ԳիտաՆյութ Զավեն Բեկյան

Զավեն  Բեկյան․ Արքայությունն  Աստծո

13.03.2025

                      

    Տերունական աղոթքում ասված է․ «Եկեսցէ արքայություն քո․․․», այսինքն՝ Տիրոջ արքայությունը դեռևս իրականանալիք մի բան է՝ Նրա հազարամյա թագավորությունն Ահեղ Դատաստանից հետո։ Մինչ այդ, ըստ 18-րդ դարի շվեդ աստվածաբան Էմանուել Սվեդենբորգի, առկա է և գոյություն է ունենալու գոյի երեք ոլորտ՝ երկինք (մարդ-հրեշտակների աշխարհը), դժոխք (եսասեր մարդկանց աշխարհը) և ոգիների (չարի ու բարու ճամփաբաժան-խաչմերուկում մահացած մարդկանց հոգիների) միջանցիկ աշխարհը։ Նույն այդ աստվածաբանը՝ «երկնային հիերարխիաների այդ մասնագետը», մի տեղ ասում է, որ հայտնվելով հանդերձյալում, մարդ սկզբնապես չի հասկանում նոր իրավիճակը, որում ինքը հայտնվել է, կամ այն պատկերացնում է որպես այսկողմնային իրականության բնականոն, անընդհատ  շարունակություն։ Հետո նկատում է, որ ինքն իր նմանների (հոգեկերտվածքով, տեսակով և ոչ թե արտաքնապես) «երամի» մեջ է և հենց դա էլ դրախտ, դժոխք կամ քավարան (որն իր ՝ Սվեդենբորգի բնորոշմամբ չարի ու բարու ճամփաբաժան-խաչմերուկում մահացած մարդկանց «հավաքատեղին» է) կոչված իրավիճակներն են իրենց բնակիչներով։

    Ոչ միայն մարդը կարող է հայտնվել Աստծո արքայությունում ՝ որպես որոշակի ժամանակ և տեղ ենթադրող մի պայմանում, այլ ․․․ «Աստծո արքայությունը» կարող է հայտնվել ու գոյել մեզանից յուրաքանչյուրի մեջ՝ որպես ժամանակով և տարածությամբ (տեղով) դույզն իսկ չպայմանավորված մի բան։ Տերունական «Երանիներից «մեկի մեջ ասված է․ «Երանի հոգով աղքատներին»,- զի նրանցն է Արքայությունը։ Ի՞նչ ասել է՝ «հոգով աղքատ»։ Քրիստոնեական աստվածաբանության մեջ սրա տարբեր մեկնաբանությունները կան, բայց կան մի քանի աստվածաշնչային ասույթներ, որոնք ավելի լավ են բացում այս հասկացության իմաստը։ Մի տեղ ասում է․ «Այսուհետև խորագե՛տ եղեք օձերի պես եւ միամիտ՝ աղավնիների նման»։ Օձի խորագիտությունը դա ԳԻՏԵԼԻՔԻ ԱԿՆԱՐԿՆ է, բայց գիտելիքի հետ միասին խնդրվում է նաև լինել «միամիտ՝ աղավնիների նման»։ Այսինքն, որ մարդն ունենա գիտելիք, բայց այն ընկալի հոգու մաքրությամբ, բարությամբ և ի չարս չգործադրի։  Գիտատեխնիկական նվաճումների հավերժական հիմնահարցը, երբ չգիտես, թե նոր ձեռք բերված գիտելիքը, գիտական նվաճումը  մարդկությունն ավելի շատ օգու՞տ է տվել (կամ կտա՞ ), թե վնաս (միջուկային ռումբ, արհեստական բանականություն և այլն)։ Գիտելիքն ինքնին գերագնահատման ոչ ենթակա մի բան է, այն լիարժեքորեն-վերջնականապես տրված «աստվածային պարգև» չէ, թերի է և անընդհատ լրացվող, փոփոխվող, հերքվող-վերահաստատվող մի բան է, որ միշտ «դեմ է առնում» կանտյան «ինքնինին»։ Աստծո արքայությունը ՆԵՐՔՈՒՍՏ ՍՏԱՆԱԼՈՒ տեսակետից ,Աստծո «ուխտի նշան» հոգեմտավոր ծիածանի մեջ առավելությունն ի վերուստ տրված է հավատին և ՀՈԳԵՊԱՅԾԱՌԱՑՄԱՆԸ։ Այդ ծիածանը հետևյալ գույներն ունի — կրոն, գիտություն՝ հատկապես փիլիսոփայությունը, արվեստներ և գրականություն՝ հատկապես պոեզիան և երաժշտություն։ Այս «գույները» ես թվարկեցի Աստծու էությանը  մերձ գտնվելու տեսակետից՝ դրանց «աճի սկզբունքով», այսինքն բարձրագույն աստիճանի վրա երաժշտությունն է, Օրփեոսը, ով երևի ամենաշատն էր հարգված և հմայիչ Զևսի համար․․․ Բայց այնուամենայնիվ  բոլորից առավել Աստծո արքայությանն ամենամոտը երեխաներն են, որովհետև երեխան ծանրաբեռնված չէ աշխարհի գիտելիքով, Աստծո ընկալումը երեխայի հոգում անմիջական է և ջրի պես պարզ ու կենսականորեն հասկանալի-անմեկին, թեև երեխան իր համար չի սահմանում «Աստված և աստվածային» հասկացությունները, նա դրա կարիքը չունի, որովհետև գոյում է ԱՆԻՄԱՑԱԿԱՆ ՀՈԳԵՎՈՐ ՏԵՍԻԼԱԳՈՅԻ եդեմում․․․ Նրանց՝ երեխաների  մասին է ասված․ «Թու՛յլ տվեք այդ մանուկներին գալ ինձ մոտ և արգելք մի՛ եղեք նրանց, որովհետև Աստծու արքայությունը այդպիսիներինն է: Ճշմարիտ եմ ասում ձեզ, ով Աստծո արքայությունը չընդունի որպես մանուկ, նրա մեջ չի մտնելու» (Մարկ10:14-15):