ԳիտաՆյութ Զավեն Բեկյան

Զավեն Բեկյան․ Հաղագս մարմնի և յուր խորհրդի

04.12.2024

Դույնը՝ մարմինը, կավից արարվեց՝ ըստ Աստվածաշնչի։ Կանխավ արարվեց տիեզերքը, ընդ որում ՝ Երկիրը, այնուհետև շնչավորների թվում ՝ մարմինն ադամորդու, ավելի ճիշտ՝ նրա նախահայր Ադամինը, որը կենդանացրեց Աստված՝ վրան Շունչ փչելով։ Այդ շունչը հոգին է։ Այն, հասկանալի է, որ միանալով ԱՐԴԵՆ ԱՐԱՐՎԱԾ կավին, որպես «երկրային հումքի», կենդանացրեց վերջինս։ Այդ Շունչն է կարևորը, ԷԱԿԱՆԸ ՝ ԷԻՑ։ Տիեզերքը ոգեղեն է, չկա մի բան, որ ԲԱՑԱՐՁԱԿԱՊԵՍ անկենդան լինի։ Անթրոպոսոֆիայի հայտնի տեսաբան Ռուդոլֆ Շտայներն ասում է, թե նյութական աշխարհը, տիեզերքը նույնպես ոգեղեն է, պարզապես՝ Գոյի մի այլ ԻՐԱ- վիճակում ու բերում է սառույցի օրինակը՝ որպես ջրի մի ԻՐԱ-վիճակ, որն է՛լի ջուր է։

Մարդը ԲԱՆԻՑ արտահեղված, ոգեղեն գոյ է, բայց որպեսզի կարողանար գոյել ԱՍՏ՝ պիտի «կավային» հիմք, հենարան, «շասսի» ունենար՝ որպես սուբստանց, կրող՝ նյութական աշխարհում , որն այնքան էլ նյութական չէ՝ ինչպես ասացինք։ Ըստ նույն Շտայների (հավանաբար նաև՝ ըստ նրա ուսուցիչ թեոսոֆ Ելենա Բլավատսկայայի՝ մանրամասն չեմ հիշում, ափսոս ) մարդու մարմինը յոթ «շերտ» ունի՝ ֆիզիկական-նյութականից մինչև եթերայինն ու մինչև աստրալը։

Մարդու վրա «փչված» աստվածային շունչը նույնպես «երկակի» է — մի դեպքում դա կենդանացնող շունչն է, որ հոգի է տալիս մարմնին, մի այլ դեպքում դա ԲՈՒՆ ՏԵՐՈՒՆԱԿԱՆ ՇՈՒՆՉՆ է, որի տվածն արդեն ՈԳԻՆ է։ Մարդը կարող է կենդանի-շնչավոր լինել տիեզերքի՝ Երկրի համար ունենալով հոգի, բայց մեռած՝ Աստծո համար, երբ ՈԳԵԶՈՒՐԿ է- հենց ա՛յդ նկատի ունի մեր Տեր Հիսուս, երբ ասում է՝ թողեք մեռելները թաղեն իրենց մեռելներին։ «Կենդանի մեռել» ասելով Հիսուս նկատի ունի ոգեզուրկ, ԱՆԱՍՏՎԱԾ մարդուն։

Անաստված մարդը կարող է տարվել նեկրոմանիայով, ոգեհարցությամբ։ Նա կարող է նաև տարվել․․․ նեկրոֆիլիայով, սիրել մարմինն այնքան, որ նրա հետ․․․ կենակցելու ցանկություն ունենա․․․ նաև  դրա մահացած վիճակում․․․ Միայն մարմնի հոգսերով ապրելը՝ հոգևորն անտեսելը, նեկրոֆիլիայի մի տեսակ է, երբ մարդ «կենակցում» է իր իսկ մարմնի հետ՝ որկրամոլ է, սեռագար է և այլն։ Մարմնի հանդեպ տարբեր վերաբերմունք է եղել պատմության ընթացքում։ Հին եգիպտացիները պատվով, «առոք-փառոք» պահպանել են այն հսկա դամբարաններում, «ապահովել» սննդով և այլն, որպեսզի հանդերձյալ աշխարհում մարդ ունենա իր կենսամիջոցները։ Քրիստոնեական ուսմունքը հորդորում է մարմնի մասին հոգ տանել այնքանով, որ Ահեղ դատաստանից և մեռյալների հարությունից հետո ամեն հոգի վերագտնի իր մարմինը, որ անխաթար-անվնաս պիտի լինի նաև հետմահու, մինչև հուղարկավորություն էլ։ Սա մի բան է, որ ծայրահեղացնում են աղանդավորները՝ մարդու անդամները հեռացնելը, ընդհուպ մինչև․․․ արյան փոխներարկումն արգելելով։

Հավանաբար զանգվածային նեկրոֆիլիայի մի տեսակ է ՄԵԾԱՊԵՏԱԿԱՆ ԴԻԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆԸ։ Եթե հին եգիպտացիները փարավոնների դիակներն ամփոփել են բուրգաձև դամբարաններում ՝ դա իր խորհուրդն ունի, որի մասին արդեն խոսեցինք, բայց երբ նորագույն պատմության «կայսրերին» անթաղ են պահում ժամանակակից դամբարաններում, դաժան խորհուրդ ունի, ես կասեի՝ «հակախորհուրդ»։ Վարուժան Այվազյանի «Պատմություն մեծն Կովկասի» վեպում մի առասպելական ցեղ չի թաղում իր մեռելներին, նրանց դնում է իրենց ձիերի գավակներին, կապում իրենցից և ման տալիս իրենց հետ։ Դա մի քոչվոր ցեղ է։ Այդպես իրենց մեռելներից չեն բաժանվում կոմունիստական անցյալ ունեցած և դեռ ներկայումս ունեցող պետությունները — առաջինն՝ Ռուսաստանը՝ Լենինին, ապա՝ նրա ազդեցությամբ՝ Բուլղարիան՝ Գեորգի Դիմիտրովին, Չինաստանը՝ Մաոյին, Վիետնամը Հո Շի Մինին․․․ Մարքսիզմի մեջ, որպես գաղափարախոսության, չկա այդպիսի «պետական դիապաշտության» դրույթ։ Քաղաքակիրթ հասարակության մեջ գիտելիքն այն աստիճան է աներկբա, որ դժվար թե այդ փաստի մեջ որևէ գիտական կամ հավատի տեսակետից հիմնավոր մի կռվան լինի՝ մեռած կայսրերին անթաղ պահելու նպատակին ի սպաս։ Եթե Սովետի կոմունիստական արբանյակ-պետությունների դեպքում դա քաղաքական երբեմնի ազդեցության հետևանք է, ապա Ռուսիայի դեպքում դա այլ խորհուրդ ունի՝ եթե այն արժանի է «խորհուրդ» կոչվելու․․․ Ես երկար ժամանակ մտատանջվել եմ, թե ի՞նչ իմաստ ունի այս լուսավոր դարում ( լա՛վ՝ «կիսախավար»՝ եթե նայելու լինենք․․․ մի բարձր մակարդակից ) պետության ղեկավարի դիակն անթաղ պահելը։ Եթե դա կոմերցիոն նպատակներ ունենար՝ Լենինի դամբարանը, դիակը մշակված պահող մի ամբողջ գիտահետազոտական ինստիտուտի հետ, կմասնավորեցվեր։ Չէ՛, այն պետությունն է պահում։ Հիմա՝ վերջին իրադարձությունների լույսի տակ, հասկացել եմ, որ դա պուտինյան Ռուսիայի անքակտելի «ատրիբուտն» է, «կայսերական թալիսմանի» պես մի բան։ Ռուսաստանը կմեռնի-կվերանա, եթե դադարի կայսրություն լինել — և սիֆիլիտիկ, ոճրագործ ՈՒլյանովն այդ կայսրության պաշտամունքի առարկան է, պետական սիմվոլիկա է՝ ինչպես զինանշանը, դրոշը, հիմնը․․․ Սովետի տարիներին մի ռուս մուժիկ, կարճափող հրացանը հագուստի տակ թաքցրած, «այցելել» էր Իլյիչին և․․․կրակել նրա․․․ ջանդաքին՝ դե արի՝ մի ասա․․․Դրանից հետո է, որ հատուկ չկոտրվող ապակի են քաշել այդ գյոռբագյոռի «արկկղին»․․․

  Ո՛չ միայն Լենինի դիակի պաշտամունքը — նորօրյա ռուս «կայսրը»՝ Պուտինը պետական սիմվոլիկա է դարձրել նաև Ստալինին, բայց ոչ այնքան բացահայտ ու հանդուգն, որովհետև դա արդեն «սլիշկոմ»՝ չափազանց կլիներ ու ինչպես ասում են՝ քաղաքականապես «կվառեր» , վերջնականապես կբացահայտեր իրեն որպես բռնակալի․․․ Չնայած՝ արդեն էլ բացահայտելը ո՞նց է լինում, որ․․․