bodrum escort bayangaziantep escortgaziantep escortmaltepe escortbostancı escortanadolu yakası escortizmir escortankara escortataşehir escortjeux de pouletMebbismatbetholiganbettipobettrendyol indirim kodutipobetCasibomvevobahisslot siteleri https://en-iyi-10-slot-siteleri.comstarzbet adamsah.netbetmatikgrandbettingtruvabetbahiscasinotarafbetbahiscommariobetbetistmarkajbetbetinematadornetcasibombelugabahisbetebet1xbetasyabahiscasinovalediscountcasinoelexbetfavoribahisbahiscombahiscombelugabahisbelugabahisbetistbetistceltabetceltabetklasbahisklasbahismariobetmariobetrestbetrestbettarafbettarafbettipobettipobetcasibomcasibomcasibomcasibomstarzbetsahnebetlimanbetredwinmatadorbet
Արմինե Սարգսյան Կերպարվեստ

Այդպես դարձա կես մարդ. կեսը՝ այստեղ, կեսը՝ այնտեղ

20.02.2021


Ալիկ Ասատրյան։ Նկարիչ։ Ծննդով՝ Մեղրիից։ Բնակավայրը՝ Հոլանդիա։  Զրույցը ardi.am-ի հետ՝ հեռավար։


-Ինչպե՞ս եք։

-Երկրիս պես։

-Զգացողությունը՝ հեռվից։ Պատերազմ, հետպատերազմական զարգացումներ, հասարակական տրամադրություններ… ազդակներն ինչպե՞ս են հասնում։

-93 թվականից, այսինքն՝ արդեն 27 տարի ես Հոլանդիայում եմ ապրում։ Ինքս պատերազմի տարիներին եղել եմ Հադրութում, Շուշիում։ Ֆիլմ էի նկարահանում պատերազմի մասին։  Ինձ հետ էին դերասանուհիներ Մարինե Պետրոսյանը և  Արթուր Մանուկյանը։ «Մեծն Մուրադ» կամավորական ջոկատի հետ էինք։ Մարտական գործողություններ չէին ընթանում, բայց շատ բան տեսա այնտեղ։

Հիմա ինչ-որ Հայաստանում կատարվում է, այն ժամանակ էլ կար։ Մարդիկ դժվար էին տանում մութ ու ցուրտը, պատերազմը։ Մի մասն էլ չէր պատկերացնում՝ ինչ բան է պատերազմը, Արցախը։ Շատ անտարբեր մարդիկ կային։ Իրենք, իրենց քեֆն ու ուրախությունը։ Ես մտածում էի՝ լավ, այս մարդիկ բանից տեղյակ չե՞ն. այնտեղ մարդիկ են մեռնում։

Վիրավոր էին և տխուր երկու նուռ, 2017

Հիմա ավելի մոտեցավ պատերազմը Հայաստանի սահմաններին։ Այստեղ՝ հեռվում, պատերազմի ամեն օրն ապրել եմ. ծանր է տեսնել այդքան զոհեր, վիրավորներ… 18-20 տարեկան։  Ուղղակի հիվանդանում ես։ Անքուն գիշերներ, մղձավանջ, սպասում, որ մի լավ լուր կստանանք, մեղավորության զգացում, որ հեռվում ես… Ծանր տարա, բայց պասիվ չէի։ Պատերազմի օրերին 41 նկար վաճառեցի։ Գնորդները տարբեր երկրներից էին՝ Ամերիկա, Ֆրանսիա, Գերմանիա, Հայաստան։ Հավաքված շուրջ 23 հազար եվրոն փոխանցեցի «Հայաստան» համահայկական հիմնադրամին։

-Ինչո՞ւ գնացիք։

-Գնացի՝ արդարությունից, կեղծիքից հոգնած։ Ընկերներիս ասում էի՝ գնում եմ, որ հայ չտեսնեմ։ Եկա այստեղ, ապրեցի՝ լավ թե վատ, բայց… սկսում ես էլի հայ փնտրել։ Սոցցանցերն էլ որ եղան, գրում էի, հաղորդակցվում, հրապարակում հայաստանյան թեմաներով նկարներս։ Այդպես դարձա կես մարդ. կեսը՝ այստեղ, կեսը՝ այնտեղ։

Գնացին… (Արտագաղթ), 2017

-Պատերազմի օրերին օտար երկրներում ապրող մեր հայրենակիցները տարբեր ակցիաներ էին անում։ Չգիտեմ էլ՝ ի՞նչ արդյունք ունեցավ, ճի՞շտ տեղ էին ուղղում  ներուժը։

-Դա բնազդաբար է, գենետիկան է պահանջում։  Ով ինչ կարողանում, անում էր թե՛ սփյուռքում, թե՛ Հայաստանում։ Անգամ տատիկ-պապիկներն էին իրենց թոշակը նվիրաբերում բանակին։ Դա մեր գոյատևելու պահանջն էր։ 

-Ի՞նչ տրամադրություններ են սփյուռքում։ 

-Սփյուռքն էլ  Հայաստանի պես բաժանված է կուսակցությունների, խմբերի։ Իրար հետ լեզու չեն գտնում, ցավոք։
Ինչպե՞ս կարող է 2,5 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանում  62 գրանցված կուսակցութուն լինել։ Դա նշանակում է, որ ազգը բաժանված է իրար չսիրող, իրար ատող, իրար քննադատող 62 մասի։ Դեռ ինչքան էլ կրոնական խմբավորումներ կան։ Բոլորը, ըստ իրենց, ճիշտ են։ Էգոիզմը (գենետիկ արատ եմ համարում) խորը նստած է մեր ազգի գենոֆոնդում։ Գոնե հիմա այդ ամեն ինչը մի կողմ թողնենք, հավաքվենք-միավորվենք։ Մի փոքր խումբն իր մենք-ի համար է, մի կուսակցությունը՝ իր մենք-ի։ Միայն ես լինեմ, ես ղեկավարեմ… Այլ բան է, որ ամբողջ ազգը «մենք» լինի։ Եթե  տասը բանում համաձայն չենք, մեկում կարելի է համաձայնել, հավաքվել մեկ գաղափարի շուրջ։ Ազգը վտանգի առաջ է կանգնած. պետք է գտնենք ուղին՝ պահպանելու գոյությունը, որ եղածն էլ չկորցնենք։

-Իսկ դրսի ուժերի, աշխարհաքաղաքական խաղերի գործո՞նը։

-Մենք փոքր ժողովուրդ ենք, մեր աշխարհագրական դիրքն էլ այն չէ, շրջապատված ենք թշնամի երկրներով։ Այդ ամենը կապ ունի, բայց պետք է ճիշտ, բազմավեկտոր քաղաքականություն վարել տարբեր երկրների հետ։

-Իսկ ի՞նչ անել ներսը առողջացնելու համար։

— Եթե ուզում են երկիր կառուցել, նախ պետք է դադարեն սուտ խոսել։ Եվ պետք է սկսել ֆեյքերից։ Ի՞նչ է դա, պաշտոնական ստախոսությո՞ւն. կան կառավարության ֆեյքեր, կուսակցությունների ֆեյքեր։ Ո՞ւմ ենք խաբում, ինքներս մե՞զ։ 30 տարի ստել են, պատերազմի օրերին՝ ստել, հիմա էլ նույնն է։ Եթե այսպես շարունակենք, շատ ցավալի հետևանքներ ենք ունենալու։

Մի ճաքող նուռ էր տնքում խավարում (Դուռ), 2021

-Ձեր ծննդավայրը՝ Մեղրին, սահմանամերձ է դարձել։ Ի՞նչ հիշողություններ ունեք Մեղրիից։


-Ես ծնվել եմ Մեղրիի Հանքավան գյուղում, որն էլ չկա։ Շատ գյուղեր Մեղրիում քանդվել են՝ հանքերի պատճառով։ Մինչև 14 տարեկանը Մեղրիում եմ եղել, հետո եկա Երևան, ավարտեցի Թերլեմեզյանը, վերադարձա Մեղրի։ 1980 թվականին ստեղծեցի Մեղրիի առաջին նկարչական դպրոցը։  Հետո Հենրիկ Իգիթյանը նկարիչ ամուսինների՝ Ադելի և Ավագի հետ եկավ Մեղրի՝ գեղագիտական կենտրոն հիմնելու  նպատակով։ Միասին ստեղծեցինք Մեղրու գեղագիտական կենտրոնը։ Յոթ տարի աշխատեցի այնտեղ. նկարչություն էի դասավանդում  6-12 տարեկան երեխաներին։ 

-Ի՞նչ էիք անում Հոլանդիայում։

-Առաջին հինգ տարին  փախստականների ճամբարում  եմ եղել։ Նյութեր չունեի, փոքրիկ թղթերի վրա մատիտով, գրչով նկարում էի։ Միշտ նկարել եմ։ Հետո Հաագա քաղաք ուղարկեցին, լեզու չգիտեի։ Պարզ նախադասություններ կազմելու՝ հոլանդերենի իմ իմացությամբ աշխատանքի ընդունվեցի թատրոնում՝ որպես հավաքարար։ Երեք տարիս այդպես անցավ։ Միակ լավ բանն այն էր, որ սկսեցի լեզվին տիրապետել։ Աշխատանք գտա իմ մասնագիտությամբ. հոգեբուժարանի արվեստանոցում դասեր էի տալիս հիվանդներին։ 13 տարի դասավանդեցի այնտեղ։ Աշակերտներիս հետ երկու ֆիլմ եմ նկարահանել, ցուցահանդեսներ կազմակերպել։  Դասավանդել եմ նաև Կորսակովյան համախտանիշ ունեցող հարբեցողների, բանտից դուրս եկած մարդկանց, որոնք մինչև հանրությանը ինտեգրվելը պետք է մի լավ բանով զբաղվեն։ Հիմա աշխատում եմ արվեստի կենտրոնում, որտեղ սովորում են նրանք, որ ուզում են նկարիչ դառնալ։ Քովիդի պատճառով օնլայն ենք դասերն անցկացնում։

Տուր քեզնից քիչ ունեցողին, 2017

-Պատերազմ, օտար երկիր, փախստականների ճամբար, դժվար մարդկանց հետ աշխատանք։ Այս ամենը ազդեցություն ունեցե՞լ է Ձեր ձեռագրի վրա։ 

-Բնականաբար, ես տարբեր խնդիրներով հիվանդների հետ եմ աշխատել։ Վերջին մեկ տարին է, որ առողջ մարդկանց եմ նկարչության դասեր տալիս։   Թեև դեռ հարց է՝ առողջն ով է։  

Բոլոր դեպքերում, իհարկե, ազդել է. ես հասունացա՝ որպես նկարիչ՝ շատ պատմություններ լսելով, հոգեկան վիճակներ տեսնելով։ Սկսեցի հայտնաբերել նաև ինքս ինձ։ Այդ ամբողջ ընթացքում  նկարել եմ, ցուցադրվել։ Վերջին տարիներին, կարծես ավելի գնահատվեց արվեստս, շատ էի շրջում տարբեր երկրներում՝ Գերմանիա, Ֆրանսիա, Իտալիս, Շվեդիա, Հունաստան։

-Իսկ Հայաստա՞ն…

-Հայաստանում էլ եղա։

-Ձեր աշխատանքներում հայկական տառեր կան։ «Հայերե՞ն» եք նկարում։

-Հատկապես վերջին տարիների աշխատանքներս Հայաստանին են նվիրված։ Եթե կոնկրետ Հայաստանին չեն նվիրված, ապա հիշողություններ են Հայաստանից, Մեղրիից, մանկությունից։ Բայց սկսած 2016-ից՝ անդրադարձել եմ կոնկրետ հայաստանյան կարևոր իրադարձություններին։

Երկու կարմիր տուն կտավի վրա..․ (Սահմանազատում), 2021

-Այդ թեմաները հետաքրքրո՞ւմ են եվրոպացիներին։

-Այո՛, դեռ մի բան էլ հարցնում են՝ ինչի՞ մասին է, ինչպե՞ս է ստեղծվել։

Թեև վերջին տարիների աշխատանքներս ծանր են էներգետիկ կառուցվածքով, ասելիքով ու զգացողությամբ, բայց բնազդաբար զգում են ու հետաքրքրվում։

-Վաճառվո՞ւմ են կտավներն այնպես, որ կարողանաք ապրել։

-Վաճառվում են, բայց չեն կարող այնպես վաճառվել, որ ապրես։
Հոլանդիայի նկարիչների 3 տոկոսը կարող է ապրել իր նկարներով։ Ես  դրանց մեջ չեմ մտնում, ու շատ էլ դժվար է։ Ինչպես արդեն նշեցի,  դասավանդում եմ և սիրով եմ անում, դա իմ կյանքի մի մասնիկն է։

-Ինչպե՞ս են հայտնվում «երեք տոկոսի» մեջ։ 

-Կախված է նրանից, թե ում ես հանդիպում, ով է քեզ համար աշխատում,  արվեստի գործակալները ինչպես են ներկայացնում, որ պատկերասրահն է քեզ վաճառում։ Մի պատկերասրահի տնօրեն ինձ ասաց՝ նկարներդ սիրում եմ, տեսակդ չեմ սիրում։ Մի քիչ էլ պետք է ծառայես իրենց, իրենց ուզածով լինի։ Սիրում են, երբ հաճոյանում ես։ 

-Ձեր դուստրը՝ Սոնան, նկարչուհի է։ Ուրա՞խ եք, որ ընտրել է արվեստի ուղին։

-Իհարկե ուրախ եմ. արվեստով, գեղեցիկով է զբաղվում։  Նա փոքրուց դա է տեսել ու շատ լավ նկարում էր։ Զարմանում էի. հետաքրքիր, նուրբ ու մանր դետալներով աշխատանքներ էր ստեղծում։ Եվ երբեք չդադարեց նկարել, սիրեց ու ասաց, որ ուզում է նկարիչ դառնալ։ Սովորեց արվեստի թեքումով դպրոցում, ընդունվեց-ավարտեց Հաագայի արվեստի ակադեմիան։ Սիրով, պարտաճանաչ աշխատում էր։ Մինչև հիմա էլ արվեստանոցում ամեն օր նկարում է, աշխատում, փնտրում, գտնում,  կարդում։ Սոնան ավելի ժամանակակից մտածող է, կոմբինացիաներ է անում, նաև լուսանկարում է,  իր տեխնիկան  ունի, իր նյութերն է հայտնաբերում, իր ոճն է փնտրում։ Զարմացնում է՝  նոր բաներ  հայտնաբերելով։ Շատ լուրջ է վերաբերվում  նկարչությանը։

-Դուք ի՞նչ նյութեր եք օգտագործում։

-Նկարում եմ կտավի վրա, փայտերի։  Նյութերը խառնում եմ իրար, գույներ եմ հայտնաբերում և այլն։ Եթե միշտ նույն նյութը օգտագործես, միշտ նույնը կստեղծես։ Տարիներ առաջ կանաչ չէի օգտագործում, ինձ բարկացնում էր այդ գույնը. կռիվ կար ներքին։  Հետո մի օր որոշեցի կանաչներով նկարել, տեսա, որ միստիկ գույն է։ Սկսեցի շատ բաներ հայտնաբերել, կարդացի, խորհուրդներն իմացա։ Կանաչավուն շատ աշխատանքներ ունեցա։

Արվեստը պետք է ապրի. ես վախ չունեմ, ինձ համար ամեն ինչ կարելի է, փորձում եմ, խառնում, ուսումնասիրում, երբեք չեմ մտածում՝ կսիրեն, չեն սիրի։ Նկարչությունն իմ ապրելու ձևն է, այդպես ինձ համար ապրում եմ։

Զրուցեց Արմինե Սարգսյանը



No Comments

Leave a Reply