Թատրոն ՄարզաԴիտակ

Վանաձորի դրամատիկական թատրոնը մասնակցում է Թեհրանի «Ֆաջր» փառատոնին

20.01.2025

Վանաձորի դրամատիկական թատրոնը մասնակցում է Թեհրանի «Ֆաջր» փառատոնին։ Իրանի Իսլամական Հանրապետության Թեհրան քաղաքում հունվարի 22-ից փետրվարի 1-ը անցկացվում է «Ֆաջր» միջազգային 43-րդ թատերական փառատոնը: «Ֆաջր» թատերական փառատոնը Իրանում արվեստի ոլորտի կարևորագույն միջազգային իրադարձություններից է: Վանաձորի դրամատիկական թատրոնը փառատոնին կներկայանա Կարինե Խոդիկյանի «Մեկ ժամ հիշողություն» ներկայացմամբ (բեմադրությունը` ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի)։

Ներկայացումը բեմադրվել է 2015 թվականին` նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին։

2015 թվականի նոյեմբերի 24-ին հյուրախաղով հանդես է եկել Երևանում։

2016 թվականին «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է մրցանակի` «Տարվա լավագույն» ներկայացում անվանակարգում։

2024 թվականին մասնակցել է «Թատերական Լոռի» 30-րդ միջազգային թատերական փառատոնին։ Ներկայացվում է ցեղասպանված մի ընտանիքի պատմություն, բայց գործողությունները կատարվում են իրականի ու երևակայականի սահմանագծում. 21-րդ դարն ու 1915-ը խաչաձևվում են էրզրումյան` այլևս գոյություն չունեցող տան պատերի ներսում։

«Մեկ ժամ հիշողություն» ներկայացման մեջ առանց արյունոտ և դաժան դրվագների, սակայն ամենայն հանգստությամբ, խորությամբ ու կսկիծով է ներկայացվում հայ մարդու ճակատագիրը: Երբեմն այդ կարծեցյալ հանգստության հետևում քողարկված է իսկական ողբերգությունը: