«Նիկոլայ Նիկողոսյան մշակութային հիմնադրամի» արվեստային տարածքում են ներկայացված ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, Ռուսաստանի Գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս, պրոֆեսոր Նիկոլայ Բագրատի Նիկողոսյանի (1918-2018) քանդակները, գրաֆիկական և գեղանկարչական աշխատանքները:
«Նիկոլայ Նիկողոսյան մշակութային հիմնադրամը» ստեղծել է Ն․ Նիկողոսյանը 2018-ին և արվեստային տարածքի տեսքով իր դռներն է բացել 2019-ի օգոստոսին:
Հիմնադրամի առաքելություններից է ոչ միայն ժողովրդականացնել մեծանուն քանդակագործի արվեստը, այլև հանրահռչակել XX դարի ականավոր հայ արվեստագետների արվեստը, ինչպես նաև՝ նպաստել Հայաստանի ժամանակակից արտիստների ստեղծագործական առաջընթացին:
Փոփոխվող ցուցադրություններից բացի, իրականացվում են կրթական և համերգային ծրագրեր, դասախոսություններ՝ նվիրված հայ և համաշխարհային արվեստի պատմությանը: XX դարի վարպետների աշխատանքներին զուգահեռ ցուցադրվում են նաև հայ ժամանակակից արվեստագետների աշխատանքներ:
2018-ից «Նիկոլայ Նիկողոսյան մշակութային հիմնադրամը» իր գործունեությամբ նպաստում է Հայաստանի մշակութային դաշտի զարգացմանը և հանրահռչակում անցած դարի հայ արվեստագետների արվեստը, որոնց աշխատանքները քիչ են ցուցադրված կամ ընդհանրապես չկան թանգարաններում՝ նոր սերունդներին ծանոթացնելով մեր հարուստ մշակութային ժառանգությանը, արժևորելով մեր մեծերի կուտակած փորձն ու արժեքները: Մարտահրավերներով լի այս վերջին տարիներն ապացուցեցին, որ մեր երիտասարդ սերնդի հոգևոր և մշակութային դաստիարակությունն ավելի քան կարևոր են, և մեր մեծերի ժառանգության և իմաստության խորհուրդը շարունակում է լինել կենսունակ և պահանջված այս գլոբալացված աշխարհում։
2018թ-ին Նիկոլայ Նիկողոսյանի քանդակների, գրաֆիկական և գեղանկարչական աշխատանքների լայնածավալ ցուցահանդես տեղի է ունեցել Մոսկվայի Պետական Տրետյակովյան պատկերասրահում։ Ցուցահանդեսի շրջանակում տպագրվել է «Հեռացող դասականը» պատկերագիրքը։
Նիկողոսյանի հեղինակած Եղիշե Չարենցի, Միքայել Նալբանդյանի,Վահան Տերյանի հուշարձանները, որոնք հիրավի համարվում են 20-րդ դարի մոդեռնիստական արվեստի գլուխգործոցներ, դարձել են Երևանի մշակութային այցեքարտերը։ Չնայած նրան, որ Նիկողոսյանը կյանքի մեծ մասն ապրել է Ռուսաստանում, երբեք չի կորցրել հայրենիքի հետ կապը, բազմաթիվ աշխատանքներ է ստեղծել Երևանի իր արվեստանոցում, սեփական միջոցներով ձուլել և հայրենիքին է նվիրել բազմաթիվ քանդակներ։
No Comments