելի վավերականության վրա: Արտակ Մովսիսյանը նաև ֆիլմի պրոդյուսերն է: Ռեժիսորն է Արտակ Ավդալյանը:
Մեր ինքնության և գոյութենական պայքարի այս շրջափուլում չափազանց կարևոր է դիտել Արտակ Մովսիսյանի ֆիլմն ու իսկությամբ ճանաչել ինքներս մեզ: Հավելենք, որ Արտակ Մովսիսյանը սերունդներին է ավանդել պատմագիտական ուումնասիրությունների հարուստ ժառանգություն:
Ardi.am

****

Ականավոր պատմաբան Արտակ Մովսիսյանի մասնակցությամբ 2017թ. ստեղծված փաստավավերագրական, գիտահանրամատչելի այս ֆիլմն ընդգրկում է հայոց հնագույն պետության` Վանի թագավորության (նույնն է` Արարատի հնչյունափոխված տարբերակ` Ուրարտու) մ.թ.ա. IX-VII դդ. պատմական ժամանակահատվածը, որի մասին քիչ բան է հայտնի լայն հանրությանը: Մեր հայրենակիցների մեծ մասի գիտակցության մեջ «ծովից ծով Հայաստան» հասկացությունը, այսինքն` մեր պատմության ամենափառավոր էջերը, հնագույն ժամանակներում կապված են հիմնականում Տիգրան Մեծի անվան հետ: 

Երկու ժամ ընդհանուր տևողությամբ, հինգ մասանի այս ֆիլմը լույս է սփռում նաև նրան նախորդած բազմաթիվ անունների և փաստերի վրա` մեր հնագույն հողում նրանից շատ ավելի առաջ թագավորած արքաների, այդ թվում` Մենուայի և նրա որդու` մեր մայրաքաղաք Երևանի հիմք հանդիսացող Էրեբունի ամրոցը կառուցած Արգիշտի I-ի, նաև նրան հաջորդած ուրարտական մյուս թագավորների ռազմավարական գործունեության և տակավին այդ ժամանակներում, այդ տարածաշրջանում «ծովից ծով»՝ չորս ծովերի միջև սփռված հզոր պետության պատմության վրա: 

Այսպես, ֆիլմից տեղեկանում ենք, որ այդ ժամանակների հնագույն սեպագիր արձանագրություններից մեկում արդեն, թերևս առաջին անգամ պատմության մեջ, հիշատակված է Արցախ տեղանունը: 

Եթե խորհրդային տարիներին ակադեմիկոս Բորիս Պիոտրովսկու առաջ քաշած ուրարտագիտությունն առավելապես միտում ուներ ներկայացնելու, որ Ուրարտուն հայկական պետությանը նախորդած հնագույն, հզոր և հարուստ մշակույթով տերություն է եղել, որի հետ հայերը, ըստ էության, առնչություն չունեն, ապա այս ֆիլմում ներկայացվում և ամփոփվում են արդեն վերջին տարիների հնագիտական բազմաթիվ պեղումների արդյունքները, արտեֆակտերը, և ամենակարևորը` ԴՆԹ փորձաքնությունների գերժամանակակից արդյունքները, որոնք վկայում են, որ ուրարտական և մերօրյա հայի ԴՆԹ-ները բացարձակորեն, լիովին համընկնում են: Հետևապես, հայ ժողովուրդն ուղղակի ժառագորդն է ուրարտական պետության և մշակույթի: 

Բովանդակության առումով այս ֆիլմը շատ կարևոր է՝ ոչ միայն մեր օրերում հայ մարդու ինքնության գիտակցման համար, այլև զուտ պատմագիտական առումով: Գաղտնիք չէ, որ պատմությունը ժամանակ առ ժամանակ խմբագրվում է, արտագրվում: Այսօր այդ գործընթացն աշխարհում ստացել է աննախադեպ բնույթ: Մենք ականատես ենք դառնում, թե ինչպես հարևան ու ոչ հարևան որոշ երկրներ ոչնչից «պատմություն են կերտում»: 

Հատկապես այդ առումով խիստ գնահատելի է այս փաստավավերագրական ահռելի աշխատանքը, որը ոչ միայն արժանի է, որ ներկայացվի հայալեզու հանդիսատեսին, այլև կարիք ունի ներկայացվելու օտար հանրությանը: Սցենարի իրագործումը պահանջել է 9 տարի: Ֆիլմի նկարահանումներն ընդգրկել են բավական լայն աշխարհագրություն` մոտ 30 հնավայր՝ ներկայիս Հայաստանում, Արևմտյան Հայաստանում և Իրանում, նաև` աշխարհի տարբեր թանգարաններում: Ֆիլմում հնչում է ոչ միայն հայ, այլև արտասահմանյան գիտնականների խոսքը, ինչը լրացուցիչ արժեք է հաղորդում այս վավերագրությանը` ելնելով գիտահանրամատչելի ժանրի բնույթից: 

Ֆիլմի հեղինակային տեքստում ներկայացված հարուստ տեղեկատվական նյութը պատկերաշարով ուղեկցելու բարդ խնդիրը ստացել է կոռեկտ լուծումներ: Հասկանալի է, որ ներկայացված հեռավոր ժամանակների «պատմական լանդշաֆտից» սակավ բան է պահպանվել ու հասել մինչև մեր օրերը: Ֆիլմի հեղինակները զերծ են մնացել այդ պակասը համակարգչային գրաֆիկայի միջոցներով արհեստականորեն վերստեղծելու գայթակղությունից: Չափավոր օգտվելով արդի տեխնիկայի ընձեռած հնարավորություններից և հավատարիմ մնալով վավերագրական կինոյի առաքելությանը` նրանք առավելապես ապավինել են իրական փաստերին` իրական ամրոցների իրական ավերակներին, պահպանված ու մեզ հասած սեպագրերին և դրանք պատկերազարդող հարթաքանդակներին, որպեսզի ներկայացնեն հեռավոր անցյալի հավաստի պատմություն:

Սիրանույշ Գալստյան

No Comments

Leave a Reply