Հայ կինոյի 100-ամյա հոբելյանն առիթ էր՝ հանդիպելու և զրուցելու երկու հետաքրքիր անձանց՝ հայր և որդի Մաթոսյանների հետ: Կինոգետ, խմբագիր Ռոբերտ Մաթոսյանն ու նրա որդին՝ կինոպրոդյուսեր Տիգրան Մաթոսյանը, մեզ պատմեցին բազմաթիվ ուրախ և տխուր կինոդիպվածներ, որոնք ներկայացնում ենք մեր ընթերցողին:
Ռոբերտ Մաթոսյանը, որպես երկարամյա փորձ ունեցող մասնագետ, հայ կինոն դիտարկում է առանձին շրջափուլերով. «Հայկական կինոն ես երեք շրջանի եմ բաժանում: Առաջինը համր կինոյի շրջանն է: «Շորն ու Շորշորը» համաշխարհային մակարդակի գործ է իմ կարծիքով: Չապլինյան հզորություն ունի: Երկրորդ՝ հնչուն շրջանն սկսվում է «Պեպոյից» և շարունակվում մինչև Հայրենական մեծ պատերազմ: Երրորդ շրջանը՝ հետպատերազմյանը, «Եռանկյոնի» և «Բարև, ես եմ» ֆիլմերից է սկիզբ առնում և հասնում մինչև ինքնիշխան Հայաստանի Հանրապետության տարիներ»:
Այս շրջանի ֆիլմերից առանձնացնում է Դերենիկ Դեմիրճյանի համանուն թատերգության հենքով նկարահանված «Քաջ Նազար» ֆիլմը: Դա համարում է մեծ համարձակության և մշակութային ազատության փաստ, որը վկայում է, որ խորհրդային տարիներին, հատկապես ֆիլմի ստեղծման ժամանակ՝ 1940 թվականին, բնավ էլ վիճակն անքան մռայլ ու անհույս չի եղել, ինչպես ընդունված է կարծել:
«Ես հիացած եմ, որ Ամասի Մարտիրոսյանը, որն, ինչպես հայտնի է, բռնադատված էր, նկարեց «Քաջ Նազարը»,- ասում է Ռ. Մաթոսյանը:- Ստալինի իշխանության ամենահզոր ժամանակն էր, ահուդող էր տիրում երկրում, բայց ֆիլմը նկարվեց: Մարտիրոսյանը պատմում էր, որ Դեմիրճյանն էլ է մշտապես զգուշացրել ավելորդ բաներից խուսափել, մեղմացնել դիալոգները, վտանգավոր տեսարաններ չնկարել: Բայց արդյունքում ինքնատիպ ֆիլմ է ստացվել, մինչև հիմա էլ նայում ենք չթուլացող հետաքրքրությամբ: Էնպես որ, չի կարելի սարսափ-հերոսի ժամանակներ համարել այդ տարիները, այդ ընթացքում եղել են շատ նշանակալից ձեռքբերումներ՝ հատկապես մշակույթի ոլորտում»:
Ի դեպ, այդ տարիների ձեռքբերումների շարքում նա հիշատակում է նաև այլ մշակութային փաստեր, օրինակ՝ Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանքը»՝ գրված 1943 թվին՝ պատերազմի ամենաթեժ շրջանում, 1944-ին Համո Բեկնազարյանի նկարահանած «Դավիթ Բեկ» ֆիլմը: Նա նշում է, որ այդ գործերում, իհարկե, առկա է քաղաքական տարրը, հայրենասիրական ոգին բարձրացնելու միտումը, բայց և անժխտելի է, որ ամեն ազգ դա անում էր իր պատմության օրինակով:
Անդրադառնում ենք նաև Հայաստանի Հանրապետության անկախ շրջանի ֆիլմերին:
Նա այն կարծիքին չէ, թե անկախության շրջանում մեր կինոն չի զարգացել, բայց այս շրջանը համարում է կինոյի, մշակույթի խմորումների տարիներ: «Մի ֆիլմ կա, որն անցյալ տարի ներկայացվեց «Օսկարի»՝ Ինա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը»,- մանրամանսում է զրուցակիցս:- Այս ֆիլմը ես անվերապահորեն համարում եմ անկախության շրջանի հայ կնոյի հաջողություններից մեկը: Այստեղ խոսքը միայն Հայոց ցեղասպանության անդրադարձի կարևորության մասին չէ: Այս ֆիլմն անիմացիայի և խաղարկայինի իր ամբողջության մեջ է արժեքավոր: Կինոլեզվի առումով է շատ հետաքրքիր. խաղարկայինի և անիմացիայի համադրումը կինոլեզվի նոր երանգավորում է ստացել: Կինոակադեմիայում ես այդ ֆիլմի օգտին եմ քվեարկել, և հիմա, երբ այն բազմաթիվ մրցանակներ է ստացել, ինձ համար հաճելի է: Իսկապես, ֆիլմը հաջող քննություն է բռնում տարբեր հարթակներում»:
Հայ կինոյի տարեգրության մի կարևոր փաստ է հիշատակում կինոգետը՝ կապված փառատոնային գործունեության նախաքայլերի հետ:
Նա 1969 թվականին հիմնադրված «Ֆիլմ» թերթի խմբագիրն է եղել և մասնակցել բոլոր կարևոր կինոիրադարձություններին: Առաջին փառատոնը, որին մասնակցել է Երևանում, Արտյոմ Ալիխանյանի կազմակերպած՝ հայ երիտասարդ ռեժիսորների ֆիլմերի փառատոնն է եղել Ֆիզիկայի ինստիտուտում: Նա եղել է ժյուրիի կազմում: Սկզբում փոքր ինչ վերապահումներ է ունեցել կազմակերպչի՝ մեծահամբավ ֆիզիկոս Ալիխանյանի կինոչափանիշների հարցում, բայց քննարկումների ընթացքում զարմացել է նրա իմացությամբ, կինոարվեստը գնահատելու հմտությամբ: Պատմում է, որ երիտասարդ ռեժիսոր Ջոն Մարտիրոսյանի ֆիլմի համար քվերակելիս ժյուրիի մեկ անդամ բացակայել է, քվեարկության արդյունքում հավասարաչափ՝ երեքական կողմ և դեմ քվե է ստացել ֆիլմը:
«Փակ գաղտնի քվեարկություն էր, և հանկարծ Ալիխանյանն ասում է. «Տեսնենք՝ ում օգտին է քվեարկել «Ֆիլմ» թերթի խմբագիրը»: Ես քվեարկել էի Ջոնի օգտին, և Ալիխանյանը որոշում կայացրեց, որ մրցանակը հանձնվի Ջոնին»,- հիշում է կինոգետը:
Նա վկայում է, որ ժամանակին Ֆիզիկայի ինստիտուտ շատ էին գալիս հրեա գիտնականներ, այլ ազգերի ներկայացուցիչներ՝ աշխարհի տարբեր կողմերից. «Նրանք կարծես մի պահ, կտրվում էին մոսկովյան ճնշող իրականությունից և գալիս Երևան՝ Ֆիզիկայի ինստիտուտ՝ վայելելու այնտեղի ազատությունը»:
Մեր զրույցի ընթացքում հարցրի նաև վերջերս Կինոթանգարանին հանձնված Համո Բեկնազարյանի դաշնամուրի մասին: Ռ. Մաթոսյանը, պարզվում է, ոչինչ չի իմացել դրա գոյության մասին: Տերյան փողոցում գտնվող Վավերագրական ֆիլմերի ստուդիայում շատ արժեքավոր բաներ են եղել, որ ցաքուցրիվ են արվել Աշտարակի խճուղու նոր «Հայֆիլմ» կինոստուդիա տեղափոխության ընթացքում:
«Ֆիլմ» թերթի խմբագրությունը տեղակայված է եղել հին «Հայֆիլմի» շենքում: Մի օր խմբագիրը պատուհանից նայել է դուրս ու տեսել, որ տղաները բակում այդ ժապավենների տուփերով ֆուտբոլ են խաղում: Ինչպես պարզվել է՝ ժապավենների վրա շատ հին և արժեքավոր քրոնիկա է եղել: Իսկույն գնացել է Կարեն Քալանթարի մոտ, իր անհանգստությունը հայտնել, հորդորել, որ փրկեն ժապավենները, բայց թե որքանով է հաջողվել անել դա, ցավոք, տեղյակ չէ: «Հայրենական պատերազմի տարիների խրոնիկա էր այդ ժապավեններում,- ասում է նա:- Միակ ազգային դիվիզիան խորհրդային զորքերի կազմում հայկական Թամանյան դիվիզիան է եղել, որ հասել է մինչև Բեռլին: Այդ մասին պատմող կադրերը փրկվեցին, իհարկե: Բայց ցավալի է, որ մենք մեր արժեքներին անփույթ ենք վերաբերվում, չենք գնահատում: Արդեն հատկապես այս շրջանում, երբ երիտասարդները կախված են Ֆեյսբուքից, համացանցից, ամեն ինչ պիտի անենք, որ հանրայնացնենք մեր ունեցած հարստությունը: Կարելի է թեկուզ թվայնացնել և նույն համացանցով դրանք դարձնել հասանելի, բայց անպայման տեղեկացնել այսօրվա սերնդին անցյալի կարևոր իրադարձությունների մասին»:
Զվարճալի ու խորիմաստ հուշ է պատմում՝ կապված 1980 թվականին Անրի Վերնոյի՝ Հայաստան կատարած այցելության հետ, երբ ինքը տասն օր շարունակ եղել է նրա ուղեկիցը՝ առավոտից մինչև ուշ գիշեր: «Օդանավակայում նրան դիմավորեցինք չորս հոգով՝ Ֆրունզե Դովլաթյանը, Խորեն Աբրահամյանը, Ֆրանսիայի դեսպանատան աշխատակից Հենրիկ Լիլոյանը և ես: Ինքնաթիռը վայրէջք կատարեց հին օդանավակայանում: Մյուս դիմավորողներին նա ճանաչում էր, ես միակ անծանոթն էի: Դովլաթյանը ներկայացրեց ինձ, ասաց, որ «Ֆիլմ» թերթի խմբագիրն եմ: Անրի Վերնոյն ասաց. «Հիմա պիտի հարցնի՝ ինչ տպավորություն ունեմ: Ասեմ՝ մարմինս եկած է, ոգիս դեռ չի եկել»: Իսկ վերադառնալիս էլ ասաց. «Մարմինս գնում է, ոգիս՝ մնում»: Իսկ այդ երկու խոսքերի արանքում այնքա՜ն հետաքրքիր պատմություններ կան»:
Եվ պատմում է դրանցից մեկը. « Օդանավակայանից երեկոյան ուշ ժամի հասանք «Արմենիա» հյուրանոց: Սպասասրահում թերթի կրպակ կար, որտեղ նաև հուշանվերներ էին վաճառում: Սկսեց նայել մամուլն ու տեսավ «Ֆիլմ» թերթը: Հարցրեց՝ ինչ տպաքանակ ունի, ասացի՝ քառասուն հազար: Զարմացավ ուղղակի, միանգամից ոգևորվեց: Քանի որ ինքը Marseliez թերթում էր աշխատել երիտասարդ տարիներին, գիտեր թերթի գործունեության արժեքը: Ինքն արդեն վաթսուն տարեկան էր, ես երեսուն- երեսունհինգ: Նա կարծես իմ մեջ տեսավ իր երիտասարդությունը: Ի դեպ, Անրի Վերնոյն ինքն էր առաջարկել, որ իրեն ես ուղակցեմ, և ասեմ, որ անվտանգության կոմիտեի աշխատակիցները իրար էին խառնվել…»:
Հիշում է Անրի Վերնոյի զավեշտալի խաղը երևանյան խաչմերուկում. «Դուրս ենք եկել «Արմենիայից», պիտի մոտակա խաչմերուկն անցնենք: Մեկ էլ կարմիր լույսի տակ սկսեց հետուառաջ անել երթևեկության գոտում: Մտածում եմ՝ էս է՞ Անրի Վերնոյը, էս ի՞նչ է անում: Մեքենաները խառնվել են իրար, վթարային պահեր են ստեղծվում, մարդիկ զարմացած նայում են: Մտածում եմ՝ խայտառակ եղանք: Վերջապես վառվեց կանաչ լույսը, մոտեցավ ինձ, ասում է.
-Ռոբե՛րս, կտեսնե՞ս այն ոստիկանին:
Մի տասը-տասնհինգ մետր այն կողմ միլիցիոներ էր կանգնած: Զայրացած ասում եմ.
-Հա՛, կտեսնեմ:
-Կուզեի հայ ոստիկանը հայերեն լեզվով ինձ տուգաներ, որ մայրիկիս պատմեի: էհ՛ չտուգանեց»:
Ահա թե ինչի մասին էին երազում եղեռնից հրաշքով փրկված մեր ազգի տաղանդավոր ներկայացուցիչները, և որքան արդիական է այսօր այդ երազանքից չզրկվելու հրամայականը:
Ինչևէ, անդրադառնանք նաև կինոպրոդյուսեր Տիգրան Մաթոսյանի կարևոր հայտնագործությանը: Նա աշխատում է եղբոր՝ ռեժիսոր Սամվել Մաթոսյանի հետ, միասին վավերագրական ֆիլմեր են նկարում: «2013-ին հերթական՝ «Վալերի Բրյուսով» ֆիլմի վրա աշխատելիս, մերձմոսկովյան Կրասնոգորսկ քաղաքի արխիվում փնտրում էինք ժապավեններ՝ նկարված 1900-ականների սկզբից մինչև Բրյուսովի մահն ընկած ժամանակաշրջանը՝ 1920-ականների կեսերը,- պատմում է Տիգրանը:- Եղբայրս գտավ «Պատե» ֆիրմայի նկարահանած մի ժապավեն, երեսուն վայրկյան տևողությամբ, որում հայ եկեղեցու սպասավորների հանդերձաքներով մարդիկ էին: Ոչ ոք չգիտեր, թե դա ինչ ժապավեն է: Մենք սկսեցինք ուսումնասիրել այն և պարզեցինք, որ 1911 թվականին Էջմիածնում նկարահանված կադրեր են՝ արված Մատթեոս Բ կաթողիկոսի հուղարկավորության ժամանակ: Դա, փաստորեն, Հայաստանում կատարված առաջին նկարահանումն էր»: Ինչպես իրավացիորեն նկատում է կինոպրոդյուսերը, այս ժապավենի առկայությունը թույլ է տալիս հայ կինոյի պատմությունը մի քանի տարով հետ տանել և հաշվել 1911-ից, այսինքն՝ մեր կինոյի հիմնադրման տարեթիվը վերանայել: Այդ կադրերը նկարահանել է Դեգմիլյով ազգանունով օպերատորը՝ ֆրանսիական «Պատե» ֆիրմայի պատվերով:
Դրվագ՝ 1911 թ. կինոժապավենից
«Բարձրորակ նկարահանում է,- գնահատում է մասնագետը,- և այն շատ կարևորեցին Ռուսաստանի ազգային կինոակադեմիայում, ինձ ու եղբորս արտոնագիր-շնորհակալագիր հանձնեցին՝ կինոգիտական հետազոտության համար: Մենք այդ կադրերի կրկնօրինակները հանձնել ենք Հայաստանի ազգային արխիվին և Սբ. Էջմիածնին: Փաստորեն, մենք հայկինոյի տարեգրության առաջին քայլերի տարեթիվը մոտեցրինք Լյումիեր եղբայրների գյուտին: Այսինքն՝ 1923-ին Հայկինոյի հիմնադրման մասին Դզնունու պաշտոնական հրամանով չի սկսվում հայ կինայի կենսագրությունը, այլ Հայաստանում 1911 թվականին նկարված այդ ժապավենով, սա նույնպես տեսակետ է»:
Մաթոսյան երբայրների շնորհակալագիրը
Դժբախտաբար, այս փաստն այնքան լավ չի հանրայնացվել՝ չնայած նրա կարևորությանը: Մենք հույս ունենք, որ այս հրապարակումն իր հերթին կնպաստի դրան:
Ինչպես տեսնում ենք, մեր կինոն, մշակույթն առհասարակ, ունեն մեծ հոգածության և արժևորումի անհրաժեշտություն, իսկ մենք շարունակում ենք աչք փակել բազմաթիվ անգին գանձերի ու դրանց մասին եղած բացառիկ տեղեկությունների վրա: Գուցե ժամանակը եկե՞լ է: Փորձենք բացել մեր՝ անտարբերորեն փակ աչքերը:
Կարինե Ռաֆայելյան
No Comments