Որպես նախաբան ուզում եմ մեջբերել 1996թ․ լույս տեսած իմ «Անժամության վայր» ժողովածուից մի բանաստեղծություն․
* * *
Օ, սրբազան զարկով զարկվածներ՝
զրկվածներ երանելի մահկանացությունից․․․
Դուք Տիեզերքի վրա բացված մի պատուհան ունեք,
մի պատուհան ունեք Զարկից բացված —
և պարզապես տեսնում եք Հավերժն ու
փրփրած շուրթերով բարբառում այդ մասին․․․
Դուք տեսնում եք Հավերժի կիրճաբերանում
բոլոր ժամանակ-քամիներին՝
իմի հավաքված և խաղաղված —
և խոսում եք ապագայից՝ իբրև արդեն
կատարված մի բանից — Արդարև,
կատարված, կատարվա՜ծ է ամեն բան,
քանզի ամեն ԲԱՆ՝ ԿԱՏԱՐՅԱԼ՝ Է՛․․․
«Սրբազան զարկով զարկվածներ» և «փրփրած շուրթերով բարբառողներ»։ Սա ստեղծագործելու, հանճարի «պաթոլոգիական», «ախտաբանական» կողմն է ակնարկում։ Եվ ուզում եմ ևս իմ մի բանաստեղծությունը մեջբերել, 1990թ․ լույս տեսած իմ առաջին՝ «Պսակբացեք» ժողովածուից․
* * *
Սուրբ Հովհաննու վանքում ուխտի օր, կիրակի,
սուրբ ջուր՝ բարակ հեղվող Օձի Պորտի ակից։
ՈՒ տաք խաչքարերին մողեսների մի դաս՝
Վերին ճառագայթաց գոյին հաղորդակից․․․
Վարսախռիվ մի կին՝ հիվանդ կամ մարգարե,
որ ծնկաչոք եկած առ շիրիմն Սրբվո,
զառանցում է խոսքեր՝ անմիտ կամ հանճարեղ
Ու մերթընդմերթ հակվում և ընկնում է քարին․․․
Եվ ուխտավոր ամբոխ՝ խմբված ու սահմռկած,
բարբառումին ի լուր և հրաշքին ի տես։
Մի խաժակն մանչուկ՝ տատի ձեռքից բռնած —
իր դեմ հազար փակ դուռ ու գաղտնիքներ պես-պես․․․
Մի խաժակն մանչուկ (պարզ տեսնում եմ ես ինձ),
որ դեռ անհաղորդ է գոց խորհրդին խոսքի,
բայց և՝ կարկամած է աղոտ մի կասկածից —
Ոգեծաղիկ — ընդմիշտ՝ ծիլը տառապանքի․․․
Սուրբ Հովհաննու վանքն իմ ծննդավայրում է, Լոռու Արդվի գյուղում, որը ութերորդ դարում կառուցել և այնտեղ էլ ճգնել է դեռևս իր կենդանության օրոք սրբադասված, մեծավաստակ քաղաքական և կրոնական գործիչ, շարականագիր Սուրբ Հովհան Օձնեցի կաթողիկոսը։ Բանաստեղծության մեջ հիշատակված սուրբն ինքն է, քարին՝ իր շիրմաքարին ընկնող, զառանցող կինը՝ օձնեցի Սոնան, մի ընկնավոր կին, որ ուխտագնացությունների օրերին շրջում էր վանքերով և խմբված ուխտավորների համար «բարբառում, զառանցում» մանվածապատ, խորհրդավոր, սարսռազդու տեքստեր, իբրև մի գեղջուկ․․․դելփյան պատգամախոս․․․
Այո, ստեղծագործելու շնորհի մեջ մի ախտաբանական կոմպոնենտ կա։ Դե Լամբրոզոն հանճարներին ամբողջովին հոգեկան հիվանդ է դուրս բերում, նրա «տեսությունը» վաղուց ժխտված է — որքա՞ն է հոգեկան հիվանդների տեսակարար կշիռը մարդկության թվում այդ պահին և որքան` հանճարների տեսակարար կշիռը հոգեկան հիվանդների թվում այդ պահին․․․
Տիեզերքի միայն ինչ-որ հինգ տոկոսը՝ նյութական զանգվածն է ի զորու տեսնել մեր նյութական աչքը, և մեր ուղեղի հնարավորությունների մի ինչ-որ տաս տոկոսն է գործադրվում գիտակցական գործընթացի համար։ Գուցե մեզ հարյուր տոկոսի հնարավորությունն առայժմ Աստված չի տալիս, որովհետև մենք դեռ այդքան կատարյալ, ԲԱՐՈՅԱԿԱՆ չենք, որպեսզի այդ հարյուրտոկոսանոց ամեհի ուժը ի չարս չգործադրենք։ Այդ պատճառով էլ ես վախենում եմ ՆԵՐԿԱ ՄԱՐԴՈՒ մարդկային անկատար ուղեղը արհեստական բանականությամբ համալրելուց — դա աղետի կարող է բերել․․․ Հիշու՞մ եք Տարկովսկու «Սոլյարիս» ֆիլմի «իրադարձությունները»․․․
Պաթոլոգիան կա՛, մեծ հանճարներից ( ռազմական, քաղաքական, արվեստի, գրականության և այլն) շատերը․․․ ընկնավորներ են — Դոստոևսկի, Ֆլոբեր, Հուլիոս Կեսար և այլն․․․Դա խոսում է այն մասին, որ հանճար լինելը ԵՐԵԿՎԱ ԵՎ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՐԴՈՒ գրեթե ուժից վեր մի բան է, նրանք ՍՐԲԱԶԱՆ ԶԱՐԿՈՎ ԶԱՐԿՎԱԾՆԵՐ են, և նրանց հետ կատարվել է մի բան, ինչ որ․․․ կատարվեց աստվածաշնչյան Հակոբի հետ, երբ նա մենամարտեց Տիրոջ հրեշտակի հետ և շնորհի հետ միաժամանակ կոնքից ջլախախտվեց․․․ Մարդկային տկար կազմվածքը, երբ մի օրգանից ախտաբանորեն տուժում է և կորցնում համապատասխան մի ընդունակություն, մի այլ օրգան «ակտիվացնում» է ու ձեռք բերում մի այլ օրգանի «գերմարդկային» ունակություններ։ Օրինակ, կույրը, կորցնելով տեսողությունը, չի տեսնում դրամի նիշը, բայց․․․ շոշափելով հասկանում է, թե ինչ է գրված դրամի վրա․․․ Շատ ժամանակ մենք «մեջքով» զգում ենք մեր հետևից մեր վրա հառված ինչ-որ մեկի հայացքը․․․ Ինչպե՞ս բացատրել․․․ Կարծում եմ՝ նման մի բան կարող է կատարվել մարդկային ուղեղի հետ, որ նա «ախտաբանորեն խփնվի», բայց ձեռք բերի հանճարի արտասովոր ուժ․․․
Ստեղծագործությունը․․․ զառանցանք է — եթե «սթափը» խոսում է գիտակցության, ապա «Ապոլլոնից խփվածը» ՝ ենթագիտակցության ոլորտից։ Այո, ստեղծագործական գործընթացը ենթագիտակցական, անբացատրելի մի բան է։ Բայց ի՞նչ ասել է «ենթագիտակցություն» — դա անհաջող հորինված մի եզր է (երևի Ֆրեյդինն է․․․) , «ենթագիտակցություն» ասվածը ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՈԼՈՐՏՆ է մեր ներաշխարհ կոչվածում․․․ Կանտն ասում է՝ «Ինքնին իր», ռուսերեն մի քիչ ավելի հարմար ու հասկանալի է — «վեշչ վ սեբե», այսինքն՝ իր՝ ինքն իր մեջ։ Ինչպե՞ս ճանաչել այն։ Ինչպե՞ս ճանաչել մի մարդու, որն․․ ․ինքնամփոփ է, չի խոսում, պիտի խոսի չէ՞, որ ճանաչես (թեև խոսքերով կարող է կեղծել), Պլատոնն ինչպե՞ս էր հասնում ճշմարտության, երկխոսություններով, չէ՞․․․ Աշխարհը որպես «ինքնին իր» լուռ է, անճանաչելի, գիտելիքը քիչ բան կարող է տալ։ Այ, այդ դեպքում օգնության է հասնում «սրբազան զարկով զարկվածների» ինտուիցիան․․․ Դրա համար պատժվում էլ են, ինչպես «կրակագող Պրոմեթևսը»․․․ Գերմանացի մեծ բանաստեղծ Ֆրիդրիխ Հյոլդեռլինը ԱՍԵԼԻՈՒԹՅԱՆ և ԱՆԱՍԵԼԻՈՒԹՅԱՆ միջակայքում «արգելված» պատնեշներ խախտեց — և տասնամյակներ շարունակ խելագարության շրջան ապրեց տյուբինգենյան գրասեր մի հյուսնի տան տանիքում․․․ Իր խոսքերով ասած՝ «կրակն ընկել էր Սեմելեի տան վրա», երկնայի՛ն կրակը․․․ Նույնը՝ Նիցշեի հետ․․․ Կոմիտասի հետ․․․ Ի՞նչ ասես․․․ Տիգրան Մանսուրյանը, վերլուծելով Կոմիտասի «Անտունիի» մեղեդակազմը, հեռուստատեսային իր մի ելույթում ասաց՝ Կոմիտասի խելագարությունը ոչ այնքան եղեռնի ցավի հետևանք է, որքան որ․․․ Ասաց, որ այդպիսի ԲԱՐԴ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԲԱՆԵՐ անողի հետ անխուսափելիորեն ԴԱ տեղի էր ունենալու․․․ Այո, կա «Ապոլլոնից խփնված» եզրույթը, ես դրան ասում եմ «սրբազան զարկով զարկված»․․․
Արդ, գիտությունն ինչպե՞ս է «վարվում» աշխարհի հետ՝ որպես մի «ինքնին իրի»։ Գիտությունը գիտություն է, մարդուն շնորհված հզոր աստվածային պարգև, բայց «չխոսկան» աշխարհի առջ, այնուամենայնիվ, ո՛չ ամենակարող։ Աշխարհի «ներսը բացում են», առավել խորությամբ, ստեղծագործո՛ղ հանճարները։ Այստեղ ուզում եմ մեջբերել Սեն-Ժոն Պերսի նոբելյան բանախոսությունից մի հատված․ «Եվ պոետական մտքի մեծ արկածախնդրությունը ոչնչով չի զիջում արդի գիտության դրամատիկական հայտնագործություններին։ Աստղագետները կարող են խենթանալ նվաճվող տիեզերքի որևէ տեսությամբ․ և պակաս չէ նվաճումը՝ մարդու բարոյական անսահմանության մեջ՝ այդ տիեզերքում։ Քանի դեռ գիտությունն ավելի հեռուներն է տարածում իր սահմանները, ուրեմն այդ սահմանների աղեղի ամբողջ երկայնքով դեռ լսելի կլինի պոետի որսորդական հարայհրոցը»․․․ Սեն-Ժոն Պերսը «եսասիրաբար» սա ասում է պոետների օգտին, բայց նույնը կարելի է ասել ընդհանրապես այլ արվեստագետների՝ նկարիչների, կոմպոզիտորների, ռեժիսորների․․․ մասին։ Միայն թե․․․ մնացած արվեստները վերլուծելիս արվեստաբանները շատ են օգտագործում «բանաստեղծական» բնորոշումը, ճարահատյալ․․․, որովհետև այնուամենայնիվ «գլուխը» պոեզիան է․․․