Արամ Ալավերդյան ԳրաԴաշտ

Արամ Ալավերդյան, Կուտանա (4)

03.04.2023

Սկիզբը՝ այստեղ

Ապո՞- կալիպսիս, թե՞ ապա…

«Մարդամեկը քանի կուրկուփ* ա եկել,-Վահագը շուռ եկավ դեպի իր դիմացի պատը,- պլան եմ կազմելու, զրույցը փողով է երևի: Շուտվանից ունեմ աչք՝ Ճռռանահարթ բարձրանալ, գոմի բակը ցաքուքոլից մաքրել, աշխարհ պիտի բացվի: Բազուկներումդ զորություն պիտի լինի՝ կացին բռնես, խամ հատես՝ խամհատ: Էս մարդիկ կանաչուտից կանաչուտ հոտի ետևից չեն գնացել, թագավորը նեղել ա՝ կացինը ղլավ են տվել, մտել ծմակը: Ուրեմն, ինչքան քարե դարի կույս տամուկը փարատես, էնքան հերկի համար տափ ա բացվելու արեգակին նայող: Դինոզավրերի ժամանակից դարսված խաշամը ցորենի համար իսկական սնունդ ա: Մենք մեշոկով ազոտ առնողը չենք:

Ձմեռը ձյուն դրեց, տունը՝ խաղաղ, սպիտակի մեջ պատատված՝ բռնեմ լուսամուտից հեռու հանդերին նայեմ, սա՝ քո Ութաձև Տափը: Հաթամի խամհատ, խնդրեմ, սատանան գիտի, Հաթամն ով ա: Իմ պապ Դերունց Օհաննեսի պապը կիմանար Հաթամն ով ա, եկար հասար Շահ Աբասի թվեր: Էն որ տրաքչանը ադաթ ա ընկել, Վիտիսանց Պողոսը թքել ա թուրը դեն նետել, թե ես իմ փայ կռիվը պրծա, նամուսս կտամ շներին՝ ձեռքս չեմ վերցնի դա: Ուրեմն, մեզ քերծերն են արել, բռնել ենք ստիպված ծմակը կտրել՝ հացի համար տափ պիտի բացվի: Քո ինչն եմ ասել, տանից ուտելիքը դնես ուսապարկիդ մեջ, Քուռկիկի մեջքին փալան գցես, ածելի կացինը պարան տաս՝ հասնես Բաբի աղբյուր: Զոռով թե մի քանի ջահել բոխի փայտացու գտնվի: Խեղճ պապերը խամհատ են բացել, արմատիքն իրար տվել ու կրակ տվել, ձիու ետևից ծիր արել՝ գլխին ձյուն դնի, որ փետրվարին շուտ ցորեն շաղ տան, աժդահա մարդիկ: Ավստրալիա են բարձրացել՝ Գառնաքարի տակը, գետնիվեր չորեքթաթ, աչքից թաքուն, հացի համար ծմակը պիտի փրթվի, աժդահա կուռ են ունեցել: Հը՛մ, վերևից  նայեն տեսնեն մի քանի սզնենու հետ եմ կոխ բռնել՝ կծիծաղեն ինձանով: Ուրեմն, Խաչերա բոստանատեղը՝  մեկ, էսօր-էգուց կարգին տուն ենք լինելու՝ կարտոշկի տակ հողը կա: Հա՛ցը… հացը խնդիր ա: Վիճակ են հանել,  ձեր հանածի… ինչքան լուսնահող կա՝ մեզ ընկնի: Երկու հեկտա՞ր, մեջքս էլ ճաքի՝ տափ եմ սարքելու: Նվնվալ բան չկա: Բախտ բաժանողի՛ն… թամբաքի քաշող Երանիկի ուշունցն ա՝ բախտ բաժանողին … Սո՛ւս, մզմզալ չկա, կերածը սրտիցս պիտի կպնի: Էստեղ միանգամից խաչ քաշի, թե կարող ա խեղճանաս: Միլիոների աղջիկ պիտի լինի սիրուհիդ, եթե ճիշտը խոսենք, պարարտանյութին տված փողը աչքիդ չերևա, բերես մեշոկով տափդ լցնես, որ գոնե շաղ տված ցորենդ հանես: Դե դեղ ա՝ դեղ ա, էդ դեղի փողը հացի կտանք ու վերջ, էլի»,- մտածեց նա ու շուռ եկավ էն մի կողմի վրա՝ ափը դնելով այտին: «…Տնտեսականը՝ վերլուծեցի: Շան տղադ դինջացավ երևի, էնքան աղջկա ականջը կերավ, երևի հոգին խաղաղվեց՝ ինձ իմ ձեռքով բանտի դուռ բերել տվեց: Ա՛ղ դիր աղջկանդ, քո մերը… չէ՛, չէ՛, համ էլ թող քաղաքից ոտք չդնի մեր շենի սամթը, էնտեղ մուշտարին շատ ա, փողին փող չեն ասում: Մարդու կտաս, մի թողլի անպայման պահի-պաշտի բռանդ մեջ, ամեն աստծո պրազդնիկ՝ մաշինը դռանդ սիգնալ տալու հետ ոտի տակ մորթես: Երեխա՞ ես դու, չեմ հասկանում, բերանումդ մի ասա՝ քաղաքի փեսացու: Աննամուս շա՜ն տղա: Ոչինչ, գործդ կընկնի ինձ՝ քեզ կասեմ: Դու չգիտե՞ս՝ էս երկիրն ինչքան ա կլոր, մանավանդ էս գյոզալ շենը. Պինածորնիվեր բարձրացի Ճոխտակծով, անցի Լենտիրև, թուու՜շ գնա Ճիլոտ, աջի վրա եկ Միրումի ձոր, Քաշկածակ-Սուլուքար, էս ա, էլի՛, հասար Վարդանի Ընկածը, էս էլ քեզ Եշլատեղը, աչքդ ճպեցիր՝ իջար Ավդալի աղբյուր, Սալկոտ-Փոլ, կամուրջն անցար՝ դուրս եկար նորից շինամեջ, կլո՞ր ա՝ կլոր չէ երկիրը, այ աստծու աչքից ընկած թաթալաբազ: Էնպես որ՝ քեզ եմ սպասում: Էէ՜, մի կողմից էլ… ե՞րբ եմ ինձ կծողին պատասխան տվել, մեկը հարցնի, մտքում դես հերոս դառնալու, էդ ա: Լա՛վ, էշն՝ էլ, էշատերն՝ էլ, թող գնա, սովոր են՝ պաչես, էն մի շաբաթ ուրիշի խոսք տա: Ափսո՜ս իմ էն պաչեր, բայց,ազնիվ ասեմ, որ սրտանց եմ պաչել: Մի խոսքով, դարդիս կենամ, գնա՛, հորդ խոսքից դուրս չգա՛ս: Գնա՛: Ճիշտ ա, սիրտս կկոտրվի, ես ինձ գիտեմ, բայց դրան էլ եմ դիմանալու, միամի՛տ օրիորդ, բա էդպիսի՜դժվարությո՞ւն եմ անցել:
Համեստ տոտան լավ կնիկ լիներ, խնդրեի՝ մի ձագ տար: Փողը՝ դժվար տամ, ճիշտ ա, բայց լավությունը կանեմ, հանկարծ մին էլ տեսար Խնձրիստանա բարեկամի համար մի մաշին խոտ ուզեց՝ դաստի բերեմ հայաթը: Այ դա իմ ձեռովը գալիս ա: Մի մեղվաձագ էլ ես եմ, էլի՛, անեմ՝ տամ ուրիշի: Մենակ՝ փետրվարը դուրս չգա, արևը տաքանա, իրար խառնվեն գործերը՝ մտիցդ գցես ամեն ինչ: Մտքի մեջ դնելու վրա աստված ծիծաղում է, ասում են, կիմանա՞ս էս աշխարհի բանը»:
Ստեփանակերտ է գնացել, զինկոմը հոգի է հանել, էնքան թուղթ է ուղարկել: Հինգ տարի էս խրամատում, էն դիրքում, վա՛յ,  ձեր մաման, բռնեն, դիմացդ գրեն՝ դասալիք: «Ուշունց տա՞ս սրանց, թե՞ դեռ պոչները չափես»,- մտածեց նա: Օրջոնիկիձեի վրա է եղբոր տունը:Սար էր թիկունքին, ծաղիկ երկու երեխան, ոսկե կինը թողեց՝ հանկարծամահ եղավ: Հոր՝ Հաբեթնակի պատմությունն է՝ չի ծխել, չի խմել, չգիտես՝ ինչ ապրումներ է ունեցել, կինը՝ Աննան, բողոքել է իրենից, տարել է բժշկի: Հաց էին ուտում եղբոր տանը, ավտոբուսն ահա կեսօրվա վրա կմեկնի շեն, մարդա երեք բաժակ բան են խմել ընդամենը, Վահագը սրտոտել է եղբոր համար: Բժիշկ անաստվածը թուղթ է գրել, տակը, թե՝ քաղցկեղ ու՝ հարցական դրել: Մի շաբաթ պիտի սպասվի՝ անալիզի պատասխանը գա: Մի շաբաթ օրուգիշեր Վազգենը դժոխքի մեջ ման է եկել՝ մազերն իսկույն սպիտակեն՝ մեկ, ճակատին կնճիռ երևա՝ երկու, կոպերը տռզեն, աչքը հուպ չտա: Ու, չի քնել: Դարդն էդքան ազդու լինի՞մարդու համար, քեզ հո չե՜ն ասել՝ հիվանդ ես, ասել են՝ մի շաբաթից անալիզի պատասխանը գալու է: Էսքանը՝ մի կողմ, էդպիսի բժշկին ոնց անես, որ ուշունց չտաս, գրգռվել է Վահագը: Կնկա համար ցավելը եղբորը գերեզման է տարել: Էն գլխից կոտրվել է, մի տրաքոց էլ՝պատասխանը լինի, թե Աննան մաքուր է՝ ոչ մի քաղցկեղ: Վազգենին էդ մի շաբաթվա դժոխքն է գերեզման տարել: Փափուկ են էս մարդիկ սրտներից: Հայրը գնաց հանդ, նախրի հերթն իրենցն էր, իրիկունը չեկավ: Ամբողջ շենը, մութ-իրիկուն, լապտերը ձեռքին դուրս գա ետևից ման գալու: Եկել են հասել Պտկահոլ, հոնենու տակ ռաստ եկել, պառկել է կեսօրին ննջալու: Մինչև տավարը նստի՝ էն ննջալն է, էլ աչքերը չի բացել: Բաբկենի բեռնատարով բերեն տուն, անտեր հույսը պահել են դեռ՝ նոպա է երևի, բաց կթողնի, Հաբեթնակն աչքերը կբացի:  Չէ՛: Ժենյա են կանչել, գերդաստանի ավագ հարսն է, ռուսացի դասատու, աշխարհ տեսած, կիրթ ու գրագետ շատախոս: Ե՞րբ հասցրեց պռոշը պամադա քսի գիշերվա կեսին, եկել է մարդ փրկի, բռաչափ, քառակուսի հայելին դեմ անի հոր երեսին, դառնացած հեծկլտա, թե՝ վե՛րջ, Հաբեթնակը շունչը փչել է:

Քարվաճառը բերել լցրել են հանդերը՝ էծ-ոչխար, կով ու գոմեշ, երկիրը մայուն-բառաչի մեջ խորտակվել է, ամա՜ն, աստվա՜ծ: Հերունց Սաշիկը խրամատից տուն չի եկել, երիկամ է քայքայել նամ լուսնահողե բլինդաժում, մի տեսե՛ք, քո ծուռ աշխարհ ասողի… գնացել է թալանի: Ի՜նչ աչառու է էս տերը մեռած աշխարհը, դու ասա՝ տանից մի անգամ դուրս է եկել, թե՝ ես էլ եմ գալիս սահման պահելու: Կինո է-կինո՞ չէ, լույս բացվելու հետ՝ հիսուն գլուխ անասուն առաջը՝ Քարթի ձորով բարձրանում է: Վահագի նման պարզամիտը ամեն ծուռ բան երեսի շպրտի՝ վատամարդ դառնա: Դու փոխվողը չես, դեռ Շոպենահաուերն է ասել՝ գարբատովո մագիլա իսպրավիտ:Չէ՛, ներողություն, ուսմասվար Սամվելն է Շոպենհաուեր կարդում, ասում է՝ մարդը չի փոխվում:Ժենյան չի դիմացել. «Да ты что, Америку открываешь со своим Шопенгауэром, я похудела за неделю на четыре кило, а это что по твоему?»:

Լա՛վ, տերն իր հետ: Գզիրի կամրջի պատնեշին՝ գարնան սելավի հետ լիճ է գոյանում: Սագը՝ սագ է լող տալիս էստեղ, գորտնուկը, դեղին լելի մեջ չերևա, իր համար կռկռա: Ի՜նչ լիճ, չինացու Դեղին ծովի հանգով՝ մեր լճին էլ պիտի Դեղին ասենք: Վահագը միշտ դեպ իրիկուն դուրս է գալիս բազրիքին ծխելու, ի՞նչ գորտի կռկռոց՝ Գայդնի սիմֆոնիա: Նոր էր Մարաղան թողել՝ երկու օր հանգստի եկել, գոռում-գոչունի վրա արագ իջնի Խութը: Ո՜վ է-ով չէ, վա՛յ, Սաշիկ դային է:
-Ի՞նչ ես պլշել,- ձիուց խոսել է կտրիճ Դավո հարևանը,- էծ-ոչխարի չնայես, տավարն էլ՝ քեզանից ի՞նչ տիրություն անող…
-Մահանա բռնի՛ դու դաստի, քարկճեպ Հերունց Սաշի՛կ,- Վահագը «Պրիմա» վառեց ու ժպտաց,- թե ափսոս չի՝ մի կթու հեյվան տու, իմ պահելը քեզ ինչ ա վերաբերում, դեռ եթե մի կով տաս՝ թացան ունենանք, կարծիքս կփոխեմ քո մասին: Կրկնում եմ՝ եթե ափսոս չի: Գնդակը քո դաշտում ա, սիրտը բաց Սաշի՛կ:

-Լեզուդ լեզու չի, էլի՛: Ես քարկճե՞պ եմ, սարսաղ Վահա՛գ, ես ստեղծող եմ: Չէ՛, քո նման ոռը բաց պիտի լինեմ, ով շշի անուն տա, հուշտ անի՝ հետևից ընկնես: Էն շեկ ոսկրոտը… չէ, չէ՛, այ է՜ն հալից ընկածը…այ ապրե՜ս,առաջդ արա տա՛ր: Կթու պիտի լինի, բայց հորթ չկա հետը, ճամփեքին բերելիս ա կորել երևի, ապրի, թե չապրի:Առաջդ արա՝ տա՛ր տուն, դե եթե էդպես ա:

-Մեզ մոտ կովի երկու անուն կա՝ Ծաղիկ ու Մարալ,- ներս արեց ու դարպասը փակեց Վահագը,-մամա, ի՞նչ դնենք էս խեղճուկրակի անունը: Բողազին պիտի նայենք՝ ուշը գլուխը հավաքի:

Հինգ-վեց տարի պահել են, տան հարազատ անդամ, ծնի՝ որձ, ծնի՝ որձ, ծնի՝ որձ, քոսո՛տ անտեր, դու ցեղացո՞ւ ես տալու մեզ, թե՞…
-Տնաշե՛ն, քիչ ա մնում գնաս զագս՝ բաժանվես Մարալից, խեղճ անլեզուն ի՞նչ մեղքի տեր ա:
-Մարալ, ների՛ ինձ, դու մեր տնեցին ես, ինձ թվում ա, դու էլ ես մեզ էդպես ընդունում: Մի՞տդ ա՝ ինչ հալի եմ քեզ բերել մեր դուռը՝ թամամ կմախք: Դուդրուխ Արշավիրը մի ամիս ասեղը ջանումդ ա պահել, մինչև քեզ ոտի ենք կանգնեցրել, իսկ դու՝ ո՛րձ, ո՛րձ, ցուլիկ, հա՜ ցուլիկ»: Տախունց չափ էլ չկա՞նք, ա՛յ Մարալ. Տախունք հարս են բերել Ասկերանից, չորս տարում հինգ  աղջիկ ա բերել:
Մարալը թառանչել է, աչքերն անհաղորդ՝ դարմանը կոլոլել շուրթերով:

-Դու հիվա՛նդ ես, պառա՛վ ես, հարազա՛տ ես, ցեղացու պիտի ունենանք քեզանից, աղջի՛կ բեր մեզ համար, էս փուչ աշխարհի զարդը աղջիկն ա:
Անասնաբույծ Սամվելն է Կիչանից եկել, տեսնես ով է հյուր կանչել: Իրենց տան մոտով անցնում էր: Ոտուձեռով եկել է, Վահա՛գ, մի հարցրու՝  կերած-խմած, քեֆը լավ մասնագետից ինչն ինչոց է: Իսկ շեկը նախրից ետ է մնացել, տանում է քերծի տակ բաց թողնի:
-Սամվել դայի, կինը կին ա՝ մեկ-մեկ տղա ա բերում, էս անտերը մի ցեղացու չպիտի՞ տա, հինգ տարի ա մեր դռանը՝ որձ, հա որձ..
-Անլեզու ապրանքին քիչ անեծքատեղ սարքի, դա իրենից չի, ցեղային ա էդ կովը, հասկանո՞ւմ ես, ցեղային էլ ցուլ ա հարկավոր:
-Իսկապե՞ս, էս ի՞նչ դար հասանք: Սեքսոլոգիա՞, ուրեմն, էլի…
-Ոչ մի տեղ էլ չենք հասել, բնության օրենք ա: Սեքս-սեքս, բառերդ չափավորի:
-Այսինքն՝ խեղճ Մայիսը ցեղային ցուլ ա, ի՞նքն էլ չի խաբար, հինգ աղջիկ ունի տանը:

-Ամեն տղամարդ չի կարա աղջիկ ունենա, շիլդի՞ ես, չե՞ս նկատել դա: Ես ու դու փեթակի բոռն ենք: Աղջիկը ծառի ծաղիկն ա, հորթի էգը՝ քո ցեղացուն: Շաշ են ջհուդները, մորից են ազգանունը վերցնում: Ցեղային ցուլի համար կովդ պիտի մաշին նստացնես՝ տանես Նորագյուղ:
-Մենք էլ էսքան տարի ա աղի-լեղի ենք թափում Մարալի գլխին, դու մի՜ ասա…


-Մամա, ապա՛-կալիպսիս, թե՞ ապո՛…

-Ապո՛, քուղերդ քարկապ չանես էլի՝ մեզ դասից ուշացնես…
Մինչև չորրորդ՝ ամեն ինչ ուզում էր իմանալ: Մինասյան Սվետիկին դասղեկ դրեցին՝ աղյուսակը կամաց-կամաց սկսեց մոռանալ: Տան վերջնեկն է՝ քիթն ամեն տեղ կոխի: Մարջանը Գզիրի ձորի շլորից պաստեղ է եփել: Դեռատի երեխա, տաշտն ուսին է դրել, դողդողացել, փայտե սանդուղքը բարձրացել, հարևանի հերձաքարե տանիքի վրա կանգնել՝ դնի արևին: Ըհը՛, հարևանի աղջիկ Սուսանը եկավ Ստեփանակերտից՝ թավշակաշե նախշուն կիսակոշիկն ու տաբատը հագին, քայլելուն նայի՛ր, պա՛հ-պա՛հ, Նեվսկի պողոտա ես ծնվել:

-Ադյա, շուտ արա, ո՞ւր կորար, ձեռքերս այրեցի:
-Պլյուս տասնութ կինո եմ նայում, սպասի, իջա՛:
-Ի՞նչ, ի՞նչ…
-Ամե՛ն ինչ ու ոչինչ, ինձ ինչո՞ւ ես ուշ բերել, Սուսանին ուզեի:
-Հա, ով ինչից խոսի՝ դու աղջկանից … իջի, շուտ արա, անդաստիարա՛կ շո՛ւն:
-Էս ա, էս ա, անհամբե՛ր կին, ջանգյուլումը հասնի Սերժիկի դարպաս, պավարոտ տա՝ կանեց ֆիլմա: Եկա:

Թենիս են խաղում՝ կռվում, իրար ուտում: Սեղանի մոտ թամաշաչի կապելլան կանգնած՝ մի մարդու պես տասը գլուխ՝ ձա՜խ-ա՜ջ, ա՜ջ-ձա՜խ, կինոն քեզ օրինակ: Իսկ ֆուտբոլը՝ երեք-երեք վերջացավ երեկ: Չէ՛, պարդո՛ն, սելը չթողեց պրծնեն, խաղաղ դաշն կնքեցին: Վերջն էր, դարպասը տվել են քաչալ Աշոտին: Քաչա՜լ, դու քաչալ, մորեղբայրն է ածելի տվել գլուխը՝ խեղճ երեխան ոջիլից յախան ազատի: Կայծա՛կ, օրկո՜ւն, չգիտես, կարկուտ է՝ անձրև: Ով գոլ խփի՝ հաղթող է, չորրո՛րդը, մի գոլ մնաց, հը՛, շո՛ւտ արեք, հեղեղը մեզ քշեց Խաչենագետ: Էդ պահին Օցոլ Եղիշը հեռվից կրակի՝ ուղիի՜ղ Աշոտի քաչալին, գնդակը ետ դառնա մի կերպ, Բուֆոնը ղալաթ է արել: Փրկվեցինք, կեցցե՜ քաչալը, փրկվեցի՛նք: Ոչ-ոքի: Վե՛րջ:

Ոստիկանը ձեր թաղի Քաջիկն է՝ քեզանից մի երկու դասարան բարձր Քաջոն: Բա՜նտ, երանի՜ քեզ: Սիրտդ լե՛ն պահիր: Մեր բանտը մեր ներսում է: Բերանի քամի են՝ խորհուրդ-խրատ, դու մի՛ փորձիր քեզ փոփոխիր: Չի լինի, իզուր մեջքասեռդ չկոտրես: Քսան տարեկան ես՝ հավատարիմ ընկեր, սիրող ազգական: Հարևանի բազրիքին, արմունկ-սրունք՝ տկլոր, աչքունք սիրուն աղջկա հայացքը շողշողում է: Քսան ես, երեսուն ես, քառասուն ես, էս սրտեղեն երկիրը քոնն է: Էստեղ մի վիճելի հարց կա, մտածեց Վահագն ու ձեռքով գրպանը տրորեց՝  ծխելիք հանի: Երկիրը երկնային առանցքից շեղվել է՝ մտքիդ աքցանը քեզ կուլ է տալիս: Շո՛ւտ արա, դերի մե՛ջ մտիր, քանի քսան-երեսուն ես, ամենախիզախն ես: Ճշտի մարտի՛կ, մտքումդ դնես՝ պողպատե, ժանգոտ ճաղերը քարթեղ կքսես՝ դուրս գաս ազատություն: Երեսունի մոտերքին, իբրև սովորական շենի տղա, նա վերջապես հասկացել է՝  կյանքը քաղաքականություն է:

Դպրոց են գնացել՝ տառ չգիտեն: Ռուսերենի դասատուն՝ ողորմածիկ Գաբրիելյան  Եվգենյան, դժբախտ կին, սիրելի ուսուցիչ, ամեն մեկի համար՝ իր ձեռքով մի առանձին ոտանավոր է գրել կանաչ վանդակավոր տետրակների մեջ: «Իրիկունը, որ գա, ձեր ծնողները ձեզ անգիր պիտի սովորեցնեն, հասկացա՞ք, երեխանե՛ր: Վաղը մայիսի ինն է, հերթով՝ ամեն մեկդ, ձեր ոտանավորը հուշարձանի տակ պիտի արտասանեք»:

Մարջանն իրիկունը թանավ պիտի եփեր, անտե՛ր թանավ, մինչև եռալը՝ հավերժական շարժիչ ես, պիտի, շերեփը ձեռքիդ, խառնես, հա՜ խառնես: Վահագի քունը տանում է՝ զուզան տվել է գլխին: Առաջին անգամ են ռուսերենից անգիր տվել, ո՞նց պիտի սովորի՝ տառ չգիտի: Անտեր թանավը մինչև պլթա՝ աչքերը կփակվեն: Չէ՛, աչքերը փակվում են ու փակվում են, անզոր է:

Майский праздник —

День Победы

Отмечает вся страна.

Надевают наши деды

Боевые ордена.

-Կրկնի՛, майс-кий празд-ник… майский праздник…

-Майский празник, քունս տանում ա, չեմ կարում, անխի՛ղճ կին:

-Վերջին անգա՛մ, խայտառակչի Դերունց Օհաննես, ի՞նչ անբան երեխա դուրս եկար դու, հինգ տող ոտանավոր ա՝ ալարում ես սովորես, սիրտս կերար: Վերջին անգամ…

–Չէ՛, չեմ կարում, հոգիս դուրս եկավ, ինձ ոտանավոր չի պետք:

-Դե գնա մեկ ստացի, տնազի առարկա դառ, թո՜ւհ, թքե՛մ քո երեխա ասողի:

Ննջացել է՝ հանդից բեզար բակ եկած շան թուլի նման: Առավոտ շուտ աչքերը բացել է՝ երկու ստանալու վախից սրսփացել, «ինձ դպրո՞ց էր պետք»: Արևի անուշ, ծիրանագույն շողն աչքերին է խփել, «վա՜յ, էս ոնց-որ լացի հետ սերտածը միտսա մնացել»: Աստվա՜ծ Քրիստոս… «Майский праздник… Майский праздник»…

-Ուռաա՜, մամա՛, անգիրը միտս աաաա՜, շո՜ւտ արա, արի լսի՜, ասեե՜մ… ուռաա՜…

-Վահագ, մինչև առավոտ հերթափոխի եմ, ի՞նչ բերեմ, ասա, շուտ արա՛,- դարբնոցի զրնգոցով դուռը բացեց հերթապահ Քաջիկը,- ժամանակին են հաց տալիս էստեղ, բայց… պիտի հարմարվես: Էս քանի օրը պարզ ա լիելու՝ինչ են որոշում քո պահով,- նա աչքով արեց՝ հասկացնելով, որ զրույցը, ոչ թե ընկերական է, այլ՝ իսկը կիսապաշտոնական:

-Ամեն ինչ հարմար ա, մենակ՝ ցմահ չտան, քեֆիս կկպնի:

-Ամեն դեպքում, ուշ երեկոյան էլ կգամ քեզ տեսնելու,- Քաջիկը նորից աչքով արեց ու ժպտացին միասին,- լավ ա ցմահ լինի, քան մահապատիժ, сначала подумай, потом говори:

Բանալին դրսից նորից դղրդացրեց միջնադարյան զնդանի կրկնադուռը:

Սենեկան անշարժ է: Նա նորից մեկնվեց ներքնակիվրա՝որոշելով, որ էս անգամ անձամբ Գայանի հետ է կռվելու, գուցե թեթևանա, որ ծնկաչափ պատուհանից երևացող օրն էլ գա միանգամից մթնի: Նա ուրախ է՝ Գայանն իր մեջ է, առնական համեստ ուրախություն, ամեն րոպե համաձայն՝ կրելու իր ճակատագիրը:Ամեն դեպքում,տաք-տաք է դեռ, մի քանի ժամ է ընդամենը վանադակի մեջ:Մարդիկ իրենց ողջ ջահելությունն են տալիս աշխարհից կտրված մի քանի քառակուսի մետր  տարածքի: Եթե բոլոր հանցագործներն իր նման լինեին՝ դրախտի անձնագիր կբաժանեին ամեն տեղ:

«Չէ՛, աստված չկա»:

«Ձենդ կտրի՛, կա՛ աստված: Լա՛վ, որպեսզի չնեղանաս, արի ասեմ՝ ավելի շուտ կա, քան չկա»: «Ա՜խ, դու մեղսավոր շո՜ւն»:

«Աչքերդ ինչո՞ւ չեն մեջքիդ, գլխիդ վրա են, երեսիդ, ո՞վ է քեզ էդպես ստեղծել, ո՞վ, Դարվինի դիալեկտիկա՞ն: Ձե՛ռ քաշի: Ես էլ եմ մեկ-մեկ փայտի գնացած տեղը զռփի հաճարենու ստվերի մեջ նստում, հազար ու մի հարց տալիս ինձ, այ պատճառը, որ հիմա ետ եմ կանգնում քեզ դատապարտելուց, գնում եմ հետդ փոխզիջման՝ ավելի շուտ կա, քան չկա»:
«Լավ, բա որ կա…»:
«Զհուրմար կա:Սպասի՛, սպասի՛, գիտեմ՝ ինչ ես հարցնելու»:
«Հավերժակա՛ն կյանք, անսպա՛ռ սեր, քաղցկեղ չլինի՛, սատանա չլինի՛, վերջապես, աչքով տալն ու մերձավորիդ ոտը փուշ ընկնել չուզելը՝ որ կա: Գիտե՞ս ինչ կա, մի հարցում էլ եմ ուզում նահանջել՝ խեղճ աստված ամենազոր չէ: Սիգարետ եմ վառում նույն հաճարենու տակ, Քուռկիկ այլանդակն ինքնիրեն պոչով գանահարում՝ բոռ ու իշամեղու է փախցնում իր արյունից: Ու ես կարծում եմ, որ արդար ապրողի հետ աստծո գործերը հեշտ են»:
«Ե՛կ, ե՛կ, քիչ ա մնացել կոմպրոմիսից անցնես կապիտուլիացիայի»: Կապիտուլիացիան նորից բռունցք անելու շանս է տալիս:
«Դու քեզ պիտի համոզես, որ մարտավարական նահանջն ու կապիտուլիացիան ապոկալիպսիս չեն, դու արդեն բռունցք ես արել: Դու ես, քաչալ Աշոտն ա, Օցոլ Եղիշը, լուռ Սենեկան, ինչքան կայծակի հետ սելը մեզ ծեփի, բռունցք արեք՝ ետևիցս եկեք: Իրար չենք զիջում, չենք հանդուրժում, գոնե իրար նմանակենք ու բռունցք անենք: Ինքդ քեզ հարց տուր. խեղճ աստված էդքանի գործին ինչպե՞ս պիտի հասնի մեկ առ մեկ, նույնիսկ, եթե ասենք, նա էլ է կոմպի առաջ նստած, կամ, թվային են առ աստված բոլոր հայտերը: Դիցուք, աղոթքները ինկոգնիտո էսէմէսներ են ընդամենը, Ցուկերն էլ չունի, ասենք, իրավունք՝ աչքի ծերով մի թեթև նայի էսքանին: Ուրեմն, հասկացար, չէ՞, աստված՝ ընդամենը լոգիստիկ նկատառումներից ելնելով, մոնիտորի դիմաց նստած՝ փորձում է իր առաքելությունը կատարել, պարզ բա՛ն»:
«Լա՛վ, արի կառուցողական կոմպրոմիսի գնանք»:

«Ոմանք ասում են՝ ամեն միտք կյանքի ա  կոչվում: Բռունցք անելը հետաքրքիր միտք ա»:

«Սենեկան, որ խոսեց, ես նշմարներին հավատում եմ, ուրեմն մեր բռունցքվողների թիվը էս եկող գարունքին ծաղկող ծառերի նման շատանալու են»:

«Դու սկսում ես խաթարել՝ մեր երկա՜ր ջանքերի արդյունքում բռնած փոխզիջման ուղին: Ուզում եմ ափսոսանք հայտնել էդ առթիվ»:
«Խոր խորտակվի՛ քո փոխզիջումը, ինձ համար Ծատուրանց էլեկտրիկ Խորենն ավելի դրական մարդ է, քան էն փողկապը շաբաթը մեկ մոդայի հետ փոխող մինիստրը: Էն օրը Սալկոտի աղբրից բիդոնը ձեռքիս ջուր եմ բերում տատիս համար, եկա որ Դուչե Արամի տան կողքի տրանսֆորմատորի տակով անցնեմ, փռշնենու տակ էլեկտրիկ Խորենը նստած ծխում է: Գելի սիրտ ես կերել, ասում եմ, Խորեն դայի, մենակ եկել տոկի մեջ ես մտնում, գոնե հետդ մեկին բերեիր՝ կողքդ կանգնի, աստված չանի, մի չէպէ պատահի: Հա, մատա՛ղ, ասում է՝ տասը հազար վոլտի մեջ լող տալն ինձ համար ճակատագիր ա, ու՞ր փախչեմ, ո՞նց փախչեմ, ասում է ու՝ ծիծաղում»:

-Վահա՜գ, արիի՜, խոնչան իջացրու Սիրանի տանիքից, շուո՜տտ արա, կարկուտ են տվել…

———————

*կուրկուփ — ձայնազուրկ

*քարկճեպ — ժլատ

*օրկուն — հեղեղ
*քարթեղ – խարտոց

(շարունակելի)

No Comments

Leave a Reply