ԳրաԴաշտ Զավեն Բեկյան

Զավեն Բեկյան․ Դիմանկարներ (3)

12.01.2025

Սկիզբը՝ այստեղ

7․ Փարաջանովի մասին

  Անցյալ դարի 78 կամ  79 թվականն էր։ Իմ ծննդավայր Արդվի գյուղում Փարաջանովն իր «Նռան գույնի» մի քանի տեսարաններն էր նկարահանում։ Իրարանցում էր, համագյուղացիներով բան ու գործ թողած, հավաքված նայում էինք։ Դպրոցական էի՝ ութերորդ դասարան։ Ֆիլմի տնտեսական հարցերով պաշտոնյան՝ Սերգեյը, ինձ ու իմ դասընկեր Լևոնին կանչեց, տարավ իր «պահեստարան», երկու ցախավել տվեց ու խնդրեց մաքրել Սուրբ Հովհաննու վանքի մոտակա  հին գերեզմանոցի շիրմաքարերի արանքի գոմաղբը և այլն, որտեղ նկարահանումներ էին լինելու, այդ ընթացքում կոշիկի անզգույշ շարժումով փշրելով  մի կինոկադրում տեղ գտնելիք «փանջարայի» մի մասը՝ պատուհանատիպ մի վիտրաժ՝ հավաքած գույնզգույն ապակիներով։ Ինձ ու Լևոնին ասել էր, թե միջնորդելու է, որ «խաղանք», երևանք մի կինոկադրում, որտեղ հրեշտակները բռնած պահելու են այդ «փանջարան»։ Հետո պարզվեց, որ իսկապես նման տեսարան կա ֆիլմում, բայց… Երևանից նաև երկու  «հրեշտակացու» տղաներ էին բերել. Սերգեյը կամ մեզ խաբել էր, կամ մեր աշխատանքի դիմաց դուրս գրված փողն էր յուրացրել։ Նա կաներ դա, նաև մեքսիկական, վալյուտայով գնված հատուկ ճերմակ բուրդն էր վաճառել ոմանց, այն բուրդը , որ երևում է, «ճախրում» է օդում  ֆիլմի մի «փոթորկալից» տեսարանում… Սերգեյին մեր ջահելները, որոնց հետ մտերմացել էր և հետներն ուտում-խմում էր, «Կլյանոս» մականունն էին կպցրել, որովհետև  արտաբերած ամեն երեք նախադասությունից հետո ասում էր «կլյանոս», միթամ թե՝ «երդվում եմ»… Որքան էլ որ  կսկիծով, որ Սերգեյը խաբել էր մեզ, նայում էի այդ տեսարանի նկարահանմանը և տեսա «կախարդին»՝ Փարաջանովին, որ մի բարձր քարի վրա կանգնած իր «կախարդական» գործն էր անում՝ ձեռքերը թափահարելով ու բղավելով։ Նա հուր հեր չուներ ու բոց մորուս, մորուսը սև էր, բայց «աչքերն էին արեգակունք», մոտիկից էի նայում՝ այդ աչքերը վառվում էին, նրանց մեջ կրակ կար… Ինքն էլ էր՝ «դուն կրա՜կ…»։ Այդ մասին գրել եմ իմ մի բանաստեղծության մեջ.

 ՀՈՒՇ

Սուրբ Հովհաննու վանքի մերձակա

հին շիրմատուն։ Նկարահանումներն էին

«Նռան գույնի»։ Հաղպատեցի

զուռնաչի Մոսին՝ իր նվագակիցներով,

մինչև կուրծքը՝ փոսի մեջ, նվագում էր,

իսկ դիմացից, խաչքարերի արանքով,

դագաղն էին բերում, որի մեջ

պառկած էր գեղանի Մանանան՝

դերասանուհին։ (Ջահելներից մեկը

գլուխ էր գովում, թե հաջողեցրել է

մեխ խփել դագաղի տակից՝

համապատասխան ուղղությամբ…-

Սակայն Մանանան անվրդով

պառկած էր -սուտ էր, անկասկած…)։

Նայում էր ամբոխը հավաքված։

Ես՝ տասներեքամյա մի տղեկ,

ավելի շատ նայում էի՝ հենց կողքիս

շիրմաքարի վրա վեհ կանգնած,

ձեռքերը տարածած գոռգոռացող

(«Ա՛ռա, ա՛քե…»,- վրացերենով)

մորուքավոր, հրացայտ աչքերով

մարդու ոգեշնչված դեմքին…-

Փարաջանովն էր այդ մարդը…

       «Ձայնաշար կամար» ժողովածու, 2015 թ.

     Ութսունականների սկզբին արդեն տեսա այդ ֆիլմը՝ «Նռան գույնը», արդեն թույլ էին տվել ցուցադրել։ «Նաիրի» կինոթատրոնում ընդամենը մի տասնհինգ-քսան դիտող կար… Ես ինքս էլ շփոթված, տարակուսած էի, մի՞թե սա կինոֆիլմ էր… Տխուր էր, մարդիկ քիչ էին։ Բայց հետո՝ ֆիլմը հասկանալով, գիտակցեցի, որ այս ֆիլմը «ամենեցու» համար չէ, ինչպես աստվածների սնունդ ամբրոսը, նեկտարը, որ իր «ընկեր» աստվածների համար պատրաստում էր Ապոլլոնը… Բաքոսը՝ Դիոնիսիոսն էլ ի՛ր «ընկերներն» ունի, որոնց գինի է հյուրասիրում։ Կան նաև… ցքի խմողներ։ Ցքին, ըստ մեր պատմիչների, գինի թորելուց հետո մնացած կրճոններից քաշած խմիչքն է, այսինքն՝ օղին, որն օգտագործողներին արհամարհում էին… Այո, մեր ժողովուրդը դարերով գինի է խմել, օղին՝ մեր ժամանակների ցքին, ռուսներից եկավ մեր կողմերը…

        Տարիների հետ աստիճանաբար, քիչ թե շատ հասկացա այդ հրաշք ֆիլմը, և Փարաջանովն իմ ստեղծագործության վրա մի այնպիսի ազդեցություն թողեց, ինչպես… աշխարհի՝ իմ ընթերցած ոչ մի մեծ պոետ…

         «Ապոլլոնի խմիչք» պատրաստողները սովետում տեղ չունեին, սովետում ոչ մի գունավոր բան գոյության իրավունք չուներ.

                  ՓԱՐԱՋԱՆՈՎ

Արգելված պտուղն էր կերել

և ընկել տարաշխարհիկ

հալյուցինացիաների մեջ։

Գեղադիտակը խլել էր

հրեշտակի ձեռքից-

և ըմբոշխնում էր՝

իբրև… անընդհատ երազատեսություն։

Երեխաները ո՞նց են կռվում

մի խաղալիքի համար-

այդպես իրար ձեռքից խլխլում էին

գեղադիտակը՝ հրեշտակն ու ինքը…

Աստված նայում՝ զվարճանում էր,

բան չէր ասում, չէր նախատում։

Ուստի և ԿաԳեԲե-ն խառնվեց…

            «Ծիրանավորը» ժողովածու, 2019 թ.

        Վերևում բերված երկու բանաստեղծություններն էլ, իրենց ժողովածուներով հանդերձ, նվիրել եմ երջանկահիշատակ Զավեն Սարգսյանին՝ Փարաջանովի թանգարանի տնօրենին։ Վերջերս տեսա, որ լուսահոգի Զավենը դրանք տեղադրել է համացանցում։ Շնորհակալ եմ մեծ երախտավոր, ողորմած հոգուն…

     Փարաջանովը սովետական «իրավամռազների» հետ խնդիրներ ուներ դեռ մանկուց։ Նրա ծնողները, գաղտնի, ադամանդի «գործ» էին անում և, որպեսզի չբռնվեն, մանուկ Սերգեյին ստիպում էին ադամանդներ կուլ տալ-թաքցնել,  ու հետո ողջ օրը նրա Սիրան մայրիկը գիշերանոթը ձեռքին ման էր գալիս երեխայի հետևից…

         ՍԵՐԳԵՅ  ՓԱՐԱՋԱՆՈՎ

Երբ Սիրան մայրիկը,

ԷՆԿԱՎԵԴԵ-ի խուզարկություններից զգուշանալով,

ադամանդներ էր ստիպում կուլ տալ

մանուկ Սերգեյին

և  այնուհետև ողջ օրը

գիշերանոթը ձեռքին շրջում նրա հետևից…

Այդպես, ինչպես Քրոնոսի բերանը

ժեռ քար նետեցին, որ Զևսը փրկվի-

Մի Ձեռք նրան տվեց կլլելու

կինեմատոգրաֆիայի երբևէ փայլատակած

ամենամեծ ադամանդը, որ դիմացավ բոլոր՝

ԿԱԳԵԲԵ-ի, ՊԱԼԻՏԲՅՈՒՐՈՅԻ, ՍՍՀՄ

Կուլտուրայի մինիստրության կինոքննադատների

խուզարկություններին,

որ Ոգին փոքր-ինչ փրկվի

աշխարհի 1/6-ը գրավող այդ պետության մեջ,

մի պետություն, որի լայնարձակ տափաստաններում

արաղ ու մարքսիզմ լակած

տռճիկ էր տալիս սատանան՝

Լենինի շքանշանը դոշին կպցրած…

           Անտիպ

          …Նորից դիտեցի Տարկովսկու «Անդրեյ Ռուբլյով» ֆիլմը և ուշադրությունս գրավեցին մի քանի տեսարաններ, որոնք կարծես թե ազդեցություն են ունեցել Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի վրա։ Դրանք ոչ քննադատելի, բնական ազդեցություններ են- Փարաջանովն ու Տարկովսկին «հոգևոր եղբայրներ» են եղել։ Փարաջանովն ինքը սեր է ունեցել Տարկովսկու ֆիլմերի ու նրա անձի հանդեպ, նա իր «Աշուղ Ղարիբ» ֆիլմը նվիրել է Տարկովսկու հիշատակին։ Ընդհանրապես, նրանց երկուսի միջև ճակատագրական նմանության շատ բաներ կան. բացի պետությունից մերժված լինելուց, երկուսն էլ պառկել են… նույն հիվանդությամբ, Փարիզի նույն հիվանդանոցի… նույն մահճակալին…

Իմ տեսած համեմատելի տեսարանները սրանք են.

1. Տարկովսկու ֆիլմի՝ Վլադիմիրի եկեղեցու գմբեթին խմբված մարդկանց պատկերը նման է Փարաջանովի ֆիլմի Հաղպատի վանքի գմբեթի վրա խմբված մարդկանց  (հնձվորների) պատկերին.

2: Վլադիմիրի եկեղեցու գմբեթից՝ վերևից նկարած սագի վայրէջքը նման է «Նռան գույնի»՝ Բանաստեղծի հոգեվարքի պատկերում մոմերը մարող աքաղաղների վայրէջքի պատկերին։

3. Տարկովսկու ֆիլմում սովի ժամանակաշրջանում վանականները խմբովին խնձոր են ուտում։ Դա անչափ նման է «Նռան գույնի» վանականների խմբովին նուռ ուտելու պատկերին։

4. Վանականների՝ հեռացող մի վանականի հետևից բամբասելու պատկերը։ Նման պատկեր ունի «Նռան գույնը»։

5. Ե՛վ «Անդրեյ Ռուբլյովը», և՛ «Նռան գույնը» մի արվեստագետի կենսապատումի հիման վրա ստեղծված ֆիլմեր են՝ տոգորված աստվածաշնչային արծարծումներով և փոխաբերական իմաստասիրությամբ ու սիմվոլիկայով։

Էլի բաներ կլինեն՝ եթե ուշադիր լինենք, որովհետև Տարկովսկին և Փարաջանովը նույն Մեծ Ռեժիսորի «ասիստենտներն» ու հոգեզավակներն են…