Վիլյամ Սարոյան. Աստվածաբանության ուսանողը
Թարգմանությունն անգլերենից՝ Վարդան Ֆերեշեթյանի
Աստվածաբանության ուսանողը սկսեց պատահել ինձ մոտավորապես քառորդ դար առաջ, ռուս գրողների պիեսներում։ Տոլստոյը, Դոստոևսկին, Չեխովը, Անդրեևը և Գորկին հազվադեպ էին իրենց պիեսներում զանց առնում աստվածաբանության ուսանողին։ Թվում էր, աստվածաբանության ուսանողը հենց հեղինակն է, որ շվարած, բայց հիացական հայացք է նետում իր ջահելությանը: Դա, իհարկե, լավ մարդ է, որ պիտի ունենաս ձեռքիդ տակ՝ երիտասարդ, նյարդային, դժգույն, հաճախ պզուկոտ, բնավ ոչ գեղեցիկ, ծիծաղելի ու խղճուկ, վատ հագնված, թեյի ծարավ, աստվածային խոսքով լեցուն, երկրային և սատանայական, այդուհանդերձ ունակ գործողությունն աշխուժացնելու, քանզի հոգով սատանա է։ Նա անընդհատ հուսահատ պայքարի մեջ է արատի հետ՝ աղջիկների հետ համբուրվելու անդիմադրելի մղման տեսքով, ինչը որ ամենևին չի ապշեցնում նրան և չի շփոթեցնում նրանց։ Այդ աղջիկներից ոմանք երեխաներ ունեն, ընդ որում՝ նրանից էլ մեծ։ Նա հատկապես այդ կանանց սրտով է իր անտաշությամբ, անփորձությամբ և անհմտությամբ, և ուրեմն՝ զվարճալի։ Ավելի շուտ խղճահարությունից, քան սիրուց, նրանք թույլ են տալիս նրանց ծանր շնչել իրենց գրկում, որպեսզի հետո հայտնաբերեն, որ նա ինքնասպանություն էր մտմտում։ Նրանց դեմքին հազալու նրա սովորությունը նրանց ստիպում է բացականչել․ «Ա՜խ, Ալեքսանդր Ալեքսանդրովիչ», ինչը որ նա սիրո արտահայտման տեղ է ընդունում։ Ընկերակցության մեջ նա տրտմորեն հայտնի է այն բանով, որ միշտ արտահայտվում է ամենաանհամապատասխան պահին, ինչպես նաև իրեն հնարավորինս վատ պահելու իր անզսպելի ձգտումով։ Եվ, այդուհանդերձ, նա պետք էր այդ դրամատուրգներին, չէ՞ որ նա, ինչպես և ոչ մեկը, կարող էր բացատրություններ տալ առ այն, թե ինչու է մարդկությունը դժբախտ։
Տոլստոյի աստվածաբանության ուսանողը մեղադրում է մարդկության բոլոր ձախորդությունների մեջ կանանց, երբեմն հասնելով այն բանին, որ մատնացույց է անում կնոջ մարմնի որոշակի մասերը, առ որոնց անկասելի հակումը խանգարում է մարդուն անմնացորդ նվիրաբերելու իրեն Աստծուն կամ գյուղատնտեսությանը ծառայելուն։ Տոլստոյի այլ պիեսներում աստվածաբանն ուրիշ պատճառներ է գտնում։ Ինչ-որ պիեսում մեղավոր էին երկաթուղիները՝ այն բանով, որ մարդկանց փախուստի են գայթակղում։ (Անշուշտ, կանանցից, թեպետ հեղինակը հիշատակում է լոկ արտասվող երեխաներին ու տեղի կառավարության անդամներին, որոնք ունակ չեն հաճախորդին գրկաբաց ընդունելու)։ Իսկ ևս մի պիեսում, ընդամենը մի գավաթ թեյ ըմպելով, աստվածաբանը գոչում է, որ մարդը գազան է, և այդ ամենը ստամոքսից է։ Եվ սկսում է հարցուփորձել ներկաներին, թե արդյոք նրանք չե՞ն նկատել, թե ինչ հաճախ ենք վերջերս սեղան նստում, թե որքան թանկարժեք ժամեր են կորչում այդ զբաղմունքի և այն ամենի վրա, ինչ նախորդում է դրան, և թե ինչ դժբախտություն է, երբ ստամոքսը լի է մսով, ցորենով, կանաչիով, պանրով, գինով ու ջրով։
Դոստոևսկու աստվածաբանության ուսանողը պնդում է, որ մարդը դժբախտ է, դե թեկուզ և այն բանից, որ հենց նրա ծնունդը արդեն նյարդային խանգարում է։ Սակայն ամենալավ աստվածաբանը Գորկունն է, որովհետև նա ատում է այն ամենը, ինչը մեր կյանքը դարձնում է խղճուկ ու չնչին, իսկ աշխարհի երեսին չկա ոչինչ, որ մեր կյանքն այդպիսին չդարձնի։
Բնական է, որ այնուհետև նա փորձում է ամեն ինչում մեղադրել Աստծուն, այնժամ, երբ Գորկու մյուս կողմը, մարմնավորված այլ հերոսի՝ վաթսունամյա մի տխրահռչակ մսխիչի մեջ, որը վերջերս ծայրեծայր մի գիրք էր կարդացել՝ ահա ուրեմն այդ տիպը հարձակումներով է հանդես գալիս կառավարության դեմ, մեղադրելով նրան իր այժմյան տարիքի, քայքայված առողջության համար, և խորիմաստ դիտարկում է անում առ այն, որ չէ՞ որ մի ժամանակ ինքը երեսուն տարեկան էր։ Դե ոչ, նույնիսկ քսան։ Իսկ հիմա՞։ Իսկ հիմա նա հին սև հովանոցով ծեր վատշվեր մեկն է։ (Ընդ որում՝ բազմանշանակ հայացքներ է նետում տասնութամյա Տատյանա Լվովնայի կողմը և նրա աչքերում նկատում է հիացմունքի հազիվ նշմարելի նշաններ)։
Ծանոթանալով աստվածաբանության ուսանողի հետ, ես հայտնաբերեցի, որ նա ձկան տարօրինակ տեսակ է և քիչ բանով է տարբերվում ռուսական պիեսները բնակեցնող մյուս գործող անձանցից։ Այդժամ ես որոշեցի պարզել, թե ինչո՛վ է նա զբաղվում, ի՛նչ է ուսումնասիրում, և ընդհանրապես, որտե՞ղ է նա սովորում՝ ցերեկայինո՞ւմ, թե՞ երեկոյանում։ Կամ էլ թե՝ ինչո՞ւ են նրան աստվածաբանության ուսանող կոչում, գուցե երիտասարդ տարիքի պատճառո՞վ։ Դրամատուրգներից ոչ մեկի մոտ ես այդ հարցերի հստակ և պարզորոշ պատասխանը չգտա, եթե չհաշվենք ակնարկներն առ այն, որ միակ բանը, ինչին ձգտում է աստվածաբանության ուսանողը, կատարելությունն է։
Կարճ ասած, ինքս ինձ համար ես որոշեցի, որ նա աստվածաբանությանը նվիրված գրքեր է կարդում, և որոշեցի ինքս էլ դրանով զբաղվել։
Ֆրեզնոյի հանրային գրադարանում աստվածաբանության գրքերն ամբողջովին գրավում էին հաստ ապակյա հատակով փոքրիկ կիսավերնահարկը։
Նեղլիկ սանդուղքով գրադարանի այդ բաժանմունքը բարձրանալը նույնն էր, թե բարձրանայիր փոքրիկ ու նեղ նավի վերին տախտակամածը։ Իսկ երբ ես հայտնվում էի վերևում, նավարկելու զգացողությունը միայն ուժգնանում էր, թվում էր, թե ընթերցողները թեթևակի տենդահար են, ինչպես ծովային հիվանդության ժամանակ, և նրանք հերոսական ջանքեր են գործադրում, որպեսզի հետ չտան։ Բարձրությունից, հեղձուկից և գրադարակների անցումների նեղվածքից նրանց գլուխն ակնհայտորեն պտտվում էր։ Ես միացա նրանց ու սկսեցի ուսումնասիրել աստվածաբանության գրքերը, մեկը մեկի ետքից։
Ցանկացած գիրք ինձ ընկճախտի մեջ էր նետում, բայց ես երկնչում էի այն գրադարակի վրա դնել, մինչև որ լիովին համոզվում էի, որ այն անհեթեթ է, և այնտեղ թաքնված չէ այն, ինչ ես փնտրում էի։ Իսկ ի՞նչ էի ես փնտրում։ Այդժամ դա ինձ հայտնի չէր, այն ժամանակ ընդհանրապես ուզածդ մեկին էլ շատ քիչ բան էր հայտնի, և դա պետք է պարզապես խոստովանել։ Արդյոք ես կարո՞ղ էի այդ ամենն այն ժամանակ բառերով արտահայտել, չգիտեմ, բայց միանգամայն որոշակի էր այն, որ ես այնպիսի աստվածաբանություն էի փնտրում, որը կարող էի ինքս ստեղծել։ Այսինքն՝ ես փնտրում էի, ըստ իմ հասողության, միակ ճիշտ և ճշմարիտ աստվածաբանությունը։ Ահա այդպես էլ մի անգամ Ռոբերտ Բյորնսն արտահայտվել է շոտլանդական տնտեսագիտության մասին, բայց բանաստեղծների դիտարկումները հաճախ մոռացության են մատնում։ «Իսկ մարդը մարդ է։ Եվ հարանման այլ բաներ»։ Ճիշտ է նկատված։ Իսկ նախասվածքը ակնարկում է այն, որ այդ ամենն այնքան էլ լրջորեն չի ասվում։ Միայն թե ես սպասում էի, որ թեման ավելի մանրամասն կմշակվի։ Սակայն դա տեղի չունեցավ։
Բյուրավոր գրքեր, միլիոնավոր խոսքեր՝ և համատարած անհեթեթություն։ Չնայած դրան, Հանրային գրադարան ամեն մի արշավից հետո ես աստվածաբանությունից մի երկու-երեք գիրք էի տուն բերում, հուսալով, որ դրանք լիովին անիմաստ չեն լինի։ Ես թերթում էի գիրքը, մինչև որ համոզվում էի, որ դրա հեղինակը նույնպիսի զավեշտալի մեկն է, ինչպես և աստվածաբանության ուսանողը ցանկացած պիեսում։
Ոչ մի գրող այնքան սրտառուչ չէ, որքան նա, ում կիրքն ամեն ինչ բարդացնում է, և աստվածաբանությունը բարդ բան դուրս եկավ, որի էությունը ինչ-որ խճճված բան ստեղծելն է։ Եթե հարցը հավատն է, ապա ինչո՞ւ չի կարելի պարզապես հավատալ, և վերջ։ Սվեդենբորգը, ձիու պես քրտինք կտրած, միլիոնավոր բառեր է շարել, որոնք կարդալուց հետո ընթերցողի մեջ իսպառ անհետում է ժպտալու ցանկությունը։ Դա ինքնին արդեն աստվածաբանական արարք է, ճիշտ է՝ առավել անպաճույճ, և դե, իհարկե, ոչ պակաս անիմաստ, քան այն միլիոնավոր խոսքերը, որոնք շարել էր Սվեդենբորգը։
Այս ամենն ինձ հանգեցնում է այս պատմվածքի սյուժեին։
Մի երեկո գրադարանից տուն դառնալիս, բեռաբարձման կանգառում ես հանդիպեցի չափազանց բարդ և ինքնամոռացության աստիճանի աստվածաբանորեն տրամադրված մի մարդու։
-Իսկ դու գիտե՞ս,- գոչեց նա, ինձնից քսան մետրի վրա,- որ այս երեկո վրա կհասնի աշխարհի վերջը։
-Ո՞ր ժամին,- ճչացի ես ի պատասխան։
Մարդն ուսերից թափ տվեց կեղտը, փակչած, երբ նա ցատկում էր վագոնից, և ընկավ։
-Դու հենց նո՞ր եկար,- հարցրի ես։
-Հա։ Բայց այս քաղաքում ես ծնվել եմ քսանյոթ տարի առաջ,- ասաց նա։- Արդյոք դու պատրա՞ստ ես դիմավորելու աշխարհի վերջը,- շարունակում էր նա՝ տաբատից փոշին թափ տալով։
-Ես ամեն ինչի պատրաստ եմ,- պատասխանում էի ես։- Իսկ դու պատրա՞ստ ես։
-Հենց բանն էլ այն է, որ ոչ։ Ընդհանրապես պատրաստ չեմ։-Եվ այդժամ նա ընկավ։
-Դու գիտե՞ս՝ որտեղ է շտապօգնության հիվանդանոցը,- հարցրի ես։
-Հենց Բրոդվեյի ոստիկանական բաժանմունքի հետևում, Հանրային գրադարանի դիմաց, բայց եթե չես ուզում գնալ այնտեղ, կարող ես գնալ շրջանային հիվանդանոց։ Դա Վենտուրա ծառուղու այն կողմում է, Ֆեր-գրաունդզի վրա, ի դեպ, դու երևի ինքդ էլ գիտես՝ որտեղ է այն։ Ես ապրում եմ շրջանային հիվանդանոցի ճանապարհի վրա և մինչև իմ տուն կարող եմ ուղեկցել քեզ։ Գուցե քեզ ինչ-որ մեկը տեղ հասցնի։
Նա հենվեց ուսիս, և մենք լռիկ քարշ եկանք չորամրգերի փաթեթավորման ֆաբրիկայի մոտով։ Ծառուղին անցնելիս նա նորից ընկավ։ Եվ այդժամ ինչ-որ մեքենա կանգնեց։ Վարորդը ելավ մեքենայից և վազեց մեզ մոտ։
-Ի՞նչ է պատահել,- հարցրեց նա։
-Ի՞նձ եք ասում,- հազիվ լսելի պատասխանեց նա։
-Նրան պետք է բժշկի տանել,- ասացի ես։- Նա վնասվել է։
Վարորդն ինձ օգնեց նրան մեքենա նստեցնել։ Հոսպիտալի ճանապարհին անծանոթը վերցրեց իմ երեք գրքերից մեկն ու բացեց։
-Սյորեն Կիերկեգոր «Կամ-կամ»,- կարդաց նա։ — Ո՞վ է սա։
-Չգիտեմ,- պատասխանեցի ես։
-Այսպիսի մարդկանց հարկ է իմանալ,- ասաց նա։
Եվ սկսեց ընթերցել։ Երբ մենք մոտեցանք հիվանդանոցին, նա այնպես էր ճանկել գիրքը, որ երևի թե վնասել էր այն։ Հանրայինի գրադարանավարուհին կնայի վնասվածքին, հետո ինձ, վրդովվելով, թե ինչպես եմ ես հաջողացրել գիրքն այդպես խեղել, բայց կլռի։
Վարորդն ասաց, որ իր անունը Ավգուստ Բոքբել է։ Ես ամբողջ կյանքումս հիշեցի այդ անունը, հավանաբար այն պատճառով, որ վարորդը, երևի թե, զգալով, որ անծանոթը մահանում է, մեզ պատմեց իր կենսագրությունը, և, իմիջիայլոց, թե ինչպես գրչահատի պատճառով նա համարյա թե սպանել էր իր մեծ եղբորը։ Հետո նա օգնեց հիվանդին տեղափոխել ընդունարան ու գնաց, ներողություն խնդրելով, որ անհետաձգելի գործ ունի։
Իսկ ես մնացի, որովհետև վիրավորը նախկինի պես կարդում էր գիրքը, որ ես վերցրել էի գրադարանից, և ինձ թվում էր, որ այդպիսի պարագաներում սիրալիր չէր լինի գիրքը հետ խնդրելը։ Նա աներևակայելի արագությամբ էր կարդում։ Երբ նրան անհրաժեշտ էր գնալ բուժքրոջ և մի սպիտակ խալաթով երիտասարդի ուղեկցությամբ, որ բժշկի քիչ էր նման, ես հետևեցի նրանց, մասամբ անհանգստանալով վիրավորի ճակատագրի, իսկ մասամբ էլ՝ գրադարանի գրքի համար։ Պտտվող դռների մոտ բուժքույրն ինձ կարգադրեց ընդունարան վերադառնալ։ Ես ուզում էի խնդրել նրան այնքան սիրալիր լինել, որպեսզի գիրքս վերադարձնի, բայց դրա փոխարեն ասացի․
-Նրա հետ ամեն ինչ կարգի՞ն կլինի։
Ինչին նա պատասխանեց խստամբեր շարժմունքով, ասես թե ասելով՝ «Էսպիսի ծանր պահին բարդ հարցեր մի տվեք»։
Ես վերադարձա ընդունարան ու նստեցի։
Երբ ես սկսեցի ուսումնասիրել գրադարանի գրքերը, ապա հայտնաբերեցի, որ իմ ընթերցողական տոմսը՝ ազգանվամբ և հասցեով, մնացել է, անծանոթի տարած, Կիրերկեգորի գրքում։ Իսկ ընթերցողական տոմսն ինձ համար նույնքան կարևոր էր, որքան անձնագիրը ճանապարհորդի համար։ Ես պատրաստվում էի տասը-տասնհինգ րոպե սպասել, բայց երբ պարզվեց, որ անծանոթը գրքի հետ տարել էր իմ ընթերցողական տոմսը, որոշեցի, որ թեկուզ երկու ժամ էլ կսպասեմ։ Սակայն ստիպված եղա շատ ավելի երկար սպասել։ Ես սարսափելի քաղցել էի, ինչից էլ որ սիրտս խառնում էր, բացի այդ՝ ես խիստ զայրացել էի։ Սկզբում ես բարկանում էի բուժքրոջ վրա, որը տասը-տասնհինգ րոպեն մեկ ներխուժում էր ընդունարան, սաստիկ շվարմունքի ու խռովմունքի մեջ, և չէր ցանկանում հիվանդի վիճակի մասին ոչ լսել ինձ, և ոչ էլ պատասխանել իմ հարցերին։ Հետո ես զայրացա հենց խնամառուի վրա, ողջ թե մեռած, այն բանի համար, որ նա այդպես անպարկեշտորեն իրենով էր արել գիրքս, որը ես երդվեցի վերադարձնել Հանրային գրադարան այն վիճակում, որ վերցրել էի։ Եվ, վերջապես, ես բարկացած էի Կիերկեգորի վրա, որի մասին ընդհանրապես ոչինչ չգիտեի, բացի այն, որ նա «Կամ-կամ» տարօրինակ վերնագրով գիրք էր գրել։
Ես համարյա թե երեք ժամից ավելի սպասեցի գրքի վերադարձին, մինչև որ ինձ մոտեցավ բուժքույրը։ Նրա վարքի մեջ ակնհայտորեն կռահվում էր ինձ հետ խոսելու մտադրությունը։ Խոսակցությունը սկսվեց իմ սեփական անվան անհուսալի աղավաղումից։
-Այո,- արձագանքեցի ես։
-Նա մահացավ,- շարունակում էր նա։- Բժիշկ Համփքիթը (համենայն դեպս ինձ թվաց, թե նա ազգանունը հենց այդպես արտասանեց) արեց հնարավորինս ամեն ինչ, բայց ապարդյուն։
-Ափսոս։ Ես ուզում էի ձեզ խնդրել վերադարձնել գիրքս։
-Ի՞նչ գիրք։
-Կիերկեգորի։
-Նա ասում էր, որ դա իր գիրքն է։ Համենայն դեպս, դրա մեջ էր դրված նրա ընթերցողական տոմսը՝ նրա անվամբ և հասցեով։
-Գրքի ընթերցողական տոմսն իմն է,- ասացի ես։ — Դուք ամեն ինչ խառնել եք։ Ես Հանրային գրադարանից երեք գրքով տուն էի գնում, երբ հանդիպեցի նրան բեռնաթափման կանգառում։ Նա հենց նոր էր ցատկել գնացքից և վնասվել էր, դե ահա ես էլ օգնեցի նրան հասնել Վենտուրա ծառուղի, այնտեղ նա ընկավ, մի մեքենա կանգ առավ և նրան այստեղ բերեց։ Մեքենայի մեջ նա վերցրեց իմ գրադարանային գրքերից մեկը, և այն մնաց նրա մոտ։ Հիմա նա մահացել է, և միայն այն պատճառով, որ գրքում իմ ընթերցողական տոմսն էր, դուք նրան վերագրեցիք իմ անունը։ Ով էլ որ նա լինի, ես շատ ափսոսում եմ, իհարկե, որ նա մահացել է, բաց ես կուզենայի գիրքս հետ ստանալ։
-Նա իրեն այդ անունով կոչեց,- ասաց քույրը։- Եվ ես այն անցկացնում եմ հիվանդանոցային ցուցակների մեջ։ Իսկ գիրքը մենք Հանրային գրադարան կվերադարձնենք։
-Ա՜խ, ձեր դպրոցում սովորածը,- ասացի ես, որովհետև զայրացած ու քաղցած էի, ելա հոսպիտալից ու քայլեցի տուն։
Երբ ես տուն հասա, մեր փողոցը ավտոմեքենաներով էր լցված։ Տունը լի էր ամբողջ քաղաքից եկած իմ քեռիներով, մորաքույրերով ու զարմիկներով։
Առաջինն ինձ նկատեց իմ քեռի Խոսրովը, որ նստած էր ծածկապատշգամբի աստիճանների վրա ու ծխախոտ էր ծխում։ Նա վեր թռավ ու ինչքան ուժ ուներ գոռաց․
-Չէ՞ որ ես ձեզ ասում էի, որ դա թյուրիմացություն է։ Դե ահա նա, այնպիսին, ինչպիսին սովորաբար է, միայն շատ քաղցած։
Բոլորը, ովքեր տանն էին, գլխապատառ դուրս ցատկեցին և, ինձ տեսնելով, հետ նետվեցին՝ սեղան գցելու։
Այն բանից հետո, որ ես ամեն ինչ կերա, ինչ կարող էր տեղավորել իմ ստամոքսը, մայրս քնքուշ ձայնով ինձ հարցրեց․
-Ինչո՞ւ նրանք եկան շտապօգնության մեքենայով ու ասացին, որ դու մահացել ես։
-Եթե ես իմանայի, որ նրանք պատրաստվում են մեքենայով գալ էստեղ,- վրդովվեցի ես,- ապա, երեք ժամ ոտքով քարշ գալու փոխարեն, ես ժամը տասին նրանց հետ կգայի։ Նրանք ինձ չասացին, որ պատրաստվում են շտապօգնության մեքենայով էստեղ գալ։
-Մենք խիստ անհանգստանում էինք քեզ համար,- ասաց իմ քեռի Զոհրաբը։
Դա ավելին էր, քան կարող էր տանել իմ քեռի Խոսրովը։
-Մենք խիստ անհանգստանում էինք քեզ համար,- ծաղրեց նա։
-Երբ մարդը հիվանդանոցից հայտարարեց, որ դու մահացել ես, մենք սաստիկ անհանգստանում էինք, որ դու չես ապաքինվի։- Նա թեքվեց Զոհրաբ քեռու կողմը։- Ի՛նչ անհեթեթություն ես դուրս տալիս։ Ինչպե՞ս կարելի է անհանգստանալ նրա համար, ով արդեն մահացել է։
Քեռի Զոհրաբը նյարդային հազաց ու արտաբերեց․
-Ես միայն կարող եմ ասել, որ մենք անհանգստանում էինք։ Իսկ հիմա ահա նա, ողջ է։
-Լսի՛ր,- բղավեց քեռի Խոսրովը,- մի՞թե դու էդպես էլ չես հասկանա ամենատարրական բանը։ Նա չի մահացել։ Եվ չէր էլ պատրաստվում։ Թյուրիմացություն է տեղի ունեցել, ինչպես և ես ասում էի։ Տղան տիպիկ ամերիկյան պատմության մեջ է ընկել։ Եթե դու այժմ դա չպարզես, Աստված գիտի ինչ սահմռկելի խաթարումներով մեր տոհմը հետագայում շուրթեշուրթ կհաղորդի այս դիպվածը։ Տղան ընթրեց, դե հիմա թող ինքն ամեն ինչ պատմի, իսկ հետո մենք կցրվենք մեր տները։ Ով էլ որ լինի հանգուցյալը, մենք բոլորս մոտակա գալիքում կընկերակցենք նրան, և դրանում ոչ մի սարսափելի բան չկա։
Նա շրջվեց դեպի ինձ։
-Իսկ հիմա պատմիր մեզ, ինչպես պատահեց, որ մարդիկ հիվանդանոցից հաղորդեցին մեզ քո մահվան մասին քսանյոթ տարեկան հասակում, բայց նրանք ասացին, որ դու երևի տարիքդ մեծացրել ես, որ հետո տպավորություն թողնես։ Դու քանի՞տարեկան ես։ Ասա՛։
-Տասնչորս,- խոստովանեցի ես։
Իսկ հետո ամեն ինչ կարգով պատմեցի նրանց, մանրագույն մանրամասներով։
Իմ մորաքույր Խաթունը սկսեց լուռ ողբալ մահացած երիտասարդին, ամենքին հավատացնելով, որ նա ինձ համար է մահացել, որպեսզի ես շարունակեմ ապրել։ Այդ տեսությունը մորս զայրացրեց, իսկ պապս բեղերը ոլորեց ու հարցրեց․
-Էդ ամենը շատ լավ է, բայց դե ո՞վ է, գրողը տանի, էդ Կիերկեգորը, որ նրա պատճառով էսպիսի անաստված աղմուկ է բարձրացել մեր Աստծուց մոռացված գյուղակում, որ փորձում է քաղաքի տեղ անցնել։
-Նա երեք գրքերից մեկի հեղինակն է, որոնք ես այսօր վերցրել էի Հանրային գրադարանից,- ասացի ես։- Սա ամենն է, ինչ ես գիտեմ նրա մասին։
-Էդպես, էդպես,- ասաց պապս։- Լավ։ Իսկ հիմա ցրվեք ձեր տները։ Եթե դուք նրա համար էիք լալիս, դե ահա նա, կանգնած է, ատամներն է քչփորում։ Տուն, բոլորդ տուն։
Բոլորը սկսեցին գրկախառնվել, ասես իմ հարության պատվին։ Հնչում էր կանանց ջերմ շշնջոցը։ Հյուրասենյակում տղեկները կռիվ էին սկսել։ Եվ այդպես շարունակվում էր, մինչև որ բոլորը ցրվեցին։ Մնացին միայն պապս ու քեռի Խոսրովը։ Նրանք հանդիմանական հայացքներ փոխանակեցին, և քեռի Խոսրովն ասաց․
-Ես գիտեմ, թե դու ինչ ես ուզում նրան հարցնել։ Նրան ավելորդ գլխացավանքից ազատելու համար, ես նրա փոխարեն կպատասխանեմ։ Դու պատրաստվում ես նրան հարցնել, թե ինչու նա ամեն ուրբաթ տարատեսակ պատմությունների մե՞ջ է ընկնում։ Եվ ես նրա փոխարեն կպատասխանեմ, որ նա կապ չունի։ Ոմանք այս աշխարհ են գալիս քնած և քնած էլ հեռանում են այստեղից, դե դա նրանց գործն է։ Իսկ ոմանք, ասենք ես և նրա ու իմ զարմիկ Արամ Ղարողլանյանը, այս աշխարհ քնած են գալիս, բայց մի հիասքանչ ուրբաթ արթնանում ու տեսնում են, թե ովքեր ենք մենք իրականում։
-Իսկ ովքե՞ր ենք մենք,- սիրալիր հետաքրքրվեց ծերունին։
-Հայեր,- արագ պատասխանեց քեռի Խոսրովը։- Արդյոք կարելի՞ էր ավելի անհեթեթ մի բան հնարել։ Անգլիացին ղեկավարում է իր կայսրությունը։ Ֆրանսիացին արվեստ ունի, որպեսզի չափն իմանա ու մոդա թելադրի։ Գերմանացին բանակ ունի, որ ուսուցանի ու մարտի նետի։ Շվեյցարացիները տնօրինում են իրենց հյուրանոցները։ Մեքսիկացիները մանդոլին են նվագում։ Իսպանացիները զվարճանում են ցլամարտով։ Ավստրիացիներն իրենց վալսերն են պարում։ Եվ այդպես շարունակ, և համանման բաներ։ Դե իսկ մե՞նք։ Դե իսկ մենք ի՞նչ ունենք:
-Մեծ բերաններ, որ հարկ է խցել,- ենթադրեց Ծերունին։
-Իսկ իռլանդացիները,- շարունակում էր Խոսրով քեռին։- Իսկ իռլանդացիները մի ողջ կղզի ունեն, որպեսզի դրա վրա քաղցեն ու աղքատություն քաշեն։ Արաբները՝ խելքից դուրս ցեղեր, որպեսզի դրանց ժողովեն անապատում։ Հրեաները՝ վունդերկինդ երաժիշտներ, որոնց նրանք հյուրախաղերի են տանում։ Գնչուները՝ ծածկասայլեր ու գուշակության խաղաթղթեր։ Իսկ ամերիկացիները՝ քրոնիկական նևրոզ, որ իրենք ազատություն են կոչում, իսկ ի՞նչ ունենք մենք՝ հայերս։
-Վարվելաձևեր,- ասաց քեռի Խոսրովը։
-Դու ի՞նչ է, խելքդ թռցրե՞լ ես,- գոչեց Ծերունին։- Աշխարհի երեսին ավելի անբնական բան չկա, քան սիրալիր հայը։
-Ես հո չասացի լավ վարվելաձևեր,- առարկեց քեռի Խոսրովը։- Ես ասացի՝ վարվելաձևեր։ Լավ թե վատ, մեզ չի հետաքրքրում։ Ա՜յ թե ինչը մեզ չի բավում, հենց վարվելաձևերը, և մնացած բաներն էլ էդքան շատ չեն։ Դու ուզում ես նրան հարցնել, թե ինչու նա ամեն ուրբաթ պատմության մեջ է ընկնում։ Դա նշանակում է, որ դու ուզում ես նրան հարցնել վարվելաձևերի մասին։ Դե ուրեմն հարցրու։ Իսկ ես կգնամ սրճարան, մի երկու ժամ նարդի կխաղամ։ Իմ հեռացումն էլ է վարվելաձև։
-Մինչև քո գնալը,- կանգնեցրեց նրան Ծերունին,- կարծում եմ՝ քեզ չէր խանգարի իմանալ, թե ես ինչ էի պատրաստվում խնդրել տղային ինձ պատմել այն գրքի մասին, որ Կիերկեգորն է գրել, եթե նա երբևէ այն կարդա։ Իսկ հիմա ես քեզ հետ սրճարան կգամ։
Ծերունին ելավ ու հսկայի պես հորանջեց։ Երեք անգամ։ Այն եղանակով, որով գրվում են սիմֆոնիաները՝շատ դանդաղ, շատ աշխույժ և, ի վերջո, դանդաղ ու աշխույժ, փոխնիփոխ։
Ծերունին տնից ելավ շքամուտքից, իսկ քեռի Խոսրովը՝ հետնամուտքից։ Դռները շրխկացին, և ես որոշեցի որևէ տեղ մի կես ձմերուկ խժռել, որովհետև շատ ծարավ էի։
Հաջորդ օրը ուղևորվեցի հիվանդանոց և, մեծ ջանքեր գործադրելով, ձեռք բերեցի իմ անունը, ստացա իմ գիրքն ու տարա այն տուն կարդալու։ Անծանոթը հասել էր 99-րդ էջին։ Դրա անկյունը ծալված էր, որպեսզի հեշտ լիներ գտնել այն տեղը, որտեղ նա կանգ էր առել։ Մի ժամ և քառասունհինգ րոպե ընթերցելուց հետո ես հասա 99 էջին և որոշեցի, որ այլևս չեմ ուզում կարդալ։ Ես գիրքը տարա Հանրային գրադարան, և, ինչպես սպասում էի, գրադարանավարուհին նկատեց վնասվածքը, նայեց գրքին, հետո ինձ, քանի դեռ ես ինչ-որ բան էի կամացուկ շվշվացնում, բայց ոչինչ չասաց։ Ես պտտասանդուղքով բարձրացա կիսավերնահարկ և վերսկսեցի այն աստվածաբանական գրքի որոնումները, որը հուսով էի գտնել։
Երեկոյան զեկուցեցի պապիս, որ Կիերկեգորը, պարզվում է, դանիացի է, ծնվել է 1813 թվականին և մահացել 1855-ին այն բանից հետո, որ կյանքի մեծ մասն անցկացրեց սատանայի, եկեղեցու և աստվածաբանական խճողումների դեմ պայքարում։
-Մահացել է 42 տարեկան հասակում,- ասաց Ծերունին։- Սատանայի դեմ պայքարը ծայրահեղ հյուծիչ է։ Այո։ Բայց ո՞վ գիտի, եթե նա չպայքարեր, գուցե ապրեր ընդամենը քսաներկու տարի և իրենից հետո նույնիսկ մի գիրք չէր թողնի։ Դու կարդացե՞լ ես այդ գիրքը։
-Նա մի քանիսն է գրել,- պատասխանեցի ես։- Կարդացել եմ 99 էջ նրա մի գրքից, իսկ հետո այն ինձ ձանձրացրեց։
-Ի՞նչ է նա ասում այդ 99 էջում։
-Ես վստահ չեմ, բայց ինձ թվաց, թե նա ուզում էր ասել, որ եթե դու ամեն ինչ ունես, ապա դա դեռ բավական չէ։
-Այդպես էլ հենց լինում է նրանց հետ, ովքեր միշտ պայքարում են սատանայի դեմ,- ասաց Ծերունին։- Իսկ այն դժբախտը, որին դու հանդիպեցիր կանգառում, դու ի՞նչ իմացար նրա մասին։
-Նա մահացավ։ Երեկ նրա համար վրա հասավ աշխարհի վերջը, ինչպես և նա կանխագուշակում էր։
-Ինչպե՞ս է նրա իսկական անունը։
-Դե,- կարկամեցի ես,- ես դուրս գրեցի մի անուն հոսպիտալի մատյանից, որը վերագրվում է նրան, բայց ես վստահ եմ, որ դա ևս մի թյուրիմացություն է։ Թեպետ այն, որ նա մահացել է, հաստատ է։ Նա դեռ կապրեր, եթե այդքան ինքնավստահ մարդկանց ձեռքը չընկներ, որոնք ամեն ինչ անում են ճշգրիտ, բայց ընդհակառակը։ Ես վստահ եմ, որ նա չէր պատրաստվում մեռնելու՝ նա ծալել էր գրքի էջը, որպեսզի հետո կարդար։ Ահա անունը, որ ես դուրս գրեցի հոսպիտալի մատյանից՝ Աբո Մոգաբգաբ։
-Ինչպե՞ս կարող է նման բան պատահել,- գոչեց Ծերունին։- Աբո Մոգաբգաբի մոտից ես հագուստ եմ գնում, նա սիրիացի է, Մարիփոզա փողոցի վրա խանութ ունի և, ի դեպ, ինձնից էլ մեծ է։ Ահա նայիր իմ կոստյումի աստառը, տեսնում ես պիտակը,- և բարձրաձայն կարդաց․
-Աբո Մոգաբգաբ։
-Ամերիկյան գործնականության և աստվածաբանական ճշգրտության հիասքանչ նմուշ,- ասաց Ծերունին։- Մարդը զոհվում է, իսկ պիջակի պիտակը անմահություն է ձեռք բերում։ Եվ այդուհանդերձ մենք դեռ ողջ ենք, չնայած սարսափելի գործնականությանը և անբասիր ճշգրտությանը։ Շնորհակալություն ավետարան ըստ Կիերկեգորի պատմության համար։ Ես հիմա էլ ծարավի եմ ուսմունքի, բայց լավագույն ավետարանը գյուղացու ավետարանն է։ Որթն այ էսպես են տնկում։ Էսպես խնամում են այն։ Էսպես պահպանում են ճագարներից։ Էսպես հավաքում են խաղողը, իսկ գինին էսպես են սարքում։ Ձմռանը էտում են, իսկ գարնանը ջրում են որթը։ Դե էլ ի՞նչ ավետարան կարող է ավելի հաճելի լինել, եթե այդ ամենը տեղի է ունենում մաքուր օդին։ Եվ գրողի ծոցն անցնեն բոլոր այդ հեղձուցիչ խցերը, որոնցում նստում են խեղճ մարդիկ և իրենց մոլորության մեջ են գցում։ Երբ նրանք ավարտում են աշխատանքը, մի՞թե չեն գնում տուն և մի աման եփած թուզ ուտում սև հացի պատառով, կամ ոչխարի մսով մի բաժակ գինի չե՞ն խմում, կամ մի ողկույզ խաղող պանրով ու կարկանդակով չե՞ն ուտում։
-Հա, երևի,- ասացի ես ու գնացի տուն։
Այնտեղ ես մի երեք ժամ աշխատեցի բակում։ Քեռի Խոսրովը նստել էր հետնամուտքի աստիճանների վրա և հետևում էր ինձ։
Վերջապես նա ելավ ու ասաց․
-Դե , ի սեր Աստծո, քեզ էդ ի՞նչ է պատահել։ Ինչո՞ւ ես տանջահարում այդ խաղողը։ Դու առանց այդ էլ այն քրքրել ես, ասես նա զառամ ծերուկ է, իսկ դեռ վերջերս այն նման էր հիասքանչ երազկոտ պատանու։ Նյութի գեղեցկությունը նրա անկատարության մեջ է։ Միայն հիմարներն են ձգտում կատարելության, որն այլ բան չէ, եթե ոչ մահ։ Թող կատարելությունն ինքը քո հետևից ընկնի։ Դու չպետք է այն փնտրես։ Իսկ հիմա տուն գնա, նստիր ու կեր սառը ձմերուկի կեսը։ Դու անկատար ես, որթը անկատար է, բայց դու կարող ես ձմերուկ ուտել ու ջուր թափել, դե ուրեմն առաջ։
-Ի՞նչ անհեթեթություն է,- մտածում էի ես, բայց այն ընթացքում, որ ես ձմերուկ էի խժռում, ինձ սկսեց թվալ, որ քեռի Խոսրովը գուցե թե աշխարհի երեսին ամենալավ աստվածաբանության ուսանողն է։






