(1898-1977, Վենեսուելա)
Իսապաներենից թարգմանությունը՝ Կառա Չոբանյանի
Հապճեպ քննության առա այն տարօրինակ իրադրությունը, որում գտնվում էի: Պարտավոր էի դա անել. առանց վայրկյան իսկ կորցնելու սկսել իմ alter ego-ի որոնումները: Քանի որ որոշ անհայտ հանգամանքներ նրան բաժանել էին իմ անձից, հարկ էր գտնել նրան, քանի դեռ շատ չէր հեռացել: Ավելի ճիշտ՝ հարկավոր էր շատ շտապ, անհապաղ այնպիսի միջոցներ ձեռնարկել, որոնք թույլ չտային նրան, եթե փորձեր, անհայտության քաղցից ու արկածների ծարավից մղված, գաղտագողի արտասահմանյան որևէ երկիր մեկնել:
Ես՝ նրա մերձավորը, քիչ էր մնում ասեի՝ անբաժանը, նրա մտերիմ բարեկամն ու ընկերը, շատ լավ գիտեի, որ վաղուց ի վեր այդպիսի զգացումներ էին հետապնդում նրան, և այն աստիճանի, որ խռովում էին այն քննադատ հոգին ու ողջամտությունը, որ alter ego-ն է պարտավոր դրսևորել իր բոլոր՝ ինչպես հասարակական, այնպես էլ անձնական գործողություններում: Այսինքն՝ ես բավականաչափ պատճառներ ունեի նրա հանկարծակի անհետացման համար անհանգստանալու: Անտարակույս, վերջերս էր նա անպարագիծ ծածկամտության, անսահման զսպվածության և կատարելության հասած հմտության ապացույցներ բերել կեղծիքի և երկերեսանիության արվեստում: Ոչնչով չէր մատնել այն ծրագրերը, որոնք վարպետորեն նախապատրաստում էր իր լռության խորքում: Իմ alter ego-ն, իրոք, մի քանի օր էր արդեն, ինչ լուռ էր մնում, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր միջև խոր տարաձայնություններ չէին ծագում, նրա պահվածքը ձանձրույթին վերագրեցի, որին միշտ էլ խիստ հակված էր անգամ լավագույն ժամանակներում, և սահմանափակվեցի ենթադրելով, թե ինձ զուրկ է համարում իրեն հաճո հմայքից: Իսկ հիմա զարմանում էի անվիճելի փաստից. ճողոպրել էր այնպես, որ ես չիմանայի, թե երբ և ուր:
Փնտրեցի նրան անմիջապես այն սենյակում, որտեղ բացահայտել էի հանկարծակի անհետացումը: Որոնեցի դռների հետևում, սեղանների տակ, պահարանի մեջ: Տան մյուս սենյակներում նույնպես չգտնվեց: Գնալ-գալս նկատելով՝ կինս զարմացած հարցրեց, թե ինչ եմ կորցրել:
-Կարող ես վստահ լինել, որ հաստատ խելքս չի,- պատասխանեցի և կեղծավորաբար ավելացրի, — գլխարկս եմ կորցրել:
-Քիչ առաջ դուրս եկար, ու գլխիդ էր: Չասացի՞ր, թե չգիտեմ որ թերթի խմբագրություն ես գնում, որ հայտարարություն տաս տպելու: Չգիտեմ, թե ոնց էսքան շուտ եկար:
Կնոջս ասածը շատ տարօրինակ էր: Այդ դեպքում ո՞ւր էր գնացել alter ego-ս: Անհանգստությամբ համակված՝ փողոց նետվեցի նրան որոնելու կամ հետապնդելու: Քիչ անց նկատեցի, որ որոշ անցորդներ ուշադիր ինձ են նայում, փսփսում, ժպտում կամ աչքով անում: Դա ինձ ստիպեց քայլերս արագացնել ու գրեթե վազել, բայց մի քիչ քայլելուց հետո դիմացս մի ոստիկան ելավ, որը նախազգուշական միջոցների դիմելով՝ ձեռքն ինձ մեկնեց, կարծես վտանգավոր կամ անորսալի սուբյեկտ լինեի, և հայտարարեց, որ ձերբակալված եմ: Տեսնելով, որ պինդ բռնված եմ, կասկած չմնաց, որ այդպես էլ կա: Անօգուտ եղան թե՛ իմ, թե՛ բազմաթիվ ներկաների բողոքները: Բերման ենթարկվեցի ոստիկանության բաժանմունք, որտեղ ինձ կռվազանի, սկանդալիստի ու հարբեցողի, ինչպես նաև ողորմելի ու ստոր խարդախությունների, խաբեությունների, զեղծարարությունների ու կեղծիքների մեղադրանքներ ներկայացվեցին, որոնց դիմել էի, որպեսզի չվճարեմ սրճարանի, վազքարշավի մեքենաների, մանր-մունր գնումների համար արած պարտքերս: Պատվովս եմ երդվում, ես այդ պարտքերի մասին ո՛չ գիտեի, ո՛չ լսել էի, ո՛չ էլ ճանաչում էի այդ մարդկանց կամ վայրերը: Եվ ի՜նչ վայրեր, որտեղ սկանդալներ սարքելու մեղադրանք էր ինձ ներկայացվում: Համենայն դեպս չկարողացա ինձ զսպել, որ ներողություններ, բացատրություններ չքրթմնջամ, քաջությունս չհերիքեց խոստովանելու alter ego-իս փախուստի մասին, որ, անտարակույս, այդ խայտառակությունների իրական մեղավորն ու հեղինակն էր, և նրա՛ ձերբակալումը պահանջելու: Նվաստացած՝ խոստացա ուղղվել: Ինձ բաց թողեցին, և տագնապած, արդեն ոչ այնքան alter ego-իս անհետացումից, որքան այն անպատվաբեր բարդություններից, որ նրա պահվածքը սկսում էր իմ ուսերին բարդվել, արագ դեպի տեղական ամենաշատ շրջանառվող թերթի խմբագրություն ուղղվեցի անմիջապես հայտարարություն տեղադրելու մտադրությամբ՝ ուշադրություն հրավիրելով, որ հետագայում ոչ մի ուրիշ պարտք չէի ճանաչելու, եթե ոչ նրանք, որոնց պատասխանատվությունն ինքս ինձ վրա կվերցնեի: Թերթի աշխատակիցը, որը կարծես թե անմիջապես ճանաչեց ինձ, այնպես ժպտաց, որ ինձ երկիմաստ թվաց, և չսպասելով, որ գեթ մի բառ արտասանեի, դեռևս թարմ ներկի հոտ արձակող տպագիր մի փոքրիկ օրինակ հանձնեց ինձ, ինչպես նաև բնօրինակը, որ կարծես թե իմ իսկ ձեռքով էր գրված: Ամենավատն այն էր, որ իմ իսկ ստորագրությամբ հաստատված հայտարարության տեքստը ճշգրտորեն ասում էր հենց այն, ինչ մտքիս կար ասելու: Բայց ես չցանկացա նաև alter ego-իս նոր խարդախությունը բացահայտել,- ուրիշ էլ ո՞ւմը կարող էր լինել,- և քանի որ հայտարարությունը բառ առ բառ հենց այն էր, ինչ ուզում էի, վճարեցի տեղադրման արժեքը առաջիկա մեկ ամսվա համար: Խնդրո առարկա հայտարարությունն ասում էր.
«Տեղեկացնում եմ ընկերներիս և այս քաղաքում ու քաղաքից դուրս գտնվող ծանոթներիս, որ չեմ ընդունում «ուրիշ մեկի» արած պարտքերը, որը «ես» չեմ: Այս հայտարարությունն անում եմ անհարկի վնասներից ու կեղծիքներից խուսափելու համար»:
Անդրես Էռե
Տուն դարձա մնացած ամբողջ օրվա ընթացքում տառապելուց հետո, որովհետև ամեն քայլափոխի ծանոթ մարդիկ ուսիս թփթփացնելով ասում էին.
-Քեզ էսինչ տեղը տեսա վերևում …
Կամ.
-Էնինչ տեղը ներքևում…
Կինս, որ հանգիստ կար էր անում, ինձ տեսնելուն պես կանգնեցրեց կարի մեքենայի պտտանիվն ու բացականչեց.
-Էս ի՜նչ գունատ ես:
-Հիվանդ եմ ինձ զգում,- պատասխանեցի:
-Մարսողության խանգարում կլինի,- ախտորոշեց:- Լուծողական կսարքեմ, ու էս իրիկուն ոչինչ չես ուտի:
Չկարողացա դեմքիս բողոքի արտահայտությունը զսպել: Alter ego-իս վրդովեցուցիչ պահվածքն ինձ սննդային դաժան զրկանքների է պարտադրում, քանի որ ես, կնոջս տրամաբանության համաձայն, պարտավոր էի նրա մեղքերը քավել: Դա էր հետևում հենց նոր արտասանած նրա խոսքերից:
Այդուհանդերձ չէի ուզում իմ երկվության տարօրինակ երևույթի մասին տեղեկությամբ անհանգստացնել կնոջս: Նա պարզ ու հասարակ հոգու տեր անձնավորություն է. աննկարագրելի ահ ու սարսափի գերի կդառնար, իսկ ես նրա աչքին վտանգավոր դիվային արարածի կերպարանք կընդունեի: Երկատվե՜լ: Աստվա՜ծ իմ: Խեղճ կինս դառն արցունքներ կթափեր, երբ իմանար, որ այդքան տարօրինակ պատուհաս է եկել գլխիս: Երբեք այլևս չէր համաձայնվի մենակ մնալ սենյակներում, որտեղ հազիվ էր աղոտ լույս թափանցում: Իսկ երեկոյան նրա նախապաշարմունքները հաստատ ինձ կպարտադրեին սովորականից շատ ավելի շուտ տուն գնալ, քանի որ իմ վերադառնալուց առաջ արդեն անհոգ չէր պառկի քնելու, ոչ էլ նրան քնած կգտնեի գիշերվա ուշ ժամերին, երբ սովորականից ավելի երկար մնայի դրսում:
Չնայած օրվա միջադեպերին՝ դեռ բավականաչափ պահպանել էի մտքիս պայծառությունը, որպեսզի կանխատեսեի մի խոստովանության հետևանքները, որը միայն վնասաբեր կարող էր լինել, քանի որ, չնայած alter ego-իս շրջագայություններին, կարող էր և այնպես ստացվել, որ ի վերջո դրանք անցողիկ լինեին, բայց փոխարենը շատ դժվար կլիներ, եթե ոչ անհնար, երկար ժամանակ վերականգնել ընտանեկան հանգստության այն ծանր խաթարումը, որն իմ երկվության մասին լուրը կարող էր առաջացնել: Սակայն դեպքերը շատ ուրիշ և չնախատեսված ընթացք ստացան: Alter ego-իս փախուստը, որը սկսվեց ավելի շուտ որպես ծիծաղելի փաստ, վատթարագույն դավաճանությունների տարեգրության մեջ նմանը չունեցող դավաճանությամբ ավարտվեց… Այդ չարագործ էա՜կը…
Սակայն նկատեմ, որ վրդովմունքս,- ի դեպ՝ խիստ արդարացի վրդովմունք,- ինձ հետ է պահում այն հակիրճությունից, որով մտադիր էի անդրադառնալ դեպքերի ընթացքին: Ահավասիկ՝ մերկապարանոց, զերծ ամենայն կեղծիքից ու այլևայլություններից.
Այդ երեկո՝ ժուժկալորեն ճաշելուց հետո, քանի որ կինս այդպես ցանկացավ, և հակառակ բազմաթիվ բողոքներիս՝ ասաց նաև, որ շատ ուժեղ լուծողական կսարքի ու սեղանին կթողնի, որ խմեմ տուն գալուն պես, դուրս եկա: Նրա հաշվարկներով սովորականի պես գիշերվա տասներկուսի կողմը պիտի տուն վերադառնայի:
Օրվա ցնցումները մոռանալու նպատակով սրճարանում տարբեր մարդկանց ընկերակցություն փնտրեցի: Նրանցից գրեթե բոլորն էլ անսովոր ժամերի տարբեր վայրերում տեսել էին ինձ և չարախնդորեն խոսում էին որոշ միջադեպերի մասին, որոնց խառն էր նաև իմ անունը, որքանով որ ինքս կարողացա եզրակացնել, քանի որ չցանկացա ո՛չ ուղղակիորեն որևէ բան պարզել, ո՛չ էլ փորձել մանրամասները ճշտել: Խնամքով պահեցի գաղտնիքս: Հնարավորինս թաքցրի փաստերը՝ ջանալով դրանք ամենայն կարևորությունից զրկել: Իսկ հետո քաղաքական մի բանավեճ մինչև ուշ գիշեր պահեց մեզ: Ժամը երկուսն էր արդեն, երբ արագ հրելով բացեցի տան դուռը, որպեսզի հնարավորինս քիչ ճռռար: Ամեն ինչ խաղաղ էր, բայց կինս, թեև շատ խոր էր քնած, ձայնից արթնացավ: Աչքերը հազիվ կիսաբաց արած՝ ատամների արանքից հարցրեց, թե լուծողականը ոնց ազդեց վրաս:
-Լուծողակա՜նը,- բացականչեցի:- Դրսից եմ գալիս էս պահին ու ոչ մի լուծողական էլ չեմ տեսել: Դե, ասա՛, խոսի՛ր, արթնացի՛ր: Էդ ասածդ անհնար է ուղղակի:
Նա երկար ճմլկոտաց:
-Չէ,- ասաց ի վերջո,- հնարավոր է, քանի որ իմ ներկայությամբ ես խմել… ու ինձ հետ էիր… Եվ…
-…Ե՜վ…
Հասկացա alter ego-իս քստմնելի խաբեությունը: Ամբողջ կյանքի մտերիմ ընկերոջ ու բարեկամի դավաճանությունն ահ ու սարսափով, ցասումով համակեց ինձ: Կինս տեսավ, թե ինչպես եմ գունատվում:
-Լուծողականի ազդեցությունն է,- ասաց:
Ու թեև ոչ ոք, անգամ կինս չէր նկատել alter ego-իս հանցանքը, խայտառակությունն անուղղելի էր և ամեն դեպքում՝ ամոթալի, անկախ այն բանից, որ գաղտնիք էր: Ձեռքերս ջղաձգված, մազերս բիզ-բիզ, ապուշ կտրած դուրս եկա ննջարանից, այնինչ կինս, թիկունքը վառած լույսին դարձրած, նորից քուն էր մտել այնպիսի թեթևությամբ, ինչպիսին ուժասպառությունն է բերում: Եվ ես ձեռքիս տակ ընկած պարանով գնացի կախվելու ձեղնահարկի հեծաններից մեկից: Կողքիս Խեսուսիտոյի՝ թութակի վանդակն էր կախված: Հաստատ աղմուկ էի բարձրացրել ժամացույցի ճոճանակի նման օդում ճոճվելուս պահին, որովհետև Խեսուսիտոն, քնից զարթնելով, գլխի փետուրները տնկեց ու սովորության համաձայն ճչաց.
-Մնաք բարով, դոկտոր:
Ես պատճառներ ունեմ կարծելու, որ alter ego-ս, որ հանպատրաստից որևէ թաքստոցից անկասկած հետևում էր շարժումներիս, գիշերվա ստվերների շնորհիվ անմիջապես տիրացավ իմ դիակին, հանեց պարանից ու սողոսկեց նրա մեջ: Այդպես ամուսնական ննջարան վերադարձավ, որտեղ գիշերվա մնացած մասն այրուս ամենաջերմ գգվանքները պարգևելով անցկացրեց: Այս համոզմունքս հիմնված է այն արտասովոր փաստի վրա, որ իմ ինքնասպանությունը ո՛չ տպավորություն թողեց, ո՛չ դույզն-ինչ արձագանք ունեցավ: Չէր երևում, թե իմ օջախում որևէ մեկը գլխի է ընկնում, որ ես ընդմիշտ անհետացել եմ: Ո՛չ սուգ եղավ, ո՛չ հուղարկավորություն: Թերթերը չակնարկեցին ողբերգության մասին ո՛չ մեծ, ո՛չ փոքր խորագրերի տակ: Բարեկամներս շարունակեցին կատակներ անել և alter ego-իս ուսին թփթփացնել, ասես նա ես լինեի: Իսկ Խեսուսիտոն երբեք չդադարեց ճչալ «Մնաք բարով, դոկտոր»:
Անկասկած, alter ego-ս ի սկզբանե ճարպկորեն հաշվարկված ծրագիր էր մշակել այն իմաստով, որ այնպիսի արդյունք ստացվեր, ինչը և ստացվեց: Ճշգրիտ կանխատեսել էր, թե ինչպես կարձագանքեի այն փաստերին, որ ինքն իր պարտքը կհամարեր ներկայացնելու ինձ հապճեպ ու խառնաշփոթ հերթականությամբ: Կանխորոշել էր անհանգստությունս, նեղսրտությունս, հուսահատությունս, ճշգրիտ հաշվարկել էր այն պահը, երբ տարօրինակ հանգամանքների կուտակումն ինձ ինքնասպանության կհասցներ: Այդ պահը նրա գործի հաջողությամբ պսակվելու մասին էր ազդարարում, և պարզ է, որ մի alter ego, որն իմ լիակատար վստահությունն էր վայելում, կարողացավ ավարտին հասցնել իր նախաձեռնությունը: Առաջին հերթին հոգուս ամենաթաքուն լարերին ծանոթ լինելը նրան տրամադրեց այն անհրաժեշտ տարրերը, որպեսզի անսխալ նախապատրաստեր ուղիղ ինքնասպանության մղելու ծրագիրը: Երկրորդ հերթին՝ եթե նրան հաջողվեց կնոջս ու ինձ ճանաչող բոլոր մարդկանց աչքի առաջ իմ մեջ մտնել, պատճառն այն էր, որ իմ սովորությունների, մտքերի, արտահայտվելու կերպի, այլոց հետ մտերմանալու աստիճանի գաղտնիքներին էր տիրապետում: Կարողանում էր ձայնս, շարժումներս, ձեռագիրս, մասնավորապես նաև ստորագրությունս նմանակել և բացի դրանից՝ նաև իմ չհրկիզվող պահարանի ծածկագիրը գիտեր: Ամբողջ կարողությունս ինքնաբերաբար նրա տրամադրության տակ անցավ այնպես, որ այլ պարագաներում այնքան նախանձախնդիր օրենքները որևէ կերպ չմիջամտեցին, որպեսզի կանխարգելեին այն անարդարությունը, որի զոհը դարձա: Տիրացավ նաև այն վարկին, որը ձեռք էի բերել երկար տարիների իմ անբասիր վարքի ու պարկեշտ պահվածքի շնորհիվ: Եվ նույն թերթում, իր ստորագրությամբ հաստատված, որն ի՛մ ստորագրությունն է, շարունակում է ամեն օր նույն հայտարարությունը հրապարակել.
«Տեղեկացնում եմ ընկերներիս և այս քաղաքում ու քաղաքից դուրս գտնվող ծանոթներիս, որ չեմ ընդունում «ուրիշ մեկի» արած պարտքերը, որը «ես» չեմ: Այս հայտարարությունն անում եմ անհարկի վնասներից ու կեղծիքներից խուսափելու համար:
Անդրես Էռե»