ԳրաԴաշտ

Վահան Տեր-Ղազարյան․ Վիշապամարտ (7)

13.08.2021

Սկիզբը՝ այստեղ
ՎԱՐԱԳՈՒՅՐ

(Վարագույրի առաջ․ Վահեն և Աստղիկ)։

ՎԱՀԵ

Տես, կոշիկներս մաշվել են իսպառ,

Ահա, վերջացավ իմ գավազանը (Դեն է նետում)։

ԱՍՏՂԻԿ

Համարձակ քայլիր, կղզին շատ մեծ չէ․

Նայիր, տեսնո՞ւմ ես տունը Արևի

Եվ ոսկեճաճանչ սուրբ ավազանը։

ՎԱՀԵ

Ոչինչ չեմ տեսնում,

ԱՍՏՂԻԿ

Այս լուսե շավղով քայլիր, չշեղվես։

(Վարագույրը սկսում է բացվել)։

Լուսե կամարով կմտնես դու ներս։

ՎԱՀԵ

 Ի՞նչ ոսկե լույս է, աչքերս ծակեց։

Չեմ դիմանում ես։

(Ավազանի մոտ ոսկե աթոռին նստած է Արևամայրը

Եվ ճառագայթներից շապիկ է գործում)։

Արևամա՞յրն է, ոսկե դիցուհին,

Որ սպասում է որդուն՝ Արևին։

Հասանք վերջապես։

ԱՐԵՎԱՄԱՅՐ

(Գրկում է Աստղիկին)։

Եկա՞ր դստրիկս, եկ, քեզ համբուրեմ։

(Վահեին) Գալդ բարի է, հրե պատանի։

ՎԱՀԵ

Աստղի՞կը․․․ ինչպե՞ս․․․

Քո դո՞ւստրն է, կարծես․․․

Բան չեմ հասկանում,

Թե՞ հզոր լույսից կուրացել եմ ես։

ԱՐԵՎԱՄԱՅՐ

Աստղիկն իմ դուստրն է,

Քույրը Արևի, որին աշխարհում

Լուսաստղ են կոչում։

ՎԱՀԵ

Ուրեմն, դո՞ւ էիր կռվի թունդ պահին

Գիշերօձերին այդպես հարվածում։

ԱՍՏՂԻԿ

Հորս հրամանով ես մոտեցրի քո նպատակը։

ՎԱՀԵ

Ո՞վ է քո հայրը։

ԱՍՏՂԻԿ

Տիր-ժամանակը։

ԱՐԵՎԱՄԱՅՐ

Համեցիր, որդիս,

Ի՞նչ ես հապաղում։

ՎԱՀԵ

Դիցուհի, ձայնդ ծանոթ է թվում,

Ասես ինչ-որ տեղ, խոր երազի մեջ,

Կամ հեռու երկրում լսել եմ արդեն․․․

Որտե՞ղ եմ լսել այս զուլալ ձայնը․․․

ԱՐԵՎԱՄԱՅՐ

Հիմա մի վարկյան աչքերդ փակիր,

Որ չկուրանաս։

Հետո ամեն ինչ ինքդ կպարզես,

Ու կհասկանաս։

(Գալիս է Արևը, թագը գլխին, որի վրա ակն է, հանում տալիս է մորը)։

ՎԱՀԵ

(Բացում է աչքերը)

Արևը պայծառ․․․

ԱՐԵՎ

Բարով ես եկել, ամպրոպի աստված։

ԱՐԵՎԱՄԱՅՐ

Մինչև արևը մարի։

(Արևին) Ո՞ւր է եղբայրդ։

ԱՐԵՎ

Հիմա կընկնի վար։

(Գալիս է Լուսինը, թագով, որի վրա ակն է)։

ՎԱՀԵ

Լուսինն արծաթե․․․

ԼՈՒՍԻՆ

Բարով ես եկել, շանթաձակ աստված։

ԱՐԵՎԱՄԱՅՐ

Եվ լուսինը ընկնի վար։

ՎԱՀԵ

Իսկ ինձ թվում էր նզովք եմ լսում։

ԱՐԵՎԱՄԱՅՐ

(Ավազանից ջուր է վերցնում)

Ահա, ստացիր ջուրն անմահական։

ՎԱՀԵ

Ջուրն ավազանի լույս-արեգական․․․

Հիմա եղբայրդ ոտքի կկանգնի,

Սակայն չեմ հասել ես իմ երազին,

Առանց Աստղիկի կյանքն իմաստ չունի։

(Արևն ու լուսինը երկու կողմից ձեռքերից բռնած մոտեցնու են Աստղիկին)։

ԱՐԵՎ

Ահա, ստացիր ձեռքը մեր քրոջ։

Դու արժանի ես, շանթարձակ հերոս։

ԱՐԵՎ

Հիմա քո կինն է Լուսաստղը պայծառ։

ԱՍՏՂԻԿ

Ժամանակների ու երկինքների սահմանից այն կողմ

Քեզ կհամբուրեմ։

(Համբուրվում են)

ՎԱՐԱԳՈՒՅՐ

ՎԵՐՋ ԵՐՐՈՐԴ ԳԼԽԻ

ԳԼՈՒԽ ՉՈՐՐՈՐԴ

(Մարգագետին։ Արայի հողաթումը։ Հրանույշը հակված թմբին)։

Կորուսյալ իմ սեր,

Հեռավոր երազ,

Իմ քաղցր կարոտ,

Դու իմ սրտի հույս,

Երևա, իմ լույս․․․

(Հողաթումբը լուսավորվում է, Արան քնած է)։

Ախ, շուրթերդ բաց ու մի խոսք ասա,

Կանաչ աշխարհի Տերդ միանձյա,

Դե, աչքերդ բաց, իմ կանաչ փեսա։

(Թմբի վրա հայտնվում է երդիկի քաջքը)։

ՔԱՋՔ

Հրանույշ աղջիկ, ինձ մի ոսկի տուր,

Աչքալուսանք է, կասեմ ինչ տեսա։

ՀՐԱՆՈՒՅՇ

Այ, բրդոտականջ, որտեղի՞ց հանկարծ․․․

Իմ ծանր վշտին դու էիր պակաս։

ՔԱՋՔ

Չէ, կյանքում հաճախ լինում են պահեր,

Երբ քաջքերն անգամ ճիշտ բան են խոսում։

Ապա ոսկին տուր, տես ինչ եմ ասում։

ՀՐԱՆՈՒՅՇ

Լավ, առ, վերցրու ու կորիր աչքից։

ՔԱՋՔ

Չէ՞ս հավատում ինձ։

ՀՐԱՆՈՒՅՇ

Ասա, ի՞նչ տեսար։

ՔԱՋՔ

Տեսա մի հարսիկ,

Տեսա մի փեսա,

Մի լուսե աստղիկ

Ու քեզ մոտ հասա։

ՀՐԱՆՈՒՅՇ

Հա, լավ, հետո՞ ինչ։

ՔԱՋՔ

Մի ոսկի էլ տուր, որ շարունակեմ։

Թե չէ, առանց փայլ, քեզ ո՞նց վարակեմ

Պայծառ ժպիտով, ծիծաղով ուրախ․․․

ՀՐԱՆՈՒՅՇ

(Ոտքի է ելնում)

Զզվեցրիր, առ․․․

Ի՞նչ ես ցատկոտում այծի պես անբան,

Դե պատմիր արագ։

ՔԱՋՔ

Տեսա մի հարսիկ, ձեռքին մի սրվակ,

Մի փեսա տեսա, ձեռքին թուր-կայծակ։

ՀՐԱՆՈՒՅՇ

Որտե՞ղ տեսար, շուտ,

Ինձ տեղը ասա:

Գուցե սխալվել ես,

Որտե՞ղ են նրանք։

ՔԱՋՔ

Նրանք են, նրանք․․․

Այնքան հեռու չեն,

Քամուն են հեծնել,

Որ այստեղ թռչեն․․․

․․․Ահա, գալիս են,

Երկնքին նայիր,

Նրանց բերում է մեր քաջքաքամին,

Կամ սյուքը գարնան։

ՀՐԱՆՈՒՅՇ

Այն ի՞նչ աղջիկ է։

ՔԱՋՔ

Իրավ, աստղի՞կ է։

ՀՐԱՆՈՒՅՇ

Հիմա տեսնում եմ։

Վահեն է տղան։

Օ, քաջք, ես նույնիսկ

Քեզ եմ համբուրում։

(Համբուրում է։ Քաջքը շշմած, հիացած ճոճվում է տեղում(։

ՔԱՋՔ

Այս ի՞նչ պատահեց,

Աչքերիս առաջ աշխարհը ճոճվոց,

Քիչ մնաց ընկնեմ իմ կանգնած տեղում։

ՀՐԱՆՈՒՅՇ

Այս ի՜նչ լուր բերիր․․․

․․․Այս կողմը, այս կողմ․․․

(Հողմի սուլոց, գալիս են Վահեն ու Աստղիկը)։

ՎԱՀԵ

(Շանթ ու որոտի ուղեկցությամբ)։

Հրանույշ աղջիկ, դու սեր իմ եղբոր,

Ընդունիր ջուրը սուրբ Արևամոր,

Ցողիր եղբորս ցուրտ հողաթմբին;

(Հրանույշը վերցնում է սրվակը, որ հանկարծ թռչում է նրա ձեռքից ու ոսկե անձրև տեղում)։

ՔԱՋՔ

Ի՞նչ հրաշք բան է, ոսկե անձրև է տեղում սրվակից,

Արևանձրև է, հանգստացրեք ինձ,

Ինչպես ասել են մարդիկ շատ հնում

Սա հենց այն պահն է, երբ քաջքն է ծնում։

(Փախչում է, գոռալով) Ես տուն եմ գնում,

Ես ունեմ ուղիղ քառասուն աղջիկ,

Հիմա, որ հաստատ, կինս երդիկում՝

Տղա է ծնում։ (Փախչում է)։

(Արան սկսում է արթնանալ, դանդաղ ոտքի է կանգնում,

Երկինքը կամարվում է ծիածանով)։

(Անմիջապես սկսում են հայտնվել զանազան բարի ոգիներ)։

ՈԳԻՆԵՐ

Նայեցեք հապա, Արայի գոտին,

Շուտ իջեցրեք ցած ու կապեք մեջքին։

(Կատարում են)։

ԱՐԱ

Ինչքա՞ն եմ քնել, երևի տաս օր,

Այս ի՞նչ եմ տեսնում, դեմքը իմ եղբոր,

Որքա՜ն է փոխվել նա տառապանքից,

Եվ առնացել է․․․

Դո՞ւ ես, դու չես սա։

Ոչինչ չեմ հիշում,

Այ դու հրավարս,

Եվ բոցամորուս, դե մի բան ասա․․․

(Հայտնվում է Ծովյանը)

ԾԱՎՅԱՆ

Ես կհիշացնեմ, շատ բան կիմանաս

Մի շուրջդ նայիր, շուտ կհասկանաս,

Հեյ, Հորոտ-Մորոտ, ջրի ու ծաղկի

Ոգիներ անուշ, աղջիկներ քնքույշ,

Կապույտ Հովանույշ,

Զարթնել է Արան։

ՀՈՎԱՆՈՒՅՇ

Չքնաղ տեսարան,

Զարթնել է Արան։

Հեյ խոտ ու ծաղիկ,

Ծառեր նրբիրան,

Ձեր միակ ոտքով կանգնեցեք ոտքի,

Ելեք խնջույքի,

Ու հարսանիքի։

ՄՅՈՒՍ ՀՈՎԱՆՈՒՅՇԸ

Ջրեր, կարկաչեք,

Ծառեր, կանաչեք։

ԱՐԱ

Հրանույշ աղջիկ,

Ձեռքդ տուր հապա,

Քո ջերմությունից ես ծաղկի նման,

Բացվում եմ, ահա․․․

Իսկ սա իմ եղբոր հարսնացո՞ւն է, թե

Անմահ դիցուհի, և որքա՜ն շքեղ․․․

Ուրեմն, քնել ու չեմ չորացել,

Ելեք, իմ ծառեր, իմ գետեր վարար,

Աղբյուրներ, հոսեք, ջուր հոգեպարար․․․

(Բնությունը զարթնում է, զանազան ոգիներ պարում են)

ՈԳԻՆԵՐ

Զարթնել է Արան,

Մեծ Տերը գարնան․․․

ՀՈՐՈՏՆԵՐ

Փառք ժամանակին, որի ընթացքը

Ոչինչ չի շեղում։

ՄՈՐՈՏՆԵՐ

Փառք մեր լեռներին, որ աղբյուրներ են

Մայր հողին հեղում։

ՀՈՎԱՆՈՒՅՇ

Փառք քեզ, բնության, գարնան զարթոնքի

Սիրո ու կյանքի տեր, Արա աստված։

ԲՈԼՈՐԸ

Փառք քեզ, շանթարձակ ու վիշապաքաղ

Վահագն արի, Հայոց մեծ աստված։

ՎԱՐԱԳՈՒՅՐ

1985թ․ Երևան-Ծաղկաձոր

No Comments

Leave a Reply