Մանե Բաղդասարյանը (Մանե) ներկայանում է նոր ֆիլմով: Շապիտո կրկեսի մասին պատմող վավերագրական ֆիլմը նախատեսվում է կինոսիրողների դատին հանձնել սեպտեմբերին: Ներկայումս կրկեսը չի գործում: Արտիստները չեն զբաղվում իրենց սիրելի գործով:
«Շապիտոն լրիվ ուրիշ աշխարհ է, մարդիկ այստեղ ուրիշ կերպ են ապրում: Երբ առաջին անգամ մտա վրանային տաղավար, ապշել էի. դրսից այդքան փոքր թվացող տարածքը կարծես ընդարձակվեց: Կինո էր, միզանսցեները պատրաստ էին, մնում էր՝ նկարել»,- ardi.am-ին պատմեց Մանեն:
Մանեի նախորդ՝«Ադապտացիա» և «Ճայը» էքսպերիմենտալ ֆիլմերը ցուցադրվել են բազմաթիվ երկրներում, արժանացել աննախադեպ թվով մրցանակների: Նշված ֆիլմերի հաղթարշավը շարունակվում է: Կինոսիրողների ու կինոգետների արձագանքը պարտավորեցնող է: Հետաքրքրվեցի՝ մտավախություն, տագնապներ չունի՞, որ նոր աշխատանքը կզիջի նախորդներին:
«Նկարահանելուց առաջ եմ մտածում այդ մասին, հետո արդեն փորձում եմ բոլոր նման մտածումները խեղդել, որ չխանգարեն իմ աշխատանքին: Ես շատ հանգիստ եմ ստեղծագործում ու այս պահի դրութամբ կարող եմ ասել, որ այն, ինչ նկարահանել եմ, ինձ դուր է գալիս ու չեմ վարանում ներկայացնել հանրության դատին»,- ասաց ռեժիսորը:
Մանեն չի առանձնացնում իր այս կամ այն ֆիլմը: Նշեց, որ լրիվ ուրիշ կերպ է նայում իր ֆիլմերին. «Հիշում եմ նկարահանման ընթացքը, ապրումները: Ամեն ֆիլմ նկարահանելիս դու ապրում ես այդ ֆիլմի հետ: Մեկ դառնում ես տեսախցիկով մարդը, մեկ վայելում ես տեսածդ»:
Մանեն «Հայկ» ստուդիայի հետ համատեղ ֆիլմ է նկարահանելու թատերական ինստիտուտի ուսանողների մասին: Հոգեբանական ֆիլմը բացահայտելու է՝ ինչպես են իրենց կյանքն ու երազանքները պատկերացնում ապագա ռեժիսորներն ու դերասանները:
Այլ կերպ ասած՝ երիտասարդ ռեժիսորն անդրադառնում է մեր իրականությանը, մեզ հուզող խնդիրներին: Ասում է, որ մանվանդ վավերագրական ֆիլմի պարագայում, ավելի լավ է նկարահանես այն, ինչ տեսնում ես, պետք չէ արհեստական ինչ-որ բաներ հորինել:
Արմինե Սարգսյան
No Comments