ԳրաԴաշտ Շուշանիկ Թամրազյան

Վերադարձ

18.10.2021

Վերջին ամիսներին կորուստները դարձել են այնքան օրինաչափ, որ զարմանքը, ցնցումը վերածվել են հազվագյուտ ապրումի: 

Բայց Վանո Սիրադեղյանի մահվան լուրը՝ այնքան անսպասելի ու անհեթեթ, ստիպեց, որ ընթացքը կանգ առնի: Կանգ առնի՝ ի հեճուկս անխափանության իր պատրանքի, անսայթաքության խաբկանքների, որ լցնում են լրահոսը, ժպտում մեզ պաշտոնական «իրականության» կեղծ, հղկված ժպիտով: 

…Վանո Սիրադեղյանի վերադարձի առջև ժամանակը ուժ չուներ: Ես ինքս երկու օր առաջ եմ առաջին անգամ ստիպված եղել հաշվել՝ արդեն քանի տարի ենք ես ու քույրերս սպասում Վանոյի վերադարձին՝ որպես անխուսափելի մի իրողության: Ու հանկարծ լրահոս սպրդած «75» թիվը թվաց անհեթեթ ու անհավանական, պարզապես տգեղ: Իմ ու քույրերիս, հարազատներիս հուշերում ու մտապատկերներում Վանո Սիրադեղյանը միշտ երիտասարդ է՝ հպարտ ու առինքնող իր հերոսների նման: Իդեալականացնելու կարիք չկա, պարզապես տևողությունը փոշիանում է կենսական էներգիայի, խտության այդ տարերային հոսքի առջև՝ տիրական ու առինքնող: 

Էներգիա, որ վերջին տարիներին կարող էր հորդել մի պատկերի, երբևէ ասված մի արտահայտության շնորհով: «Վելիկոռուսական բթամտություն», ու միանգամից ամեն ինչ պայծառանում էր, դառնում էր իրական ու հարազատ մեր շուրջ… Ուժեղ, շիտակ, փայլուն ու ինքնաբուխ այդ ներկայության զգացողությունը: Ու նաև Ժամանակի, Պատմության դեմքը՝ միանշանակ ու վերընթաց, երբ «մենք»-ը լցնում էր ամայությունը: Լցնում էր պայծառությամբ:

Դիլիջանի ճերմակ մեր պատշգամբը, հեռախոսի հին ընկալուչը՝ գրքային իր նախշերով, պապիկիս որոտացող սրախոսությունները՝ միջանցքից, հայրիկիս երիտասարդ ընկերների զվարթ ամբարտավանությունը, մենք՝ երեխաներս, ուրախացած, կախարդված, միջանցքում ու սենյակներում: Այցելությունները Դիլիջան ու Աչաջուր, «Վանոյի տոնածառը», որի կատարը հասնում էր մեր առաստաղին, ուրախացած, շփոթված մեր ճիչերը… Պայծառ մեր հայացքները, որ պատմությանը նայում էին տիրոջ իրավունքով: 

Ու նաև անսպասելիորեն, լուսանցքներում՝ Գառ ախպերիկի լռությունը, որ կարող էր տարիներ լցնել: Սիրելի հերոսների՝ Եսթերի ու Թերեզի ուրվագծերը՝ զարմանալի նուրբ ու խոր: Այո, ինձ համար նաև հայացքի զարմանալի նրբությունը այնքան հատու ու սրընթաց այդ արձակում՝ սուր-սուր իր տողերով, որ լուռ ժխտումն էին գաղափարական ու ոճական կաղապարների, կանխատեսելի հանգույցների:

Վանո Սիրադեղյանի վերադարձը նշանակում էր Ժամանակը՝ ազատագրված բազմաձայնող իր ծամածռություններից, մեր Ժամանակը՝ վերադարձված մեզ: Վանոն կնայեր մեզ իր խոշոր աչքերի հարազատ, անխաբ հայացքով, ու կեղծիքի լերդացած պատյանը կփշրվեր: Ու Խոսքը կհնչեր, կլիներ բարձր: Ժամանակը կվերադառնար իր հուն…

Բայց փակվեց ևս մի դուռ, հանգավ Ժամանակի անկենդան մարմինը կենդանացնելու ևս մի հույս, ու մեզ է նայում ժամանակի հոգնած պաճուճապատանքը՝ դատարկ ու անկենդան իր հայացքով:  

18. 10. 2021
Շուշանիկ Թամրազյան

No Comments

Leave a Reply