Անի Անտոնյան ԼուսաԳիր

Ուինզլոու Մարտին․ «Սիրո նամակ Հայաստանին»

Ուինզլոու Մարտին․ «Սիրո նամակ Հայաստանին»

Նամա՞կ, ներկայացու՞մ, թե՞ այնուամենայնիվ զրույց լուսանկարների միջոցով։

Նոյեմբերի 19-ին և 20-ին Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում բոստոնաբնակ լուսանկարիչ Ուինզլոու Մարտինը կամփոփի գրեթե 26 տարի ձգվող իր շրջագայությունը Հայաստանում։

Նրա «Սիրո նամակ Հայաստանին» խորագիրը կրող ցուցահանդես-ներկայացմամբ կմեկնարկի նաև Երևանյան միջազգային թատերական փառատոնը, որը կանցկացվի նոյեմբերի 19-30-ը։

Զրուցել ենք հեղինակի հետ։

-Պարո՛ն Մարտին, ինչպե՞ս սկսեցիք հետաքրքրվել Հայաստանով։

-Ես Բոստոնում որպես թերթի լուսանկարիչ էի աշխատում։ Եվ այնպես ստացվեց, որ լուսանկարում էի ամերիկահայ մի հոգևորականի առօրյան։ Սկսեցի ուսումնասիրել հայկական սփյուռքի ծագումը և հերոսիս հետ եկա Հայաստան՝ ավարտելու նրա պատմությունը։

Այսօրվա պես հիշում եմ առաջին տպավորությունս՝ աննկարագրելի հյուրասեր, կրթված, մշակույթով հետաքրքրված և զվարճասեր մարդիկ էին շուրջս։ Ավելի ուշ հասկացա, թե սրանք մարդու համար ինչ կարևոր որակներ են։

Եվ ես կրկին վերադարձա այս գեղեցիկ երկիրը։

-Ձեր կարծիքով՝ ինչու՞մ է Հայաստանի գրավչությունը։

-Օ՜հ, շատ բաներում։ Վերցնենք թեկուզ Երևանը, որտեղ ապրում է բնակչության մեկ երրորդը։ Չքնաղ քաղաք, որը գրավում է բոլորին, ով հետաքրքրված է պատմությամբ, մշակույթով, եկեղեցիներով։

Հայաստանի գյուղերը մի առանձին գտածո են։ Ես «քաղաքի» տղա եմ և սիրում եմ քաղաքից դուրս ճամփորդել։ Եվ գիտեք, թե ինչ հասկացա։ Հայաստանի գյուղերում բնակվող մարդիկ ընտանիքն ամենից վեր են դասում։ Հայկական ընտանիքը միայն մայրը, հայրը, քույր-եղբայրը, տատիկ-պապիկը չեն։  Հայկական ընտանիքը բոլոր սերունդների կապն է կրում իր մեջ։ Դա այլ, ավելի մեծ գաղափար է։ Բոլոր հայերը մի ընտանիքի անդամ են։

-Դուք հետաքրքրված եք սոցիալական թեմաներով, հատկապես՝ առօրյա կյանքում հոգատարության դրսևորումներով։ Ի՞նչն եք առաջին հերթին կարևորում Ձեր լուսանկարներում։

-Մարդկանց։ Հայաստանում շատ տեղերում եմ եղել՝ հասարակ գյուղերից մինչև քաղաքային մեծ կենտրոններ։ Եղել եմ սոցիալական ծառայություններ մատուցող հաստատություններում, օրինակ՝ Զինվորի տանը։ Եվ եթե ինձ հարցնեք, նրանք իսկապես իրենց գործի գիտակն են, հրեշտակներ, որոնք կարողանում են ծանր տրավմաներ տարած մարդկանց կյանք վերադարձնել։

2020 թվականի պատերազմի ժամանակ հյուրանոցներում փախստականներին եմ նկարել։ Հոգատարությունն ամենուր է։ Որպես վավերագրող՝ դու պարզապես պետք է լինես ճիշտ տեղում ճիշտ ժամանակին։

-Կա՞ մի վայր, որտեղ ամենատպավորիչ կադրերն եք ստացել։

-Երևի Չկալովկա գյուղը։ Սևանի տարածքում առաջինը հենց այդտեղ եմ գնացել։ Անաղմուկ, մաքուր օդով և ամենահամեղ լոլիկներով մի գյուղ, որտեղ բոլորը միմյանց ճանաչում են, որտեղ տան դռները միշտ բաց են։ Ես սիրում էի արթնանալ լուսադեմին, գյուղացիների հետ քայլել դաշտերով և նկարել, թե ինչպես են նրանք խնամում իրենց կենդանիներին։ Դժվար կյանք է, և ես այդքան ռոմանտիկ չեմ՝ հակառակը պնդելու համար։ Բայց մյուս կողմից՝ այդ գյուղական միջավայրը յուրօրինակ տատանում ունեցող ալիք է։ Չգիտեմ՝ ինչպես նկարագրել։

-Խոսենք հայկական ավանդույթներից, որոնք նույնպես տեղ են գտել Ձեր լուսանկարներում։ Ո՞րն է Ձեզ համար ամենահետաքրքիրը կամ միգուցե՝ տարօրինակը։

-Առաջինը՝ կենացը։ Կենացը պատմասացության մի ժանր է։ Այն երկարաշունչ է, ունի ողջունելու իմաստ, և դու պարտավոր ես կենաց խմել (ծիծաղում է, հեղ․)։

Երկրորդը հայկական ընտանեկան սեղանն է, որի շնորհիվ մարդիկ սերտ շփվում են, նայում միմյանց աչքերի մեջ և խոսում։ Իհարկե Արևմուտքում էլ նման հավաքներ կան, բայց սովորաբար Գոհաբանության օրվա շրջանակում։

Երրորդ ավանդույթը, եթե կոչենք դա ավանդույթ, սուրճի ժամն է։ Մարդիկ կեսգիշերին սուրճ են խմում ու զրուցում։ Միշտ միանում եմ նրանց, հետն էլ՝ չխկացնում։ Միմյանց ճանաչելու ձև է։

Կամ պատկերացրե՛ք Երևանի օգոստոսյան մի գիշեր։ Հյուսիսային պողոտայում ուշ երեկո է։ Բազմաթիվ ընտանիքներ, երեխաներ, ազատ տեղ չունեցող սրճարաններ։ Մի՞թե սա ավանդույթ չէ։ Իսկ գիտե՞ք՝ ինչ են անում այդ ժամին Բոստոնում։ Բոլորը տանը փակված են։ 

Ամեն մշակույթ իր առանձնահատկությունն ունի։ Հայաստանում այնքան շատ փառատոներ են լինում, չպլանավորված հավաքներ, ինչպես օրինակ՝ ամեն ամսվա վերջին ուրբաթ օրը Կասկադում կազմակերպվող ազգային պարերը։

Ես հիանում եմ, որ Երևանում ամեն քայլափոխի մշակութային գործիչների հուշարձաններ եմ տեսնում։ Սա անցյալը կապում է ներկային, երիտասարդին՝ տարեցին։ Հրաշալի է։

-Հայկական խոհանոցից նախընտրելի ուտելիքներ ունե՞ք։

-Կան բաներ, որոնց ձեռք չեմ տա, օրինակ՝ խաշը։ Այսպես ասեմ, ինձ առհասարակ դուր է գալիս սնվելու հայկական մշակույթը։ Նախ՝ սեղանը լիքն է, միշտ ամեն ինչ թարմ է և օրգանական։ Չեմ կարող բառերով պատմել, թե ինչ զգացի, երբ առաջին անգամ դաշտից քաղած լոլիկ ու թարմ ծիրանի ջեմ կերա։

-Պարո՛ն Մարտին, Ձեր աշխատանքներն առաջին անգամ ցուցադրվել են 2023 թվականին Հայաստանի պատմության թանգարանում։ Ինչպե՞ս սկսեցիք համագործակցել թանգարանի հետ, և ի՞նչ արձագանք ստացավ ցուցահանդեսը։

-Ես սկսել եմ վավերագրել Հայաստանի պատմությունը դեռ 1999 թվականից, հետևաբար իմ լուսանկարները պարզապես արվեստի գործեր չեն, այլ հայ ժողովրդի պատմության մի մասը։ Դիմեցի տնօրենին, նա անմիջապես հավանություն տվեց։

Հաջորդիվ ես ցուցադրություն ունեցա Գրականության և արվեստի թանգարանում, Վանաձորի կերպարվեստի թանգարանում, որը ֆանտաստիկ վայր է։

Որպես օտարերկրացի՝ մեծ պատիվ էր ինձ համար հայ հանրությանը ներկայացնել իմ տեսած Հայաստանը՝ իր թեր և դեմ կողմերով, այնուհետև այդ ամենը պատմել ամբողջ աշխարհին։

Մինչ օրս պահում եմ հուշամատյանը, որում տարբեր ազգության մարդիկ գովեստի խոսքեր են գրել ցուցադրությունը դիտելուց հետո։ Դա անգին փաստաթուղթ է արվեստի ուժի և գեղեցկության մասին։

-Պարո՛ն Մարտին, Դուք ներկա եք եղել Հայաստանի պատմության բեկումնային իրադարձություններին՝ հոկտեմբերի 27-ի ողբերգությանը, 44-օրյա պատերազմին, 2023-ին Արցախից տեղաբնակ հայության բռնագաղթին։ Դժվար չէ՞ նման թեմաներ լուսաբանելիս հավասարակշռել մասնագիտական չեզոքությունն ու մարդկային ապրումները։

-Նման իրավիճակներում ամենակարևորը դիմացինի նկատմամբ հարգալից լինելն է  և նրա վստահությանն արժանանալը։  Ամեն անգամ ես մեծ ջանք եմ թափել, որ ինձ վստահեն։

Աննկարագրելի է այն ցավը, որ ապրում էին այդ մարդիկ։ Եվ ես՝ որպես լուսանկարիչ, պարտավոր էի ցույց տալ այն, ինչ միայն ինձ էր արտոնված տեսնել։ Պատերազմի օրերին ես գտնվում էի մի ընտանիքում, որոնք հենց նոր էին իմացել ռմբակոծությունից իրենց 28-ամյա որդու և նրա երկու զավակների զոհվելու մասին։ Տղայի հայրը ցույց էր տալիս իր որդու՝ սեղանին սփռված նկարները։ Ես գնացի տուն ու փորձեցի հասկանալ կատարվածը։ Պատկերացրի, որ իմ որդին է զոհվել ազնիվ նպատակի՝ հայրենիքը պաշտպանելու համար։ Ամբողջ գիշեր լաց եղա, իսկ առավոտյան որոշեցի, որ պետք է աշխարհին պատմեմ այդ մասին։ Ես պատերազմի լուսանկարիչ չեմ, բայց 44-օրյա պատերազմն ու բռնագաղթն իմ կյանքը գլխիվայր փոխեցին։

-Վերադառնանք Սունդուկյանի թատրոնում կայանալիք Ձեր առաջիկա ներկայացմանը, որի կարևոր մաս է հայկական ժողովրդական երաժշտությունը։ Գիտեմ, որ Դուք Կոմիտասի մեծ սիրահար եք։ Ի՞նչ է Կոմիտասյան երաժշտությունը Ձեզ համար։

-Կոմիտասի ստեղծածը խոսում է հոգու, ոգու և արտիստիզմի ամենաբարձր մակարդակի մասին։ Նա վերածննդի մարդ էր, ուսուցիչ, ով տեսել էր ջարդերը և մահացել Ֆրանսիայի հոգեբուժական կենտրոնում։ Նա արժանի է համաշխարհային ճանաչման, ինչպես Մոցարտը կամ Բեթհովենը։

Երբ ես առաջին անգամ գնացի եկեղեցի՝ լուսանկարելու ամերիկահայ հոգևորականին, ներսում անծանոթ երաժշտություն էր հնչում։ Նստած տեղում պապանձվել էի․ Կոմիտասն էր։

44-օրյա պատերազմի օրերին ես Կոնսերվատորիայի պուրակում լուսանկարում էի Կոմիտասի հուշարձանը։ Ինչպիսի՜ տառապանք, միաժամանակ գեղեցկություն կա այդ մարդու դիմագծերում։ Նա սերունդներ կապողն է։

Մի պատմություն կա, որը շատ թանկ է ինձ համար։ Երբ Գրականության և արվեստի թանգարանում տեսա Կոմիտասին պատկանող դաշնամուրը, խնդրեցի մեկ նոտա նվագել։ Դա մի հպում էր, բայց հիշողություն ամբողջ կյանքի համար։

-26 տարի Հայաստանը ճանաչելով՝ ինչպե՞ս կբնութագրեք հայ մարդուն։

-Ջերմ, հյուրընկալ, բարի, ազնիվ, տաքարյուն, մշակութամետ, բանիմաց և․․․ տրավմաներ կրող։ Տրավմաների հետ մեկտեղ՝ կառուցող, անդադար կառուցող։

Անի Անտոնյան