Գեան (հին հունարեն՝ Γαία, նշ. է երկիր), համարվում էր մարդկանց նախամայրը և հողի գրկում թաղված մեռյալների մեծ օթևանը։ Գեայի պաշտամունքը մեծ դեր է խաղացել նախնիներին մեծարելիս։ Երդման ժամանակ նրա անունը ամենասրբազանն էր։ Իբրև բերք պարգևող (Գեա Կարպոֆորոս–բերքատու), Հունաստանում ամենուրեք մեծարում էին նրան։ Ըստ ավանդության՝ հին Դելփյան տաճարը՝ նախքան այստեղ Ապոլլոնի հայտնվելը, եղել է Գեայի սրբավայրը։ Դոդոնեում նա համարվում էր Զևսի կինը։ Հետագայում որպես Զևսի կին նրա մասին եղած պատկերացումները ետ են մղվում Դիոնեի, Հերայի, Դեմետրայի կերպարների շնորհիվ։ Ուշ շրջանում Գեային հաճախ շփոթել են Դեմետրիայի և Կիբելեի հետ։ Անտիկ աշխարհում Գեայի պատկերումները քիչ են. Պերգամի զոհասեղանի ֆրիզում Գեան մինչև իրանը հողի մեջ է, ձախ ձեռքին առատության եղջյուրը բռնած, նա աղաչում է Զևսին գթալ գիգանտներին»։ Սա հին հունական առասպելական աստվածուհի Գեայի մասին է՝ ըստ Գուգլի։
Աստվածաշնչային Եվան Գեայի «վերամարմնավորումն» է՝ ասես թե․․․ Ադամը համակված է ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՈԳԵՂԵՆՈՒԹՅԱՄԲ, նա գիտելիքներ չունի, նրա հոգին ԳԵՐԳԻՏԵԼԻՔԻ մեջ է այսինքն։ Եվան՝ Փորձիչի դրդմամբ, նրան մղում է համտեսել Արգելված պտուղը՝ գիտելիքի պտուղը, և Ադամը զրկվում է ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՀԱՄԱԿՎԱԾՈՒԹՅՈՒՆԻՑ՝ այն նույնից, ինչով որ պարուրված գոյում են հրեշտակների հոգիները։ Գեան («երկիրը») Ադամին այդպիսով «քարշ է տալիս» դեպի երկրայինը , կանգնում է Ադամի և Երկնքի արանքում, ինչ-որ առումով՝ պատնեշում է Աստծուց․․․
Աստված՝ Եհովան, բծախնդիր, նախանձահույզ էություն է, Նա չի սիրում Երկինքը «խաթարածներին», նրանց վտարում է դրախտից և ասում՝ գնացեք ձեր Երկիր․․․
Ուխտի տապանակին դիպած Ոզիան անշնչացած մահանում է։ Ուխտի տապանակը յոթ անգամ պտտեցին պաշարված Երիքով քաղաքի շուրջ, և քաղաքի պարիսպներն ավերվեցին։ Ասում էլ է, թե փող փչելու հետևանքով էլ դա եղավ — հնարավոր է, ձայնի ռեզոնանսից դա կարող է լինել, վկայվում է, որ ռուսական տափաստանների լայն շունչն իր հզոր թոքերում ամբարած Ֆյոդոր Շալյապինի ձայնից մի համերգի ժամանակ պայթել է համերգասրահի ջահը․․․
Նախանձահույզ Եհովան Երկնայինն անխառն է պահում Երկրայինից, Նա «հակաամբոխային» էություն է, Նա միայն ԸՆՏՐՅԱԼՆԵՐԻ հետ է հաղորդակցվում։ Ինչու՞ են Տիբեթի վանականները, առհասարակ միանձններն ու ճգնավորները հեռանում առ հեռավոր, անմատչելի ժայռածերպեր, նրանք դա անում են Աստծուն մոտենալու՞, թե․․․ մարդկային ամբոխից հեռանալու նպատակով։
Աստվածաշնչում մի տեղ ասվում է՝ մարգարիտներդ խոզերի առջև մի թափիր։ Կարծեմ՝ եկեղեցին նզովեց Գուտենբերգին՝ առաջին տպագրիչին, գիրքը, ՍՐԲԱԶԱՆ ԳՐՅԱՆՔԸ զանգվածներին մատչելի դարձնելու համար։ Ալեքսանդր Մակեդոնացին կշտամբեց իր ուսուցչին՝ Արիստոտելին, իրենց երկուսին հայտնի «սակրալ» գիտելիքները «հասարակ մահկանացուների» շրջանում տարածելու համար։
Գեան՝ Երկիրը, գիգանտներ ծնեց, որոնք միավորվեցին և պայքարի դուրս եկան Զևսի դեմ։ Երբ մարդիկ միավորվեցին «աստվածային նախալեզվով « և Բաբելոնյան աշտարակ փորձեցին կառուցել ի հակառակ Աստծո կամքի Նրան հասնելու համար, Աստված այդ «ծրագիրը» ձախողեց՝ «աստվածային նախալեզուն» բազմաթիվ լեզուների տրոհելով․․․
Զևսի և մահկանացուների խաչասերումներից կիսաստվածներ և հերոսներ ծնվեցին։ Զևսն այնուամենայնիվ չխզեց իր կապերը Գեայի հետ։ Եհովան նույնպես, այնուամենայնիվ, առնչվեց մի այլ «Գեայի»՝ Մարիամի հետ, և ծնվեց Երկնքի ու Երկրի միջև անձնավորված հաշտությունը՝ Քրիստոս։ Հիսուս չէր խորշում, չէր հեռանում երկրայինից, մարդկայինից, շփվում էր բորոտների հետ և բժշկում նրանց։ Մի անգամ աշակերտների հետ ճամփորդելիս մի սատկած ավանակի գանգ տեսան՝ «եռող-զեռացող» (ըստ Նարեկացու) որդերով լի։ Աշակերտները զզվանքի ցույցեր արեցին, իսկ Հիսուս ասաց՝ բայց հապա մի նայեցեք, թե ի՜նչ գեղեցիկ ծնոտ ունի․․․ Հիսուս երկրայինի աղտեղի «ստրուկտուրայում» կարևորեց Արարչագործության մեջ Գեղեցիկի խորհուրդը։ Գեղեցիկը, որ ըստ Դոստոևսկու, Իր նման փրկելու առաքելություն ունի։
Օսվալդ Շպենգլերն իր «Եվրոպայի մայրամուտը» աշխատության մեջ մի հետաքրքիր դիտարկում ունի։ Ասում է՝ եվրոպական եկեղեցիները բարձրաբերձ են ու առ երկինք միտված սրածայր գմբեթներով, իսկ ռուսականներն՝ ընդհակառակն, ցածրակառույց ու լայնակի տարածվող։ Դրանից հետաքրքիր եզրակացություն է անում։ Ասում է՝ եվրոպական եկեղեցիները խորհրդանշում են Հայր Աստծուն՝ երկնամբարձ, անմատչելիասլաց, իսկ ռուսականները՝ Որդի Աստծուն։ Այդ պատճառով էլ եվրոպական քրիստոնեության շրջանում Աստված խստակերպար Հայր է հավատացյալների շրջանում, իսկ ռուսականում եկեղեցիները խորհրդանշում են Որդի Աստծուն՝ Մարդու որդուն, մարդամոտ, մարդանվեր, և հավատացյալները Հիսուսին ավելի շատ որպես «եղբայր» են ընկալում, քան որպես «հայր»․․․
Գեան և Մարիամը՝ Սուրբ Աստվածածինը․․ ինչ էլ լինի, ինչ մեղքեր էլ որ գործի մարդկությունը, Աստված Իր ընտրյալների բերանով խոսում է մարդկանց հետ, երես չի թեքում Իր ստեղծյալներից․․․
Զավեն Բեկյան