bodrum escort bayangaziantep escortgaziantep escortmaltepe escortbostancı escortanadolu yakası escortizmir escortankara escortataşehir escortjeux de pouletMebbismatbetholiganbettipobettrendyol indirim kodutipobetCasibomvevobahisslot siteleri https://en-iyi-10-slot-siteleri.comstarzbet adamsah.netbetmatik
Կերպարվեստ

Կարեն Սմբատյան․ «Պատառիկներ օրագրից»

04.05.2022

Ներկայացնում ենք հատվածներ անվանի նկարիչ Կարեն Սմբատյանի օրագրությունից, որ նա վարել է տարիներ շարունակ։ Դրանցում արվեստագետի խոհերն ու մտորումներն են ամենատարբեր խնդիրների և երևույթների մասին։ Կարեն Սմբատյանն այս տարի կդառնար 90 տարեկան։ Մայիսի 6-ին, ժամը 16։00-ին նկարիչների միությունում կբացվի հոբելյանական ցուցահանդես։ Ներկայացվելու են նկարչի լավագույն աշխատանքների ընտրանին, ինչպես նաև չցուցադրված, հանրությանը գրեթե անհայտ գործեր։

****
26 ապրիլի, 1965թ․ Երևան

Երկու օր առաջ տեղի ունեցավ վիթխարի համազգային ցույց Մեծ Եղեռնի 50-ամյակի կապակցությամբ։ Այդ ցույցին մասնակցեց 100 հազարից ավելի մարդ։ Ասես երազի մեջ լինեինք։ Լենինի հրապարակում հավաքվելու մտահղացումը իմն էր, որին կտրուկ դեմ էր Հայկազ Խաչատրյանը։ Այնուամենայնիվ, խիստ գաղտնի պայմաններում Սահակ Սահակյանին տվեցի տուշով ու վրձինով գրածս թռուցիկը․ «Հայեր, ապրիլի 24-ին Լենինի հրապարակ ցույցի», որը լուսանկարեց N 66 դպրոցի իմ աշակերտներից Աշոտ Հարությունյանը։ 100 հատ թռուցիկը Սահակի հետ տարածեցինք ապրիլի 22-ի գիշերը։ Ամեն ինչ հիանալի անցավ։

****

Այսօր զբոսանքի ժամանակ Վլադիմիր Կոլտունովին ասացի, որ բնությունից նկարելն ինձ օգնում է, բայց որոշիչ դեր չի կատարում ստեղծագործության մեջ։ Գլխավորը երևակայությունն է։

****
21 հունիսի, 1970 թ․ Երևան

Նաև այն մասին, որ թուրքերը Բեյրութում դատ են բացել հայկական «Ազդակ», «Զարթոնք» թերթերի  դեմ այն մեղադրանքով, որ վերջիններս լուսաբանում են թուրքերի գազանությունները մեկ միլիոն ու կես զոհերի և հայոց ցեղասպանության վերաբերյալ։ Սակայն հայերն ու արաբները արժանիորեն շահել են դատը ու տարել իրավական հաղթանակ։

****

14 օգոստոսի, 1970թ․ Երևան

Վերջերս մի փիղ դուրս էր փախել գազանանոցից, ազատ շրջում էր քաղաքում, շուռ ու մուռ էր տալիս ավտոմեքենաներն ու ասպետորեն անցնում մարդկանց մոտով։ Վերջիններս այլ ելք չգտնելով սպանեցին իրենց սիրելի փղին։ Սպանեցին տանկերով ու հրազենով։ Ասում են, երբ տանկը փորձել է ճզմել փղին, վերջինիս շնչառությունից այն իջնում ու բարձրանում էր։ Շատերն այդ տեսարանից արտասվում էին։

****

Իսկ ես կարծում եմ, որ նկարչի համար ամենակարևոր զգացումը չափի զգացումն է, առանց որի անհնարին է տաղանդավոր գործեր ստեղծել։

****

21 մարտի, 1971թ․ Պալանգա

Ուսումնասիրում եմ Պիկասոյի գրաֆիկան և առհասարակ նրա արվեստը։ Նա իմ բոլոր հարցերի պատասխանն է։ Գիծը՝ նրա և մյուս խոշոր հին վարպետների գործերում շնչում է։ Դիտելով այս կամ այն վարպետի գծանկարը, զգում եմ նրանց սրտերի բաբախյունը։ Գիծը միշտ ապրում է։

****

Յուրաքանչյուր ավարտված նկար մի-մի հայտնագործություն է։

****
Ավետարան։ Ժամանակներն ու դարերը միմյանց կապող գիրք է, որը քառասունից հետո պետք է կարդա ամեն ոք, որպես կյանքի դասագիրք։

****

Օ՜ գույներ, գույներ։ Զարմանում եմ մտածելով, եթե կյանքը զուրկ լիներ գույներից։ Կա՞ արդյոք ավելի սքանչելի բան, քան գույներն են, որոնցով շրջապատված ենք, որոնց հաճախ չենք տեսնում։

****

27 սեպտեմբերի, 1975թ․ Երևան

Քիչ առաջ լսեցի Մոնա Լիզա Ջոկոնդայի ձայնը։ Ճապոնացի գիտնականները հաշվիչ էլեկտրոնային ու կիբեռնետիկ սարքերի միջոցով կարողացել են իրագործել դարի մեծագույն հրաշքներից մեկը՝ խոսեցնել Մոնա Լիզային։ «Անհնարինն ակնհայտ» հեռուստածրագրով ակադեմիկոս Ա․ Կապիցան հաղորդել տվեց Մոնա Լիզա Ջոկոնդայի զրնգուն ու շենշող ձայնը։ Նա խոսեց հին իտալերենով և ասաց, որ ինքը 26 տարեկան էր, երբ Լեոնարդո Դա Վինչին նկարեց իրեն։

****
Ասում են «Մոնա Լիզան»-ն գեղանկարչության կատարելության գագաթ է, սակայն նման գնահատականը նսեմացուցիչ է Ռեմբրանտի «Անառակ որդու» համար։

****

Ժողովրդին ձուլումից ու ոչնչացումից կարող է փրկել նրա ոգին։

****
Ամեն հայ մի Հայաստան է։

****

Մշակույթը ժողովրդի կյանքում կատարում է այն դերը, ինչը պատերազմի ժամանակ զենքը։

****
21 հունիսի 1993, Երևան

Մոնթե (Ավո) Մելքոնյան։ Ջահել, հզոր մի ծառ։ Նահատակվեց, որ ծլարձակի բազմաթիվ ճյուղերով, որ մեր մյուս սրբապսակ նահատակների հետ տա քաջարի սերունդ հանուն մեր ժողովրդի անմահության։ Ամսի 18-ի առավոտյան գնացի Սպայի տուն հրաժեշտ տալու Մեծ Զինվորին։ Մոնթեն պառկած էր իր դագաղում, դեմքը ծածկված իր ճերմակ շորով, բայց տեղ-տեղ մորուքի արանքից երևում էր ազնվական հայորդու կորովի դեմքը, որն ասես այս պահին էլ կռվում էր իր ժողովրդի ազատության  համար։

****

Նկարն ավարտվում է այն ժամանակ, երբ նրանից հեռացվում են ավելորդությունները։

****
Եվ այն, որ հայրս հուշս է, մայրս՝ երազ․․․

****
Մեզանում ահագնանում է արտագաղթը, որն ավելի շուտ փախուստ է բորոտությամբ տառապող հայրենիքից։ Ոչինչ, մենք դեռ ոտքի կկանգնենք։

****

Սուրբ Պետրոսի կերպարը ստեղծել եմ հորս ձեռքերն ու գլուխը հիշողությամբ նկարելով, ընդ որում, այնպիսի ճշգրտությամբ, որ մինչ օրս կարծում էի՝ նկարել եմ բնօրինակից 1974-ին, երբ 1973-ին հայրս չկար։

****

Հանրապետության վաստակավորի կամ ժողովրդականի կոչումներ։ Մխիթարություն՝ տրված ճարպիկ-անտաղանդներին։

****

Արվեստագետի համար լավ կինը անփոխարինելի գանձ է։

****
Յուրաքանչոյւր ավարտված նկար մի մի հայտնագործություն է։

****

Յուրաքանչյուր մարդ ստեղծում է իր ճակատագիրը։

****

Սեր։ Զգացում, որ չեն գնում ու չեն խնդրում, այն նվիրում են միմյանց այնպես, ինչպես ամենաթանկ բանը կնվիրեն կյանքում։

****

Երջանկություն, երբ ամեն ինչ իր տեղում է։

****

Վերջը ինչ-որ բանի սկիզբն է։
 
****

Որքան մոտենում է արվեստագետի մայրամուտը, այնքան շատ է խոսվում նրա մասին, որքան շատ է խոսվում նրա մասին, այնքան շատ է նա մեծարվում, որքան շատ է մեծարվում, այնքան շատ թշնամիներ է ձեռք բերում, որքան շատ թշնամիներ է ձեռք բերում, այնքան նա դառնում է իմաստուն, որքան իմաստուն, այնքան խենթ, որքան խենթ՝այնքան նա մոտենում է Աստծուն, որքան մոտենում է Աստծուն, այնքան նա մոտենում է անմահությանը․․․

No Comments

Leave a Reply