Նարեկացու Մատյանը վերընթերցելիս միշտ ինձ իրեն է «գամում» գլուխ ԽԶ, Բ հատվածը։ Այն հավանաբար շատ է գրավել նաև Պ․ Սևակին, ով ըստ Ա․ Արիստակեսյանի հիշատակության՝ Մատյանն աշխարհաբարի փոխադրելու գործն արդեն սկսել էր և իր եղերական մահվանից առաջ հենց այս հատվածից էր սկսել փոխադրությունը։ Ա․ Արիստակեսյանը փոխադրված հատվածը մեջ է բերում, և բարձր գնահատելով Վ․ Գևորգյանի աշխատանքը (ով անցյալ դարի ութսունականներին հրատարակել է Մատյանի իր կատարած փոխադրությունը), կարդալով Պ․ Սևակի փոխադրած այդ հատվածը՝ այնուամենայնիվ ափսոսում ես,- ախ, թե որ ո՜ղջ Մատյանն այսպե՛ս փոխադրված լիներ․․․ Բախտ չունեցանք։
Ահա քեզ կրող երկու միաբան
Անանջատելի ոտներիդ վրա
Հրեշտակաձև դու կառուցվեցիր,
Որ միշտ կրկնաբարձ, վերասլացիկ քո բազուկներով,
Ասես թևավոր, թռիչքով միայն
Երկիրն հայրենի դիտես բարձունքից․
Ո՜վ հիմար, հապա ինչու՞ կամովին գետնին կորացար
Ու միշտ երկրային հոգսերով տարված՝
Անապատական վայրի ցիռերի շարքը դասվեցիր։
(փոխ․ Վ․ Գևորգյան)
Մարդու արարման մասին Սուրբ Գիրքն այսքանն է ասում ՝ արարվեց կավից և տերունական շունչ փչվեց վրան։ Բայց Նարեկացու տեսողությունը տեսնում է մանրամասները՝ «հրեշտակաձև սխեմայով» է կառուցվել։ Մարքսիստական փիլիսոփայությունը՝ օգտվելով Դարվինի ճոխ «կապկաբանությունից», ասում է, որ մարդը (ըստ իրեն՝ մարդակապիկը) ուղղահայաց դիրք է ընդունել աշխատանքի շնորհիվ, որպեսզի առջևի ոտքերը կտրի գետնից և օգտագործի աշխատանքի համար, ոտքերը դարձնելով ձեռքեր։ Այդ մասին թող մարդաբանները խոսեն, բայց մի բան պարզ է, որ «հակառակ գործընթացը» միայն Նարեկացին է նկատել։- ՈՒղղահայաց դիրքով, հրեշտակաձև կառուցված մարդը՝ երկրային հոգսերով տարված (այդ երկրային հոգսերը մեր դարում սրվում-բազմապատկվում են՝ սպառողական-օգտապաշտ, տարբեր երկրային մոլություններից կախվածություն ձեռք բերած և հոգևորից հեռացած մարդու վարքով կորանում է գետնին, ու բնականաբար, անսպասելի չէ, որ մի օր ձեռքերը կարող են ․․․ նորից վերածվել ոտքերի՝ եթե ըստ մարքսիզմի դատենք)։
Նույն այդ իմ սիրելի Բ հատվածը շարունակվում է այսպես․
Ինչպես բազմաճյուղ մի կանթեղ, մարմնիդ պերճ աշտանակին
Բոլորությունը գլխիդ հաստատվեց,
Որպեսզի նրա շնորհիվ երբեք
Չօտարանալով շնորհի վսեմ օրինատիպին՝
Տեսնես Աստծուն, անանցականը իմաստասիրես։
(փոխ․ Վ․ Գևորգյան)
Սա ասված է տասներորդ դարում։ Գանգաբանությունը որպես գիտություն՝ դարեր հետո պիտի առաջանար։ Տիեզերական կատարյալ ձևը գնդաձևն է (բոլորությունը) — և ըստ գանգի բոլորաձևության առանձնահատկությունների, գիտնականները հետո ըստ ռասաների գանգատեսակների՝ նաև նրանց մարդաբանական որակները պիտի գնահատեին, կամ առնվազն՝ կապ գտնեին մարդու գլխի ձևի և նրա «պարունակության» որակների միջև (սա ֆաշիզմի տեսաբանների կողմից հետագայում չարաշահվեց)։
Մարդու՝ որպես «բազմաճյուղ կանթեղի» և «մարմնի պերճ աշտանակի» հետ գլխի՝ դրանց վրա հիմնված «բոլորությունը» հուշում է, որ Նարեկացին մարդուն ներկայացնում է որպես եկեղեցի, վանք՝ կառույցի իմաստով՝ դրսից, և որպես հոգևոր էակ՝ ներսից։ Բանավոր եկեղեցի։ Քսաներորդ դարում միայն Վ․ Սոլովյովը շրջանառության մեջ պիտի դներ соборность եզրը (հայերեն, հավանաբար, կլինի «տաճարայնություն»)։
Անցյալ դարի ութսունական թվականներին ես մի բանաստեղծություն եմ տպագրել «Գարուն» ամսագրում «Դարձ դառը ժամի» վերնագրով («Դու, որ նման ես կողոպտված վանքի․․»), Նարեկացու Մատյանի այդ հատվածի ազդեցությունից է գալիս (հիշում եմ ՝ գրաքննությունն էլ դժվարությամբ էր թույլ տվել՝ պատճառաբանելով, որ այդ բանաստեղծության մեջ եկեղեցու պատկերը կրոնի գովազդ է․․․)։
Դրա հետ նաև ճոխացար պատվով բանականության,
Որ քեզ շնորհված բարեմասնության հաղթանակները
Անկաշկանդ լեզվով պատմես բոլորին։
(փոխ․ Վ ․Գևորգյան)
Այստեղ էլ արդեն լեզվաբանության (լեզվի առաջացման) հիմքերն են ակնարկվում։
Զարմանալի բան եմ ասում, թեև Նարեկցու Մատյանում զարմանալի բաներ շատ կան։- Այն, որ Մատյանը իր տեքստաշերտերում պարունակում է իր ժամանակի իմաստասերների գաղափարներից վերցրած ամենայն անհրաժեշտը՝ հասկանալի է, բայց որ Նարեկացին տեղյակ է եղել նաև նավաշինության արհեստից (նավի կառուցվածքից ), դա է զարմանալի (մենք գիտենք, որ նա ապրել է ճգնակյաց, ասել է թե՝ «աշխարհից կտրված» կյանքով )։
Եվ ալիքների վայրագ բախումից նավը խորտակվեց։
Քայքայվեց ՍԱՐՔԸ ԹԻԱՎԱՐՈՒԹՅԱՆ,
Հիմնախիլ եղավ ԿԱՅՄԸ ԲԱՐՁՐԱԲԵՐՁ,
Առագաստն ամբողջ իր ԹՌՉԱՐԱՆՈՎ
Պատառոտվելով դարձավ ծվեններ անկարկատելի,
Զարդերից զրկվեց շինվածքը շքեղ,
ԱՌԱՍԱՆՆԵՐԸ ՁԳՄԱՆ՝ խզվեցին,
Տապալվեց գլխի ԴԻՏԱՐԱՆԸ պերճ,
Կտրվեց ՊԱՐԱՆՆ ԱՊԱՎԱՆԴԱԿԻ,
ԽԱՐՍԽԱԿԱԼԸ քանդվեց հիմնիվեր,
Բաժանվեցին ԶՈՒՅԳ ԿՑՄԱՆ ԼԾԱԿՆԵՐՆ հաստ ու ամրակուռ,
Ծռվեցին ՍԱՄԻՔՆ ՈՒՂՂԸՆԹԱՑՈՒԹՅԱՆ,
Սուզվեց ՀԻՄՆԱԼԱՍՏ ՆԵՑՈՒԿԸ նավի,
ՂԵԿՆ ԻՐ ԿԱԶՄՎԱԾՔՈՎ ընկղմվեց անհետ,
Նավարկությունը զրկվեց իր բոլոր հարմարանքներից,
ՈՂՆԱՓԱՅՏՆ ամուր կոտրվեց իսկույն,
ԶՍՏԱԿԱՊԵՐԸ հոշված՝ թափվեցին,
Ավերակ դարձավ նավագոգն ամբողջ,
ՆԱՎԱԽԵԼԸ ԻՐ ԵԶՐԱՇՐԹԵՐՈՎ խախտված դուրս թռավ,
Շքեղ ԲԱԶՄՈՑՆԵՐՆ ընկան սուզվեցին,
Հիմնահատակվեց ՎԱՆԴԱԿԱՊԱՏԸ վայելչակառույց,
ԳԱՀԱՎՈՐԱԿԸ ՀԱՆԳՍՏԱՐԱՆԻ փլված խորտակվեց,
ՏԱԽՏԱԿԱՄԱԾԸ քայքայվեց իսպառ,
ՊՆԴԻՉ ԳԱՄԵՐԸ դուրս թռան տեղից։
( գլուխ ԻԵ, Բ հատված, փոխ․ Վ․ Գևորգյան, ընդգծումներն իմն են -Զ․ Բ․ )։
Մանրամասնությամբ տեսնում ենք նավի կառուցվածքի սխեման։ Որտե՞ղ է տեսել։ Վանա լճի ափին, ասենք, նավաշինարաններ եղե՞լ են․․․ Սա նման է մի այլ հանճարի՝ Դանտեի «արարքին», երբ նա՝ թռչող ապարատների ստեղծումից դեռ շատ առաջ, աէրոդինամիկայի բոլոր օրենքներին համապատասխան նկարագրում է Գերիոնի ոլորապտույտ թռիչք-վայրէջքը դժոխքի պարունակներից մեկում;
Թվարկելով, մեղքերի հետ, Չարից մինչև մարդուն տառապանք պատճառող ամենամանր արարածները՝ լվիճները, որովայնայինները, արնածուծները և այլն, Նարեկացու հայացքը տեսնում է նաև աներևույթներին, որոնք, իր ասելով, «եռում,զեռում են, սուրում, սլանում մարմնիս ծովի մեջ․․․» ( Բան ՀԱ, Գ ) — ամենայն հավանականությամբ, դրանք կռահված մանրէները, բացիլներն են, մինչդեռ մանրադիտակը, է՜, որ դարում դրանք պիտի հայտնաբերեր․․․
Եվ եթե մեկը քննախույզ լինի ուշիմ հայացքով,
Կտեսնի անթիվ, բյուր ու անհամար,
Փոքր ու մեծամեծ, բազմատեսակ ու զանազանակերպ
Խմբեր լողացող կենդանիների,
Որոնք անհատնում ամեհի վտառ ու երամներով
Եռում, զեռում են, սուրում, սլանում մարմնիս ծովի մեջ,
Ու կհաստատի ճշմարտութհյունը գրած խոսքերիս։
(փոխ․ Վ․ Գևորգյան )
Մենք իրավամբ ասում ենք, որ Չարենցի մեջ երեք-չորս բանաստեղծ կա։ Բայց Նարեկացին իր հանճարով դա էլ է կանխել,- Մատյանի Նարեկացին մի բանաստեղծ է, տաղերինն էլ՝ մի այլ, նույնքան մեծ։ Նարեկացու աննմա՜ն տաղերը, հավանաբար որոնցից ՝ որքան որ հուշում է իմ բնազդը, սկիզբ է առել մեր պատանի հանճարի՝ Մ Մեծարենցի պոեզիան։
Մեծարենցը Նարեկացու մասին մի հոդված ունի, որ ավելի շատ արձակ բանաստեղծության է նման և վերնագրված է՝ «Նարեկացու հետ»։ Իմ այս հոդվածի վերնագիրն էլ, կարծես թե, այդտեղից եկավ ․․․
Մի բան ևս։ Վերջին տարիներին, ըստ առկա տվյալների, Նարեկացու Մատյանը մեզանում ամենաշատ վաճառվող գիրքն է։ Դա, անշուշտ, ուրախալի է, բայց ես մի աղոտ (գուցե․․․ հիմար) կասկած ունեմ,- այդ գնված գրքերի մի զգալի մասը երևի ընթերցանության համար չի գնվում (ասենք՝ սրբապատկերի հանգույն, կամ Ավետարանի պես, որ դրվում է տան երևացող մի անկյունում )։ Անցյալ դարի ութսունական թվականներին ես Վ․ Գևորգյանի փոխադրությամբ լույս տեսած Նարեկացու Մատյանը գնեցի սովետական քսանհինգ ռուբլով ( ներկայիս երևի քառասուն դոլարը ), «ընդհատակյա» մի գրավաճառից։ Վերջինս կարեկցանքով հարցրեց․ «Ի՞նչ հիվանդություն ունես»։ Ասացի՝ գիրքը կարդալու համար եմ տանում, ոչ թե՝ մեր դարավոր, հայտնի սովորությամբ՝ բարձիս տակ դնելու (թեև, հնարավոր է, սա էլ կարելի է )։ Հեղափոխական այս օրերի ոճով դիմելով ժողովրդին, ասում եմ ՝ ժողովուրդ ջան, Նարեկացու Մատյանը ․․․ անտիբիոտիկ չի ( մեղա՜, Տեր ), որ գնում, տանում եք տուն, անպայման կարդացեք, զի այն իսկապես բուժիչ հատկություն ունի, բայց միայն (կամ գուցե՝ ավելի շատ) ընթերցելու պարագայում։