Արմինե Սարգսյան ԳիտաՆյութ

Վահե Քաչայի «Փարիզյան պատկերներ» պատմվածքի մասին

Վահե Քաչայի «Փարիզյան պատկերներ» պատմվածքի մասին

Արևմտահայ գրող Վահե Քաչայի (1929-2003) վեպերի ու վիպակների մեծ մասին բնորոշ է տիրող իրականության արատների քննադատությունը, պատերազմի դատապարտումը։ Քաչայի ստեղծագործության մեջ նկատելի է էքզիստենցիալիզմի փիլիսոփայության որոշակի ազդեցությունը։ Ստեղծագործել է հիմնականում ֆրանսերեն։

«Փարիզյան պատկերները» Վահե Քաչայի վաղ շրջանի գործերից է։ Առաջին հայացքից պատմվածքի հիմքում փարիզյան պարզ, խաղաղ պատկերներ են։ Շոգ, արևոտ օգոստոսյան առավոտի նկարագրությամբ է սկսվում պատմվածքը։ Երիտասարդ արձակագիրը (պատմողը կարող է զուգորդվել  նաև հեղինակի հետ) մտնում է Ս. Ժերմեն դը Փրեն սրճարան (արտիստական հայտնի սրճարան է Փարիզում, որտեղ իր մշտական սեղանն ուներ Ժան Պոլ Սարտրը)։ 

 «Օրը գեղեցիկ պիտի ըլլայ»․ մտածում է արձակագիրը։ Իսկ ահա սպասավորը կանխատեսում է, որ «ծանր օր է լինելու»։ Թե ինչպիսին է օրը, կախված է մեր ընկալումներից, սպասումներից, վերաբերմունքից։  Արդեն իսկ նկատելի է, որ հեղինակը դետալների վարպետ է, ոչ մի բառ, նկարագիր, զրույց հենց այնպես չի ասվում։ Իրականում այս ստեղծագործութունն ինքնին կառուցված է փոքր ու ոչ պատահական ընտրված դետալներից։ 

«Երկու օտարուհիներ են գալիս։ Հագած են վառ գոյներով շրջազգեստներ: Խարտիշահեր։ Արեգակը կը նեղէ զիրենք»: Շվեդուհիներ են։ Մի սեղանի մոտ գրող է նստած, որին ճանաչում են և ուզած-չուզած գնում են գրքերից։ Արձակագրին է մոտենում ճարպոտ մի մարդ և հարցնում՝ շա՞տ է ընթերցում, գրո՞ւմ է նաև, առաջարկում է իրեն տալ ձեռագրերը․ ժամանակին ինքը գրել է, հիմա օգնում է երիտասարդներին հրատարակել գրքերը։ Պայմանավորվում են, հեռանում է։ Քսանամյա մի տղա մոտենում է արձակագրին ու հարցնում՝ իրե՞ն էլ առաջարկեց տպագրել գիրքը։ Պարզվում է․ «Այս ճարպիկ խաբեբան ամբողջ աշխարհի գործերը պիտի հրատարակէ»։ Խաբում է երիտասարդ գրողներին, պայմանագիր է կնքում, գումար շորթում ու այնքան է ձգձգում տպագրությունը, մինչև որ ձեռք քաշեն։
Օրվա համաչափ, խաղաղ ընթացքն այս դրվագն էլ չի խաթարում։ Պատմվածքի սյուժեն ինքն իրենով զարգանում է։ Օրը իր դանդաղ ընթացքի մեջ է։

«Օդը այնքա՜ն մեղմ է, որ մարդ պահանջ կը զգա արտաշնչելու բերնեն: Մարդիկ կանգ կ’առնեն, կը շաղակրատեն, կը նշմարեն ծառերը: Օգոստոս ամսոյն փարիզցիները ներողամտօրեն կը վարուին իրարու հանդէպ: Խաղաղութիւն կը տիրէ հետեւակներուն եւ ինքնաշարժի տէրերուն միջեւ, ու ոչ ոք մատով կը խփե ճակտին»։

Պատմվածքի ավարտին կյանքի պարզ, երջանիկ ակնթարթներին զուգահեռ տեսնելու ենք իրականության փոփոխվող դեմքը, կեցության գոյաբանական ըմբռնումը։

Արձակագիրը շվեդուհիներին օգնում է հեռախոսակապի միջոցով հարցնել ոմն տիկին Լ-ին՝ տա՞նն է Պ․ Կանիելը։ Եվ շվեդուհիների հետ հրավիրվում է տիկին Լ-ի տուն՝ ակամա ստանձնելով ուղեկցի ու թարգմանչի դերը։ 

Պ․ Կանիելի հետ շվեդուհիները ծանոթացել են Ստոկհոլմում՝ ճամփորդության ժամանակ։

Սենյակում դարձյալ օգոստոսյան օրվա նկարագիրն է։ Պատուհանները բաց են։ Խաղաղ օրվա շունչն այստեղ էլ է լցվում։ Տիկին Լ-ն ընդունում է հյուրերին հարյուր տարվա ծանոթի պես։ Խնդրում է շվեդուհիներին ցույց տալ տղայի արձակուրդի ժամանակ արված լուսանկարներից։ 

«Մօրուքը երկնցուցած է: Ա՜հ, ա՛յդ է ուրեմն: Մեզի ըսաւ, որ մօրուքը պիտի երկնցնէ:
Կ’անշարժանան նկարին վրայ:
— Հին «շորթ»-ը հագած է։
— Ինչքա՜ն պիտի ուզեի զինքը տեսնել մորուքով… ասում է քույրը»։ 

Արձակագիրը նկատում է, որ տղայի մասին խոսում են անցյալով։ Ծանր տպավորություն է թողնում նաև դաշնամուրին դրված հին, խոշոր, մեկուսի թվացող լուսանկարը։

«Տիկին Լ. երկու խօսքով կը բացատրէ ինծի, թէ տղան սպաննուած է Հնդկաչինի մէջ: Ինձմէ կը խնդրէ, որ բան մը չ’ըսեմ շուեդուհիներուն, որոնք զինքը կը կարծեն ճամբորդութեան մէջ: Այսպէս այն տպաւորութիւնը կ’ունենայ ան, որ որդին կ’ապրի իրապէս: Մահը այնքա՜ն ապերախտ է, որ ի վերջոյ ձեզ կը մխրճէ սիրելի անձին գոյութեան տարակույսին մէջ»: 

Տիկին Լ.-ին պետք է այդ լուսանկարը, որ հավատա, թե տղան ապրում է, քայլում, ճամփորդում, մորուքը երկարացնում․․․

Շվեդուհիները ոչինչ չեն կասկածում, հանդիպումից հետո ուզում են գնալ պանդոկ հանգստանալու։ 

Մայրը տղայի կորուստը փորձում է փարատել նրա մասին խոսելով այնպես, ասես ողջ է։ Մայրը գիտակցաբար անգիտակցություն է ցուցաբերում։ Նա ուզում է՝ որդին լինի, ու զգալու համար նրա գոյությունը միջոցների մեջ ընտրություն չի դնում։ Պարզ չէ՝ քույրը միացել է մոր խաղի՞ն, թե՞ խնայում է մորն ու թույլ  է տալիս ինքնախաբեությամբ վիշտը սփոփել։ Շվեդուհիները իրենց անհոգ խոսք ու զրուցի մեջ չեն էլ նկատում, որ մահացածի մասին խոսում են ինչպես կենդանի մարդու, որ իրենց փնտրած մարդը ոչ թե տանը չէ, այլ այս աշխարհում չէ առհասարակ։

Ստացվում է ողբերգություն՝ առանց ողբերգության։ Թվում է՝ ամեն բան խաղաղ է, այնինչ շուրջը մահեր են, պատերազմ, ողբերգություն։

Հետո նորից բոլորը վերադառնում են իրենց առօրյա կյանքին։

Արձակագրի համար հրաշալի թվացող օրը ծանր ավարտ է ունենում․ նա առերեսվում է մահի հետ այն ժամանակ, երբ չի էլ մտածում դրա մասին։ Նա ակամա է ներքաշվել կյանքի ու մահվան այդ խաղի մեջ։ Գուցե գրում է այս պատմությունը, որ ազատվի նրանից։ «Այն օրէն ի վեր, իւրաքանչիւր անգամ, որ կը հանդիպիմ շուեդուհիներու, սրտի պզտիկ սեղմում մը կը զգամ… ու կը շարունակեմ ճամբաս»,- այս տողերով է ավարտվում պատմվածքը։

Ամենաքիչը, որ մարդը գիտակցում է, սեփական չգոյությունն է։ Մահվան դեմքը մարդը տեսնում է, երբ առերեսվում է այլ մարդկանց կյանքից հեռանալու փաստին, հարազատների կորստին։
Խարտյաշ շվեդուհիները գուցե զգային, որ իրենց ծանոթը մահացել է, եթե հասկանային ֆրանսերեն կամ լինեին ավելի ուշադիր ու նրբազգաց։  Հեղինակը շվեդուհիներից խուսափում է, որովհետև խղճի խայթ ունի, ակամա ստել է նրանց, բայց, ամենակարևորը, նա  փորձում է մոռանալ տհաճ միջադեպը։ Նա (նրանք բոլորը) կգերադասեր, որ տղան ողջ լիներ և ոչինչ չխանգարեր կյանքի անհոգ թվացող ընթացքին։ Գուցե սա գոյություն ունենալու նախապայմաններից մե՞կն է՝ հնարավորինս չմտածել, չզգալ, որ կյանքը, որն ապրում ես մի օր, մի պահի ավարտվում է։

Հ․ Գ․ — Մարդու անհնար վերադարձի ու կորստյանը հաշտվել-չհաշտվելու բազմաթիվ պատմություններ  կան գրականության մեջ և մեր շուրջը։ Իբրև օրինակ՝ Անա Մարիա Մատուտե․ «Երջանկություն» պատմվածքում մայրը չի գիտակցում որդու չլինելու փաստը, և այնքան իրական պատմություններ  է պատմում, որ անծանոթ մեկը չի էլ կասկածում դրանց իրական լինելուն։ Եվ մի օրինակ մեր պատմությունից․ Եղեռնի զոհ դարձած Սիամանթոյի կորստին մայրը չի հավատացել ու միշտ սպասել է որդու վերադարձին, անգամ մահից առաջ հարցրել է՝ ո՞վ կա կողքի սենյակում, և միտքը չավարտած ավանդել  հոգին։ Ի վերջո, կորուստը սգալու անհավանական պատմությունները մեր աչքի առաջ են, վկա 44-օրյա պատերազմն ու դրան հաջորդած հետպատերազմական մղձավանջը։

Նախորդ գրառումը