ԳրաԴաշտ

Վարդան Հակոբյան․ Մողեսների արքան (վեպ)-5

22.09.2020

Սկիզբը՝ այստեղ

Տասներորդ գլուխ 

          Արտաշեսը վերջապես մենակ մնաց։ Նախորդ երկու օրերի մղձավանջից ազատվելու հույսով՝ թրջված շան պես թափ տվեց գլուխն ու հիշեց, որ վաղուց չի մոտեցել համակարգչին՝ ոչ մեկին նամակ չի գրել, իր էլ. փոստը չի ստուգել, ոչ մի նորություն չի իմացել, և ամենակարևորը՝ չի մասնակցել աստրալ թռիչքների[i] սիրահարների ցանցային ակումբի զրույցներին։ Իր մասնակցությամբ վերջին քննարկմումից հետո քվեարկության էր դրված առաջին հայացքից մի ոչ էական հարց. իրենք իրենց անվանեն «թանաթոնավթնե՞ր»՝ ըստ Վերբերի համանուն վեպի, թե՞ բառի «մահ» մասնիկը էապես հակասում է աստրալ թռիչքների բնույթին։ Իր անձնական փորձը երբևէ կապ չէր ունեցել «մահ» հասկացողության հետ։

          Առաջին անգամ մարմնից դուրս էր հայտնվել հինգ տարեկանում՝ անկողնու վրա թռվռալիս. ուզում էր երկար մնալ վերևում, ու ստացվել էր։ Սակայն այլ էր մոր կարծիքը. ինչպես պատմում էր, տղան վայր էր ընկել, հավանաբար գլուխը հարվածել մահճակալի գլխամասին և ուշաթափվել։ Իսկ ինքը հստակ հիշում էր, որ առաստաղի տակից հետևում էր սենյակ մտնող-դուրս եկող մարդկանց ու նրանց անհասկանալի գործողություններին, մինչ քաղաքի մյուս ծայրից իրենց տուն կհասեր սիրելի տատն ու թոռան ուշակորույս մարմինն իր գիրկը կառեր։ Հենց միայն նրան գրկելու համար էլ կրկին մարմնում էր բացել աչքերը։ Երբ փորձեց պատմել իրականությունը, մայրը կտրուկ ընդհատեց. «Երևակայությունդ հանգիստ թող, դու միայն ուշաթափվել էիր»։ Իսկ այն, որ գլխին հարվածի ոչ մի հետք չկար, անտեսվեց։

          Հենց այդ պահին էլ Արտոն ստիպված էր կատարել իր առաջին լուրջ ընտրությունը կյանքում. կա՛մ համաձայնել իր մանկական հիմարության հետ ու ողջ կյանքում տրվել մեծերի բացատրություններին, կա՛մ նրանցից գաղտնի և ինքնուրույնաբար ճանաչել աշխարհը. Արտոն ընտրել էր երկրորդը։

          Վատ խթան չէր՝ դպրոցում լավ սովորելու համար, սակայն չորրորդ դասարանից հետո դպրոցական դասագրքերն այլևս չէին բավարարում։ Եթե ուսումնասիրություններն իր սենյակի փակ դռան ետևում չթաքցներ, գուցե ծնողները ուրախանային, բայց կպակասեր ազատությունը։ Ինչևէ, վեցերորդում ավարտելով մարդու մարմնի մասին ակադեմիական գիտելիքի ուսումնասիրությունը, յոթում անցել էր ոչ դպրոցական ֆիզիկայի ուսումնասիրությանը, հետո էլ՝ ութերորդում, փորձել էր հասկանալ քվանտային ֆիզիկան[ii]։ Սակայն հինգ տարեկանից իրեն տանջող բուն հարցի պատասխանը գտել էր մետաֆիզիկայի օգնությամբ։ Իսկ զարմանալի ճշմարտությունը բացվել էր յոգայի ու աստրալ թռիչքների վերաբերյալ գրականությունը կարդալուց հետո՝ տասնհինգամյակին նվեր ստացած համակարգչի ու համաշխարհային ցանցի շնորհիվ։

          Վեցամսյա գաղտնի մարզանքներից հետո գիշերները ժամանակ առ ժամանակ դուրս էր սողոսկում իր մարմնից ու ժպտալով քնած մորը՝ թափառում էր աշխարհով մեկ։ Տասնվեց տարեկանում արդեն սեփական տեսությունն ուներ՝ միկրոկոսմի ու մակրոկոսմի վերաբերյալ, որով կիսվում էր իր նմանների հետ ողջ աշխարհում՝ օրական չորսից հինգ ժամ, տարբեր չատերում։ 

          Սակայն այդ օրը նստել էր համակարգչի դիմաց ու չգիտեր, թե որտեղ որոներ իր նոր հարցերի պատասխանները։ Որտեղի՞ց հայտնվեցին այն երկուսն իր ստեղծած վիրտուալ-երևակայական լողափին, որը միայն մտասևեռածին էր ու չէր կարող որևէ կերպ արտահայտվել իրենից դուրս։ Ինչպե՞ս և ինչո՞ւ էր բռնվել արագ ընթերցանության տենդով, եթե երբևէ չէր ուսումնասիրել ու անծանոթ էր ընթերցանության այդ եղանակին։ Ո՞ւմ, կամ ինչի՞ իշխանությունն էր ստիպում իրեն անել չնախատեսված գործողություններ՝ հյուր գնալ ու գիրք տանել-թողնել դասարանցու տանը։ Սա ամենի՛ց մտահոգիչն էր։ Չատում հնչեցրած այս հարցերին այնքան պատասխաններ եկան, որ մի քանի ժամում չէր հասցնի կարդալ, սակայն արագ ընթերցանության նոր ձեռք բերած կարողության շնորհիվ ընդամենը հինգ րոպե տևեց կարդալ-խմբավորելը, ևս տասը րոպե՝ ու պատասխանեց բոլորի ճշգրտող հարցերին։ Սակայն բուռն քննարկումների եզրահանգումն իրեն դուր չեկավ։ «Ակնհայտորեն՝ գործում են արտաքին ուժեր»։ Ի՞նչ արած, որոշեց հավատալ ակումբականներին և ինքնուրույն հետախուզել իրականությունը։

          Համակարգիչն անջատելուց ու վարագույրները փակելուց հետո մեկնվեց բազկաթոռին, թուլացրեց ողջ մարմինն ու ընկավ թեթև տրանսի մեջ։ Մարմնից դուրս գալու իր գտած եղանակով սկսեց աստրալ մարմնով թռվռալ բազկաթոռին, մինչև ազատվեց ֆիզիկականից ու հայտնվեց իր գլխավերևում։ Հետո մարմնից ներս իր նմանությամբ աստրալ լաբիրինթոս-ծուղակ ստեղծեց, իսկ ինքը հարմարվեց գրապահարանի գլխին, որպեսզի սպասի անհավատալի հյուրերի վերադարձին։

          Իսկ գրհրեշտակներն այդ պահին, կտուրից կտուր թռչելով, հետևում էին գրքասերների միության նախագահի կոստյումում պարփակված խլեզահարին։ Վերջինս ոչ միայն բոյովացել, այլև հարմարվելով հագուստին՝ ձեռք էր բերել խոհական քայլվածք, դեմքի հոգնած արտահայտություն, լարվածությունից տակերը սևացած աչքեր, ընթերցանությունից դուրս ցցված կուզ և կոշտուկ՝ աջ միջնամատին, որն առաջացել էր էջերը թերթելուց։    

          Կես ժամ ճեմելուց հետո, ակամա, կանգ առավ մի եռահարկ շենքի դիմաց, որի ճակատին հսկայական մեծությամբ փայլում էին ԳՄ տառերը։ Ներքին մողեսականի հորդորով համարձակորեն մոտեցավ հսկայական նիզակով զինված-քարացած դռնապանին, որը հատուկ այդ աշխատանքի համար հրավիրված թոշակառու աֆրոաֆրիկացի որսորդ-ընթերցասեր, գրքասեր-գրքակեր էր։ Վերջինս, դեռ հեռվից նկատելով Հակոբիկի բաճկոնի ցցուն դաջվածքը, իրար եկավ, փչեց ահազանգի փողը, ապա ընդառաջելով բացեց դուռն ու խոնարհվեց մինչև ծնկները։

          «Սրան բանի տեղ մի դիր,- շտապեց հրահանգել ներքին մողեսականն ու շարունակեց,- բարձրացիր երրորդ հարկ»։

          Հակոբիկի անցնելուց հետո դռնապանի իշիասը բռնեց, ստիպելով, որ մնա նույն դիրքում, դուռն էլ՝ բաց. այնպես որ, գրհրեշտակները հեշտությամբ ներս մտան։

          Առաջին հարկի ընդարձակ դահլիճի պատերին փակցված էին գրքերի լուսանկարներով հարյուրավոր պաստառներ՝ վերևում կարմիր տառերով մակագրված. « Ո Ր Ո Ն Վ ՈՒ Մ  ԵՆ»: Իսկ լուսանկարների տակ նշված էին պարգևատրման չափերը։ Այդ գրքերից ոչ մեկը նրանց չէր հանդիպել գրադարաններում, սակայն հերոդոտածինը, որ տարիքով անհամեմատ մեծ էր քերոլածինից, ժամանակին տեսել էր դրանցից մեկ-երկուսը։ Դահլիճի ծայրում՝ հսկայական գրասեղանի մոտ, նստած էր հարյուրն անց երևացող յոթանասունամյա մի պառավ, իսկ գլխավերևում փակցված ցուցանակը փաստում էր, որ գրքեր է գնում։

          -Հետաքրքիր է,- չդիմացավ հերոդոտածինը,- ես կարծում էի՝ գրքերի տեղը գրադարաններում է՝ անձնական ու հանրային… ծայրագույն դեպքում՝ գրախանութում։

          -Տեսնես՝ ի՞նչ գրքեր են առնում,- հարցրեց քերոլածինն ու արագորեն մոտեցավ սեղանին դրված հսկայական մատյանին. մտավ մեջը, դուրս եկավ ու շտապեց իմացածն ընկերոջը հայտնել,- այնտեղ նշված գրքերը չե՛ն գնում… ու ճիշտ էլ անում են… դրանք մեկօրյա թերթոններ են՝ իբր սիրային ու իբր դետեկտիվ, բազմազան տեղեկատուներ, խոհարարական նույնանման հրատարակություններ, քաղաքական հուշեր-կանխատեսումներ և ընդհանրապես այն, ինչ տպվում է՝ միայն հեղինակի՛ն ծառայելու համար։

          -Լավ, հետո կպարզենք էստեղ կատարվողը. գնացինք։

          Իսկույն էլ հետևեցին Հակոբիկին, նրա հետ բարձրացան երրորդ հարկ, մտան «ԸՆԴՈՒՆԱՐԱՆ» մակագրված դռնով, անցան դրա խորքն ու հաջորդ դռնից անցնելով՝ հայտնվեցին ընդարձակ աշխատասենյակում, որտեղ գրասեղանից ու տասներկու աթոռներից բացի, ոչ մի այլ կահույք չկար։ Մի կերպ տեղավորվեցին առաստաղից կախված ջահին ու սպասեցին հետագա իրադարձություններին։

          «Ինչ-որ տարօրինակ, թշնամական բան եմ զգում էսօր-էստեղ,- զգուշերեն-ցածրաձայն խոսեց Ներքինը Հակոբիկի ձախ ականջի թմբկաթաղանթի կողքից,- համենայնդեպս իմացիր. մեջքիդ ետևի դուռը քո գաղտնի ետնամուտքն է, որով կարող ես հասնել պահեստներ. էնտեղից էլ հատուկ վերելակ կա՝ ստորգետնյա պահեստարաններն իջնող, դրանցից էլ ցած՝ մեծ  թունելացանց-լաբիրինթոսով կարող ես հասնել Մեղոսի հարյուր քառասունչորս քաղաքներից ցանկացածի Գրքասերների միությանը»։

          Շուտով, կաղ-միաչքանի-կեղծամավոր քարտուղարուհու ուղեկցությամբ, ներս եկան «Գրքասերների միության» աշխատակիցները։ Երեք կին տեղակալներ՝ գրքի գնորդներ, երեք՝ տեղակալի տեղակալ-արխիվարիուս տղամարդ, երեք բանվոր-զինվոր-պիրոտեխնիկ՝ մեջքներին «սեքյուրիթի» մակագրությամբ, մեկ հաշվակամակատար-գանձապահ, իսկ վերջում նրանց միացավ ծռված, քառասունհինգ աստիճանում քարացած որսորդ-դռնապանը։ Ճիշտ տասներկու հոգի՝ աթոռների քանակով։

          «Հիմա տես, թե ինչպե՜ս են կառավարում»,- չարախնդաց Ներքինն ու տղայից վերցրեց կոկորդը, բերանն ու լեզուն կառավարելու լծակները։

          -Ինչպես հասկանում եք,- շարունակեց Հակոբիկի բերանով,- այլևս չենք կարող ապրել ու աշխատել՝ առաջվա պես։ Եկել են մեծ փոփոխությունների ժամանակները։ Հիմա բոլորդ աշխատանքից ազատվելու և աշխատանքի ընդունվելու դիմումներ կգրեք ու ներս կգաք։ Չմոռանաք ներկայացնել ձեր «գործունեության հաշվետվությունները»։ Առայժմ այսքանը. գնացեք։

          «Իսկ դու ձեռքի հետ նայիր, թե ում տեղն ես հատկացնելու Փորինեին»,- ուղեղի կիսագնդերի մեջտեղում տեղավորվելով, ինչպես հարմարավետ բազմոցին՝ դիմեց Հակոբիկին։

          Հակոբիկը, ճիշտ նույն կերպ հարմարվելով փափուկ-ընդգրկիչ բազկաթոռին, փորձեց հասկանալ «ձեռքի հետ» նայելու միջոցը… գուցե շոշափելով՝ զգայամտածեց ու վանեց այդ տհաճ եղանակը։

          «Իսկ կարո՞ղ եմ էնպես անել, որ տեղակալի պաշտոն զբաղեցնելով՝ քարտուղարուհու գործն անի»։

          «Իհա՜րկե, կարող ես նույնիսկ գործավարուհի դնել անունը, բայց կարծում եմ՝ բոլորովին ա՛յլ դեր ես հատկացնում նրան,- ասաց հանգիստ, ապա կտրուկ անցնելով խիստ տոնի՝ շարունակեց,- հույս ունեմ՝ ռոմանտիկ հարաբերությունների կամ, է՛լ բեթարից ազատի մեզ Մեծն Մեղոսը, ամուսնանալու ցանկություն չունես»։

          «Չէ, չէ,- չգիտեր էլ, թե ինչ էր ուզում ասել նորադիր նախագահը, երբ դուռը երկու անգամ բախեց ու միանգամից էլ ներս մտավ քարտուղարուհին»։

          -Բոլորը պատրաստ սպասում են։

          -Այսքան արա՞գ,- զարմացան Ներքինն ու Հակոբիկը։

          -Դե, Դուք էլ գիտեք,- քարտուղարուհիական բարեկիրթ նրբանկատությամբ շեշտված հնչերագով պատասխանելով՝ ուղղեց կեղծամը,- պահակներն ու բանվորները գրել-կարդալ չգիտեն, իսկ մենք դեռ մեկ ամիս առաջ ենք պատրաստել դիմումները,- և այնքան արագ թարթեց միակ առողջ աչքը, որ մյուսը՝ ապակեն, սկսեց պտտվել տեղում։

          «Առաջինը սրանից ազատվիր,- չդիմացավ Հակոբիկը»:

          -Իսկ դու ինձ խորհուրդ մի՛ տուր,- չտիրապետելով իրեն՝ բարձրաձայն, Հակոբիկի բերանով արտասանեց ներքին մողեսականն ու հասկանալով իր սխալը՝ լռեց։ Հետո Հակոբիկի աչքերով նայելով զարմացած քարտուղարուհու չռված աչքին՝ փորձեց շտկել իրադրությունը,- այսպես էր սիրում ասել հանգուցյալ տատս, երբ իրեն աչքով էին անում։ Ինչևէ. ես Ձեզ պատվավոր քարտուղարուհու կոչում եմ տալիս, նշանակում եմ աշխատավարձի կրկնակիի չափով թոշակ ու խնդրում եմ գործերը դնել համակարգչի կողքին՝ Ձեր հետնորդին հանձնելու համար։

          -Ես ողջունում եմ սերնդափոխությունը…,- որպես նախաբան՝ արտասանեց արդեն նախկին քարտուղարկուհին, որ փորձում էր թոշակը պահպանելով՝ ետ բերել իր աշխատատեղը, բայց ներքին մողեսականը թույլ չտվեց։

          -Խնդրում եմ, ճի՛շտ հասկացեք, ինձ քարտուղարկուհի պետք չէ, ես բոլոր քարտերը ինքս եմ ուղարկում ըստ հասցեների. մի վերջին հանձնարարություն,- առանձնահատուկ շեշտադրությամբ ասաց, քանի որ թոշակառուն պատրաստվում էր հակաճառել,- ներս հրավիրեք մյուսներին. միասին, բայց կարգ ու կանոնով։

          «Ափսոս,- հոգոցով ասաց Ներքինը, երբ մենակ էին,- իր գործը լավ գիտեր»։

          Սակայն Հակոբիկի միտքն ա՛յլ ուղղությամբ էր աշխատում։

          «Մենք էնքան հարուստ ենք, որ կրկնակի թոշա՞կ ենք նշանակում»։

          «Մենք շատ հարուստ ենք, բայց դա կապ չունի,- պառավը չի հասցնի թոշակ ստանալ,- վաղը չէ մյուս օրը… առավոտյան… քնից դրախտում կարթնանա»։

          «Որտեղի՞ց գիտես»։

          «Տատիս տատի տատն ասաց՝ նրա գլխի միջից»։

Այդ ընթացքում շարքով ներս էին մտել ու ըստ հասակի կանգնել մյուսները։ Գործազուրկ քարտուղարուհին կանգնեց շարքի դիմաց ու խոսեց բոլորի անունից։

          -Նախ, կարճ ներկայացնեմ հաշվետվությունը. Ձեր բացակայության ընթացքում ստորագրել ու կնքել եք հազար յոթ հարյուր տասնհինգ հրաման ու հրահանգ, որոնք բոլորն էլ կատարվել են անշեղորեն։ Իրագործելով «ՍԱԼԱՄԱՆԴՐ» ծրագիրը՝ ձեռք է բերվել ու թաքցվել ապագայի համար նախատեսված ստորգետնյա պահեստարաններում հարյուր քսանյոթ անուն գրքի ողջ տպաքանակը՝ մոտ յոթանասուն հազար ընդհանուր միավորով։ Զուգարանի թղթի արտադրամասում օգտագործելու նպատակով երկրորդային մշակման կետ է հանձնվել վաթսունվեց տոննա գիրք՝ բոլորն էլ դասականացված հեղինակների։ Գրախանութների ու գրադարանների դարակները ժամանակավորապես լցնելու համար պատվիրվել ու մեր հսկողությամբ հրապարակվել է տասնչորս հազար անուն գիրք, ընդհանուր քաշը՝ քսանմեկ հազար տոննա։ Գրողների ուշադրությունը շեղելու նպատակով գնվել են երեսունյոթ անուն գրքի հեղինակային բոլոր իրավունքներն ու պատվիրվել քսաներեքը։ Ըստ Ձեր վերջին հրամանի՝ կառուցվել է ութ հարյուր խորանարդ մետր ստորգետնյա պահեստարան և յոթանասունհինգ կիլոմետր ստորգետնյա ճանապարհ։

          Հաշվետությունը շշմեցրել էր ոչ միայն Հակոբիկին ու ներքին մողեսականին, այլև գրհրեշտակներին, որ քիչ էր մնում ցած ընկնեին ջահից. իսկ նախկին քարտուղարուհին շարունակում էր։

          -Անցնեմ գաղտնի տեղեկատվությանը։ Վերջին երեք տարիներին շրջանառությունից դուրս են հանվել հազար երկու հարյուր յոթ անուն գիրք, դրանց թվայնացրած տարբերակները ոչնչացվել են, մնացորդային պոչերը որոնվում են։ Հայտնաբերվել, գնվել ու պահպանվում են յոթ հարյուր հիսուն օրինակ հնատիպ գրիք՝ մեկ միլիոն եվրո ընդհանուր արժեքով։ Համացանցում բացվել են հազար հիսուն էլեկտրոնային գրադարաններ՝ միայն դետեկտիվ ու սիրային գրքերով։ Գնվել ու դատարկվել են երեսունհինգ գրադարանների շենքեր…

          Նախկին քարտուղարուհին հատուկ շեշտադրությամբ էր ներկայացնում գաղտնի տեղեկատվությունը՝ հույս ունենալով, որ դրա շնորհիվ կպահպանի աշխատատեղը, սակայն ներքին մողեսականը գլխի ընկավ ու կտրուկ ընդհատեց միաչքանուն։

          -Ձեր հաշվետվությունն ընդունված է, մնացածը ինքս կկարդամ. ազատման դիմումներն ընդունում եմ, ու բոլորիդ էլ աշխատանքի եմ ընդունում փորձնական վեց ամիս ժամկետով, նախկին աշխատավարձի մեկ երրորդով,- միանգամից բոլորին դիմեց ներքինը,- ազատ եք։

          Աշխատակիցների՝ շարքով ու համաքայլ դուրս գալուց հետո դիմեց Հակոբիկին:

          «Դե, հաշվիր, թե ինչքա՞ն փող խնայեցինք… կարող ենք Փորինեիդ երկու պաշտոն տալ…- ակամա լսածը մոռացնել տալու հույսով տղային ամենից շատ հետաքրքրող թեմային անցավ ներքինը»։

          «Փորինեի՜ն… պիտի գնա՜նք… գտնե՜նք…»:

          «Իսկ հեռախոսներն արդեն վերացե՞լ են…»:

          «Համարը չունեմ»։

          «Ես արդեն հրավիրել եմ. երկու րոպեից կգա, իսկ դու նախապատրաստվիր։ Գրասեղանի աջ դարակում կգտնես սանր, հայելի, սիրային ֆերոմոններով հագեցված օդեկոլոն[iii], հավայան սիգար, մի շիշ իմ սիրած «ԱԼԵՔՍԱՆԴՐ» կոնյակ՝ վերջում խմելու համար, ու երկու բաժակ»։

          Հակոբիկը նախ և առաջ ձեռքը տարավ օդեկոլոնին, ու գրհրեշտակները, կանխատեսելով գլխներին գալիքը, արագորեն դուրս թռան փակ պատուհաններից։

          -Ա՛յ, ա՛յ, ա՛յ,- առաջինն արտահայտվեց քերոլածինը, հենց որ հայտնվեցին անվտանգ գոտում,- մեր խեղճ-բանտարկված եղբայրներ. տեսնո՞ւմ ես, որ առանց Արտոյի գլուխ չենք հանի։

          -Հիմա հասկանո՜ւմ եմ, թե ուր է կորել հեղինակիս գրած տասներորդ գիրքն անդրաշխարհի մասին,- անձնական խնդրով էր ծանրաբեռնված հերոդոտածինը,- մենք պիտի ազատե՛նք բոլորին… ու վերականգնենք կորածները…

          -Կարծում եմ՝ էստեղ էլ գործ չունենք…

Տասնմեկերորդ գլուխ

Արտաշեսը հոգնեց նստել-սպասելուց ու պառկեց գրապահարանին. այնպես որ, երբ գրհրեշտակները հայտնվեցին իր մարմնի գլխավերևում, ինքը դուրս էր նրանց տեսադաշտից։

          -Մենք ի՞նչ ենք ուզում այս տղայից,- պատրաստվելով ներխուժել Արտոյի մեջ՝ փորձում էր ընկերոջ հետ իրենց անելիքը ճշտել քերոլածինը,- ի՞նչ գործողությունների պիտի պատրաստենք նրան։

          -Ինչ-որ մեկը պիտի՞ ազատի մեր գերված եղբայրներին,- իր կարծիքն էր պարտադրում հերոդոտածինը,- կոնկրետ գործողություններ, միայն կոնկրետ գործողություններ, որ մենք անկարո՛ղ ենք անել…

          -Ուրեմն արագորեն կսովորեցնենք արևելյան ինքնապաշտպանության ձևերն ու Սուն-ցզիի պատերազմի արվեստը[iv]։

          -Չմոռանանք փականները բացելու արհեստը,- ավելացրեց հերոդոտածինը, որ եղբայրներին ազատելու սեփական ծրագիրն էր մտմտում՝ առանց նկատելի բախման ու պատերազմի։

          -Մտնենք,- կանչեց քերոլածինը, ու ամեն մեկը մի ականջից հայտնվեցին Արտոյի ծուղակում։ Սկզբում, առանց իրավիճակը հասկանալու, առաջ էին սլանում, իսկ երբ հասկացան գլխներին եկածը, արդեն հեռացել էին եռաչափ լաբիրինթոսի մուտքից։

          -Էս ո՞ւր եմ ընկել…- առաջինը բղավեց քերոլածինը։

          -Ես էլ եմ մոլորվեեե՜լ…- թվացյալ հեռվից խուլ արձագանքեց հերոդոտածինի ձայնը։

          -Մեղոսը մեզ որսա՜ց,- շտապեց եզրահանգել քերոլածինը։

          -Աստվածները չանեն, որ այդպես լինի,- աղերսեց հերոդոտածինը։

          Արտոն այդ ընթացքում տեղավորվել էր բազկաթոռի գլխավերևին ու լսում էր գրհրեշտակների երկխոսությունը։

          -Դու գիտե՞ս, թե ինչպես են դուրս գալիս աստրալ լաբիրինթոսից,- վերջապես կարողացավ տիրապետել իրեն քերոլածինը։

          -Հեղինակս իր երկրորդ ինիցիացիայի ժամանակ կարծեմ անցել է նման մի փորձություն, բայց դա շատ վաղուց էր, հետո էլ՝ նման բաների մասին չեն գրում… գուցե դո՞ւ գտնես ազատվելու ձևը՝ պարոն Քերոլլի մաթեմատիկական հավասարումների շնորհիվ[v]։

          -Այն ժամանակ, գրքումս… ես պարզապես արթնացա… մարմին ունեի… հիմա ինչի՞ մեջ արթնանամ…- քիչ էր մնում արտասվեր քերոլածինը։

          Հասկանալով, որ իրեն հետապնդող էակներն անվտանգ են, Արտոն միջամտեց։

          -Իսկ հիմա հանդարտվեք ու ի՛նձ լսեք,- նրա խոսքն արձագանքելով ուղեղի ծալքերի սկզբունքով կառուցված լաբիրինթոսի պատերից՝ հնչեց ինչպես աստվածային հորդոր,- Ձեզ ոչինչ չի սպառնում, բայց պիտի անկեղծ լինեք՝ ովքե՞ր եք և ի՞նչ եք ուզում ինձնից։

          Գրհրեշտակները անսպասելիությունից լռեցին, հետո ամեն ինչ հասկանալով՝ երկուսով միասին գոռացին.

          -Մենք ամե՛ն ինչ կպատմենք… միայն ազատի՜ր մեզ։

          Ճիշտ այդ ժամանակ, լսելով կանացի եղունգների ռիթմիկ կտկտոցները գրասենյակի դռանը, ներքին մողեսականն ու Հակոբիկը միաժամանակ գոռացին՝ մտե՛ք։

          Դուռը սովորականից երկու անգամ դանդաղ բացվեց, ու աստիճանաբար գրասենյակ մտավ… սև ցանցագուլպաներով կաղապարված ոտքերի միայն վերևի մի քանի սանտիմետրը ծածկող՝ ալա Շանել հասարակ շրջազգեստով մի գայթակղիչ էակ։ Հակոբիկը դեռ չէր կարողացել հայացքը ոտքերից կտրել, երբ կինը դուռը ծածկելու պատրվակով շրջվեց՝ ցուցադրելով ոտքերից վեր կանգնած կլորիկ հետույքը։ Հակոբիկը կարող էր ժամերով նայել դրան, սակայն գայթակղակինը դանդաղորեն շրջվեց ու մարմնի մի ալիքաձև շարժումով տղայի հայացքը փոխադրեց կոկիկ-կլորիկ կրծքերին, որոնց միայն երկու երրորդն էր դուրս եկել հագուստի երիզից։

          -Աաա՜հ,- դուրս թռավ Հակոբիկի բերանից, ու նոր միայն կարողացավ նայել դեմքին։ Հավանաբար մի քանի րոպե էլ կենտրոնացած մնար ուռուցիկ շրթունքների վրա, եթե դրանք, դանդաղորեն բացվելով, է՛լ ավելի դանդաղ չարտասանեին.

          -Բարև, Հակոբի՜կ, իմ ասպե՜տ…

          Նոր միայն նայեց գետաձիու պես ուռած կոպերով աչքերին ու դրանց՝ ամեն ինչի համաձայն հայացքից ճանաչեց Փորինեին…

          «Ժամանակ մի՛ կորցրու, վե՛ր կաց ու վրա՛ տուր»,- փորձեց ղեկն իր ձեռքը վերցնել ներքին մողեսականը, սակայն արդեն ուշ էր։ Հակոբիկը դողացող քայլերով մոտենում էր Փորինեին, իսկ վերջինս, որպես համեստության նշան, հայացքը հատակին էր հառել։ Երկու քայլ հեռավորության վրա տղուկի ոտքերը քարացան, ու կոկորդն այնպես սեղմվեց, որ նույնիսկ ներքին մողեսականը չկարողացավ ոչինչ արտասանել։

          Նախաձեռնությունն իր վրա վերցրեց Փորինեն, ավելի ստույգ՝ նրա մեջ տեղավորված ներքին մողեսուհին. օրիորդն ինքն արեց այդ երկու քայլն ու իր կոկիկ մարմնին անհամապատասխան կոպտությամբ գրկեց Հակոբիկին։ Ներքին մողեսականների անդիմադրելի ճիգով երկուսի աչքերն էլ փակվեցին-սոսնձվեցին, սակայն նրանց հետագա կառավարումն անհնար դարձավ, քանի որ շրջանառվող ողջ արյունը իջել էր գոտկատեղից ցած, ու ներքինները թթվածնային սովից նարկոլոգիական քուն մտան։ Փորինեն ձեռքերի ճարպիկ շարժումով Հակոբիկին ազատեց բաճկոնից, վերնաշապկից ու տաբատից, և եթե աչքերը բացվեին, գուցե զարմանար-ընդարմանար՝ դիմացինի փոքրամարմին դառնալը նկատելով, եթե մի ակամա շարժումով Հակոբիկն էլ միանգամից չշորազրկեր աղջկան… Այդ պահից Փորինեն պինդ գրկել էր իր կրծքերի արանքում տեղավորված գլուխն ու համբուրում էր գագաթը, իսկ Հակոբիկը, իր ականջները աղջկա հսկայական կրծքերով փակած, փորձում էր փղամարմնի վրա շոշափելով գտնել քիչ առաջ տեսած փոքրիկ-կլորիկ հետույքը։ Մնացածն ինքներդ պատկերացրեք…

          Արտոն անէացրեց կիսանյութ լաբիրինթոսը և ուշադիր լսում էր իր անոգի մարմնի ուսերին թառած գրհրեշտակների պատմությունը. որևէ ձայն չէր հանում. իսկ երբ լռեցին, հանգիստ ասաց.

          -Ես այդ ամենը կարող եմ ստուգել…

          -Խնդրե՛մ…

          -Խնդրե՜մ…

          Միաժամանակ ու անկեղծորեն դուրս թռավ երկուսի էլ փակ բերաններից։

          -… Բայց ժամանակ չկորցնելու համար պարզապես կհավատամ։ Հիմա թույլ տվեք հագնեմ մարմինս, ու փորձենք ինչ-որ բան գտնել համացանցում… Իսկ մինչ այդ… գուցե ծանոթանա՞նք։

          -Մենք քեզ ճանաչում ենք. դու Արտաշեսն ես…

          -Իսկ Ձե՞ր անունները… երեկ դո՞ւք էիք երազս մտել… եթե անուններդ իմանայի, կզրուցեինք։

          -Գրադարանային հրեշտակներն անուն չե՛ն ու-նե-նում,- ընդվզեց քերոլածինը։

          -Անունները փառամոլ մարդկանց համա՛ր են, որ «հի՛շ-վեն» ապագայում,- դիմադրեց հերոդոտածինը։

          -Իսկ սովորական հրեշտակներն անուններ ունե՛ն, և էն էլ՝ ամեն մեկը մի քանիսը,-հակառակեց Արտոն,- ապագան էլ՝ միայն մարդկանցը չէ:

Մի պահ դադար տվեց ու տեսնելով, որ գրհրեշտակներն այլևս չեն վիճում, շարունակեց.

-Ուրեմն էսպե՛ս… դու աղջնակի ես նման ու Քերոլի գրքից ես ծնվել. անունդ Քերի կդնեմ: Իսկ դու Հերոդոտոսի զավակն ես, ու քեզ Հերո՛ կկանչեմ…

          -Լավ, համաձայն ենք,- երկուսի փոխարեն պատասխանեց Հերոն,- իսկ հիմա մտիր մարմնիդ մեջ ու գործի անցիր…

          Գրհրեշտակները թերահավատությամբ թառեցին սեղանին՝ մոնիտորի դիմաց, ու սկսեցին հետևել սեփական մարմինը դանդաղորեն կենսունակ դարձնող տղային. երբ աչքերը բացվեցին, կարծեցին, թե իրենց այլևս չի տեսնի, ու հանգիստ շունչ քաշեցին։ Իսկ Արտոն, վերագրելով դա նրանց հուզվածությանը, բացատրություն տվեց.

          «Առանց մարմնի՝ զգացողություններս շատ ավելի հաճելի են…»:

          «Մենք գիտենք,- սեթևեթանքով ընդհատեց նրան Քերին,- մեր գրքերի սահմաններից դուրս մենք էլ շատ ավելի ազատ ու բազմիմաստ ենք…»:

          «Իրականությունն է՛լ ավելի հարուստ է…,- ավելացրեց Հերոն,- դու հիմա է՞լ էս տեսնում մեզ»։

          «Արդեն, քանի որ գիտեմ, այո՛, կիսաթափանց եք, բայց հստակ»։

          Երկուսն էլ մի տեսակ ճնշված զգացին իրենց. նեղվում էին, որ բացահայտ են ու ստիպված են ենթարկվել տղային։

          Արտոն այդ ընթացքում որոնման պատուհանում գրեց «Մեղոս Վեցերորդ, գրքերի հավաքում ու կոտորած» բառերը՝ առանց որևէ ակնկալիքի։ Սակայն մի քանի վայրկյանից մոնիտորը լցվեց բազմաթիվ կայքերի հասցեներով… Յոթ հարյուր իննսունյոթ կայք… ինչ-որ բան ունեին ասելու սրանց մասին։ Աշխարհի տարբեր ծայրերից համարյա նույն բանն էին պատմում տարբեր գրադարանավարներ ու ընթերցասերներ, գրողներ ու հրատարակիչներ. սակայն երբ համեմատելու համար փորձում էր վերադառնալ որևէ կայք, համակարգիչը տեղեկացնում էր, որ այն անհասանելի է։ Դրանց փոխարեն՝ նոր որոնումը բերում էր նոր հասցեներ, իսկ հներն անհետանում էին։ Արտոյի աչքի առաջ ծավալվել էր մի համաինտերնետային պատերազմ, որում մրցում էին նույն բանը ասող կայքերը՝ իրենց ծնվելու արագությամբ, և ինչ-որ մի անտեսանելի ձեռք, որն արագորեն, բավական էր մեկ անգամ բացվեին, սպանում-ոչնչացնում էր դրանց։ Հենց միայն սա համոզեց Արտոյին, որ խնդիրը լուրջ է, և ինքը  ինքնագործունեություն չպիտի ծավալի։ Դադարեցրեց որոնումները, մտավ աստրալ թռիչքների նախընտրած չատն ու մտահոգ դեմքով մեկնվեց բազկաթոռին։

          «Դե, ի՞նչ, ինչ-որ բան գտա՞ր,- աղջկական անհամբերությամբ հարցրեց քերոլածինը»։

          «Պատմի՛ր մեզ,- հերոսավարի հրամայեց Հերոն»։

          «Իսկ դուք կարդալ չգիտե՞ք»։

          «Կարդալ գիտենք, բայց միայն թղթից,- խոստովանեց Քերին իմիջիայլոց, որպեսզի իր խնդրանքի ուժը չպակասի»։

          «Պատմեմ,- մտահոգությունն այնքան էր լրջացրել Արտոյին, որ չցանկացավ շեղվել,- կարճ ասեմ էականը։ Մի խումբ, հավանաբար մի հսկա խումբ մարդիկ ամբողջ աշխարհում գրադարաններից ու գրախանութներից հավաքում ու թաքցնում են բազմաթիվ գրքեր՝ ազատված տեղերը լրացնելով նույնանուններով, որոնք կա՛մ բոլորովին այլ են, կա՛մ այնքան են կարճեցված, որ կորցրել են իրենց իմաստն ու բովանդակությունը… սակայն սա ամենից սարսափելին չէ։ Միշտ էլ կարելի կլինի վերականգնել դրանք, քանի դեռ ձևաձևավորող կաղապարների նոոսֆերայում[vi], կամ ինչպես մինչ գիտականացնելն էին ասում՝ Ակաշիի գրադարանում[vii] դրանք կենդանի են… Ճշմարտությունն ու արժեքավոր գաղափարները չեն կարող առանց արտահայտվելու մնալ, որքան էլ թաքցնես… երկրային ոչ մի գաղտնիք, եթե «երկնքում» հայտնվել է դրա պատասխանը, գաղտնիք չի մնա… առայժմ միայն խեղաթյուրելն է հաջողություն բերել իսկության տեր-թշնամիներին…»:

          «Ու ինչն է փոխվել հիմա,- անհամբերությունից քիչ մնաց պայթի Հերոն»։

          «Իսկ հիմա… աշխարհում, գուցե պատահմամբ, մի նոր, կիսագաղտնի կիսազենք է հայտնվել՝ իոնոսֆերայի ավրորալ, բարձր հաճախականության ճառագայթիչ, HAARP[viii] կոչվող ծրագրի ներքո, որի գործարկումը… ես ոչինչ չեմ պնդում… որպես կողմնակի արդյունք… կարող է ոչնչացնել նոոսֆերան ու դրանում պարփակված՝ մարդկության ամբողջ հիշողությունը…»:

          «Աաա՜,- հանկարծ հիստերիայի մեջ ընկավ Քերին,- ուրեմն մե՛նք էլ կմեռնենք, երբ գործարկեն…»:

          «Դա իմա՛ստ կունենա,- փորձեց հանգստացնել գրհրեշտակներին,- միայն, երբ բոլոր խելոք գրքերն ու դրանք գրողները ոչնչացված լինեն… իսկ առայժմ, ձևաձևավորող կաղապարների աղավաղման հետևանքով, կենդանատեսակներն են իրար խառնվում՝ արծվագլուխ  գետաձիեր են ծնվում կամ մարդագլուխ ոչխարներ»։

          «Խայտառակություն,- մեջ ընկավ Հերոն,- պատկերացրեք պատմագիտական դիսերտացիայի ու ծաղրավեպի միախառնուրդ…»:

          «Նման բաները դեռևս անվտանգ են,- չցանկացավ նյութից շեղվել Արտոն,- սակայն մի վտանգ էլ կա, որը դժվար կլինի գիտակցել… գուցե, ես ոչինչ հաստատ չգիտեմ ու չեմ պնդում… գուցե՝ իոնոսֆերայի[ix] ու նոոսֆերայի վրա միաժամանակ-համատարած ազդեցության հետևանքով… համաշխարհային ջրհեղեղ էլ սկսվի… կամ՝ համարյա համաշխարհային, ինչպես մի քանի հազարամյակ առաջ»[x]։

          «Ինչպե՞ս,- գիտունիկի տեսք ընդունեց հերոդոտածինը,- կա՛պը չեմ գտնում…»:

          «Կապը… ժամանակակից ակադեմիական գիտության շրջանակներում, որն ընդունված է, դժվար էլ գտնես։ Մոտավորապես ասեմ իմ կարծիքը։ Աշխարհում ամեն ինչի մեջ քիչ կամ շատ ջուր կա, որ կապված է  բազմատեսակ նյութերի ձևերում։ Եթե ձևաձևավորող՝ մորֆոգեն[xi] դաշտերը զրոյացվեն, այդ ջուրը, գուցե, ազատվի ու դրա քանակը բազմապատկվի… իբր ոչնչից… չգիտեմ… գուցե այսպես…»:

          «Եթե բանը ջրհեղեղին է վերաբերում,- մեջ ընկավ Քերին,- մենք դրա մեծագույն մասնագետն ունենք… Միտին՝ Նոյյան ագռավը, որ հենց հիմա երկիր է վերադարձել ու մի գիրք է թելադրում ջրհեղեղի իրական պատմության մասին… Վահան Տեր-Ղազարյանին…»:[xii]

          «Գիրքը կարդացե՞լ ես,- իր թերահավատությունը ցուցաբերեց Հերոն»։

          «Դեռ չի տպվել… միայն հատվածներ՝ ամսագրերում… բայց…»:

          «Բավական է, դրա ժամանակը չէ, մենք իրական փաստեր էլ ունենք առաջներում կատարված նման բաների մասին,- փորձեց իր հեղինակությունը հաստատել հերոդոտածինը,- քանի՞ հարյուր տարի մարդիկ չէին կարողանում կարդալ եգիպտական, շումերական, ուրարտական ու էլի բազմաթիվ արձանագրություններ… քանի-քանի քաղաքակրթություններ են անհուշ կորել… կարծես գիտելիքների ինչ-որ մի սահման կա, որից այն կողմ մարդիկ չեն կարողանում անցնել… չմոռանանք ամենամեծ կորուստը՝ Ալեքսանդրիայի գրադարանը… մի՛շտ ինչ-որ մեկը օգնում է մոռանալ… կամ՝ թաքցնում է մարդկանցից… կամ…»:

          «Առաջ մի ընկիր,- մեջ ընկավ հուզված Քերին,- վաղ է հուղարկավորություն կազմակերպել՝ ըստ հին կանոնների ու սովորույթների[xiii],- ինչպե՞ս կարող ենք կանխել. հիմա սա է խնդիրը… ու գուցե Միտի ագռավը մեզ օգնի… հո պատահական չէ՞, որ հիմա՛ հայտնվեց ու հենց ա՛յս քաղաքում…»:

          «Ինձ թվում է,- ակադեմիական ոճով ու հնչերանգով շարունակելով՝ Հերոն շրջվեց դեպի Արտոն,- քո այդ համացանցը մի տեսակ… շատ դրամատիզացրեց եղելությունը… դրանում ավելին կա, քան պետք է՝ ճշմարտության որոնումներում չը՛խճճվելու համար… իսկ գուցե հատուկ է արված՝ ճշմարտությունը թաքցնելու նպատակով… չգիտեմ… կամ՝ մենք ենք տարբեր կերպ տեսնում իրականությունը…»: 

          «Դե… եկեք ամեն մեկս իր միջոցներով որոնի խնդրի լուծումը,- դատարկախոսություններից հոգնած՝ ասաց Արտոն ու շուռ եկավ դեպի համակարգիչը»։

          Մինչ խելքը գլխին ընթերցողն ինքն էլ գրքից դուրս կփորձի իրականության սեփական տեսլականը գտնել, անցնեմ պատմությանս մյուս ճյուղին։

          Հակոբիկն ու Փորինեն, երբ դեռ չէին վերականգնել արյան նորմալ շրջանառությունները, թուլացած փռվել իրենց հագուստներին՝ հատակի վրա, փակ կոպերով առաստաղին էին նայում։ Ներքին մողեսականները դեռ խելքի չէին եկել ու նրանց աչքերը բացելով՝ չէին խանգարում քիչ առաջ կրքերից բոցավառված զույգին։

          -Ուրիշ շորեր է՞լ ես ստացել,- իր համար անսովոր լրջությամբ ու տխրությամբ խոսեց Հակոբիկը։

          -Մի ամբողջ պահարան,- բանտում ծանրոց ստացածի ուրախությամբ պատասխանեց Փորինեն։

          Երկուսն էլ, ընդդեմ ամբողջաշխարհի, երջանիկ էին ու դրա շնորհիվ այլ կերպ էին տեսնում իրավիճակը, երկուսն էլ իրենց նույն թակարդն ընկած մկներ էին զգում, որ և՛ շնորհակալ էին թակարդից, և՛ սարսափում էին ապագայից։

          -Իսկ դու ինչպե՞ս… նախադասությունը կիսատ թողեց Հակոբիկը։

          -Ինձ խոստացան, որ այնպիսին կդառնամ, որ դու ինձ իսկապես կսիրես… 

          Այնքան զգալու-մտածելու բան ունեին, որ չէին էլ ուզում վեր կենալ-հագնվել՝ հին տեսքերը ստանալ։ Վերջին օրերին առաջին անգամն էր, որ Հակոբիկը չէր զգում ներքին մողեսականի կարիքը, նշանակություն չէր տալիս իր կարճահասակությանը, չէր ուզում ոչ մեկին, նույնիսկ կողքին պառկած Փորինեին, որևէ բանով զարմացնել։ Իսկ Փորինեն իր հաստ, բրդոտ ու անճոռնի մսագնդի տակից մի բոլորովին այլ, նրբազգաց ու գեղեցիկ մարմին էր զգում։ Դեռ չէր կարողանում կողմնորոշվել, թե դրանցից որն է իրենը։

          Երբ Ներքինները աստիճանաբար սկսեցին ընդարմանալ ածխածնային նարկոզից, իսկույն բացեցին զույգի աչքերը։

          Առաջինն ընդարմացավ Հակոբիկը։

          -Շուռ արի, հագնվեմ։

          -Դու էլ։

          Երկուսի ներսում էլ հագնվելու ընթացքում լիովին ուշքի եկան ներքին մողեսականներն ու չընկալելով, թե ի՞նչ են բաց թողել, արագորեն գրավեցին նրանց լեզվի, կոկորդի ու գիտակցության կառավարումը։ Առաջինը, որպես իսկական տղամարդ, խոսեց Հակոբիկինը։

          -Ո՜վ գեղատեսիլ օրիորդ,- ես ամեն ինչ կանեմ, որպեսզի Դուք միշտ այսպես գեղեցիկ լինեք ու չբացակայեք իմ կողքից։ Այդ իսկ պատճառով վաղվանից կգրավեք Գրքասերների միության գործավարի, քարտուղարուհու և քարտուղարի պատվավոր պաշտոնները։

          -Ո՜վ իմ թիկնեղ ասպետ,- ետ չմնաց Փորինեի ներքին մողեսուհին,- ես միայն Ձեր կողքի՛ն երջանիկ կլինեմ։

          Նրանց թախծոտ, իրականությանը առաջին անգամ ծանոթացած հայացքներն ուղղվեցին միմյանց, ու ներքին մողեսականները չզգացին էլ, որ նրանց անգիտակցականները բոլորովին այլ զգացումներ ունեին։

          -Վաղվանից սպասում եմ Ձեզ,- հանդիսավոր հավելեց Հակոբիկի ներքին մողեսականը:

Իսկ ինչ-որ այլ, աննկատ մեկն ասաց՝ առանց բառերի ու խորը մտքում.  «Կուզենայի չբաժանվել, բայց երևի չի ստացվի… կփորձեմ դիմանալ մինչ վաղը»։

          -Ես Ձեզնից շուտ կգամ ու ամեն ինչ կնախապատրաստեմ,- խոսեց ներքին մողեսուհին:

Իսկ առանց բառերի խոսողն ավելացրեց. «Միայն քեզ համար վաղը կարմիր շրջազգեստը կհագնեմ, միայն քե՛զ համար…»: 

          -Ցտեսություն,- ասաց Հակոբիկը:

Իսկ առանց բառերի խոսողն ավելացրեց. «Ես ամեն ինչ կանեմ, որպեսզի դու, երբ ցանկանաս, ինչ շոր ցանկանաս, կարողանաս հագնել…»:

Շարունակելի


[i] Աստրալ թռիչքը մարդու մարմնից նրա գիտակցության դուրս գալու և ինքնուրույնաբար գոյատևելու եղանակներից մեկն է, որ լայն տարածում է գտել մեր ժամանակներում։ Նախորդ դարերում այդ տեխնիկան համարվում էր խիստ գաղտնի ու իրագործվում էր միայն գաղտնի կազմակերպություններում, մասսոնական լոժաներում ու որոշ կրոններում։ Ա.թ.-ն հիշատակվում է դեռ հին աշխարհում. այն կազմում էր միստերիաների գաղտնի մասը։ Այսօր աշխարհում գործում են բազմաթիվ աշխարհիկ դպրոցներ, որոնցում մարզչի ղեկավարությամբ իրագործվում է «մարմնից դուրս գալու գործընթացը»։ Ա.թ.-ն բազմաստիճան է։ Բարձր աստիճաններում մարդը հնարավորություն է ստանում ոչ միայն իրական ու աստրալ աշխարհներում շրջագայել, այլև կարողանում է ծանոթանալ Ակաշիին՝ անցյալի ու ապագայի մասին ամեն ինչ պարունակող գրադարանին. առաջին աստիճանում իր աստրալ մարմնով ճամփորդողը չի հեռանում ֆիզիկական աշխարհից, այցելում է երկրագնդի ցանկացած վայր, անցնում է ֆիզիկական պատերի միջով ու վերադառնում։ Դրա իրական լինելը փորձելու համար սովորաբար խնդրում են ընկերներից մեկին, առանց նայելու, որևէ բարձր տեղ դնել մի քանի խաղաքարտ։ Մարմին վերադառնալուց հետո ճամփորդը ընկերոջը խնդրում է նայել դրված քարտերին ու ներկայացնում է իր տեսածը. եթե համընկնում է, աստրալ ճամփորդությունը համարվում է իրագործված։ Այս ֆենոմենը միայն վերջին քսանամյակում է ենթարկվում գիտական բացահայտ ուսումնասիրությունների, սակայն տեղեկություններ կան, որ որոշ բանակներ (ԱՄՆ) արդեն ունեն աստրալ հետախուզության ստորաբաժանումներ։

[ii]  Քվանտային ֆիզիկան համարվում է ժամանակակից մոգության տեսության ամենագլխավոր բաղկացուցիչը։ Հետաքրքրական է, որ մոգության որոշ դպրոցներ ֆիզիկայի այս ճյուղի առաջացումից շատ առաջ աշխարհն ու իրենց գործողությունները բացատրում էին հենց այս գիտությանը բնորոշ եղանակով ու հասկացողություններով (դաոսիզմ, ամերիկյան նագվալներ և այլն)։

[iii] Նման ֆերոմոններով հագեցած օծանելիքները լայն տարածում գտան վերջին քսանամյակում և նպատակ են ունեն գրավելու հակառակ սեռի ուշադրությունը։

[iv] Նշված գիրքը համարվում է պատերազմի ստրատեգիայի մասին հնագույն ու լավագույն աշխատությունը, որ գրվել է մ.թ.ա. հինգերորդ դարում։ Հաջորդ դարերում այն լրացվել է մեկնաբանություններով, սակայն մինչ օրս էլ չի կորցրել իր ռազմավարական նշանակությունը։

[v] «Ալիսան հրաշքների աշխարհում» վեպի հեղինակը տաղանդավոր մաթեմատիկոս էր ու իր վիպակի հիմքում դրել է հենց մաթեմատիկական տրամաբանության որոշ սկզբունքներ, որոնք սովորաբար չեն համընկնում իրականության հետ։

[vi] Նոոսֆերա տերմինը առաջինը օգտագործել է Վերնադսկին՝ որպես համաերկրային բանականության դաշտ։ Ձևաձևավորող դաշտերը (մորֆոգեն դաշտեր) տերմին է, որ ֆիզիկա է անցել կենսաբանությունից. դրանք բույսերին ձև տվող ֆիզիկական դաշտերն են, որոնք դուրս են բույսի գեներից։ Ռուպերտ Շելդրեյքի մեկնաբանմամբ՝ մորֆոգեն դաշտերը, ընդհանրապես, նյութին ձև տվող դաշտերն են ու մասնակցում են նաև բյուրեղների կազմավորման գործընթացին, ինչը ապացուցված է գիտափորձերով ու բյուրեղաճեցման պրակտիկայով։ Հնարավոր է համարվում, որ ամեն մարդ իր կյանքի ընթացքում կերտում է բազմահազար մորֆոգեն դաշտեր, որոնք շարունակում են իրենց գոյությունը նաև նրա մահվանից հետո։ Այդ դաշտերի հետ շփումը տպավորություն է ստեղծում, թե դուք ապրել եք այդ կյանքն ու այժմ միայն վերամարմնավորվել եք։

[vii] Ակաշիի գրադարանը երկնային գրադարան է Բուդդիզմի ուսմունքում. այն իր մեջ է ներառում երկրի վրա ապրած ու ապրելիք մարդկանց մորֆոգեն դաշտերը, ինչպես նաև կատարված ու կատարվելիք իրադարձությունների մասին տեղեկություններ՝ շնորհիվ դրանց։ Դրանում կա ցանկացած միտք ու գաղափար, որ երբևէ առաջացել է Երկրում։

[viii] HAARP- High Frequency Activ Auroral Research Program- բարձր հաճախականության ավրորալ ճառագայթումների ուսումնասիրության ծրագիր։ Իոնոսֆերայի ավրորալ ճառագայթումն ու դրա հետևանքների ուսումնասիրությունը սկսվել է անցյալ դարի յոթանասունականներից, սակայն դրանց ճառագայթիչներից ոչ մեկը չի ունեցել ՀԱԱՐՓ-ի հզորությունը։ Գիտնականները պնդում են, որ նման ճառագայթման միջոցով հնարավոր է առաջացնել եղանակի մասշտաբային փոփոխություններ, խափանել ռադիոկապը մեծ տարածքներում, շարքից հանել էլեկտրոնային սարքավորումները, ոչնչացնել հակառակորդի հրթիռներն ու ինքնաթիռները, հայտնաբերել ստորջրյա նավերը և այլն։ Այլ կերպ ասած՝ այս ծրագիրն ունի ռազմական նշանակություն ու ֆինանսավորվում է զինվորականների կողմից։ Սակայն խնդիրն այն է, որ դեռևս լավ չեն ուսումնասիրվել այս ճառագայթման բոլոր հետևանքները, առանձնապես դրանց ազդեցությունը մորֆոգեն՝  ձևաձևավորող դաշտերի վրա։

[ix] Իոնոսֆերան  մթնոլորտի վեին շերտն է, որ պարունակում է մեծ քանակությամբ իոններ և ազատ էլեկտրոններ:

[x] Նկատի ունի Աստվածաշնչում ու այլ հին գրքերում նկարագրված Համաշխարհային ջրհեղեղը, որի ընթացքում երկրագունդը հեղեղող ջրի քանակը շատ ավելին էր, քա  կա Երկրի վրա։ Ըստ որում՝ ջրի քանակը դրանից հետո երկրի վրա միայն ավելացել է  երկնային սառցեքարերի հաշվին, որոնք անընդհատ ռմբակոծում են մեր մոլորակը։ Աստվածաշնչում ջրի մեծ քանակը բացատրվում է նրանով, որ Երկիր էին բարձրացել ստորերկրյա ջրերը։

[xi] Տե՛ս երրորդ բացատրությունը կամ կարդա՛ Ռուպերտ Շելդրեյքի գրքերը։

[xii] Վահան Տեր-Ղազարյանի այդ վեպը դեռևս ամբողջովին չի տպագրվել, սակայն դրա հատվածները պարբերաբար տպվում են։ Միտի ագռավը աստվածաշնչյան Նոյի ագռավն է, որ երկիր է իջել՝ մարդկանց ջրհեղեղի իրական պատմությունը ներկայացնելու համար։

[xiii] Նկատի ունի Հերոդոտոսի՝ բոլոր ժողովուրդների թաղման արարողությունների սովորությունները ներկայացնելու հակումը:

No Comments

Leave a Reply