ՄշակութաԳիծ ԳրաԴաշտ

Հայոց պատմության էջերի վերծանում-սրբագրումը

24.05.2020

Լավ ընթերցողը լավ գրքի հերոսի կերպարի մեջ է մտնում: Վահրամ Աթանեսյանի «Հոգևոր Հայաստանը և արդիականությունը» ընթերցելիս ես Խորենացին էի, ապա՝ Մաշտոց, հետո՝ Նալբանդյան, Րաֆֆի, Թումանյան … Տերյան ու Չարենց, որոնք հայի խտացված կերպարով «բնակեցան» իմ մեջ:

Այս գիրքը վերջին տարիներին իմ ստացած մեծագույն նվերն է և ամենաթանկ նվերներից մեկը առհասարակ: Որքա՜ն անգամ եմ հիացել Վ. Աթանեսյան գրչով: Հիացել ու հպարտացել եմ, բայց երբեք չեմ զարմացել, որովհետև «21-րդ հարյուրամյակի Խորենացի ծնելուն» միշտ հավատացել եմ, հավատացել ու սպասել նրա «Պատմությանը»:

«Հոգևոր Հայաստանը և արդիականությունը» հայոց պատմության անընկալելի, խճճած ու աղավաղած որոշ (որո՞շ) էջերի վերծանում-սրբագրումն է, բայց և մի առանձին (ինքնուրույն) «Պատմություն»:

Որքան էլ դառը լինի իրականությունը, այն ավելի ցանկալի է, ավելի համով, քան քաղցրաջրած կեղծիքը, որ վարպետորեն մեզ էր հրամցվում արդեն քանի՜ տարի:

Աթանեսյանը խիզախեց խոսել ճշմարտության լեզվով, խոսել առանց պատվերի՝ անվճար: Փորփրեց ու գտավ դառն ու համով պատառներ և հանրագումարի բերեց՝ համեմելով իր դիտարկումներով:

Անշուշտ, կգտնվեն մարդիկ, որ կհակադարձեն, կփորձեն ցեխոտել նրա գործը, բայց Չարենցի ձևակերպմամբ դրանք սոսկ «Արարատին նետած քար» կլինեն, մինչդեռ այն արժանի է ոչ միայն սովորական ընթերցողի բարձր գնահատանքին, թեև հեղինակը, դժվար թե որևէ «շոշափելի» ակնկալիքով գրիչ վերցրած լինի:

Ընկերս, բարեկամս, շնորհակալ եմ լույսի համար, որ տվիր ինձ, մեզ, շնորհակալ եմ ազնիվ ու անկողմնակալ լինելուդ համար,  շնորհակալ եմ այն ամենի համար, որ դեռ անելու ես:

Դավիթ Շիրինյան


No Comments

Leave a Reply