ՕրԸնթաց Կարինե Ռաֆայելյան Հրատապ

Ազգային Սինեմատեքը անուղղակի խթան կդառնա հայկական կինոարտադրության համար

15.12.2019

«Ազգային Սինեմատեք» կոնցեպտ ստեղծարար կրթականմշակութայինզբոսաշրջային միջավայր» նախագիծն այսօր գտնվում է կինոաշխարհի, առհասարակ մշակութային գործիչների և մշակութասեր հանրության ուշադրության կենտրոնում:  

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահի գլխավոր խորհրդական Արայիկ Մանուկյանն է պատասխանում Ardi.am-ի հարցերին:


Ենթադրում եմ, որ կինոթանգարանը թանգարան երևույթի ավանդական պատկերացումների կաղապարում չի տեղավորվելու:


-Ես այս թեմային կցանկանայի առանձնահատուկ անդրադառնալ: Սա շատ կոնցեպտուալ գիծ է «Ազգային Սինեմատեքի» ստեղծարար կոնցեպտի համատեքստում: Մենք թանգարանների մասին ունենք խիստ դասական պատկերացումներ:


Հիմա արդեն՝ ոչ այնքան: Ամենադասական թանգարաններն անգամ այսօր ունեն նորարարական տարրեր իրենց գործունեության մեջ:


-Այո՛, իսկապես կա արդեն այդ մոտեցումը գրեթե բոլոր թանգարաններում: Այսօր, իսկապես, պահանջարկ չունեն բացառապես հուշային թանգարանները: Ամբողջ աշխարհում կոնվերգենցիաներ են տեղի ունենում: Հուշային թանգարանները կոնվերգենտ են ժամանակակից տեխնոլոգիաների հետ: Այնպես են կառուցված ցուցադրություններն ու կոնցեպտները, որ դրանք ինտեգրված են հասարակության առօրյային, կրթական պրոցեսներին: Մենք նախատեսում ենք ունենալ հենց այդպիսի թանգարանային հատվածներ: Այսինքն՝ օգտագործել տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորությունները, ունենալ վիրտուալ պատեր, վիրտուալ ցուցադրություններ, դրանց միջոցով ներկայացնել հայկական կինոն, կինոժառանգությունը, ինտերակտիվ շփում ունենալ կինոթանգարան մուտք գործողների հետ: Ամբողջ կրթական, մշակութային միջավայրերը լինելու են փոխկապակցված, ժամանակակից տեխնոլոգիական լուծումներով հագեցած: Հիմա ուսումնասիրում ենք մի քանի ՏՏ ընկերությունների գործունեություն, որոնք մասնակցություն են ունեցել արտերկրում արդեն իսկ շատ հայտնի թանգարանների ՏՏ ինտեգրմանը: Բոլոր գաղտնիքները չեմ բացի այս պահին, բայց նաև ասեմ, որ բանակցում ենք այդ ընկերությունների հետ, թանգարանային ժամանակավոր ու մշտական ցուցադրությունների կոցեպտների համադրողների հետ: Այս եզակի կենտրոնը, իր բոլոր կրթական, մշակութային, զբոսաշրջային բաղադրիչները լավագույնս իրագործելու հետ մեկտեղ, մեծապես նպաստելու է մեր մշակութային ժառանգության հանրայնացմանը նաև, որը կարևորագույն խնդիր է Հայաստանի համար և ևս մեկ պատուհան է դառնալու՝ բացված դեպի աշխարհ: Սպասեք, կտեսնեք:

Որպես Սինեմատեքի գործառույթի բաղկացուցիչ՝ չի նախանշվում հայկական կինոյի վերածնունդը, երկրորդ շնչառությունն ապահովելու հեռանկարը: Բայց ինքնին հասկանալի է, որ Սինեմատեքի գոյության պարագայում կինոմիջավայրի ակտիվացումը կհանգեցնի այս հեռանկարին, այդպես չե՞ք կարծում:


-Հայ կինոն վերածնունդ արդեն իսկ ապրում է, որովհետև այսօր ֆիլմեր են նկարահանվում, պարբերաբար ունենում ենք նոր հաջողված ֆիլմեր: Բայց Դուք շատ ճիշտ դիտարկում եք անում: Եթե մենք ուսումնասիրենք կինոպատմությունը, կտեսնենք, որ մեր լավագույն ֆիլմերը, որոնցով այսօր հպարտանում ենք, հիմնականում ստեղծվել են այն ժամանակաշրջնում, երբ եղել է շատ լուրջ կինոմիջավայր, մշակութային միջավայր: Այդպիսի միջավայրում են ծնվում արվեստի գործեր: Երբ մենք ասում ենք, որ Սինեմատեքը կրթական-ստեղծարար կենտրոն է դառնալու, որ այդ կենտրոնում 5 տարեկան երեխան գալու է և շփվի կինոյի, արվեստի հետ, ստանա իր կինոպրոդուկտը, սա շատ լուրջ գործոն է այդ երեխայի կողմնորոշման համար: Սինեմատեքի կոնցեպտի մեջ ենթադրվում է վարպետության դասերի, ուսուցողական ծրագրերի, սեմինարների առկայությունը: Այս ամենի արդյունքում ստեղծվում է մի միջավայր, որը ինքնըստինքյան կխթանի կինոյի զարգացումը: Սա անուղղակի խթանում է, բայց միմիայն անուղղակի խթանման միջոցով է հնարավոր ապահովել ցանկալի արդյունք: Այսօր թեկուզ մեկ միլիարդ ներդնեն կինոարտադրությունում, միևնույն է, չեն ունենա այն արդյունքը, ինչ որ կունենան, եթե այդ ներդրմանը զուգահեռ ապահոված լինեն մշակութային միջավայրի գոյությունը: Հենց այդ միջավայրը ձևավորելու խնդիրն է լուծելու Սինեմատեքը: Մյուս կարևոր խնդիրը, որ պիտի լուծի Սինեմատեքը, կինոյի հանրայնացումն է ոչ միայն հայկական, այլև զբոսաշրջային տիրույթում: Փարաջանովի ֆիլմից դուրս մնացած հատվածները Ռոտերդամում ցուցադրելու փաստը միայն ինչքան մեծ արձագանք ունեցավ և ինչքան մեծ խնդիր լուծեց հայկական ազգային կինոժառանգության հանրայնացման առումով: Սա ոչ միայն Փարաջանովին վերաբերող խնդիր էր, այլ ամբողջ հայ կինոյի ժառանգությանը: Երբ տասնյակ-հարյուր հազարավոր մարդիկ Ռոտերդամում դիտել են այդ ֆիլմը, արդեն Հայաստան գալով՝ կցանկանան լինել այդ ժառանգության միջավայրում, իսկ մենք այդպիսի միջավայր չունենք այս պահի դրությամբ: Այսօր երևանյան կինոթատրոններում գիտենք, թե ինչ հայկական ֆիլմեր են ցուցադրվում: Դրանցով պատկերացում կազմել հայկական կինոժառանգության մասին անհնար է: Բայց եթե գոյություն ունենա Սինեմատեքը, այդ զբոսաշրջային ռեսուրսը կկարողանա այստեղ գտնել իր փնտրածը, ծանոթանալ հայկական կինաժառանգությանը, կինոպատմությանը, որն իր հետ կխոսի իրեն հասկանալի լեզվով, ժամանակակից լեզվով: Այստեղ ժամանակակից սերունդը պիտի գտնի իր հետ իր լեզվով խոսող, իրեն ծանոթ գործիքներով շփվող կինոմիջավայր: Սրանից ավելի արդյունավետ հանրայնացում հայկական կինոյի համար ես չեմ պատկերացնում:       

Կարինե Ռաֆայելյան

No Comments

Leave a Reply