ՄշակութաԳիծ Երաժշտություն Նանե

Վիկտոր Լեգենտով, Էդիթ Պիաֆ

06.09.2019

(Թատերգություն երկու գործողությամբ` ըստ Էդիթ Պիաֆի մասին հուշագրությունների)

Գործող անձինք

1. Էդիթ Պիաֆ

2. Լուի Լեպլե

3. Ռայմոն Ասսո

4. Մարսել Սերդան

Էդիթի շրջիկ թատերախումբը

1. Ժանին մարմնավորած կերպարները՝ Էդիթի մայր, կին, հյուրանոցի տիրուհի, սրճարանի տիրուհի

2. Կամիլ Ռիվո մարմնավորած կերպարները՝ 1-ին լրագրող, 1-ին ոստիկան, Լուի, Էդդի Կոնստանտին, Թեո Սարանո

3. Ժան մարմնավորած կերպարները՝ 2-րդ լրագրող, Գասսիոն, սրճարանի հաճախորդ, Ազնավուր, 3-րդ ոստիկան

4. Ժակ մարմնավորած կերպարները՝ 3-րդ լրագրող, տղամարդ, 2-րդ ոստիկան, Ալբեր, Սաշա Գիտրի, Իվ Մոնտան, Մարսել Բլիստեն

1-ին արար

(Բեմահարթակի վրա` տախտակամածին, հայտնվում է Էդիթին մարմնավորող դերասանուհին:  Նա մոտենում է սեղանին, վերցնում գրքերից մեկը, կարդում):

Էդիթ էդիթ Պիաֆ, Հիշողություններ:  «…Ես կմեռնեմ, և իմ մասին այնքան տարբեր բաներ կասվեն, որ ի վերջո, ոչ ոք այդպես էլ չի  հասկանա, թե ինչպիսին եմ եղել ես իրականում…» (Դերասանուհին մտքերի մեջ է սուզվում: Հետո նա մոտենում է  մյուս սեղանիկին, վերցնում գիրքը, կարդում):  Ցտեսությո՛ւն, Էդի՛թ…,-  Մարսել Բլիստեն, Հիշողություններ: «…Հենց նոր ես տեսա Էդիթին վերջին անգամ:  Գունատ, փոքրիկ, անշարժ պառկած էր նա իր հսկա մահճակալին: Ես երկար նայեցի նրան` շփոթված, քարացած վշտից:  Հնարավո՞ր է արդյոք, որ այս փխրուն էակը` փոքրիկ, տիկնիկի նման անկենդան դեմքով, այն ամենն է, ինչ մնացել է ամենամեծ ողբերգական էստրադային երգչուհուց: Ես նայում էի նուրբ գործվածքի մեջ թաղված այդ դեմքին և մտածում. «Մի՞թե այլևս երբեք չի հնչելու նրա զարմանահրաշ ձայնը»… (Հնչում է երաժշտություն: Դա «Պադամ, պադամ» երգն է: Եվ ահա մենք արդեն լսում ենք ձայնը. դա Էդիթ Պիաֆի ձայնն է: Դերասանուհին արագ վերցնում է լրագիրն ու կարդում): Էտրանսեժան, 1936 թվական, Փոքրիկ Պիաֆ — ժողովրդական պարահանդեսի թախծոտ և սանձարձակ հրեշտակ. «Ամեն բան նրա մեջ լի է արվարձանների շնչով… Բացառությամբ՝ 1900-ի ոճը հիշեցնող հագուստի: Մեր առջև են  հրաշքով վերածնված երգչուհի Կլոդինի սանրվածքը, ծալովի օձիքը, դպրոցական համազգեստի նմանվող սև զգեստը»: Ժան Կոկտո, Ֆրանսիական ակադեմիայի անդամ. «Նայեք այս փոքրիկ կնոջը, որի ձեռքերը մողեսներ են հիշեցնում: Նայեք նրա  բոնապարտյան ճակատին, նրա՝ ասես կույր աչքերին, որոնք հանկարծ սկսել են տեսնել: Ինչպե՞ս է նա երգելու: Ինչպե՞ս է իր մտքերն արտահայտելու այդ ընթացքում: Ինչպե՞ս են դուրս պրծնելու նրա նեղլիկ կրծքից գիշերվա հզոր հառաչներ»: (Թերթեր, ամսագրեր, գրքեր, հիշողություններ) …«Ես կմեռնեմ, և իմ մասին այնքան տարբեր բաներ կասվեն, որ ի վերջո, ոչ ոք այդպես էլ չի  հասկանա, թե ինչպիսին եմ եղել ես իրականում»: «Դե դա այնքան էլ կարևոր չէ՞»,- կասեք դուք: Այո՛, իհարկե: Բայց այդ միտքն ինձ հանգիստ չի տալիս: Ահա թե ինչու, քանի ուշ չէ, ես ուզում եմ ինքս պատմել իմ մասին՝ անգամ խայտառակ վեճ, իսկ գուցե խղճահարությու՞ն հարուցելու ռիսկով: Ինչ լինում է՝ լինի:

Պադա՛մ, պադա՛մ,- այս մեղեդին,

Որն ինձ հետապնդում է գիշեր ու զօր.

Այս մեղեդին այսօր չէ, որ հայտնվել է:

Այն նույնքան հեռվից է, որքան ես,

Հազար-հազարների կողմից հնչեցված:

Այս մեղեդին մի օր կխենթացնի ինձ.

Հարյուր անգամ ուզում եմ հարցնել` ինչու՞.

Այն հնչում է միշտ ինձնից առաջ,

Եվ նրա ձայնը ստվերում է ձայնը իմ…

Պադամ, պադամ, պադամ.

Նա վազում է` հալածելով ինձ.

Պադամ, պադամ, պադամ.

Այն կարծես պահանջում է` հիշի՛ր.

Պադամ, պադամ, պադամ…

Այս մեղեդին, որն իր մատն է համառ տնկել ինձ վրա,

Եվ ես քարշ եմ տալիս նրան իմ հետևից,

Ինչպես մի հին սխալ.

Այս մեղեդին, որ անգիր գիտեն բոլորը,

Հապա լսեք, թե ինչպիսի աղմուկ է բարձրացնում.

Ասես իմ ողջ անցյալն է սահում իմ կողքով,

Վիշտը թողնել է պետք, թողնել եկող օերին.

Ես ամբողջ մի թափոր վիշտ ունեմ այս մեղեդու համար,

Որը բաբախում է, բաբախում՝ որպես փայտյա սիրտ:

Պառկած եմ հիվանդանոցային մահճակալին և թելադրում եմ իմ հիշողությունները, որոնք խումբ-խումբ բարձրանում են, թափվում վրաս, շրջապատում, պարուրում ինձ: Անցյալն ինձ օրինակելի չի ներկայանում: Ես դեմքեր եմ տեսնում, բազում դեմքեր. ինչ-որ մարդիկ են իրար հրմշտում ու գոռում. «Ի՛նձ, ի՛նձ սկզբում»: Աստվա՛ծ իմ, որքան շատ են նրանք: Ի՜նչ բազմություն: Բայց նրանց կողքին ես տեսնում եմ մարդկանց, որոնք՝ որպես հավերժական ուղեկիցներ, եղել են իմ ողջ կյանքում:

(Հայտնվում է ակրոբատի կոստյումով մի մարդ: Դա Կամիլ Ռիվոն է):

Կամիլ Ես Կամիլ Ռիվոն եմ: (Գլխով ցույց է տալիս Էդիթին): Նա այն ժամանակ տասնվեց տարեկան էր:

 (Հայտնվում է մի աղջիկ. նա շրջիկ արտիստուհու վառվռուն զգեստով է: Դա Ժանինն է):

Ժանին Ողջո՛ւյն, Էդի՛թ: Այդ ես եմ` Ժանինը: Բարև՛, ընկերուհի՛ս: (Էդիթին ցույց է տալիս դատարկ գավաթը): Հիշո՞ւմ ես:

(Հայտնվում է Ժանը):

Էդիթ Աստվա՜ծ իմ, Ժա՜ն:

(Ժանը սուլում է և բազրիքով սահում ցած):

Ժան (Գոռում է): Ինչպե՞ս է կյանքը, Դիդո՛ւ:

Էդիթ Ժակ, Էրկիլ, Էլյուազյեն, Ֆրանսուա, Մարի, Էմանուիլ, Սավինյի դե Ժակ: Իմ ընկերներ: Ձեզ հետ եմ ես սկսել իմ ուղին: Ձեզ հետ էլ ուզում եմ այն ավարտել:

Երգերի փողոցը

Սա փողոցն է երգերի,

Սա փողոցն է խնդության,

Որտեղ ամեն մի տան մեջ,

Որտեղ առանց պատճառի

Ե՛վ երգում են ողջ ձայնով,

Ե՛վ բոլորն են երջանիկ.

Ե՛վ կանչերում արվարձանների

Ամեն մեկը կապույտ երկինքներ է տեսնում.

Այստեղ կհանդիպես անպատասխան սիրո.

Սիրում են մեկմեկու, չեն սիրում,

համբուրվում են, անցնում

երգելու համար միայն.

                        ահա բոլորը…

Բոլոր հուսահատներդ՝ դուք,

                        որ լալիս եք առանց պատճառի,

Որպեսզի երգել սովորեք,

Եկեք այստեղ` փողոցը երգերի:

Ես ծնվել եմ 1915 թվականի դեկտեմբերի 19-ին, Փարիզում՝ Բելվիլ փողոցում: Հայրս` Լուի Գասսիոնը, շրջիկ ակրոբատ էր: (Ժանը կերպավորում է հորը):Մայրս` Լին Մարսան, երգում էր սրճարանում՝ կատարելով այն ժամանակ տարածված կենցաղային երգեր: (Ժանինը կերպավորում է մորը):Շուտով՝ իմ ծննդից քիչ անց, նա լքում է մեզ, և մենք` հորս հետ, սկսում ենք թափառել աշխարհով մեկ:

(Հնչում է երաժշտություն: Այդ Կամիլն ու Ժակն են մանդոլինա և կիթառ նվագում):

Գասսիոն —  Կանգ առնենք այստեղ, գուցե հաջողվի ինչ-որ բան վաստակել:

Էդիթ — Հրապարակում, բիստրոյում կամ զորանոցային ճաշարանում, փռելով իր հին գորգը, հայրս մնջախաղեր ցուցադրում: (Գասսիոնը մնջախաղ է ներկայացնում): Սովորաբար ներկայացման վերջում, ցույց տալով ինձ, ասում էր…

Գասսիոն — Իսկ հիմա աղջիկը պնակով կանցնի ձեր կողքով: Հետո, ի նշան շնորհակալության, նա վտանգավոր թռիչք կկատարի:

Էդիթ Ես պնակով շրջում էի հանդիսականների շարքերում, բայց թռիչքը երբեք չէի կատարում: Իհարկե, մի անգամ, երբ շատ բողոքեցին, հայրս ասաց…

Գասսիոն — Դուք ի՞նչ է, ուզում եք, որ աղջիկը ձեր հաճույքի համար ջարդի՞  իր վիզը: Բայց քանի որ ես ճիշտ չվարվեցի և սխալմամբ հայտարարեցի նրա համարը, պետք է ասեմ ձեզ, որ դա նրա համար խաղ ու պար է, պարզապես այսօր աղջիկը դեռ չի կազդուրվել հարբուխից: Նա ձեզ համար միայն կերգի:

 Էդիթ Եվ իմ բարալիկ, դեռ չամրացած ձայնով ես երգում էի մի տուն՝ ինչ-որ պարզունակ երգից: (Հնչում է ֆրանսիական մի հին վալսի մեղեդի): Երկար ժամանակ կարծում էի, թե հայրիկ Գասսիոնն ինձ չի սիրում, բայց սխալվում էի: Մի անգամ Սանսում, որտեղ մենք իջևանել էինք էժանագին հյուրանոցի համարում, դուռը թակեցին: Ես խաղում էի տիկնիկիս հետ, հայրս սափրվում էր` ինձ վրա ուշադրություն չդարձնելով:

Գասսիոն Մտեք:

(Ամուսնական մի զույգ է հայտնվում, որին կերպավորում են Ժանինն ու Ժակը: Դրանք միջին տարիքի կին և տղամարդ են):

Տղամարդ Բարի օր, մսյո…

Գասսիոն Ինչո՞վ կարող եմ օգտակար լինել:

Տղամարդ Հասկանու՞մ եք, պարոն… Գասսիոն, եթե չեմ սխալվում… Սա ինչ-որ տեղ արտասովոր այցելություն է: Կինս և ես բավականություն ենք ունեցել երեկ տեսնելու Ձեզ՝ ձեր աղջկա հետ: Մենք նաև իմացել ենք, որ Դուք միայնակ եք:

Կին Այսինքն՝ աղջիկը մայր չունի:

Գասսիոն Հետո՞ ինչ:

Տղամարդ — Հասկանու՞մ եք, սա բավականին անսովոր գործ է, նույնիսկ չգիտեմ, թե ինչից սկսեմ: (Կինը խիստ նայում է տղամարդուն): Ահա հարյուր հազար ֆրանկի չեկ: Եթե դուք ցանկանում եք, վաղն ևեթ այն կփոխանցվի Ձեր անունով:

Կին Անշուշտ, մի պայմանով:

Գասսիոն Ի՞նչ պայման:

Կին Ձեր աղջկա դաստիարակությամբ զբաղվելու իրավունքի դիմաց:

Գասսիոն Ահա՜ թե ինչ: (Ծիծաղում է): Լսու՞մ ես, Դիդո՛ւ:

Էդիթ Լսում եմ, հայրի՛կ:

Տղամարդ Մտածե՛ք, մսյո:

Կին — Մենք ունևոր մարդիկ ենք, հիանալի հին տոհմից: Աղջկա համար մեզ մոտ լավ կլինի:

Տղամարդ Բերտա՛, աղջիկը մայր չունի:

Գասսիոն Նա նույնիսկ չափից ավելին ունի:

Տղամարդ Ձեզ չի բավարարում գումա՞րը, մսյո: Բայց այն մեր ժամանակներում հսկայական է:

Գասսիոն Կորեք գրողի ծոցը ձեր փողերով: Իսկ եթե ուզում եք երեխաներ ունենալ, ինքներդ դա արեք: Չէ՞ որ այնքան էլ դժվար բան չէ: (Նրբաճաշակ զույգը, հետ-հետ գնալով դեպի դուռը, անհետանում է): Ինչպե՞ս սրանք համարձակվեցին գալ ինձ մոտ: Թող որ ես չքավոր եմ, շրջիկ ակրոբատ, բայց արժանապատիվ մարդ եմ և երեխաներ չեմ վաճառում: (Գոռում է Էդիթի վրա): Ի՞նչ ես նստել, երգե՛րը սովորիր:

Էդիթ Ես խեղճ, դժբախտ եմ:

             Ես որբուկ եմ: (Լալիս է):

Գասսիոն Ձայնդ կտրի՛ր: Մայրդ քեզ լքել է, երբ դու երկու տարեկան էլ չկայիր: Գարշելի պոռնիկ: Չհամարձակվես հեկեկալ, լսու՞մ ես: Դե՞: Դե՛, դադարեցրո՛ւ… դե լռի՛ր, լսո՞ւմ ես: (Շշոյում է Էդիթի գլուխը): Ոչ ոքի, երբեք ես քեզ չեմ վաճառի:

Էդիթ Վերցրո՛ւ քո տիկնիկը: (Տիկնիկը շպրտում է հատակին): Այդ օրը ես հասկացա, որ հայրս սիրում է ինձ: Հայրի՜կ Գասսիոն, ես հիշում եմ քո վերջին րոպեները: Դու, որ միշտ ապրել էիր այնպես, ասես վաղվա օրը չի լինելու, քո նիհարած, սմքած դեմքը շրջելով դեպի ինձ, թույլ ձայնով ասացիր…

Գասսիոն Հողակտոր գնիր, Էդիթ: Երբ լավ ֆերմա կա, կարելի է հանգիստ ապրել և չվախենալ, որ շունչդ աղքատության մեջ կփչես:

Էդիթ Եվ, այնուամենայնիվ, ես թողեցի քեզ: Ես հեռացա՝ ձգտելով նմանվել քեզ, լինել լիովին ազատ:

                              Շարունակելի

Ռուսերեն բնագրից թարգմանեց Նանեն

Լուսանկարը՝ The telegraph-ից

No Comments

Leave a Reply