Հերմինե Սիմոնյան: Ծնվել է 1994-ին: 2011-ին ընդունվել և 2015-ին ավարտել Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջը: Նույն թվականին ընդունվել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի գեղանկարչության բաժինը, ավարտելով բակալավրիատը՝ շարունակել է կրթությունը մագիստրատուրայում:
—Ե՞րբ որոշեցիք, որ ուզում եք դառնալ նկարիչ:
-Նկարում եմ մանկուց: Հստակ որոշումս եղավ այն պահին, երբ հաղթահարելով տարակուսանքը՝ վճռեցի ընդունվել Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի գեղանկարչության բաժինը:
—Ո՞րն է Ձեզ համար արտահայտչամիջոցներից գլխավորը՝ գո՞ւյնը, թե՞ գիծը:
-Ե՛վ գույնը, և՛ գիծը: Բայց իբրև արտահայտչամիջոց կարող են ծառայել տարբեր «գործիքներ»:
—Կա՞ թեմա Ձեր արվեստում, որ գերակշիռ է մյուսների համեմատությամբ:
-Հիմնականում առանցքը «մարդն» է, որն արդեն իսկ ամենամեծ ու կատարյալ ստեղծագործությունն է, որ միշտ բացահայտվելու կարիքը ունի: Յուրքանչյուր հոգի անհատականություն է, իր մեջ ներամփոփված մի մեծ տիեզերք՝ հույզերով, երազանքներով, զգացմունքներով, լավ կամ վատ «գծերով կամ բծերով» հանդերձ: Այսինքն՝ վերարտադրելով մարդուն՝ նկարում եմ ոչ միայն պատկերվողի դիմագիծը կամ անհատականությանը, այլև հիմնականում շեշտը դնում եմ բնորդի ներաշխարհի՝ տվյալ պահի տրամադրության վրա:
—Ի՞նչ հնարավորություններ ու ի՞նչ խնդիրներ ունի երիտասարդ արվեստագետը Հայաստանում:
-Հնարավորություններ ինքս պետք է ստեղծեմ և խնդիրներն էլ հարթեմ՝ լինեմ Հայաստանում, թե մեկ ուրիշ երկրում: Կարծում եմ՝ այսպես հարցին ճիշտ պատասխանած կլինեմ, քանի որ չեմ սիրում բողոքել:
—Ազգայինը պե՞տք է երևա նկարչի գործերում:
-Եթե խնդիրն այնպես է դրված, որ պետք է ազգայինը ցույց տալ, ապա նկարչի գործը կկրի հայկական մոտիվներ: Մարդն ազատ է ստեղծված և ինքն է որոշում՝ ինչ ու ինչպես ստեղծի:
—Ի՞նչ եք կարծում՝ կին նկարչի ձեռագիրը որևէ կերպ առանձնանո՞ւմ է:
-Ընդհանրապես յուրաքանչյուր ստեղծագործողի ձեռագիրն ու մտածելակերպն առանձնանում են յուրովի, եթե նա ունի իրեն բնորոշ ստեղծագործական դեմք:
—Ո՞րն է Ձեր առջև դրված գերագույն նպատակը կերպարվեստում:
-Ստեղծել կայուն, արժեքավոր ու մնայուն ընթացք, որ մի օր, երբ հետ նայելու ժամանակը գա, ժպիտ հայտնվի դեմքիս, իսկ սրտումս՝ խաղաղություն…
—Կարևորո՞ւմ եք արվեստաբանի կարծիքը:
-Հիմնականում չեմ անտեսում կարծիքները, բայց գնահատում եմ տեղին ասված գրագետ խոսքը:
—Ունեցե՞լ եք ցուցադրություններ Հայաստանում և արտերկրում, ունե՞ք մրցանակներ:
-Անհատական ցուցահանդես դեռ չեմ ունեցել: Մասնակցել եմ բազմաթիվ ցուցահանդեսների ու փառատոների՝ արժանանալով և´պատվոգրերի, և՝ մրցանակների, որոնց պակասը չեմ զգացել իմ ուսանողական տարիներին:
—Կա՞ հայ կամ ոչ հայ որևէ նկարիչ, որը Ձեզ համար ամենասիրելին է:
-Առաջին պահին միտքս եկան Վ. Սուրենյանցի, Ռենուարի ու Ա. Մատիսի անունները, բայց սիրելիները շատ են:
Նախագիծը՝ Արմինե Սարգսյանի
No Comments