Միգուցե ավելի լավ է կյանքը չտեսնել այնպիսին, ինչպիսին կա, փակել աչքերն ու զվարճանալ:
Ռեյ Բրեդբերի
Սովորական մի օր, երբ հերթական հանդիպումը պետք է ունենայի, որոշեցի առավոտյան նախատեսվածից շուտ արթնանալ: Քանի որ չէի ցանկանում լսել ծնողներիս անվերջ խրատները, մտածեցի, թե առավոտյան ժամը 8-00-ն հիասքանչ ժամանակ է արթնանալու համար, բայց զարթուցիչի ձայնից արթնացա ոչ միայն ես, այլև մյուսները: Ծնողներս սովորաբար զարթնում են ժամը 10-00-ին: Այդ ժամին մայրս նախապատրաստվում է, որ գնա աշխատանքի, իսկ հայրս վայելում է Հայաստանում արտադրվող բրազիլական համեղ դառը սուրճը և տատիցս թաքուն ծխում նրա ծխախոտից, իսկ հետո շտապում ամենօրյա արդեն ավանդական դարձած առևտրին: Թերևս իմ զարթուցիչի ականջ ծակող ձայնը խարխլեց մի հասարակ հայկական ընտանիքի անդորրը: Հայրս տեղից արագ վեր կացավ, եկավ իմ սենյակ և հայավարի «պորտս տեղը դրեց»: Մինչև ուզում էի ուշքի գալ հորս մշակված և բացարձակ ֆենոմենալ հարձակումից՝ լսվեց տատիս ոգևորիչ ձայնը՝ սուրճ կխմե՞ս: Այս սրտապնդիչ հարցից հետո էլ ուժ գտա իմ մեջ ուժեղացնելու պաշտպանությունս մորս սպասվելիք հարձակումից առաջ: Չէ՞ որ ինչպես պատերազմում, այնպես էլ հայկական ավանդական ընտանիքում, մի ճակատամարտը պարտվելով՝ պետք չէ ծալել ձեռքերը, հակառակը՝ պետք է ուժ գտնել և հաղթել պատերազմը: Սակայն այս պատերազմում պարտվեցի, քանի որ մորս զորքերը անարգել անցան իմ բոլոր պաշտպանական ուժերի վրայով և վերջնականապես խոցեցին արդեն վաղուց վիրավորված սիրտս: Պատերազմը տանուլ տալուց հետո միայն հասկացա, որ այս փոքրիկ պատերազմը ոչինչ էր, երբ սկսվեց իրական 3-րդ համաշխարհայինը մորս և հորս միջև: Մի կողմից հորս՝ պապենական գաղափարներով սնուցվող ԱԹՍ-ներն էին սավառնում, մյուս կողմից մորս՝ հայ կնոջ վայել ճշմարտացիության ՕՍԱ-ԱԿՄ-ներն էին, որ ամեն գնով խոցում էին հորս անհաղթելի թվացող ԱԹՍ համակարգերը: Ահեղ պատերազմում երկու կողմերը կրելով բազում կորուստներ՝ դադարեցին խոսել, երբ գերտերության հրամայականով տատս գոռաց՝ բավական է: Ու այսպես օրվա սկիզբը համարվեց հաջողված: Երեք պատերազմ, և երեքում էլ պարտություն կրեցի ես, թեև չէի մասնակցում դրանցից գոնե մեկին։
Օրվա հանդիպման մասին բոլոր պատկերացումները հօդս ցնդեցին ու որոշեցի չեղյալ համարել հանդիպումը, որի ժամանակ պետք է շարժեի այն մարմնական համակարգը, որը արդեն 3 ամիս է լուռ, առանց չարաճճիությունների սպասում էր այս օրվան: Սեռական կյանքի զարգացման փոխարեն նախընտրեցի զանգել ընկերոջս և մի լավ բողոքել իմ կյանքից: Ընկերս, որ միշտ գրեթե նույն էր անում իմ հետ հանդիպումներում, այսօր տարօրինակորեն ուրախ էր, լսելով նրա երջանիկ ձայնը՝ որոշեցի ամեն դեպքում այս հանդիպումն էլ չեղյալ համարել և չխավարեցնել նրա եզակի արևոտ օրը: Մտքումս սկսեցի զառանցել. «Երկնքում արև է, ներսումս՝ խավար, ո՞ւր է ինձ տանում այս ճամփան»: Թերևս ճանապարհը բավականին ծանոթ էր և տանում էր դեպի մոտակա բանկոմատը, որտեղ էլ կհանեի իմ վերջին գումարները և կմտածեի՝ այսօր ինչ նոր ձևաչափով հարբել: Սակայն այս պահին էր, որ իմ «հանճարեղ» ուղեղը որոշեց վերջապես լքել հայրական տունը և տեղափոխվել մի նոր տուն, որտեղ ես զերծ կմնայի այս դարերի խորքից եկող «ընտանեկան» հարցերից: Եվ ահա, հանելով հավաքվածս փողերը, սկսեցի հարմար գնով վարձով տուն փնտրել։ Թեև ունեի մանր մատորիկայի խնդիրներ, ընդունեցի միայնակ գոյատևելու որոշում։ Մեկ շաբաթ անց զարմանալիորեն հաջողվեց գտնել հարմար մի տարբերակ մեր տնից շատ հեռու: Եվ ահա վերջին անգամ հրաժեշտ տվեցի ծնողներիս, տատիս և բռնեցի «առաքյալի» ճամփան: Տնեցիներին խաբել էի, թե այս որոշումս կայացրել եմ, քանի որ ցանկանում եմ մենակ մնալ, հանգիստ անել դասերս և ավարտել գրողի տարած համալսարանը: Արվարձաններից մեկում գտա իմ «երազանքների» տունը։ Որոշեցի առաջին անգամ փորձարկել նոր տանս բազմոցը։ Զանգեցի մի գեղեցկուհու, որի հետ ծանոթացել էի գրախանութում։ Ես նրան գերել էի իմ կարդացած գրքերով, իսկ ինքը ինձ՝ իր մարմնով։ Բազմոցը անհարկի չէր ճռռում, թերևս տան պատերի բարակությունը ստիպեց հույս դնել իմ՝ տեղից ոչ այնքան բարձր ձայն ունեցող նոթբուքի վրա և միացնել ամենասիրելի երգերիցս մեկը, որը, ըստ իս, լավագույն երգերից է, որ կարելի է լսել սեքսի ժամանակ։ Imagine Dragons-ի «Believer»-ը հնչում էր իր ամբողջ պերճությամբ. նրա վարսերը շողում էին տան ոչ հաջող լույսից, իմ սիրտը սեր էր ուզում, բայց մարմինս տարվել էր տղամարդկային բնազդի ամենասոսկալի խանդավառությամբ և հոշոտում էր նրա ամբողջ անզուգական շքեղությունը։ Սեքսից հետո արեցի այն, ինչ անում են բոլոր կինոյի տղերքը, վառեցի ծխախոտս և սկսեցի խոսել նրան խորհուրդ տված գրքից։
-Կարդացի՞ր։
-Հա, երեկ եմ վերջացրել, բայց, անկեղծ ասած, չհասկացա՝ ինչի մասին էր։
-Փաստորեն չես կարդացել։
-Չէ, կարդացել եմ, պարզապես շատ բարդ էր հասկանալ գրքի իմաստը։
-Գիրքը միայնակ մնացած մարդկանց մասին է, որոնք փորձում են իրենց գտնել կյանքում, ինչպես ես ու դու։
-Բայց մենք միայնակ չենք։
-Էդ դու, ես միայնակ եմ,- ասացի շատ խորիմաստ հայացքով՝ ծուխը օդ փչելով։
Այս պահին, իրոք, ինձ երևակայեցի ինչպես Ալ Պաչինոն, որի ամենահայտնի ֆիլմերից մեկում լողավազանի մեջ ծխելու պատկերը միանգամից աչքիս առաջ եկավ։
-Ասա, որոտից գլուխ Ալ Պաչինոն եմ։
-Պահո, լավ ա չասիր՝ Դի Կապրիոն ես։
-Խի, մտածում ես գեշ եմ։
-Չէ, մտածում եմ, որ ես եմ դեբիլ, որ քեզ հետ քնում եմ, հետո լսում եմ մեծամիտ խոսելդ։
-Ընենց ես խոսում, ոնց որ դու առաջին օրը չգերվեցիր, երբ քեզ սկսեցի պատմել Հերման Մերվիլի կյանքի մասին։
-Ատում եմ քո էս ինքնավստահությունը։
-Իսկ ես ատում եմ այս ծխախոտը։
-Բա ինչո՞ւ ես ծխում։
-Չգիտեմ, զիլ է, կայֆ ա տալիս, ոնց դու, կարամ անվերջ ծխեմ ու քեզ հետ քնեմ։ Կյանքում չէի մտածի, որ մենակ ապրելը ըսենց թույն կլինի, հոգնել էի անվերջ հյուրանոցներին փող տալուց։
-Էնպես ես խոսում, ոնց որ ամեն օր հանդիպում ենք, ինձ վերջին անգամ երեք ամիս առաջ էիր հիշել, մտածում էի, որ արդեն ինձ մոռացել ես։
-Հիշի՛ր, սիրելիս, ես իմ նայած բոլոր ֆիլմերը և սերիալները կմոռանամ, բայց քեզ՝ երբեք։
Այս խոսքերիցս շատ ոգևորվեց, գրկեց իմ տկար մարմինը և առաջարկեց ինձ հետ ապրել։ Համաձայնեցի։ Այդ օրվանից կյանքը փոխվեց ամբողջովին։ Առավոտյան միասին արթնանում էինք, նախաճաշում, սուրճ խմում, իսկ հետո շտապում աշխատանքի։ Երեկոյան վերադառնում էի, նա արդեն տանն էր լինում՝ ինձ համար համեղ բաներ պատրաստած, և առաջարկում էր ոչ միայն իր ձեռքով պատրաստած համովագույն ուտելիքները, այլև իր համեղ մարմինը։
«Այ այսպիսի իդեալական բան է ամուսնական կյանքը»,- մտածում էի ես։
Թերևս այդպես հիասքանչ անցան միայն առաջին օրերը։ Հետո ամեն ինչ փոխվեց, ինչպես, հավանաբար, յուրաքանչյուր նորաստեղծ ընտանիքում։ Ժամանակի ընթացքում նույնիսկ նրա ցուցաբերած ուշադրությունը սկսեց ինձ հունից հանել։ Օրերից մի օր էլ նկատեցի նրա աչքերում հանգստություն. կարծես նա արդեն համոզված էր, որ ես իմ կինն եմ համարում իրեն: Մինչդեռ ես չէի կարող կյանքս կապել մի մարդու հետ, որին, իրապես, չեմ սիրում։ Ուշադիր զննեցի նրա հպարտ կեցվածքը և որոշեցի ինձ համար շատ կարևոր զրույց սկսել։
-Այսօր շատ երջանիկ ես թվում, ի՞նչ է պատահել։
-Ինչպե՞ս կարող եմ երջանիկ չլինել, երբ քեզ հետ եմ։
-Փաստորեն, պատճառը ե՞ս եմ։
-Այո՛։
-Ուղղակի ես սովորաբար դժբախտության պատճառ եմ լինում, թերևս կարծում եմ՝ այս ամենին պետք է վերջ տալ։
-Ինչի՞, ի՞նչը դուրդ չի գալիս։
-Ես չեմ ուզում քեզ մեծ հույսեր տալ, դու էլ գիտես, որ ես երբեք քեզ չեմ վերաբերվի այնպես, ինչպես նրան։
-Գիտեմ, բայց ես ամեն ինչ կանեմ, որ դու ինձ կարևորես, սիրում եմ քեզ ու էդ դու գիտես։
-Գուցե շատ սենտիմենտալ հնչի, բայց ես իմ ընտանիքը այլ կերպ եմ պատկերացնում, նրանից հետո ես ոչ մեկին չեմ կարող պատկերացնել իմ ապագա երեխաների մայր։
-Դու գիտես, որ ես քեզ հետ անգամ դժոխք կգնամ, իսկ հիմա,խնդրում եմ, գրկիր ինձ, մի՛ կոտրիր այս սիրուն օրերից հետո։
-Իսկ ի՞նչ ես անում դու ծանր պահերին։
-Աղոթում եմ։
-Օգնու՞մ է։
-Այո՛, գուցե կզարմանաս, բայց հանգստութուն է իջնում վրաս։
-Չգիտեմ, երևի ես էլ կուզեի աղոթել, բայց վաղուց է՝ ինչ սովորել եմ ամեն բան լուծել միայն իմ ներսում, ցավոք, ոչ մեկին և ոչնչի չեմ հավատում։ Ու այդ է, որ ինձ խելագարեցնում է երբեմն…
-Գրկի՛ր ինձ։
Գրկեցի։ Շատ ամուր։ Անբաժանելի։ Անբեկանելի։ Անկասկած։ Այդ պահին ինձ թվաց, որ էլ երբեք չեմ կարող ունենալ մեկին, որի հետ վստահորեն կխոսեմ այսպես, և նա ինձ կփորձի, միևնույն է, իր կողքին պահել։ Ամեն դեպքում ներսում պատասխանատվություն էի զգում նրա նկատմամբ։ Եղել էի նրա կյանքի առաջին տղամարդը, բայց, արդարության համար, չէի եղել նրա առաջին սերը։ Իմ ներսում պատերազմ էր. մի կողմից՝ ինձ մեղավոր էի զգում, որ նրան այսքան մոտ էի թողել, մյուս կողմից՝ արդարացնում էի ինձ, որովհետև նրա հետ հանդիպելու առաջին իսկ օրից անկեղծորեն ասել եմ, որ ինձ պետք է իրենից միայն ժամանակ է, սեքս, երբեմն ուղղակի զրուցել և ուրիշ ոչինչ։ Եվ նա համաձայնել էր։ Բայց չէ՞ որ նա սիրող կին էր, իսկ կանայք երբ սիրում են, այն կամ վերածվում է գրքային սիրո կամ մեծ ողբերգության։
Իսկ ի՞նչ կլինի, եթե ես նրան լքեմ։ Իսկ եթե նա մի խենթություն անի՞, մի հիմար քայլ։ Չգիտեի՝ ինչ մտածել, ինչ անել։ Հաջորդ առավոտյան սովորականից շուտ արթնացա, սուրճ պատրաստեցի, դե, ես ուրիշ բան չեմ կարողանում անել։ Նայեցի նրան քնած ժամանակ։ Անկեղծ ասած, ում խենթի պես սիրել էի, երբեք չէի տեսել, թե նա ինչպես է ննջում։ Արթնացավ։ Հյուրասիրեցի իմ դրած սուրճը, սկսեց ուրախությունից լացել։ Այդ ժամանակ ավելի սարսռացի. նրան ինչքան քիչ բան է պետք ինձնից, իսկ ես մինչև այսօր չեմ կարողանում նրան սիրել։ Բայց ինչ կլիներ, եթե ես նրան ինձ կին դարձնեի, և իմ ընտանիքում անվերջ կռիվներ լինեին… Ես այդ ամենի պատճառով էի փախել տնից։ Ես չէի կարող ինձ թույլ տալ, որ իմ ստեղծած ընտանիքում էլ երջանկություն չլիներ։ Իսկ գուցե ես չգիտեմ, թե ինչ է սերը։ Գուցե ավելի երիտասարդ տարիքում եղած սերը այլ է, և այդ նույն գլխապտույտ առաջացնող զգացմունքը այլևս չի լինում ավելի հասուն տարիքում։ Թերևս ինձ միշտ թվացել է, որ ես պետք է սիրեմ մեկին այնպես, ինչպես սիրել եմ նրան, որ հիմա ուրիշի կինն է։ Եթե նա մեկ օրով անգամ ինձ ներսից տեսներ, երևի կհասկանար, որ իր ստեղծած կերպարը, որին նա հավատում էր, չկա։ Համոզված էր, որ ես իրեն փոխարինող շատ հեշտ եմ գտնելու, համոզված էր, որ մեր միջից առաջինը ես եմ ամուսնանալու, համոզված էր, որ ես սիրել չգիտեմ…
Եվս երեք օր անցավ մեր միասին ապրելու օրվանից։ Ժամանակը այդ օրը կանգ էր առել։ Ես չէի հասկանում, թե այդքան դրական բան ինձ համար անող կինը, ինչպես կարող է իմ աչքին այսքան ատելի թվալ, ես պարզապես ուզում էի նրան հանել տնից, միայնակ մնալ, դրա համար էլ սկսեցի ոչնչից կռիվ սարքել։ Արհեստականորեն նրան մեղադրեցի, որ իմ ցանկացած վերնաշապիկը չի արդուկել, իսկ ինքը համոզված էր, որ ճիշտ է հիշում՝ ինչ է արդուկել։
-Զզվցրիր էլի, էդքան էլ ասացի՝ էս անտերը արդուկի, ոչ թե սա,- ցույց տալով վերնաշապիկը։
-Կներես, բայց ես հիշում եմ, որ դու հենց էս էիր ուզել։
-Չէ, դու, փաստորեն, բոլոր հարցերում հիշողության խնդիր ունես, հիմա սա արդուկիր և գնա, հավեսդ չունեմ։
-Շատ անարդար ես ինձ հետ վարվում, ես քեզ ոչինչ չեմ արել։
-Հասկացի՛ր վերջապես, ես քեզ չեմ սիրում…
-Իսկ ինչո՞ւ ես էս ամենը ամեն անգամ անում։ Ինչո՞ւ ես ինձ հույս տալիս քո լավ վերաբերմունքով, ինչո՞ւ ես ինձ ամեն անգամ քեզ մոտ թողնում, հետո վանում, ուզածդ սե՞քս ա։ Մենակ չասես՝ ուրիշը չկա, կամ՝ չկան։ Լավ էլ գիտեմ քեզ։ Ուղղակի չես ուզում ընդունել, որ իրենից հետո կարող ես մեկին սիրել, չես ուզում ընդունել, որ քո կինը պետք է դառնա մեկը, որի հետ ուղղակի ծանոթացել ես սեքսի համար։
Երբեք նրան այսքան խելագարված գոռալիս չէի տեսել։ Քարացել էի տեղում և լսում էի նրա ամեն մի բառը, ամեն մի վիրավորանքը իմ հասցեին։ Երբեք թույլ չէր տվել անգամ ձայնը ինձ վրա բարձրացնել, իսկ հիմա այնքան բարձր էր գոռում, որ մտածում էի՝ իմ նոր հարևանները շուտով ոստիկանություն են կանչելու։
-Դե խոսա՛, ի՞նչ ես բերանդ փակել։
-Ի՞նչ ասեմ, էլի ասեմ, որ սխալվո՞ւմ ես։ Էլի ասեմ, որ իմ ու քո միջև սեր չկա՞։ Ասեմ, որ դու ուղղակի ինձ համար հարազատ մարդ ես ուվերջ։ Հասկացիր, քեզչեմսիրում, չեմ կարող այսպես, չեմ կարող քեզ հետ կյանք կապել, հետո ամբողջ կյանքս մտածել, որ առանց սիրելու ամուսնացել եմ։ Մենք պայմանավորվել էինք չէ՞, դու գիտեիր, որ մեր մեջ ուղղակի ազատ շփում ա ու վերջ։
-Խնդալու ես։ Էնպես արեցիր, որ քեզ սիրեմ, իսկ հիմա ասում ես՝ պայմանավորվել ենք։ Հա՛, պայմանավորվել ենք, որ իմ հետ անկեղծ ես լինելու։ Հա՛, երբեք չես ստել ինձ, բայց դու քո վերաբերմունքով ընենց ես արել, որ ես ավելի ու ավելի քեզ սիրեմ, իսկ հիմա ուզում ես՝ էս ամենը ուղղակի թողնես ու փախչես… փախիր, դե, գնա, ատում եմ քեզ…
-Լավ է, ատիր ինձ, ես հիմա տնից գնում եմ, երբ գամ՝ էստեղ էլ չլինես, կներես էլի…
Վերցրի դրամապանակս, ծխախոտս և արագ դուրս եկա տնից։ Ներսումս քաոս էր, քանի որ ես հասկանում էի, որ շատ անարդար եմ վարվել նրա հետ, բայց միաժամանակ հասկանում էի, որ սա լավագույն որոշումն էր։ Ավելի լավ է ցավոտ ճշմարտությունը լսել, քան քաղցր ստի մեջ կործանվել։ Միանգամից քայլերս տարան իմ սիրելի գարեջրատունը։ Պետք էր հարբել, պետք էր ամեն ինչի մասին մոռանալ։ Պետք էր մի լավ զվարճանալ։ Զանգեցի մոտ ընկերոջս, նրան հարմար չէր, զանգեցի մի շիկահեր աղջկա, որի հետ ծանոթացել էի վերջերս, խնդրեցի ինձ ընկերակցել, չմերժեց։ Անվերջ խմում էինք, ծիծաղում, անհեթեթ և լկտի կատակներ էի անում, նորից դերի մէջ էի, այն դերի, որից զզվում էի, բայց այլ տարբերակ չկար, պետք էր զվարճանալ, պետք էր մեկի հետ խոսել ամեն ինչի մասին, բացի իրականությունից, պետք էր մեկի հետ սեքս անել։ Ինչքան շատ էի խմում, թերևս այնքան ավելի էի ուզում հոգիս բացել, ինչքան շատ էր խմում նա, այնքան շատ էր ուզում, որ իրեն տիրանամ։
-Գիտես ինչ, ես մի թուլություն ունեմ, -ասացի ես՝ շատ առեղծվածային հայացք ընդունելով։
-Ի՞նչ թուլություն։
-Թուլություն շիկահեր աղջիկների նկատմամբ,- թերևս այլ բան էի ուզում ասել։
— Էդ վաղուց հասկացել եմ, դու մտքինդ ասա։
-Դե, ուզում եմ՝ մեր ուրախությունը այլ տեղ շարունակենք, կգնանք խանութ, մի երկու բան կառնենք ու կգնանք իմ տուն։
-Համաձայն եմ։
Ինչպես պայմանավորվել էինք, այդպես էլ արեցինք։ Բայց ես մի բան չէի հաշվարկել, որ նա կարող էր չհեռանալ և սպասել ինձ տանը՝ հաշտվելու ակնկալիքով։ Որոշել էի զվարճանալ, ամեն բան մոռանալ, բայց երբ բացեցի դուռը, տուն մտա, տեսա գցած սեղանը ու իրեն ժպիտով, սիրտս ծակեց։ Միանգամից երկու հոգի նույն հարցը տվեցին.
-Էս ո՞վ է։
-Ինչի՞ չես գնացել։
-Կներես, որ մտածում էի, կարող ենք հաշտվել։
-Դե գնա, տեսնում ես՝ հետս մարդ կա։
-Ձե՞ռ ես առնում,- շիկահեր գեղեցկուհին ձեռքս բաց թողեց ու հեռացավ։
Նրա հետևից գնալու կարիք չկար, չէ՞ որ իմ թուլությունը շիկահեր աղջիկները չէին, այլ նա, որ սևահեր էր, մեծ աչքերով, ոչ այնքան երկար վարսերով, ինչպես ես ներկայացնում եմ միշտ իմ իդեալին, ոչ շատ բարձրահասակ, ինչպես բոլորը գիտեն իմ ճաշակի մասին։
-էսպես ես, հա՞, ինձ շնորհակալություն հայտնում,- անհավատալի հիասթափված աչքերով ասաց նա։
-Չգիտեմ էլ ինչ ասեմ, չգիտեմ, թե ինչ եմ անում, ինչ եմ ուզում։ Բայց համոզված եմ, որ չեմ կարող քեզ մեծ հույսեր տալ։
-Ես հիմա կգնամ, բայց քեզ ընդամենը մի խորհուրդ կտամ. հասկացի՛ր՝ ինչ ես անում կյանքիդ հետ, որ ամեն անգամ, երբ կարիքս զգաս, չգաս գլուխդ դնես ոտքերիս, լացես, ես քեզ անվերջ լսեմ, ինչ ուզես ինձնից ստանաս, հետո ասես, որ ես այն մեկը չեմ։
-Կներես…
Այդ օրվանից հետո ես և նա նորից հանդիպում ենք և խաղ ենք խաղում, թե ամեն բան իդեալական է, որոշել ենք ամուսնանալ, եթե ես մինչև 30 տարեկան դառնալս չգտնեմ իմ երազած կյանքի սիրուն։ Բայց ես էլ, նա էլ համոզվել ենք, որ սա պարզապես անբացատրելի թուլություն է, որ երկուսս առանց իրար ապրել չենք կարողանում։ Նա համոզված է, որ մի օր իրեն սիրելու եմ այնպես, ինչպես ինքն ինձ, իսկ ես համոզված եմ, որ մի օր կարողանալու եմ սիրել մեկին այնպես, ինչպես սիրել եմ այն մեկին, որ արդեն երկար ժամանակ է՝ գտել է իր իրական սիրուն…