«Yerevan Jazz Fest 2021» միջազգային 7-րդ փառատոնը կեզրափակվի դեկտեմբերի 6-ին, ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում, որտեղ տեղի կունենա փառատոնի պատվավոր հյուրի` աշխարհահռչակ թմբկահար, կենդանի լեգենդ Բիլլի Քոբամի մենահամերգը: Բիլլի Քոբամը ելույթ կունենա իր բենդով:
Ջազի հայկական ասոցիացիայի նախագահ Կամո Մովսեսյանի կարծիքով՝ Հայաստանի համար շատ կարևոր է Բիլլի Քոբամի նման ճանաչում ու կշիռ ունեցող երաժիշտի այցը։ Այսպիսի այցերն օգնում են, որ մեր երկիրն ավելի ճանաչելի դառնա, ի դեպ ինքը` երաժիշտը երևանյան համերգի մասին տեղեկացրել է նաև իր պաշտոնական կայքում․ «Ամբողջ աշխարհում փառատոները առանցքային դեր ունեն զբոսաշրջության զարգացման առումով: Այսօր Երվորապական շատ քաղաքներ, որտեղ կազմակերպվում են նաև ջազ փառատոներ, դարձել են ջազի կենտրոններ: Օրինակ Շվեյցարիայի Մոնտրյո քաղաքը ջազ փառատոն անցկացնելու համար կազմակերպիչներին ամեն տարի 30 միլիոն եվո է տրամադրում: Ջազը նպաստել է քաղաքի հայտնի դառնալուն ու հիմա կարծես քաղաքն է արժանին մատուցում ջազին: Ամեն տարի մոտ 200.000 զբոսաշրջիկ է գալիս Մոնտրյո` հենց միայն ջազի փառատոնի ժամանակ:
Իսկ Լիոն քաղաքում ջազ ակումբները պետական աջակցություն են ստանում: Ջազին արժանին է մատուցում նաև մեր հարևան Վրաստանը: Պետությունը զգալի միջոցներ է տրամադրում Բաթումիի և Թբիլիսիի ջազ փառատոների անցկացման համար: Ուզում եմ ասել, թե ինչ վերաբերմունք ունեն տարբեր երկրներում փառատոների ու ընդհանրապես` ջազի նկատմամբ: Մինչդեռ մեր երկրում վերաբերվում են որպես հերթական միջոցառման»։
«Yerevan Jazz Fest 2021» միջազգային 7-րդ փառատոնն անցկացվում է Ջազի հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ: Պետական ոչ մի դերակատարում չկա՝ ո՛չ բարոյական, ո՛չ ֆինանսական:
«Yerevan Jazz Fest 2021» միջազգային 7-րդ փառատոնի եզրափակիչ համերգը նվիրվում է սիրված հայ ջազ երաժիշտ, թմբկահար, ջազի պատմության գիտակ, մանկավարժ Արմեն Թութունջյանի (Չիկո) հիշատակին: Ի դեպ Չիկոն ծանոթ է եղել Բիլլի Քոբամի հետ, շատ ջերմ է արտահայտվել նրա մասին, հպարտացել իրենց ծանոթությամբ: Վերջում կես կատակ, կես լուրջ Կ. Մովսեսյանը ջազի սիրահարներին ու պրոֆեսիոնալներին հորդորում է միասին ջազաֆիկացնել Հայաստանը:
Ardi.am
No Comments