ԳրաԴաշտ Զավեն Բեկյան

Զավեն Բեկյան․ Դիմանկարներ (2)

11.01.2025

Սկիզբը՝ այստեղ

5. ՀՐԱՆՏ    ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 Ինչպե՞ս եմ ծանոթացել նրա հետ։ «Նոր Դար» ամսագրում երեք-չորս կարճ պատմվածք էի տպագրել։ Հավանության խոսքեր շատ լսեցի, ասում էին, թե արձակիս փորձերն իմ բանաստեղծություններից ավելի լավն են։ Չգիտեմ։ Գրողների միությունում Ֆելիքս Մելոյանի հետ մոտենում էին վերջինիս սենյակին, պիտի ներս մտնեին։ Ֆելիքսը նկատեց և հեռվից ինձ նրան ներկայացրեց. սենյակ չմտան, դանդաղ քայլերով Հրանտը եկավ դեպի ինձ, մոտեցավ, ձեռքս բռնեց, ասաց. «Պինդ ես կանգնած»։ Մինչև հիմա, երբ հիշում եմ,  մեղքի մի զգացում տանջում է ինձ։ Ի՞նչ էր ուզում ասել։ Երկու բան կարող էր նշանակել- մեկ՝ որ «Պատմվածքներդ կարդացել եմ, լավն են- պինդ ես կանգնած (լավ ես սկսել)»։ Երկրորդ՝ գուցե հանդիմանություն. «Էս մեծ մարդը մոտենում է քեզ՝ մի երկու քայլ էլ դու ընդառաջ արի, էլի՜- պի՜նդ ես կանգնած…»։ Խոսեցինք տարբեր բաներից։ Հիացած խոսեցի Հ. Թումանյանի քառյակների մասին։ Ասաց. «Հա՜, բայց Անհունի դեմ ի՜նչ են, որ…»։ Գիտեր մեր գյուղը՝ Արդվին, իր սցենարով ֆիլմեր էին նկարվել այնտեղ, եղել էր գյուղում։ Անակնկալ, մեր գյուղի նկարագրության մի փոքրիկ հատված գտա իր վերջերս լույս տեսած անտիպ «Տախը» վեպում։

  Ցավոք, կարճ տևեցին մեր հանդիպումները։ Վերջին անգամ հանդիպեցի գրողների միության միջանցքում, ծխում էր (միության նախագահի իր աշխատասենյակում չէր ծխում)։ Մոտեցա, բարևեցի ու, չգիտես ինչու, ասացի մի բան, որ մենք՝ լոռեցիներս, բաժակաճառով մեր տարեցներին ենք ասում. «Մեր գլխից անպակաս լինես»։ Անպակաս չեղավ, ցավոք սրտի։ Բայց միայն… ֆիզիկապես։ Հոգևոր ներկայությամբ մեր գլխավերևում է… Չդիմացավ այն վշտին ու թշվառությանը, որի մեջ մեր երկիրն էր հայտնվել, ավերմունքին, թալանին, բարոյալքվածությանը… Ապագան էր անհանգստացնում։ Մի օր ինձ ասաց. «Մեծերը տեսնում են ուշաբին (այսինքն՝ վիշապին- ինձ մեր Լոռվա բարբառով ասաց), փոքրերը չեն տեսնում, մեծերը զգուշացնում են…»։ Վշտից մարդ իսկապես մահանում է, վաղաժամ։ Վիշտը սև զանգվածի պես կանգնում է մարդու կոկորդին և եթե չի ուզում կուլ գնալ, կանգնում-մնում է այդտեղ ու մի օր դառնում է… չարորակ գոյացություն։ Վշտից, ահավոր կորուստների ցավից գնաց նաև Հ. Թումանյանը, այս դեպքում Սևը կոկորդում չէր լռվել, ենթաստամոքսային գեղձի մեջ էր…

Լեզվի հրեշտակը մատը դրել էր իր ճակատին, Լոռվա հյութեղ, խորունկ լեզվամտածողության ընծայողը։ Տեղական նացիոնալիզմ եթե համարեք՝ կասեմ՝ տեսեք, Հ. Թումանյան ուրիշ որտե՞ղ է ծնվել։ Կտամ նաև Վանո Սիրադեղյանի (աշխարհագրականորեն Նոյեմբերյանի շրջանը, ուր Վ. Սիրադեղյանի ծննդավայրն է, Լոռու մեջ չի մտնում, բայց պատմամշակութային առումով Լոռի է, որ կա), Հրաչյա Սարուխանի անունները։ Լեզվի հրեշտակը շա՜տ է սիրում Լոռին։ Հզոր է նաև, ասենք, Դ. Դեմիրճյանի լեզուն։ Սա ասեմ՝ ինչպես է եղել։ Լեզվի հրեշտակը մի անգամ գիշերով է մատը իջեցրել-հպել ընտրյալի ճակատին։ Լոռին ու Ջավախքը կիպ-մոտ են իրար, հրեշտակը գիշերով լավ չի զանազանել, մատը Լոռվա սահմանից անցել ու Ջավախքում է հպվել, մանուկ Դ. Դեմիրճյանի ճակատին։ «Սխալմունք» է եղել։ Բայց չէ՜, թարս բաներ եմ ասում։ Բա այդ դեպքում՝ Ջավախքից Լևոն Խեչոյա՞նը, Վարուժան Այվազյա՞նը – լեզվի հրեշտակը քանի՞ անգամ կարող էր սխալվել…

Հրանտի լեզվի զորությունը Լոռվա լեզվամտածողությունից է։ Լոռեցու խոսակցականը նույնիսկ ինքնին գեղարվեստական է։ Միակ «թերությունը» երգեցիկ արտասանությունն է։ Լոռվա խոսակցականը… օպերա է, ոչ թե խոսակցություն։ Լեզվամտածողության զորությանը գումարվել է մեծի խորունկ դիտողականությունը, և գումարելիների գումարում ստացվել է Հրանտ Մաթևոսյան…

                  6.  ՎԱՐՈՒԺԱՆ ԱՅՎԱԶՅԱՆ

1. ՎԱՐՈՒԺԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Այն, ինչից հեռանում ենք տարեցտարի`
կյանքի վառվռուն ելակը` պտղած
կատաղի կարմիր ու կրքոտ…
Բայց տարիների հետ, ավաղ,
դալկությունն է գալիս`
իմաստության արգելված պտղի դալկությունը,
որ ուրիշ քաղցրություն ունի, ու իր աչքն ուրիշ`
վերաբարձրատար հողմերի վրա է, ուրիշ…
Մենք դա գիտեի՞նք այն ժամանակ, երբ`
երկու գեղջուկ տղա, «շնորհալի սկսնակ»,
նստած զրուցում էինք Սունդուկյանի թատրոնի
պուրակում, ստվերոտ մի ծառի տակ
(ես` քաղաքապետարանից, դու` «Գարունից»`
հանդիպման դուրս ելած)…
…………………………………………………………
Հիմա դու արդեն հստակ տեսնում ես Շտեմարանը,
ամբարները շնորհի ցորյանի, Մառանը մեծերի մրգերի…
Քեզ այստեղ չտեսնելու տվեցին սոցիալական
բարիքների ցոգոլ լափողները պատեհապաշտ,
բայց դու հիմա` Այդտեղից, հեգնանքով ես նայում
այդ ամենին, անշուշտ:
Հիմա ուրիշ հնչյունների
ժխոր է հնչում այստեղ,
բայց դու արդեն մոտ ես Հաշտերգությանը…

         «Գրական թերթ», 25.02. 2016 թ.

2.   * * *

Հիմա Կարմիր Բանակի 15-ի մոտով անցնելիս

ուզում եմ թեքվել, մտնել ու վեր բարձրանալ

4-րդ հարկ, ձախ թևից 1-ին դուռը բացել,

ուր նստած ես դու՝ սենյակում միայնակ

ու  «Գարունի» հերթական համարի վրա ես մտմտում

դաժան օրերին, երբ ոչ կարդացող կա,

ոչ էլ՝ մի կոպեկ փող տվող չարչարանքիդ դիմաց…

Կարոտած մտնեի, ու ժպիտդ փայլեր՝

նույնքան փայլուն ճաղատիդ ստորև…

Նստեինք զրույցի, լսեի խռպոտ ձայնդ,

ակցենտդ ախալքալաքյան, մի քիչ շիլ

(կներես) աչքերիդ խորամանկ փայլն ըմբոշխնեի…

Ախպերս, «պերցովկա» օղին (այդպես էիր անվանում)

հանեի գրպանիցս, իսկ դու՝ բաժակները…

Մի բաժակից ավելի ինձ չէիր լցնում, շիշը

հապշտապ դնում էիր դարակդ… Ասում էիր՝

«Այ տղա, դարդ չունես էլի, հոգիդ խաղաղ ա,

ու  հենց դրանից էլ չաղանում ես…»։ Խոսում էինք

դժվար գրվող մեր տեքստերից, ապա անցնում

ամբախ-զամբախ բաների, հիշողությունների գյուղական-

գեղջուկ տղերք էինք երկուսս էլ՝ մաֆիոզ

գրական բարքերի քաղաք ընկած, ուր մի պատառ

փառքի դիմաց ոմանք… ինչ ասես՝ տալիս էին…

Էհ, վերջին անգամ հեռախոսով ասացիր,

թե լավ ես արդեն, առավոտներն զբոսնում ես…

Գործի տեղն էի, երբ… ինտերնետով գույժդ խփեց…

                                        Անտիպ

                                 Զավեն Բեկյան